Անտոնեն Արտո | Նամակներ դաժանության մասին

Նամակ առաջին

Սիրելի բարեկամ,
Ես չեմ կարող Ձեզ բացատրություններ տալ իմ Մանիֆեստի կապակցությամբ, քանի որ դրանք կարող են զրկել այն բույրից: Ամենաշատը, որ կարող եմ անել, նախապես Դաժանության Թատրոն անվանումը մեկնաբանելն է, այսինքն՝ թե ինչու եմ այն ընտրել:
Այս Դաժանության մեջ խոսքը ոչ սադիզմի, ոչ էլ արյան մասին է, ամեն դեպքում՝ ոչ միայն դրա մասին:
Ես չեմ ֆետիշացնում սարսափը: «Դաժանություն» բառը հարկ է հասկանալ լայն իմաստով, այլ ոչ նյութական և գիշատիչ, որը նրա հետ սովորաբար կապում են: Ես պաշտպանում եմ լեզվի սովորական հասկացությունները մի կողմ թողնելու իրավունքը, մեկընդմիշտ կոտրելու թաղանթը, վայր գցելու երկաթե վզնոցը, վերջապես վերադառնալու լեզվի ստուգաբանական աղբյուրներին, որոնք դեռ ունակ են վերացական հասկացությունների մեջ կենդանացնել բառի կոնկրետ նշանակությունը:
Դժվար չէ պատկերացնել մաքուր դաժանությունը, առանց պատռելու մարմինը: Թեպետ, փիլիսոփայորեն մտածելու դեպքում, ի՞նչ է դաժանությունը: Ռացիոնալիստական իմաստով դաժանությունը նշանակում է խստություն, գործելու անհողդողդ վճռականություն, բացարձակորեն անշրջելի դետերմինիզմ:
Սովորական փիլիսոփայական դետերմինիզմը մեր գոյության տեսանկյունից դաժանության դրսևորումներից մեկն է:
Զուր են «դաժանություն» բառին վերագրում արնատենչիկ խստության, ֆիզիկական չպատճառաբանված չարիքի նշանակություն: Եթովպացի առաջնորդը, իր կառքին կապելով հաղթած արքայորդիներին, որոնց ստրկության է մատնել, չի անում դա արյան անպատիվ տենչից: Դաժանությունը իսկապես չի հանդիսանում թափված արյան, խաչված թշնամու հոմանիշ: Դաժանության այդպիսի նույնացումը տառապանքի հետ խնդրի միայն փոքր մասն է: Դաժանության մեջ գործում է մի տեսակ բարձրագույն դետերմինիզմ, որի առաջ խոնարհվում է ինքը դահիճը, որը կատարում է պատիժը, և բացառված չէ, որ ապագայում նրան վիճակված է կրել նույնը: Դաժանությունը նախ և առաջ պարզ է, դա մի յուրահատուկ դաժան ճանապարհ է, ենթարկվածություն անհրաժեշտությանը: Չի լինում դաժանություն առանց գիտակցման, առանց արածի անընդհատ գիտակցման: Հենց գիտակցումն է իր արյան գույնը հաղորդում ամեն կենսական գործողության մեկնարկին, իր դաժանության փառը, քանզի հասկանալի է, որ կյանքը միշտ ինչ-որ մեկի մահն է:

Ժան Պոլանին                   Փարիզ, սեպտեմբերի 13, 1932 թ.

Երկրորդ նամակ

Սիրելի բարեկամ,
Դաժանությունը իմ մտքի ուշացած հավելում չէ, այն միշտ այդտեղ էր, բայց ես պիտի գիտակցեի այն: Ես օգտագործում եմ «դաժանություն» բառը կյանքի ծարավը նշելու համար. ես օգտագործում եմ այդ բառը կյանքի բուքի գնոստիկական իմաստով, բուք, որը խժռում է խավարը. ես նշում եմ անխուսափ անհրաժեշտությունից անդին այն եղած ցավը, առանց որի կյանքը չի կարող գոյություն ունենալ: Բարին ցանկալի է: Դա գործողության արդյունք է. իսկ չարիքը մշտական է: Անտեսանելի աստված, երբ արարում է, ենթարկվում է արարման գործողության դաժան անհրաժեշտությանը, բայց նա չի կարող չարարել, այսինքն՝ չթողնել, որ ազատորեն պտտվող բքի կենտրոնին չմոտենա չարիքի գեթ մեկ մասնիկ, որը ժամանակի ընթացքում դառնում է ավելի փոքր և դալուկ: Եվ թատրոնը, որը հասկացվում է որպես արարման անընդհատ գործողություն, որպես ամբողջական մոգական գործողություն, ենթարկվում է այդ անհրաժեշտությանը: Պիեսը, որտեղ չի լինի այդ կամքը, կյանքի այդ կույր ծարավը, որն ունակ է ամեն բան հաղթահարել, որը երում է ամեն ժեստի, ամեն շարժման մեջ և տրանսցենդենտալ իմաստով հստակորեն տարբերվում է, կմնա անպետք և անօգուտ երկ:  

Փարիզ, նոյեմբերի 14, 1932 թ. 

Թարգմանությունը՝ Ա. Վարդանյան
Անտոնեն Արտո | Նամակներ դաժանության մասին Անտոնեն Արտո | Նամակներ դաժանության մասին Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on июня 21, 2016 Rating: 5
Технологии Blogger.