Գոթֆրիդ Բեն | Քնարերգության հիմնախնդիրները (հատվածներ)

Այստեղ մենք շոշափում ենք ժամանակակից քնարական Ես-ի սկզբունքային մի առանձնահատկությունըԺամանակակից գրականության մեջ հաճախ մի հեղինակի մեջ գոյում են հավասարապես քնարերգուն և էսսեիստը:
Եվ կարծես թե մեկը առանց մյուսի անպատկերացնելի է: Բացի Վալերիից` ես կնշեմ Էլիոթին, Մալլարմեին, Բոդլերին, Էզրա Փաունդին, Էդգար Պոյին և սյուրռեալիստներին: Նրանք բոլորը բանաստեղծության գրվելու ընթացքով հետաքրքրված են նույնքան, որքան բուն բանաստեղծությամբ: Նրանցից մեկը գրել է. «Խոստովանում եմ, ինձ անհամեմատ ավելի է հետաքրքրում ստեղծագործության ծագման և ստեղծման ընթացքը, քան ստեղծագործությունն ինքը»: Ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել. սա ժամանակակից գիտակցության նշան է: Ֆոն Պլատենը կամ Մյորիկեն, որքան ինձ հայտնի է, չէին տիրապետում նման երկակի տեսողության, այն չունեին Շտորմը կամ Դեհմելը, Սուինբերնը կամ Քիցը: Ժամանակակից քնարերգուն, բացի ստեղծագործությունից, կոմպոզիցիայի իր սեփական փիլիսոփայությունը և ստեղծագործական համակարգն է ստեղծում: Եվ ես կուզենայի ևս մի սկզբունքային առանձնահատկություն նշել. անցյալ դարի մեծ վիպասաններից ոչ ոք քնարերգակ չի եղել (բնականաբար բացառությամբ «Վերթերի» և «Վիլհելմ Մայստերի» հեղինակի): Ոչ Տոլստոյը, ոչ Ֆլոբերը, ոչ Բալզակը, ոչ Դոստոևսկին, ոչ Համսունը, ոչ Ջոզեֆ Կոնրադն է թեկուզ մի կարգին բանաստեղծություն գրել: Ժամանակակիցներից դա փորձել է անել Ջեյմս Ջոյսը, բայց, ինչպես նրա մասին գրել է Տորնտոն Ուայլդերը, «նա, ով տիրապետում է արձակի անզուգական ռիթմիկական հարստությանը, օտարանում է իր բանաստեղծություններին, նրանց խունացած երաժշտականությանը, նրանց էժանագին խուլ տոնին (ջրիկ խուլ մեղեդիներին)»: Այստեղ մենք խորագույն տիպաբանական տարբերություն ենք նկատում: Ես կուզենայի այն հնարավորինս ճշգրիտ նշել: Երբ վիպագիրը ձեռնա¬մուխ է լինում բանաստեղծության` որպես կանոն բալլադներ կամ սյուժետային-անեկդոտային ձևի ինչ-որ բան է դուրս գալիս: Վիպասանին նաև բանաստեղծության համար է նյութ հարկավոր, հարկավոր են թեմաներ: Բառերն իբրև այդպիսին նրան բավական չեն: Նրան սյուժե տուր: Բառը նրա համար, ի տարբերություն առավելապես քնարերգուի, անմիջականորեն կապված չէ նրա գոյաբանական ապրումին, վիպասանը բառերով նկարագրում է: Ավելի ուշ մենք կտեսնենք, թե դրա հետևում ինչ սկզբունքային ներքին տարբերություններ են կանգնած:
Նոր քնարերգությունը սկսվել է Ֆրանսիայում: Ցայժմ նրա սկզբնավորողը համարվել է Մալլարմեն, բայց, հետևելով վերջին ֆրանսիական հրապարակումներին, ժամանակակից գրողները սկսվում են 1885 թ. վախճանված Ժերար դ'Ներվալից: Մեզանում նա հայտնի է իբրև Գյոթեի թարգմանիչը, իսկ Ֆրանսիայում` իբրև ժամանակակից բանաստեղծության ակունքը համարվող «Քիմեռներ»-ի հեղինակ: Այնուհետև գալիս է Բոդլերը (մահացել է 1867 թ.