Պոլ Վալերի | Բանաստեղծություններ


Քայլերը
Քայլերը քո՝ մանուկներն իմ լռության,
Սրբազնորեն, դանդաղորեն արթնացած՝
Իմ հսկումի դեպի մահիճն են անձայն
Առաջանում, մոտենում են երկյուղած: 

Վճիտ էա՛կ, աստվածայի՜ն հովանի,
Ի՜նչ անուշ են քայլերը քո զսպված:
Իմ երազած ողջ բարիքներն հոլանի
Այս ոտքերով են ինձ գալիս, Տե՛ր Աստված:

Եթե դեպի ինձ երկարած շրթներով
Դու քնքշորեն պատրաստում ես առաջին
Համբույրի ճաշն ու աղանդերը գերող,
Որ հագեցնես իմ խոհերի բնակչին,

Մի՛ փութացրու երանությունն այդ հացի,
Օ՜, լինելու, չլինելու սուրբ պայմա՛ն,
Քանզի ես քեզ սպասելով ապրեցի,
Եվ իմ սիրտը քայլերիդ ձայնն էր միայն:

Սիլֆը
Անծանոթ, անտես,
Կենդանի, մեռած,
Հովերի բերած
Բարակ բույրն եմ ես:

Անծանոթ, անտես
Դիպվա՞ծ, թե՞ հանճար.
Տքնումն ի կատար,
Հազի՜վ գտած մեզ:

Անհաս գաղափա՞ր:
Վեհ մտքի համար
Ի՜նչ խոստում պատրող:

Անծանոթ, անձև,
Զույգ շապկի միջև
Մերկ կրծքի մի դող:

Մտերիմ անտառ
Մենք քեզ հետ հյուսեցինք ջինջ խոհեր
Կողք կողքի, քայլելով ընդերկար,
Մենք քեզ հետ բռնեցինք անբարբառ
Իրար ձեռք… ծաղկանց մեջ մթաստվեր:

Քայլեցինք ինչպես սերտ բարեկամ
Մարգերի այն կանաչ գիշերում,
Կիսելով սրտերի ցնորուն
Միրգն առկախ՝ հմայի՜չ լուսնկան:

Ու հետո մամուռի թավիշում
Մենք մեռանք, շա՛տ հեռվում, ուր լոկ կար
Մի անտառ մտերմիկ ու շրշուն:

Եվ անհուն լույսերի մեջ վերին
Հեծեցինք ու գտանք մենք իրար,
Օ՜, անգին ուղեկից իմ լռին:

Ծովափնյա գերեզմանոցը
Մի՛ նկրտիր, քա՜ղցր հոգի, անմահ կյանքին,
Այլ գործնական միջոցներից օգտվիր:
Պինդար, Պյությաններ, Գ

Խաղաղ երթն այս, քայլող աղավնիներ վրան,
Սոճիների մեջ է դողում և շիրմատան:
Կեսօրն, արդար, այնտեղ արարում է հիմա
Ծո՛վը, ծո՛վն հրեղեն, որ սկսվում է հար:
Օ՜, հատուցում խոհի, դու՝ մի նայվածք երկար
Աստվածների խորունկ խաղաղության վրա:

Նրբին փայլակներով այդ ի՜նչ վճիտ հղացք
Կիզում է անթափանց փրփուրի բյուր շողակ,
Եվ ի՜նչ անդորր, կարծես, ծոցվորվում է օդում:
Երբ որ մի արև է, կախված, նայում վիհին՝
Հավերժական հույզի հորինումներ մեկին,
Ժամանակն է փայլում, Երազն է գիտության:

Գանձ աննվազ, պարզուկ տաճար աթենասյան,
Անդորրանքի զանգված ու բաց շտեմարան,
Ջուր բարձրահոն, Ա՛չք, որ թաքցնում ես անճիգ
Մի քողի տակ բոցե այնքան մրափ ու քուն,
Օ՜, լռությո՛ւն իմ խոր… Վեհ ապարանք հոգում,
Բայց բյուր կղմինդրով ոսկեղեն ծածկ, Երդի՛կ:

