
Լեռնագագաթները քնած են. հովիտ,
քարափ ու անձավ լուռ են:
Ալկման
- Ինձ լսիր, ասաց Դևը` ձեռքը
դնելով գլխիս:- Տեղանքը, որի մասին պատմում եմ, տխրաշուք մի տարածք է Լինիայում` Զաիր
գետի ակունքի մոտ, և այնտեղ չկա ոչ անդորր, ոչ լռություն:
- Գետի ջրերը քրքումի հիվանդագին
թույրն ունեն և ոչ թե հոսում են դեպի ծով, այլ շռնդալից ու ջղաձիգ ալեկոծումով հավերժաբար
տրոփում են արեգակի հրաշեկ հայացքի տակ: Գետի հունի տիղմոտ եզերքին մղոններով ձգվում
է վիթխարի ջրաշուշանների դժգույն թավուտը: Դրանք հերթով հառաչում են այդ մենության
մեջ, երկար ու բարակ վզերը երկինք երկարում ու ետուառաջ շարժում գեղեցիկ գլուխները:
Եվ նրանց մեջ լսվում է մի տարտամ մրմնջյուն, որ նման է ստորերկրյա ջրերի հոսանքին:
Եվ դրանք հերթով հառաչում են:
- Բայց դրանց տիրույթը ունի
սահման` մութ, խրոխտ ու ահարկու անտառի պատնեշը: Այնտեղ, ինչպես Հեբրիդյան կղզիները
շրջապատող ալիքների նման անվերջ ծփում են թփերը: Սակայն երկնքում բոլորովին էլ չկա
քամի: Եվ երկնասլաց հինավուրց ծառերը հզոր շաչյունով անդադար օրորվում են: Եվ նրանց
բարձր կատարներից հատ-հատ ընկնում են ցողի մշտական կաթիլներ: Եվ ծառերի արմատների մոտ`
խռովյալ նինջի մեջ, գալարուն մեկնված են օտարոտի թունավոր ծաղիկներ: Իսկ վերևում գորշ
ամպերը շրշուն ու շաչուն աղմուկով անվերջ սուրում են արևմուտք և ապա ջրվեժի նման թավալվում
են հորիզոնի հրեղեն պատնեշից այն կողմ: Եվ Զաիր գետի ակունքին ոչ անդորր կա, ոչ լռություն:
- Գիշեր էր. տեղում էր անձրև,
որը թափվելիս անձրև էր, իսկ գետնին հասնելով` դառնում էր արյուն: Եվ ես կանգնած էի
ճահճուտում երկայնիրան շուշանների մեջ, և անձրևը մաղում էր գլխիս. և շուշանները հերթով
հառաչում էին իրենց առանձնության մեջ: Եվ ապա հանկարծ ու մեկեն, անոսր, խիտ մշուշի
միջից բարձրացավ լուսինը, այն բոսորագույն էր: Աչքս ընկավ մի վիթխարի, գորշ ժայռի,
որ կանգնած էր գետափին և լուսավորվում էր լուսնի լույսով: Ժայռը գորշ էր, վիթխարի ու
բարձր,- և ժայռը գորշ էր: Առջևի մասում փորագրված էին նշաններ, և ես անցա ջրաշուշանների
ճախնուտի միջով ու մոտեցա ափին, որպեսզի կարդամ: Սակայն չկարողացա զանազանել գրերը:
Եվ ետ էի դառնում ճախնուտ, երբ լուսինը շողաց ավելի վառ կարմիրով, և ես շրջվեցի և կրկին
նայեցի ժայռին, և այնտեղ գրված էր ` ԱՄԱՅՈՒԹՅՈՒՆ:
Եվ ես վեր նայեցի, և քարափի
կատարին մի մարդ էր կանգնած. թաքնվեցի ջրաշուշանների մեջ` մարդու գործողություններին
հետևելու: Եվ մարդը բարձրահասակ էր, կեցվածքով վեհաշուք, ուսերից մինչև ոտքերը ծածկված
էր հին հռոմեական թիկնոցով: Եվ նրա ձիամարմին ուրվագիծն աղոտ էր, սակայն գիշերվա ու
մեգի, լուսնի ու ցողի ծածկույթը չէր փակել նրա դեմքը, և դիմագծերն աստվածային էին:
Եվ խրոխտ ճակատը մտասույզ էր, իսկ աչքերը մտատանջությունից փայլում էին վայրի փայլով.