-ին): Այս երկուսը, այսպիսով, Մալլարմեի նախորդներն են և ազդել են նրա վրա: Ինքը` Մալլարմեն, համենայն դեպս, առաջինը սկսեց ստեղծել իր բանաստեղծությունների տեսությունը և կառուցվածքի երևութաբանությունը, ինչի մասին ես արդեն խոսեցի: Մյուս անունները ձեզ հայտնի են. Վեռլեն, Ռեմբո, այնուհետև` Վալերի, Ապոլլիներ և սյուրռեալիստները` Բրետոնի և Արագոնի գլխավորությամբ: Սա է քնարական վերածննդի մայրուղին, որի ճյուղավորումները անցան Գերմանիայով և անգլիա-ամերիկյան աշխարհով: Անգլիայում Սուինբերնը (մահացել է 1909 թ.-ին) և Ուիլյամ Մորրիսը (մահացել է 1896 թ.-ին)` մեծ ֆրանսիացիների այս երկու ժամանակակիցները, համենայն դեպս, դեռ պատկանում էին հին իդեալիստական-ռոմանտիկական դպրոցին, բայց Էլիոթի, Հենրի Միլլերի և Էզրա Փաունդի հայտնվելով` նոր ոճը հայտնվում է անգլո-ամերիկյան տարածքներում, և ես ուզում եմ նշել, որ ԱՄՆ-ում այժմ մեծ քնարական շարժում է սկսվել: Հարկավոր է ևս մի քանի անուն թվարկել. Լիտվայից գաղթած Օ. Բ. Միլոշը (մահացել է 1940 թ.-ին, Փարիզում), ԱՄՆ-ում ապրող ֆրանսիացի Սեն-Ժոն Պերսը: Ռուսաստանից հարկավոր է նշել Մայակովսկուն, Չեխոսլովակիայից` Վիտեզսլավ Նեզվալին` մինչև այն պահը, երբ նրանք դեռ բոլշևիկ չէին դարձել և չէին սկսել ներբողել «հայր Ստալինին»: Գերմանիայում պետք է հիշատակել առնվազն Գեորգեին, Ռիլկեին, Հոֆմանսթալին: Նրանց լավագույն բանաստեղծություններըմաքուր կերպի արտահայտություն են, գիտակցված արտիստական ճախր` խիստ ձևի ներսում, նրանց ներքին կյանքը, ինչ խոսք` սուբյեկտիվ, զգացմունքային ոլորքներով լեցուն, ճախր էր այնպիսի ազնիվ ազգային և կրոնական ոլորտներում, այնպիսի իսկությունների և համընդհանրականությունների ոլորտներում, որոնք ժամանակակից քնարերգությունը անգամ երազում չի տեսել:
Այնուհետև եկան Հայմը, Թրակլը, Վերֆելը - ավանգարդիստները: Գերմանիայում էքսպրեսիոնիստական քնարերգության սկիզբը հանգում է 1911 թ.-ին «Սիմպլիցիսիմուս»-ում տպագրված Ալֆրեդ Լիխտենշտայնի «Մթնշաղներ» բանաստեղծությանը և Յակոբ վան Գոդիսի` նույն թվականին տպագրված «Աշխարհի վերջը» բանաստեղծությանը: Ժամանակակից եվրոպական արվեստի համար հիմնարար իրադարձություն եղավ Մարինետիի «Ֆուտուրիստական մանիֆեստը», որը տպագրվեց 1909 թ.-ի փետրվարի 20-ին` փարիզյան «Ֆիգարո» թերթում: «Nous allons assisteralanaissancedu Centaure - Մենք սպասում ենք Կենտավրոսի ծնունդին»,- գրում է նա և ավելացնում. «Հռնդացող ավտոմոբիլը ավելի գեղեցիկ է, քան Նիկե Սամոթրակիականը»: Թեև ավանգարդիստներ` նրանք որոշ մասնավորություններով արդեն ավարտեցին պրոցեսը
Արտիստականությունը - բովանդակության համընդհանուր ճգնաժամի պայմաններում ինքն իրեն իբրև բովանդակություն և այդ զգացումից նոր ոճ ստեղծելու արվեստի փորձն է,- այն համընդհանուր հոռետեսությանն ի հակակշիռ մի նոր տրանսցենդենտալ արժեք առաջ քաշելու փորձ է:- Ստեղծագործական կիրքը: Այսպես հասկացված արտիստականությունը ներառում է էքսպրեսիոնիզմի, աբստրակցիոնիզմի, հակահումանիզմի, հակապատմականության, ցիկլականության, «դատարկ մարդկանց» - մի խոսքով` «արտահայտման աշխարհի» ողջ պրոբլեմատիկան: Մեր գիտակցության մեջ այդ բառը մտել է Նիցշեի շնորհիվ, ով այն փոխառել է Ֆրանսիայում: (…) Բայդ բավական են խորիմաստ խորհրդածությունները, եկեք դիմենք պրակտիկային և հարց տանք. Ի՞նչն է ակտուալ ժամանակակից բանաստեղծության համար: Բա՞ռը, ձև՞ը, հա՞նգը, երկար կամ կարճ բանաստեղծությո՞ւնը, ո՞ւմ է ուղղված բանաստեղծությունը, թեմայի ընտրությունըԱյն հարցը, թե ինչպիսին պետք է լինի բանաստեղծությունը` երկար թե կարճ` տվել է դեռ Էդգար Պոն, այնուհետև Էլիոթը: Իմ կարծիքով` այստեղ ամեն ինչ կախված է անձնական հակումներից: Ամենահետաքրքիրը ինձ մի այլ հարց է թվում. ո՞ւմ է ուղղված բանաստեղծությունը, ում համար է այն գրվում, - սա շատ կարևոր է: Եվ այս թեմային հրաշալի պատասխան է տվել Ռիչարդ Ուիլբուրը. Բանաստեղծությունը, գրում է նա, ուղղված է Մուսային: Նման պատասխանը ի թիվս այլոց նշանակում է, որ բանաստեղծությունը ոչ ոքի ուղղված չէ:
Սա ցույց է տալիս քնարերգության մենախոսական բնույթը: Ըստ էության դա մենակյացների, ճգնավորների արվեստ է: Բայց ես չեմ ուզում ձեզ զբաղեցնել նրանով, ինչը կարելի է կարդալ նաև դասագրքերում: Վախենալով ընկնել տափակության մեջ` ես ձեզ խորիմաստ դատողությունների փոխարեն կուզենայի արտաքուստ ինչ-որ շոշափելի և տեսանելի բան առաջարկել. ինչպես գիտենք` գնալով ավելի ու ավելի խորունկ սուզվելով` հայտնվում ես պարզապես խեղդվելու վտանգի մեջ, ըստ որում Ֆլոբերի ժամանակներից պարզ է, որ արվեստում ոչ մի արտաքին բան չի լինում: Ես կարծում եմ` ձեզ արդեն ահագին ժամանակ հետևյալ հարցն է հետաքրքրում. համենայն դեպս ինչ բան է դա` այդ ժամանակակից բանաստեղծությունը, ի՞նչ տեսք ունի այն: Կփորձեմ պատասխանել հակառակության մեթոդով, այն է` պատմել, թե ինչպիսին չպետք է լինի ժամանակակից բանաստեղծությունը:
Այստեղ ես ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել մի հանգամանքի. ողջ միջակը, միջին վիճակագրականը քնարերգության համար անտանելի և մահացու վտանգավոր է, քնարերգության միջոցները ծայրահեղ նուրբ են, նրա սուբստանցիան ամենայն սուբստանցիայի ensrealissimum-ն է, ցանկացած մանրուք աղետային մասշտաբներ է ձեռք բերում: Միջակ վեպը այդքան էլ անտանելի չէ, այն կարող է զբաղեցնել, սովորեցնել, հանգստացնել ջղերը, բայց քնարերգությունը - կամ կատարյալ է, կամ ընդհանրապես գոյություն չունի: Այսպիսին է նրա էական հատկությունը:
Եվ քնարերգության մի այլ էական հատկություն - բանաստեղծի համար ողբերգական. մեր ժամանակի ոչ մի` անգամ մեծագույն բանաստեղծ իրենից հետո վեց-ութ կատարյալ (ավարտուն) բանաստեղծությունից ավել չի կարող թողնել. մնացյալը կարող է հետաքրքրություն ներկայացնել հեղինակի կենսագրության կամ նրա ներքին զարգացման տեսակետից, բայց ինքնաբավները, անանց լույս և հմայք սփռողները - քիչ են. և այս վեց բանաստեղծության համար - ճգնավորության, տառապանքների, պայքարի երեսունից-հիսուն տարի:
Այժմ ես ուզում եմ ձեզ մանրամասնորեն նկարագրել մի պրոցես, թե ինչպես է այն սովորաբար ընթանում: Դա բանաստեղծության ծագման պրոցեսն է: Ինչի՞ց է այն սկսվում: Այն սկսվում է այսպես. հեղինակն ունի.