Ժամանակի տաճար, որ չափում է մի ճիչ,
Ես՝ նույնքան ջինջ, հառնում, ընտելանում եմ ինձ,
Պատված իմ ծովային նայվածքով միայն:
Եվ ինչպես սուրբ ընծաս աստվածների բագնին:
Բիլ բարձրության վրա պսպղյունը ջերմին
Հյուսում է գերագույն քամահրանքի ոստայն:

Ինչպես միրգն է հալվում, տրված իր հեշտանքին,
Եվ դարձնում վայելք գոյությունն իր նախկին
Մի բերանի մեջ, ուր իր ձևն է օրհասում,
Այդպես ես իմ գալիք ծուխն եմ ըմպում այստեղ,
Եվ երգում է երկինքն ափունքների հնչեղ
Վերափոխումն ամբողջ հոգու համար կիզուն:

Ջերմ երկի՛նք, ճիշտ երկի՜նք, տե՛ս փոխվում եմ համակ:
Այնքա՜ն հպարտանքից, այնքան տարօրինակ
Ծուլությունից հետո, թեպետ կամքով լեցուն,
Ես հանձնվում եմ այս տարածությանը մով:
Իմ ստվերն է անցնում մեռյալների կայքով
Եվ վարժեցնում է ինձ իր շարժմանը փխրուն:

Բացած հոգիս ջահին արևակայության՝
Եվ զորավիգ եմ քեզ, լի նետերով դաժան
Լույսի հրաշալի, չքնաղ արդարությո՜ւն:
Ես քեզ նախկին տեղդ եմ վերադարձնում, վճի՜տ՝
Նայի՛ր քեզ… Բայց լույսը վերադարձնելը միշտ
Ենթադրում է իրոք շուքի կեսը տրտում:

Օ՜, իմ մեջ, ինձ համար, միմիայն ինձ համար,
Մի սրտի մոտ, երգի ակունքում և պայծառ
Պատահարի ու խոր դատարկության միջև
Սպասում եմ ներքին իմ մեծության ձայնին՝
Դառն, հնչուն, մութ դույլ, որ միշտ գալիք ու սին
Խլությամբ է զնգում հոգու մեջ արդարև:

Գիտե՞ս դու, ծառերի սաղարթի կեղծ գերի՛դ,
Դու, ծո՛ց, որ լափում ես այս ցանկերը վտիտ,
Թե ի՛նչ մարմին է իմ փակ աչքերով լուսեղ
Քարշ տալիս ինձ դեպի մահն իր, և ի՛նչ ճակատ
Ձգում է այն դեպի այս հողը ոսկրապատ:
Մի կայծ մեռելների՛ս վերհիշում է այնտեղ:

Գոց, սրբազան, լեցուն մի կրակով աննյութ,
Լույսին ձոնված ջահոտ հողաշերտ ու սոճուտ,
Վայրն այս, կերտած ոսկով, քարով, մութ ծառերով,
Ուր դողում են այնքան մարմարիոններ անբիծ
Այնքա՜ն շուքի վրա,- վայրն այս գերում է ինձ՝
Շիրիմներիս վրա կա մտերիմ մի ծով:

Գա՛մփռ հոյատեսիլ, վանի՛ր կռապաշտին:
Երբ ժպիտով հովվի, երկար ու առանձին
Արածեցնում եմ ես հոտը, հոտն սպիտակ
Խաղաղ մեռելներիս՝ գառներ խորհրդավոր,
Արա՛, որ հեռանան սին հույսերը բոլոր,
Աղավնիներ խոհեմ ու քննասեր հրեշտակ:

Ծուլություն է այստեղ գալիքը բովանդակ:
Երաշտն է ճանկռոտում միջատն անմեղունակ:
Ողջն՝ հրկիզված, լուծված, օդի մեջ չգիտես,
Թե ի՛նչ խիստ իսկության ներկվել է գույնով…
Կյանքն անհուն է, քանզի մահերով է գինով,
Դառնությունն է անուշ, ոգին՝ հստակատես…

Թարգմանությունը՝ Աբրահամ Ալիքյանի

Պոլ Վալերի | Բանաստեղծություններ Պոլ Վալերի | Բանաստեղծություններ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on 20:19:00 Rating: 5
Технологии Blogger.