Ռայներ Մարիա Ռիլկե | Էլեգիա ութերորդ



Բոլոր աչքերով ստեղծյալներն են Բացվածքին
նայում: Միայն մեր աչքերն են այսպես՝
ասես շրջված և տեղադրված իրենց շուրջ,
ինչպես որոգայթ, շուրջբոլորը իրենց ազատ ելքի:
Ինչ դրսում է, այն հասու է մեզ գազանի
հայացքից միայն, որովհետև արդեն երեխային
շրջում ենք մենք և ստիպում, որ նա իր ետևում
տեսնի ուրվագիծն աշխարհի և ոչ թե Բացվածքը, որ
այնպես խորն է գազանի նայվածքի մեջ: Մահից ազատ:
Մահը միայն մենք ենք տեսնում. ազատ գազանը
իր վախճանը միշտ թողնում է իր ետևում,
և առջևում Աստվածն է, և երբ գնում է նա, նա
գնում է դեպի հավերժություն. այդպես ջրհորն է ցամաքում:
Մենք չունենք, չունենք օրը բացառյալ,
մաքուր տարածությունը ներ դեմ, որում ծաղիկներն են
հավետ բացվում: Միշտ աշխարհը սա է. ե՞րբ պետք է
այն լինի Ոչ մի տեղը առանց Ոչի. Մաքուրը և
Անպաշտպանելին, որը շնչում ենք և անվերջ
Իմացարկում, առանց ցանկանալու: Երեխան է
մի պահ կորչում լռության մեջ նրա դիմաց և
վեր թռչում: Կամ նա, ով մեռնում է և Վերածվում Նրան:
Քանզի մահվան պահին մահն այլևս չի երևում և մենք ընդարմացած, դուրսն ենք տեսնում մեծ հայացքով գազանի:
Սիրահարները, եթե միմյանց տեսադաշտի դեմ չկանգնեն,
մոտ են նրան և նայում են զարմացած
Նրանցից ամեն մեկին, ասես սխալմամբ, բացված է այն
մյուսի թիկունքից Բայց ավելի հեռու, նրանից այն կողմ
ոչ ոք չի կարող գնալ և նորից դառնում է աշխարհ:
Հավերժ շրջված ստեղծումին՝ միայն նրա վրա ենք մենք տեսնում անդրադարձումը ազատության, որը մթագնված է մեզնից: Կամ, որ գազանը,
համր, մեր միջով լուռ նայում է դուրս:
Սա է ճակատագիր կոչվում՝ լինել մոտիկ, դեմ հանդիման,
և միշտ մոտիկ, սակայն մնալ հավիտյանս հեռու:
Եթե գիտակցության մեր կերպը լիներ
վստահ գազանի մեջ, որը մեզ է գալիս
ուրիշ ուղեծիրով,- նա կշրջեր մեզ և կտաներ
իր ուղղությամբ: Բայց գոյությունը նրա համար
անվախճան է, անգրկելի, և հայացքը նրա
չի ուղղված իր վիճակին, մաքուր, ինչպես հայացքը դուրս նայող:
Եվ որտեղ մենք ապագան ենք տեսնում, այնտեղ տեսնում է նա
ամեն ինչ, և իրեն՝ ամեն ինչի մեջ և միշտ ամբողջական:
Եվ սակայն զգոն ու տաք գազանի մեջ
կշիռն ու հոգսն է հսկայական մի տրտմության:
Որովհետև նրան էլ է միշտ կառչում այն, ինչ մեզ
ճնշում է հաճախակի,- հիշողությունը,
կարծես արդեն մի անգամ եղել է այն, ինչին
ձգտում ենք մենք, եղել է ավելի մոտիկ, հավատարիմ և մեզ
ավելի քնքուշ կապված: Այստեղ անջրպետ է ամեն ինչ.
այնտեղ՝ համակ շնչառություն: Առաջին հայրենիքից հետո
նրա համար երկրորդը հակասական է և անհուսալի:
Օ, երանություն Մանր ստեղծյալի,
որը Մնում է միշտ այն գրկի մեջ, որ կրել է նրան.
օ, երջանկություն մժղուկի, որը դեռ Ներքնապես է թռչկոտում,
նույնիսկ իր հարսանյաց ժամին, քանզի նրա համար գիրկ է
ամեն ինչ: Եվ նայիր կերպարանափոխությանը թռչունի,
որը գուցե գիտի երկակիությունը իր սերումի,
կարծես նա հոգին է մեռած էտրուսկի,
որին տարածությունն է ընդունել, բայց խաղաղեցնող
մի ֆիգուրով, որպես կափարիչ նրա քարադագաղին:
Եվ ինչ շփոթված է նա, որ պետք է թռչի,
դուրս նետվելով իրեն կրող գրկից: Կարծես իրենից հենց
վախեցած՝ նա օդն է խոցում, ինչպես ճեղքվածքն է
գավաթը ակոսում: Այսպես ձգվում է հետքը
շղջիկի երեկոյի ճենապակուն:
Իսկ մենք հայեցողներ, ամենուրեք և միշտ,
ամեն ինչին թեքված, բայց առանց դրսի:
Սա լցնում է մեզ: Կարգավորում ենք այն: Բայց այն կկործանվի:
Մենք կարգավորում ենք նորից, և ինքներս ենք կործանվում:
Ո՞վ մեզ դարձրեց այսպես, որ մենք,
ինչ էլ անենք, միշտ կեցվածքի մեջ ենք
նրա, ով հեռանում է: Ինչպես նա է
վերջին բլուրի վրա, որը նրա դեմ իր ողջ հովիտն է
մի անգամ էլ բացում,- շրջվում, նայում և հապաղում,
Այդպես էլ մենք ենք ապրում՝ միշտ հրաժեշտ տալով:


Թարգմանությունը՝ Հակոբ Մովսես
Ռայներ Մարիա Ռիլկե | Էլեգիա ութերորդ Ռայներ Մարիա Ռիլկե | Էլեգիա ութերորդ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on июня 10, 2016 Rating: 5
Технологии Blogger.