իսկ այտերն ակոսող ծալքերում ես կարդացի ցավի ու վշտի, խոնջանքի, մարդկության հանդեպ
զզվանքի և մենության տենչի առակները:
Եվ մարդը նստել էր ժայռին՝
գլուխը ձեռքին հենած ու հայացքը հառած ամայությանը: Նայեց վար` անդադրում, ցածր թփերին
ու վեր` բարձրուղեշ նախաստեղծ ծառերին ու ավելի վեր` շրշուն երկնքին ու բոսորագույր
լուսնին: Եվ ես մոտիկից շուշանների մեջ թաքնված, հետևում էի մարդու վարմունքին: Եվ
մարդը դողում էր միայնության մեջ. սակայն գիշերն անցնում էր, և նա նստած էր ժայռին:
Եվ մարդն ուշադրությունը շեղեց
երկնքից և նայեց տխրաշուք Զաիր գետին և մուգ դեղին ջրերին ու ջրաշուշանների դեղին լեգեոններին:
Եվ մարդն լսում էր ջրաշուշանների հառաչանքը ու նրանց միջից եկող սոսափը: Եվ ես մոտիկից`
իմ թաքստոցից հետևում էի մարդու վարքին: Եվ մարդը դողում էր միայնության մեջ. և սակայն
գիշերն անցնում էր, իսկ նա նստած էր ժայռին:
- Հետո իջա ճահճուտի խորշերը,
դժվարությամբ հեռացա շուշանների թավուտի միջով և կանչեցի գետաձիերին, որ բնակվում էին
ճախճախուտի խորշերում: Եվ գետաձիերը լսեցին կանչս ու բեհեմոտների հետ միասին հավաքվեցին
ժայռի ստորոտում և բարձր ու երկյուղալի մռնչացին լուսնի տակ: Եվ ես մոտիկից` իմ թաքստոցից
հետևում էի մարդու վարքին: Եվ մարդը դողում էր միայնության մեջ. սակայն գիշերն անցնում
էր, իսկ նա նստած էր ժայռին:
- Ապա ես նզովեցի տարերքը ահարկու
անեծքով. և մի ահեղ փոթորիկ բարձրացավ երկնքում, ուր մինչ չկար անգամ այդ քամի: Եվ
փոթորիկի սաստկությունից երկինքը կապտեց-սևացավ, և անձրևը հարվածեց մարդու գլխին, գետի
ծփացող ջրերը ցածրացան, և գետը տանջանքից փրփրակալեց, և ջրաշուշանները ճչացին իրենց
ածուներում, և հողմը մաս-մաս արեց անտառը, ամպրոպը ճայթեց, կայծակը զարկեց, և ժայռը
հիմքից երերաց: Եվ ես մոտիկից` իմ թաքստոցից հետևում էի մարդու վարքին: Եվ մարդը դողում
էր միայնության մեջ. սակայն գիշերն անցնում էր, իսկ նա նստած էր ժայռին:
Այդժամ ես բարկացա և այս անգամ
ԼՌՈՒԹՅԱՆ անեծքով նզովեցի գետն ու շուշանները, քամին ու անտառը, երկինքը, որոտն ու
ջրաշուշանների հառաչանքները: Եվ դրանք նզովվեցին ու ԼՌԵՑԻՆ: Եվ լուսինը դադարեց դողալով
վեր բարձրանալ իր կածանով, ամպրոպն անհետացավ, կայծակը չշողաց, ամպերն անշարժ կախվեցին,
ջրերը վերստին իջան իրենց մակարդակին ու այդպես մնացին, ծառերը դադարեցին ճոճվել, ջրաշուշաներն
այլևս չէին հեծեծում և նրանց սոսափն այլևս չէր լսվում, ոչ էլ ուրիշ որևէ ձայն` այդ
անծայր անապատում: Եվ ես նայեցի ժայռափոր տառերին, և գիրն այժմ էլ նույնն էր` ԼՌՈՒԹՅՈՒՆ:
Եվ աչքս ընկավ մարդու դեմքին,
և նրա դեմքը գունատվեց սարսափից: Եվ նա արագ գլուխը հեռացրեց ձեռքից, ոտքի կանգնեց
ու ականջ դրեց: Սակայն անծայրածիր անապատում ոչ մի ձայն չկար, և ժայռի վրայի գիրն էր`
ԼՌՈՒԹՅՈՒՆ: Եվ մարդը սարսռաց, երեսը շրջեց և արագ հեռացավ, և ես նրան այլևս չտեսա:
* * *
Մոգերի հատորները հարուստ են հիասքանչ
պատմություններով` մոգերի երկաթակազմ, տրտում հատորները: Կրկնում եմ, դրանց
մեջ կան փառապանծ ասքեր Երկնքի, Երկրի և հզոր ծովի մասին, և ոգիների, որ տիրում էին
ծովին, երկրին և գոռ երկնքին: Իմաստություն և խորհուրդ շատ կար նաև գուշակուհիների
պատգամախոսություններում, և հնում բազում սրբազան պատմություններ են պատմել ստվերամած
տերևները, որ դողդոջում էին Դոդոնեի շուրջը, բայց, Ալլահը վկա, առակը, որ ինձ պատմեց
Դևը` կողքիս շիրմաթմբի ստվերում նստած, ես բոլորից հրաշալին եմ համարում: Եվ, ավարտելով
իր պատմությունը, Դևը ետ ընկավ գերեզմանի խորշն ու քրքջաց: Եվ ես չկարողացա ծիծաղել
Դևի հետ, և նա անիծեց ինձ, քանզի չկարողացա: Եվ լուսանը, որ հավերծ բնակվում է շիրմի
մեջ, դուրս ելավ, պառկեց Դևի ոտքեր տակ և սառը հայացքը հառեց նրա դեմքին:
Էդգար Պո | Լռություն
Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ
on
июля 01, 2016
Rating:
