Ռայներ Մարիա Ռիլկե | Էլեգիա երրորդ



Մի բան է՝ երգել սիրեցյալին: Ուրիշ է, ավաղ,
արյան ծպտված, մեղսական Հոսք-Աստծուն երգել:
Պատանին, որը հեռվից դեռ ճանաչելի է իր
սիրուհու համար, գիտի նրան՝
Տիրոջը Հրճվանքի, որը մենությունից հաճախ,
նախքան աղջիկը դեռ կամոքի, և հաճախ էլ, երբ նա չկա,
ախ, հոսելով Անհայտից, աստվածային գլուխն է
բարձրացնում՝ գիշերվան կոչ անելով հավերժական խռովության:
Օ, Նեպտունը արյան, օ, նրա եռաժանին սարսափելի:
Օ, մռայլ քամին՝ նրա կրծքի գալարուն խեցուց փչող:
Լսիր, թե ինչպես է գիշերը ճեղքվում և քրքրվում: Դուք, աստղեր,
ձեզանից չի՞ ճառագում հրճվանքը սիրահարի՝ իր սիրեցյալի
պատկերին: Նրա մաքուր հայացքի ըմբռնումը ներքին
նա ձեզանից չի՞ վերցնում, համաստեղություններ մաքուր:
Դու չես, ավաղ, ոչ էլ նրա մայրն է
նրա հոնքերի աղեղը ձգել սպասումին:
Աղջիկ, դու, որ զգում ես նրան, դու չես, դու չես
թեքել շրթունքները նրա՝ արտահայտությանը բերրի:
Դու կարծում ես հավանաբար, թե քո հայտնությու՞նն է թեթև
նրան ցնցում այդպես, դու, որ շրջում ես, ինչպես գիշերային քամի:
Թեև դու սարսափով լցրեցիր սիրտը նրա, սակայն վաղնջական սարսափները
նրա մեջ պոկվեցին, երբ նա մղվում էր քեզ:
Կանչիր նրանդու չես կարող բոլորովին ետ բերել նրան խավար շրջառումից:
Թեկուզ ՈՒԶՈՒՄ է նա, խուսափում է սակայն. թեթևացած ընտելանում է նա
քո սրտի մեջ գաղտնի և սկսվում նորից:
Բայց նա սկսվե՞լ է երբևիցե:
Մայր, ԴՈՒ ես նրան արարել, փոքրիկ, դու էիր, որ սկսել ես նրան.
նոր էր նա քեզ համար, դու ճկեցիր աշխարհը հիասքանչ
նրա թարմ աչքերի վրա և արգելեցիր, ինչ օտար էր նրա համար:
Ու՞ր են, ախ, հեռու են տարիներն այն, երբ դու նրանից պարզապես
քո նրբակազմ կազմվածքով ալեկոծվող քաոսը ծածկեցիր:
Շատ բան այդպես թաքցրեցիր նրանից. գիշերային-կասկածելի սենյակը
դու դարձրեցիր անմեղսունակ, քո ապաստան-սրտից
դու խառնեցիր մարդկային տարածությունը գիշեր-տարածությանը նրա:
Ոչ թե խավարի մեջ, ոչ, քո մտերմիկ գոյության մեջ
դու ճրագը զետեղեցիր, և այն փայլեց, ինչպես մի մտերիմ:
Յուրաքանչյուր խշշոց դու մեկնեցիր ծիծաղելով,
կարծես վաղուց գիտեիր՝ ԵՐԲ է հատակը ճռնչում:
Եվ նա լսում էր ու թեթևանում: Այսպես շատ բան տվեց նրան
քո բնույթը քնքուշ. պահարանի ետևում
երկար թիկնոցի մեջ նրա ճակատագիրը ծածկվեց, և ծալքերում վարագույրի
նրա խռովյալ ապագան տեղավորվեց, թեթև շարժվելով:
Եվ նա ինքը, երբ պառկում էր, թեթևացած, հանգչող
իր կոպերի տակ քո մեղմ ուրվագծի
քաղցրությունը լուծելով նախաքնի վայելքի մեջ.-