1. հոգեկան էներգիայի ինչ-որ աղոտ ստեղծագործական թանձրուկ.
2. բառեր, որոնք դրված են նրա ափի մեջ` պատրաստ օգտագործման, որոնց նա կարողանում է դիմել, որոնք կարող է շրջանառել, որոնք նա, այսպես ասած, գիտի: Հեղինակը, ռազմական բառապաշարով ասած, ունի իրեն նվիրված բառերի մի գումարտակ: Մի անգամ նա կարող է դեմ առնել ընդհանրապես ընդամենը մի բառի, որը ուշադրություն հրավիրի իր վրա, գրգռի, որում շիթի պես խփի հետագա լայտմոտիվը.
3. հեղինակն ունի Արիադների թելը, որը հանում է նրան այդ կրկնաբևեռ լարումից, հանում է բացարձակ անսխալականությամբ, որովհետև - և սա հիմնական առեղծվածն է - բանաստեղծությունը պատրաստ է նախքան գրվելը, հեղինակը պարզապես ճշգրիտ տեքստը առայժմ չգիտի: Իսկ ավարտված բանաստեղծությունը կարող է հնչել միայն այնպես, ինչպես հնչում է, և ոչ մի դեպքում այլ կերպ: Դուք միանգամայն որոշակիությամբ զգում եք, թե երբ է այն պատրաստ, թեև պրոցեսն ինքը կարող է բավականին երկար տևել - շաբաթներ, տարիներ - բայց քանի դեռ բանաստեղծությունը պատրաստ չէ, դուք դա զգում եք և գիտեք: Նորից ու նորից եք աչք գցում նրան, լսում եք առանձին բառերը, առանձին տողերը, հատուկ ուշադրություն եք դարձնում երկրորդ տանը. նայում եք երրորդը - այն իրո՞ք անհրաժեշտ օղակ է երկրորդի և չորրորդի միջև, և այդպես, խստագույն հսողության ներքո, կատարյալ կենտրոնացվածությամբ, խստագույն քննադատական հայացքով ներքուստ անցնում եք բոլոր տները մեկը մյուսի հետևից - քրեստոմատիական փառաբանված ազատության դեպքը` անհրաժեշտության թևերի մեջ, ինչի մասին գրել է Շիլլերը: Բանաստեղծությունը կարելի է համեմատել հոմերոսյան Թեակների նավի հետ, որը ինքնիրեն, առանց նավազների, գտնում է դեպի նավահանգիստ տանող ճանապարհը: Այդ նույն բանի մասին է ասում երիտասարդ մի գրող, ում ես անձամբ չեմ ճանաչում և անգամ վստահ չեմ, որ նա ինքը քնարական բանաստեղծություններ է գրում,- ոմն Ալբրեխտ Ֆաբրի, ում հոդվածը ես կարդացի «Դաս Լոտ»-ում: Ահա թե ինչ է գրում նա. «Հարցը, թե ով է գրել բանաստեղծությունը, համենայն դեպս պարապ հարց է: Ցանկացած բանաստեղծության հեղինակայնության մեջ ինչ-որ ձևով առկա է անծանոթ պարոն X-ի ներկայությունը, այլ բառերով` յուրաքանչյուր բանաստեղծություն հեղինակի իր հոմերոսյան հարցն ունի, յուրաքանչյուր բանաստեղծություն մի քանի հեղինակ ունի, որոնցից մեկը Անհայտ Հեղինակն է»…
Համենայն դեպս հանգը - բանաստեղծության ներքին կազմակերպիչ սկզբունքն է: Ես համոզված եմ, որ Վեռլենը և Ռիլկեն,- երկուսն էլ հանգի սկզբունքային կողմնակիցներ,- վերջիններն էին, ում մոտ հանգը ներկայանում էր իր ողջ փայլով և հմայքով, ում հաջողվում էր մեզ կրկին ստիպել` զգալ հանգի սրբությունը և նրբությունը: Այդ ժամանակվանից հանգի որոշ սպառվածություն է նկատվում, հազարավոր բանաստեղծություններում երևում են միևնույն հանգերը, և տեսնելով մեկը` արդեն գրեթե գիտես մյուսը: Որոշ բանաստեղծներ փորձում են թարմացնել հանգը` օգտագործելով արտասահմանյան բառեր կամ հատուկ անուններ, բայց այդ ամենը - կիսամիջոցներ են, ըստ որում` ոչ շատ գործուն: Կուրտիուսի գրքից ես իմացա, որ նման իրավիճակը գրականության մեջ առաջին անգամ չէ, որ պատահում է, ահա, օրինակ, նա գրում է. «Պրովանսալական բանաստեղծները գերլարեցին հանգը, և ճոռոմ-մեծավարպետ հանգերով այդ բանաստեղծություններից երսժշտու¬թյունը անհետացավ, և գրեթե չքացավ իմաստը»: Ժամանակակից ամեն բանաստեղծ իր հանգային օրենքն ունի, բայց ոչ թե մտացածին, այլ` արդեն լեզվի մեջ եղածներից ընտրված, ըստ որում այդ օրենքը մշտապես ստուգվում է, վերանայվում է: Ամերիկյան մի հարցաթերթիկում ես հայտնի բանաստեղծ Ռենդալ Ջարելի հետևյալ դատողությունը կարդացի. «Հանգը որոշակի հմայքի է տիրապետում, անգամ եթե օգտագործվում է իբրև բանաստեղծության ինքնաբերաբար ենթադրվող կառուցվածքային տարր, բայց ինձ ավելի շատ դուր է գալիս, երբ հանգը կանոնավոր չէ, կենդանի է, երբ այն չի լսվում»:
Այսպիսին են, ինչպես ասում են, քնարերգության առանձնահատուկ թեմաները: Եկեք այժմ, այս ամենը նկատի ունենալով, փորձենք անմիջականորեն զբաղվել քնարական սուբյեկտով, այն քննարկենք enface և տարբեր հանգամանքներում: Հոգեբանության և սոցիոլոգիայի տեսակետից ի՞նչ արարած է դա` քնարերգուն, ի՞նչ երևույթ է: Նախ և առաջ` հակառակ տարածված կարծիքին` նա - երազող չէ: Այդ ուրիշներին է թույլատրված երազելը, քնարերգակը տեսիլքներով աշխատում է, նա պետք է բառերով մարմնավորի հենց այդ «անուրջները»: Նա նաև ինտելիգենտ կամ էսթետ չէ, քնարերգուն արվեստ է ստեղծում, իսկ դա նշանակում է` նրան անհրաժեշտ է ամուր և սթափ միտք, երկաթե ծնոտներով միտք, որոնցով նա ընդունակ է ծամել բոլոր հակասությունները, այդ թվում` նաև նրանք, որոնց մեջ ինքն է ընկնում: Կյանքում դա տիպական փոքր մարդ է, բնականից կիսապոռթկուն, կիսաապաթիկ խառնվածքով: Հասարակության տեսակետից` դա միանգամայն անհետաքրքիր տիպ է. Տասսոն Ֆերրարեում - այս ամենը անցյալում է, ոչ մի Լեոնոր, ոչ մի դափնեպսակ ճակատին: Ոչ մի տիտանիզմ, առ երկինս ոչ մի մարտակոչ, քնարերգակը - մեծավ մասամբ խաղաղ մարդ է, ներքուստ խաղաղ, նա չի կարող իրեն իրարանցում թույլ տալ, նա պետք է կրի բանաստեղծությունը, երբեմն տարիներով,- և դրա համար պետք է կարողանա լռել: Վալերին լռեց տասներկու տարի, Ռիլկեն տասնչորս տարի ոչ մի բանաստեղծություն չգրեց, իսկ հետո երևան եկան «Դուինյան էլեգիաները»…
