Ռոլան Բարտ | Նաուտիուսը և Հարբած նավը

Ժյուլ Վեռնի,- նրա մահվան հիսնամյա տարելիցը նշվեց վերջերս,- ստեղծագործությունը լավ առարկա կլիներ կառուցվածքային քննադատության համար, այն հարուստ է կայուն մոտիվներով:
Վեռնը ստեղծել է իր մեջ ամփոփված մի ամբողջ տիեզերաբանություն, որին հատուկ են իր կարգերը, իր ժամանակը և տարածությունը, յուրահատուկ լցվածությունը և անգամ սեփական գոյաբանական սկզբունքը: Ինչպես կարծում եմ, այդ սկզբունքը շարունակական ինքնաամփոփումն է: Ճամփորդությունների պատկերները Վեռնի մոտ ունեն իրենց հակակշիռը ի դեմս ապահովության մոտիվների մշակումների, և այն, որ Վեռնը այդքան մոտ է երեխաներին, բացատրվում է ոչ թե արկածների բանալ միստիկայով, այլ ընդհակառակը՝ փակ տարածության անբռնազբոս երանությամբ, որը դրսևորվում է վրանների և տնակների մանկական ռոմանտիկայում: Անջատվել և տնավորվել՝ այսպիսին է էկզիստենցիալ երազանքը, որը հատուկ է ինչպես մանկությանը, այնպես էլ Վեռնին: Նման երազանքի արքետիպ է այնպիսի գրեթե անթերի վեպը, ինչպիսին է «Գանձերի կղզին», որտեղ մարդ-երեխան վերստին հորինում է աշխարհը, լցնում և սահմանազատում է այն և իր հանրագիտարանային աշխատանքի վերջում փակվում է սեփականատիրոջ ընդգծված բուրժուական կեցվածքի մեջ, որը տան հողաթափեր դրած և ծխամորճը բերանին նստած է բուխարու առաջ, այն ժամանակ, երբ դրսում զուր աղմկում է բուքը, այսինքն՝ անվերջության տարերքը:
Վեռնը մոլեգին կերպով ձգտում է լցնել աշխարհը: Նա մշտապես սահմանազատում և կահավորում է այն՝ դարձնելով լեցուն, ինչպես ձուն. նա գործում է այնպես, ինչպես 18-րդ դարի էնցիկլոպեդիստը կամ հոլանդական դպրոցի նկարիչը: Նրա աշխարհը փակ է և լցված է հաշվելի, իրար կողքի կիպ-կիպ դասավորված նյութերով: Արվեստագետի խնդիրն է սոսկ կատալոգներ և հաշվեցուցակներ կազմել, գտնել այս աշխարհում դեռ չլցված անկյուններ և լցնել դրանք ձեռնաշեն իրերով և գործիքներով: Վեռնը պատկանում է բուրժուական-առաջադիմական ավանդույթին. իր ստեղծագործությամբ նա հայտարարում է, որ մարդուն ենթակա է ամեն բան, որ ողջ աշխարհը, մինչև իր ամենահեռու անկյունները տեղավորվում է նրա ափի մեջ, այնպես որ մասնավոր սեփականությունը վերջին հաշվով կազմում է բնության նվաճման ընդհանուր պրոցեսի սոսկ դիալեկտիկական պահը: Վեռնը բնավ չի ձգտում ընդլայնել աշխարհը ռոմանտիկական փախուստի ճանապարհին կամ դեպի անվերջություն միստիկական ելքի ճանապարհին: Ընդհակառակը, նա շարունակաբար ձգտում է կարճել այն, խիտ բնակեցնել, դարձնել ծանոթ և փակ ոլորտ, որտեղ մարդը կարող է ապրել բոլոր հարմարություններով. այդ աշխարհում կարելի է գտնել ամեն բան, իսկ գոյություն ունենալու համար նրան պետք է ոչ այլ ոք, քան մարդը:
Մարդու այդ յուրացումը վառ նկարագրելու համար Վեռնը օգտագործել է ոչ միայն գիտության անթիվ նվաճումները, այլ նաև հորինել է հրաշալի ռոմանտիկական քայլ՝ դարձնել ժամանակը տարածության գրավական, անվերջ միավորելով այդ երկու կարգերը, խաղաքար դարձնելով դրանք միևնույն խաղում կամ ռիսկային նախաձեռնության մեջ և ամեն անգամ բարեհաջող: Վիպական զարգացումները հաղորդում են նրա աշխարհին առաձգականություն՝ մերթ մոտեցնելով, մերթ հեռացնելով դրա սահմանները, անբռնազբոս խաղալով