պաշտպանված էր ԹՎՈՒՄԲայց իր ՆԵՐՍՈՒՄ, ո՞վ էր պաշպանում
ներսում նրան իր ծագումի հեղեղից:
Ախ, այն ժամանակ քնածի մեջ ՉԿԱՐ ոչ մի զգուշություն. քուն մտնելով՝
նա ինչպես էր մխրճվում երազի մեջ, խորքը զառանցանքի:
Նա, նորեկն այդ, երկչոտ, ինչպես էր նա խճճվում,
ներքին իրադարձությունների հեռահար մազարմատիկներով
արդեն միահյուսված զննումին, զարգացումին խեղդող, ձևերին, որ
հալածում էին նրան գազանաբար: Եվ ինչպես նա տրվեց նրանց: -Սիրելով:
Սիրելով ներքինը իր, իր ներքինի տեղանքները վայրի,
իր մեջ եղած նախա-անտառներն այն, որոնց համր տապալումի վրա
իր վառ կանաչ սիրտը կախվեց: Սիրելով: Թողնելով այդ՝
սեփական արմատները մխրճում էր նա իր վիթխարի ծագումի մեջ,
ուր իր փոքրիկ ծնունդը նա կրել էր արդեն: Սիրելով
խորանում էր նա արյան մեջ վաղնջական, հեղեղատներում այն,
որտեղ Սարսափելին է մեկնված՝ հայրերից դեռ կշտացած: Եվ ամեն մի
Վախ ճանաչեց նրան՝ աչքթարթումով, և բանական կարծես:
Այո, ժպտում էր ՍարսափելինՀազվադեպ ես, մայր,
դու ժպտացել նրան այդպես քնքուշ: Ինչպես
նա չսիրեր նրան այդ ժպիտի համար: Քո մեջ լինելուց ԱՌԱՋ էր դեռ
նա սիրում նրան, և երբ դու կրում էիր նրան քո մեջ,
սարսափը այդ լուծված էր արդեն պտղաջրերում և այն սաղմնավորումը թեթևացրեց:
Նայիր, մեր սերը նման չէ ծաղիկների սիրուն, մեն մի գարնան
ծաղիկների. երբ սիրում ենք մենք, մեր բազուկներում
ուժն է հառնում նախասկզբնական: Օ, աղջիկ,
ԱՅՆ, ինչ սիրում ենք մենք մեր ՄԵՋ, մի գալիք չի միակ, այլ՝
այն, ինչ խմորվում է հավիտենից. ոչ թե՝ մի երեխա, առանձին,
 այլ՝ հայրերին, որոնք, ինչպես լեռների փլատակներ,
ընդերքում մեզ են հենված. այլ՝ ցամաքած գետահունը
երբեմնի մայրերի.- այլ՝ ամբողջ
լանդշաֆտը անձայն, որի վրա ճակատագիրն է անձրևում մռայլ,
կամ պարզվում, պայծառ: ԱՅՍ ԲՈԼՈՐԸ, աղջիկ, եղել են քեզանից առաջ:
Եվ հենց դու, չիմանալով, արթնացրեցիր
նախաժամանակը սիրահարի մեջ: Անցած էակների
ինչ զգացումներ, դուրս գալով, նորից բռնկվեցին: Ինչ
կանայք, որ քո դեմ լցվեցին ատելությամբ: Տղամարդկանց մռայլ
ինչպես զայրացրեցիր դու պատանու երակներում: Մեռած
երեխաները քեզ ձգվեցին հանկարծՕ, կամաց, կամաց,
նրան սիրով դիմավորիր, քնքուշ եղիր, վստահելի,- նրան
պարտեզը տար, պարգևիր գերակշիռը
գիշերների…… Զսպիր նրան……… 

Թարգմանությունը՝ Հ. Մովսես
Ռայներ Մարիա Ռիլկե | Էլեգիա երրորդ Ռայներ Մարիա Ռիլկե | Էլեգիա երրորդ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on 18:34:00 Rating: 5
Технологии Blogger.