Ռեզերֆորդի փորձերը



Էռնեստ Ռեզերֆորդն առաջինը փորձնական եղանակով ստուգեց ատոմի Թոմսոնի մոդելի իսկությունը: Նրա օրոք արդեն հայտնի էր նյութերի հետազոտման α-մասնիկների ցրման եղանակը: α-մասնիկը հելիումի իոնացված (առանց էլեկտրոնների) ատոմ է, որի զանգվածը մոտ 7350 անգամ մեծ է էլեկտրոնի զանգվածից, իսկ լիցքը հավասար է էլեկտրոնի լիցքի բացարձակ արժեքի կրկնապատիկին:
Որպես α-մասնիկների աղբյուր Ռեզերֆորդն օգտագործեց կապարե գլանի մեջ տեղադրված ռադիումի պատրաստուկ: Նեղ ճեղքից α-մասնիկների հոսքն ընկնում էր ոսկու մի քանի միկրոն հաստությամբ թիթեղի վրա: Թիթեղի ետևում դրված էր ցինկի սուլֆիդով պատված էկրանը, որին բախվելով` α-մասնիկն առաջ էր բերում առկայծում:
Ռեզերֆորդը չափեց ընկնող փնջի ուղղության նկատմամբ տարբեր անկյունների տակ ցրված α-մասնիկների քանակը: Ըստ Ռեզերֆորդի, եթե Թոմսոնի մոդելը ճիշտ էր, ապա ատոմում դրական լիցքավորված նյութը պիտի լիներ շատ նոսր (ջրից 20 անգամ նոսր), և α-մասնիկների փունջն իր շարժման ուղղությունը էականորեն չպիտի փոխեր: Իսկապես, քանի որ α-մասնիկները մոտ 7350 անգամ ծանր են էլեկտրոններից և մեծ արագությամբ ընկնում են ոսկու թիթեղի վրա, ապա էլեկտրոնները չեն կարող էականորեն փոխել դրանց հետագիծը:
α-մասնիկների հետագիծը կարող է փոխել ատոմի դրական լիցքը` կուլոնյան վանողության ուժի պատճառով: Հաշվարկների համաձայն` այդ ուժն ամենամեծ արժեքն է ընդունում ատոմի գնդի (ատոմի) մակերևույթին, իսկ ատոմի կենտրոնում այն հավասար է 0-ի:
Ռեզերֆորդի փորձերը ցույց տվեցին, որ α-մասնիկների մեծ մասը անցնում է թիթեղի միջով` առանց փոխազդելու նրա հետ, իսկ ոչ մեծ թվով մասնիկներ շեղվում են մի քանի աստիճանով: Մեծ անկյունների տակ էկրանին հարվածում էին միայն հատուկենտ α-մասնիկներ:
Ռեզերֆորդը, չակնկալելով դրական արդյունք, այնուամենայնիվ, իր աշխատակիցներից մեկին հանձնարարեց երկրորդ էկրանը տեղադրել թիթեղից առաջ ու չափումներ կատարել: Պարզվեց, որ թիթեղից ետ թռչող α-մասնիկներ հայտնաբերվել են: Թոմսոնի մոդելի շրջանակներում այդ փաստը բացատրելն անհնար էր: Ռեզերֆորդի պատկերավոր համեմատությամբ` դա հավասարազոր էր նրան, որ 15-դյույմանոց արկով ծխախոտե թղթին կրակելիս արկը, թղթից անդրադառնալով, հարվածեր կրակողին:
Այսպիսով, Ռեզերֆորդը փորձնականորեն հաստատեց, որ α-մասնիկները, բախվելով ոսկու ատոմներին, փոխում են իրենց շարժման ուղղությունը, իսկ դրանց մի փոքր մասը ետ է նետվում թիթեղից, այսինքն` շեղվում է 90 աստիճանից մեծ անկյունով: α-մասնիկը կարող է ետ նետվել` հանդիպելով իրենից զգալի մեծ զագված ունեցող, տարածության փոքր մասում տեղայնացված և դրականորեն լիցքավորված մասնիկի:
Այս արդյուքները բացատրելու համար Ռեզերֆորդը ենթադրեց, որ ատոմի գրեթե ողջ զանգվածը տեղադրված է նրա կենտրոնում` միջուկում: α-մասնիկների մեծ մասն անարգել անցնում է ատոմի միջով. այն մասնիկները, որոնք անցնում են միջուկին շատ մոտ, շեղվում են իրենց նախնական ուղղությունից, և միայն միջուկին շատ մոտեցած մասնիկներն են ցրվում 90 աստիճանից մեծ անկյուններով:
Ընդհանրացնելով փորձով ստացված արդյունքները`1911թ. Ռեզերֆորդը առաջարկեց ատոմի նոր` մոլորակային մոդել: Ըստ այդ մոդելի` ատոմի կենտրոնում գտնվում է միջուկը, որտեղ կենտրոնացված է ատոմի գրեթե ողջ զանգվածը և որը լիցքավորված է դրական լիցքով: Դրական լիցքավորված մասնիկները պրոտոններն են: Քանի որ ատոմն էլեկտրաչեզոք է, ատոմում կան պրոտոնների թվին հավասար էլեկտրոններ, որոնք պտտվում են միջուկի շուրջ:


Ռեզերֆորդի փորձերը Ռեզերֆորդի փորձերը Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on 3:47:00 Rating: 5
Технологии Blogger.