տիեզերական տարածությունների հետ և խորամանկորեն քննելով, թե որքան են ենթակա մարդուն տարածությունները և ուղերթների ցանկերը: Հաճախ այդ մոլորակում, որտեղ հաղթականորեն անցնում է վեռնյան հերոսը՝ բուրժուական Անթևսը, որի գիշերները անցնում են ուժերի «անարատ վերականգնման» մեջ, հանդիպում է նաև որևէ անցյալ ռոմանտիկական դարի թշվառ, խղճից կամ ձանձրույթից տառապող որևէ բեկոր, որը բևեռայնորեն ընդգծում է աշխարհի իսկական տերերի հոգեկան առողջությունը: Նրանց դեպքում ողջ հոգսը իրադրությանը մաքսիմալ կերպով ադապտացվելն է, ինչը բարդ չէ ոչ մետաֆիզիկորեն, ոչ էլ բարոյական իմաստով, այլ պայմանավորված է որևէ նուրբ աշխարհագրական տարօրինակությամբ:
Այսպես, խորքային մակարդակում Ժյուլ Վեռնի ժեստը անշուշտ յուրացման ժեստ է: Ասվածին ոչ մի դեպքում չի հակասում վեռնյան դիցաբանության մեջ նավի կարևոր պատկերը. ընդհակառակը, թեպետ նավը կարող է լինել հեռացման սիմվոլ, առավել խորը մակարդակում դրա մեջ ծածկագրված է սահմանազատվածությունը: Ծովագնացության հանդեպ սերը միշտ կապված է լիակատար ամփոփության հաճույքի հետ, ցանկության հետ ունենալու կողքին իրերի մաքսիմում, բացարձակորեն փակ տարածություն: Նավի հանդեպ սերը առաջին հերթին սեր է անշրջելիորեն փակ գեր-տան նկատմամբ, այլ ոչ անհայտության ուղղությամբ հերոսական նավարկության: Նավը նախ և առաջ բնակատեղի է, և հետո միայն՝ տեղաշարժման միջոց: Եվ պարզ է, որ Ժյուլ Վեռնի մոտ ամեն նավ տան օջախի նմուշ է, այնպես որ նավարկության հեռավորությամբ միայն ընդգծվում է դրա երանելի սահմանազատվածությունը, նրա փոքր աշխարհի անթերի ինտիմությունը: Այս իմաստով «Նաուտիուսը» որոշակի քարանձավ է: Ամփոփվածության վայելքը հասնում է իր պարօքսիզմին, երբ հնարավոր է դառնում, գտնվելով այդ գերկատարյալ թաղանթի ներսում, մեծ պատուհանի միջով նայել ստորջրյա տարածքների արտաքին աշխարհին, գիտակցելով դրա հակադրությամբ ներքին աշխարհը:
Այդ իմաստով լեգենդար և հորինված նավերի մեծ մասը, ինչպես «Նաուտիուսը», արտահայտում են հարմարավետ ամփոփության մոտիվը, քանզի բավական է ցույց տալ նավը որպես մարդկային տուն, և մարդու շնորհիվ այն կազմում է մարդկային վայելքների կլորավուն-հարթ աշխարհ, որտեղ մարդը դեռ դարավոր ծովային բարոյականության շնորհիվ մեկ անձի մեջ միավորում է աստծուն, տիրոջը և սեփականատերինառաջինը աստծուց հետո», և այլն): Որպեսզի ծովային դիցաբանության մեջ վերանա նավային սեփականատիրության հմայքը, կա միայն մեկ միջոց՝ հեռացնել մարդուն և հանձնել նավն ինքն իրեն: Այդ ժամանակ նավը դադարում է լինել փոխադրամիջոց, բնակարան, սեփականատիրության առարկա, այն վերածվում է ճամփորդող  աչքի, որը սահում է անեզր տարածքներով, այն նորից ու նորից դրդում է ծով դուրս գալ: Վեռնյան «Նաուտիուսի» կատարյալ հակադրությունն է Ռեմբոյի «Հարբած նավը», նավ, որն ասում է «Ես» և ազատվելով իր դատարկամարմնությունից, խոստանում է մարդուն անցում քարանձավի հոգեվերլուծությունից դեպի բացահայտումների իսկական պոետիկան:

Թարգմանությունը՝ Ա. Վարդանյան

Ռոլան Բարտ | Նաուտիուսը և Հարբած նավը Ռոլան Բարտ | Նաուտիուսը և Հարբած նավը Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on 10:25:00 Rating: 5
Технологии Blogger.