Գիյոմ Ապոլիներ | Բանաստեղծություններ



Միրաբոյի կամուրջը
Միրաբոյի հին կամուրջի տակով հոսում է Սենան
Եվ սերերը մեր:
Արդյոք պե՞տք է, որ հիշեմ անպայման՝
Միշտ տառապանքից հետո էր ժպտում պահը խնդության: 

Թող գա գիշեր: Հնչի ժամ:
Օրերն անցնեն: Ես դեռ կա՛մ:

Ձեռքեր ձեռքերում մնանք դեմ դիմաց,
Մինչ մեր թևերի
Կամուրջի տակով թող հոսի կամաց
Հավիտենական նայվածքների լուռ ալիքը հոգնած:

Թող գա գիշեր: Հնչի ժամ:
Օրերն անցնեն: Ես դեռ կա՛մ:

Սերն է հոսում, ինչպես այս ջուրը անկանգ,
Սերն է հոսում:
Ինչքա՜ն դանդաղ են օր ու կյանք,
Եվ հույսն ինչքա՜ն մոլեկան:

Թող գա գիշեր: Հնչի ժամ:
Օրերն անցնեն: Ես դեռ կա՛մ:

Անցնում են օրեր, շաբաթներ այնքան,
Սակայն ո՛չ նրանք,
Ոչ էլ սերերը վերստին կգան…
Միրաբոյի հին կամուրջի տակով հոսում է Սենան:

Թող գա գիշեր: Հնչի ժամ:
Օրերն անցնեն: Ես դեռ կա՛մ:

Աշնանածաղիկներ
Թեև թունոտ, բայց չքնաղ է մարգը աշնան,
Ուր կովերն են, արածելով,
Թունավորվում ամեն վայրկյան:
Եղրևանու գույնով աշնան ծաղիկն է հեզ
Փթթում այնտեղ: Քո աչքերը այդ ծաղկի պես
Եվ այս աշնան նման լուրթ են ու կապտավուն,
Եվ աչքերիդ համար կյանքս է ամեն վայրկյան թունավորվում:

Մանուկները, շրթնահարմոն նվագելով,
Դպրոցից են վերադառնում մեծ աղմուկով
Եվ պոկոտում են ծաղիկը մարգագետնի:
Նա կիսաբաց քո կոպերի գույնը ունի,
Որոնք դողում, սրսփում են, ինչպես ծաղիկն հողմերի մեջ:

Նախրապանը ահավասիկ երգում է մեղմ,
Մինչ ծանրաքայլ ու մի երկա՜ր բառաչյունով
Կովերն ընդմիշտ լքում են այդ մարգը թունոտ:

Հրաժեշտ
Ես պոկեցի ցախի մի շիվ:
Հիշի՛ր, մեռավ աշունն իսպառ:
Երկրում էլ չենք տեսնի իրար:
Հուշերի բույր, ցախի մի շիվ,
Եվ սպասում եմ քեզ, հիշի՜ր…

Գնչուհին
Գնչուհին գիտեր, գիտե՛ր նախապես
Մեր կյանքը՝ պատված գիշերվա մութով:
Նրան հրաժեշտ տվինք, և հետո
Նոր արահետով եկավ հույսը մեզ:

Ու ծանր սերը, մեր կամքին հլու՝
Արջի պես պարեց թաթերին կանգնած.
Կապույտ թռչունը անփետուր մնաց,
Եվ մուրացիկներ չեկան օրհնելու:
Գիտենք, թե մենք մեզ մատնում ենք մահին:
Բայց երբ ձեռք-ձեռքի քայլում ենք քեզ հետ,
Սիրո հույսը մեզ հիշեցնում է մերթ
Այն, ինչ գուշակեց ներհուն գնչուհին:

Աշուն
Մշուշում քայլում են մի ծուռթաթ շինական
Եվ մի եզ, համրորեն, մշուշի մեջ աշնան,
Որ խեղճ ու ամոթխած գյուղակներն է ծածկում:

Քայլերով, շինականը սիրո ու դրժման
Մի երգ է մրնջում, և այդ երգը բեկուն
Մի սրտի, մատանու պատմությունն է ոգում:

Ա՜խ, աշո՛ւն իմ, աշո՛ւն, բերիր մահը գարնան:
Մշուշում քայլում են երկու գորշ ուրվական:

Զանգերը
Իմ լավ գնչու, իմ տարփածո՜ւ,
Լսիր ղողանջը զանգերի:
Սիրում էինք ու մտածում,
Թե մեզ ոչ ոք չի նշմարի:

Բայց մենք լավ չենք պահվել, անգի՛ն…
Բոլոր զանգերը շրջակա
Տեսել են մեզ և ամենքին
Այդ մասին են պատմում հիմա:

Վաղը Կատրինն ու Ուրսուլան,
Կիպրիանը, Անրին, Մարին,
Հացթուխն ու կինն էլ կիմանան
Եվ Հերտրուդը՝ իմ զարմուհին:

Ես կմնամ անապավեն:
Կքրքջան իմ ետևից:
Դու չես լինի: Ես կարտասվեմ:
Մեռնեմ երևի:

***
Սերը մեռավ թևերիդ մեջ…
Ձեր հանդիպումն հիշո՞ւմ ես դու,
Ինչպես ինքն է հիշում անվերջ:
Սերը մեռա՜վ: Հարություն տուր:

Մի գարուն էլ եղավ անցյալ…
Թողե՞ց նա քեզ քնքշանքի հուշ:
- Մնաս բարով, գարո՛ւն: Դարձյալ
Կգաս դու մեզ նույնքա՜ն քնքուշ:

Պոեմ
Նա ներս է մտել:
Նստել է նա:
Նա չի նայում կարմրահեր բոցին:
Վառվում է լուցկին:
Մեկնել է նա:

15 Ապրիլի, 1915
Գրում եմ մեն-մենակ՝ մի խարույկի դողդոջ:
Ցոլքերի տակ:
Մերթ մի արկի հեծքն է ճեղքում գիշերն ամբողջ,
Իսկ մերթ հստակ
Լսվում է, թե ինչպես մի հեծյալ է վարգում
Ճանապարհին,
Եվ մերթ էլ մի անծեղ ճչում է չարագույժ:
Հազիվ ձեռքն իմ
Այս տողերն է գրում: Ցտեսությո՜ւն, իմ սեր:
Թղթին դեռ կան
Խորհրդավոր գծեր, որ նշաններն են մեր
Երջանկության:
Խորհրդավո՜ր իմ սեր, օ, Լյո՛ւ, իմ կյանքը պիտի
Ընծայի մեզ
Այնքա՜ն պահեր անհագ հեշտանքի ու խինդի.
Դեռ դու և ես
Կզգանք սերը միակ: Ցտեսությո՜ւն, իմ սի՛րտ:
Հիմա ես այդ
Խորհրդավոր աստղն եմ տեսնում, որ աչքերիդ
Ա՛հ երկիմաստ
Գույնը ունի: Ահա քո նայվածքն է իմ դեմ:
Եվ սուր մի փուշ
Խոցում է ինձ կրկին: Ցտեսությո՜ւն, արդեն
Գիշեր է ուշ:

Թարգմանությունը՝ Աբրահամ Ալիքյանի

Գիյոմ Ապոլիներ | Բանաստեղծություններ Գիյոմ Ապոլիներ | Բանաստեղծություններ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on июля 10, 2016 Rating: 5
Технологии Blogger.