Ես նկատել եմ, թե ինչպես խելոք մարդիկ, ովքեր իրենց հոդվածներում մեծ բանաստեղծների ստեղծագործության զարմանալի ընկալում են ցուցաբերել, նույն ուշադրությամբ և լրջությամբ հընթացս իսկույն գրել են նաև երկրորդ կարգի խղճուկ էպիգոնների մասին: Դա նույնն է, ինչ եթե Մին հարստության ժամանակների ճենապակին չտարբերես պլաստմասե չջարդվող ամաններից, որոնցով երեխաները «տունտունիկ» են խաղում: Եվ բանն այստեղ ինչ-որ արտաքին վրիպումները և բացթողոմները չեն, նկատվում է արժեքների ներքին աստիճանակարգության արատ: Նման քննադատները առաջվա պես բանաստեղծությունների մեջ «զգացմունք և ջերմություն» են փնտրում, ասես թե միտքը զգացմունք չէ, ասես թե ձևը` ինքը ջերմությունը չէ: Նման քննադատների մեջ խորունկ արմատ է գցել «հին» մարդը` մաքուր բանաստեղծության գնահատման մեջ իմաստների և երկիմաստությունների իր չափանիշերով: Ժամանակակից հեղինակի համար յուրաքանչյուր բանաստեղծություն - սանձահարված առյուծ է, և երբ քննադատը ժամանակակից բանաստեղծություն է կարդում` նրա աչքերի առջև առյուծ է, թեև նա կգերադասեր գործ ունենալ էշի հետԱրդարության համար նշենք` քննադատի խնդիրը ամենահեշտերից չէ: Բանաստեղծությունը - այնպիսի բարդ կառույց է, որ փոխհարաբերությունների ողջ կոմպլեքսը ընդգրկելը ծայրահեղ դժվար է:
Կարծում եմ` իմ խոսքերը կարող են ավելորդ խիստ և կատեգորիկ հնչել ոմանց համար: Չի բացառվում, որ այս դահլիճում աթոռներից մեկին նստած է երիտասարդ մի մարդ, ով արդեն բանաստեղծություններ է գրում, և նրա համար իմ բառերը - ասես սառնամանիք լինեն նրա քնարական գարնանային գիշերվա մեջ: Ես նրան ուզում եմ ասել, որ դա ոչ իմ հետին միտքն է, ոչ էլ երևակայությունը: Միայն հաշված դեպքերում է, որ սկսողը արժանանում է վերջացնելունՏաղանդը կարելի է զարգացնել դժվարությամբ, և տաղանդը կարելի է հեշտությամբ կործանել: Ընդհանուր բարոյականությունն այսպիսին է. մի շտապեք դեբյուտի, մի շտապեք ներքուստ, մի շտապեք փառքի հետևից, մի շտապեք ֆորումների և փառատոների: Հանգիստ շարունակեք բանաստեղծություններ գրել, երիտասա՛րդ, եթե դուք հավատացած եք, որ ձեր առջև անհայտ ճանապարհ է, որի վրա ձեզ տրված է ձեռք բերել այն վեց բանաստեղծությունները, որոնց մասին ես ասացի: Ես ձեզ, Ֆլոբերի բառերով ասած, ցանկանում եմ նիզակ բարձրացնել այնտեղ, որտեղ մենք այն վայր դրեցինք: Ձեզ համար արտաքին անհաջողությունները, ներքին աղետները ապահովված են, ինչպես նաև այն օրերը, որոնց մասին դուք չեք համարձակվել երազել, և այն գիշերները, որոնցից ելք չկա: Բայց դուք գնում եք ձեր ճանապարհով, և ի հրաժեշտ ձեզ և բոլոր նրանց, ովքեր այսօր բարյացակամորեն լսեցին ինձ, ես ուզում եմ հիշեցնել Հեգելի մեծ բառերը` իսկական եվրոպական բառեր, որ ասվել են մի դար առաջ, բայց իրենց մեջ ներառում են մեր ողջ բարդ ճակատագիրը այս դարում. «Ոչ թե այն կյանքը, որ սարսափում է մահից և վախենում է ոչնչացումից, այլ` այն, որը կրում է մահը և չնայած նրան` պահպանում է իր գոյությունը,- դա է ոգու կյանքը»:



Թարգմանությունը՝ Հ. Մովսես
Գոթֆրիդ Բեն | Քնարերգության հիմնախնդիրները (հատվածներ) Գոթֆրիդ Բեն | Քնարերգության հիմնախնդիրները (հատվածներ) Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on 6:33:00 Rating: 5
Технологии Blogger.