
Կուխուլինը՝ Կոնխոբարի քույր
Դեհտիրեի և լույսի աստված Լուգի որդին է: Մեկ այլ տարբերակի համաձայն նա հենց Կոնխոբարի
և Դեհտիրեի որդին է: Երբ Կուխուլինը դառնում է պատանի, Իռլանդիայի կանայք և աղջիկները
սիրահարվում են նրան իր գեղեցկության և սխրանքների համար: Ուլադների պահանջով Կուխուլինը
որոշում է ամուսնանալ, սակայն իր ընտրած աղջկա հայրը ստիպում է նրան մի շարք դժվարին
հանձնարարություններ կատարել՝ հույս ունենալով, որ հերոսը կմեռնի: Սակայն Կուխուլինը
հաջողությամբ գլուխ է բերում բոլոր առաջադրանքները և ողջ է դուրս գալիս բոլոր փորձություններից:
Նա ամուսնանում է աղջկա հետ: Իր վտանգավոր հարսնախոսության ընթացքում նա լինում է Շոտլանդիայում,
որտեղ մի հսկա կին սովորեցնում է նրան իր արվեստի նրբությունները: Նույն Շոտլանդիայում
նա սիրավեպ է ունենում մեկ ուրիշ հսկա կնոջ հետ, որից ունենում է որդի, որի անունն
է Կորնլայխ: Երբ Կորնլայխը մեծանում է, հեռանում է Իռլանդիա փնտրելու իր հորը: Նրանք
հանդիպում են, մենամարտում են և հայրը, չճանաչելով որդուն, սպանում է նրան:
17 տարեկանում Կուխուլինը գործում
է իր ամենամեծ սխրանքը: Արևմտյան Իռլանդիայի թագուհի Կոնախտան, որը թշնամի էր ուլադներին,
ցանկանում է տիրանալ ոմն ուլադի մեծ ու շատ գեղեցիկ ցլին: Նա մեծ զորք է գումարում
և մտնում է Ուլադ: Ընտրում է այնպիսի ժամանակ, երբ բոլոր ուլադները տառապում են մոգական
մի հիվանդությամբ, որն անզոր էր դարձնում նրանց բոլորին, բացի Կուխուլինից: Սա խուսափում
էր հիվանդությունից իր աստվածային ծագման շնորհիվ: Ստիպված լինելով միայնակ պաշտպանել
հայրենիքը, Կուխուլինը պառկում է ջրանցի մոտ, որտեղ պիտի հայտնվեր մեծ զորքը: Այստեղ
ցուցանակներ է դնում, որոնց վրա գրված է, որ զորքը պիտի անցնի ջրանցը մեկ-մեկ, որպեսզի
բոլորը հերթով կռվեն Կուխուլինի հետ: Նա ձմեռային երեք ամիսների ընթացքում հաղթականորեն
դիմակայում է այդ մենամարտներին, մինչև որ ուլադները ապաքինվում են իրենց հիվանդությունից
և գալիս են օգնության:
Սագաներից մեկը պատմում է,
թե ինչպես է Կուխուլինը մրցում ուլադների մյուս հերոսների հետ: Նա բոլորին գերազանցում
է հերոսությամբ՝ ընդունելով Կուրոի կախարդի մարտահրավերը: Նա ցանկանում է կտրել Կուրոիի
գլուխը ի պատասխան խոստանալով թույլ տալ, որ Կուրոին կտրի իրենը: Երբ նա կտրում է Կուրոիի գլուխը, այն նորից սերտաճում
է կախարդի մարմնին: Այդժամ Կուխուլինը դնում է իր գլուխը կառափնարանին, սակայն Կուրոին
խնայում է նրան և ասում, որ դա ընդամենը հերոսի քաջության փորձություն էր: Կուխուլինը
ունի հրաշալի հատկություններ և ընդունակություններ: Երբ նա ընկնում է ցասման մեջ, անչափ
մեծանում է և ամբողջովին աղճատվում է: Նրա յուրաքանչյուր մազի ծայրին արյան կաթիլ է
հայտնվում:
Կուխուլին
Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ
on
июня 09, 2016
Rating:
