
Եզոպոսն ու էշը
- Երբ իմ մասին
նոր առակ հորինես, արա այնպես, որ այնտեղ որևէ իմաստուն բան ասեմ,- դիմեց մի անգամ
էշը Եզոպոսին:
Համստերն ու մրջյունը
- Ո՜վ թշվառ մրջյուններ,-
ասաց մի օր համստերը,- ողջ ամառն օրնիբուն աշխատում եք և ի՞նչ եք հավաքում… մի բուռ
պաշար: Եթե միայն տեսնեի՜ք իմ ունեցվածքը:
- Լսիր,- ասաց նրան մի մրջյուն,-եթե քո ունեցվածքը ավելին
է, քան դու կարիք ունես, ուրեմն ճիշտ են վարվում մարդիկ, երբ քանդում են բույնդ ու
մառաններդ դատարկում, իսկ քեզ ստիպում են քո կյանքով մեղքդ քավել:
Գայլն ու հովիվը
- Հանկարծահաս համաճարակը կոտորեց հովվի ողջ հոտը: Իմանալով
դա՝ գայլը եկավ հովվի մոտ մխիթարելու նրան:
- Մի՞թե դա ճիշտ է,- հարցրեց նա հովվին,- աստված իմ, ի՜նչ
մեծ փորձանք է, ի՜նչ սիրուն, թմբլիկ ոչխարներ էին…
Եվ գայլն սկսեց հոնգուր-հոնգուր լաց լինել:
- Շնորհակալ եմ, եղբայր Իզեգրիմ,- հառաչեց հովիվը,- տեսնում եմ, բարի
ես ու սրտացավ:
- Ճիշտ որ, սրտացավ,- նկատեց Հիլաքս շունը,- փորձանքը մերն
է, բայց տես, որ նրա սիրտն է ցավում:
Կապիկն ու աղվեսը
Պարծեցավ կապիկն աղվեսի մոտ.
-Կարող ես ինձ ցույց տալ մի կենդանի, որին չկարողանամ նմանվել,
ինչքան էլ որ նա ճարպիկ լինի:
-Ո՜վ անմիտ, իսկ դու կարո՞ղ ես ցույց տալ այն կենդանուն,
որին խելքին փչի նմանվել քեզ,- պատասխանեց աղվեսը:
Նժույգն ու ցուլը
Կրակոտ նժույգին հեծած՝ հպարտ-հպարտ անցնում էր մի տղա: Նրանց
հանդիպեց կատաղի ցուլը և ասաց.
- Ի՜նչ խայտառակություն… Մի՞թե ես թույլ կտայի, որ ինձ հեծներ այս
երեխան:
-Իսկ ես հանդուրժում եմ,- պատասխանեց նժույգը,- քանզի ինձ
վայել չէ երեխային ցած նետել:
Սագը
Սագին մի օր թվաց, թե իր փետուրները ճերմակին են տալիս ճիշտ
այնպես, ինչպես նորեկ ձյունը: Եվ դրանով հպարտ, հավատացնում էր ինքն իրեն, թե ծնվել
է ավելի շուտ կարապ լինելու համար, քան թե սագ: Եվ խորշելով իր նմաններից՝ փքուն տեսքով
ու միայնակ լողում էր լճի ջրերում: Նա մեկ ձգում, երկարացնում էր իր դավաճանորեն կարճ
վիզը, մեկ ուզում էր նրան տալ այն հանդիսավոր կորությունը, որ այնքան սազում է Ապոլոնի
սիրելի կարապներին:
Բայց զուր: Նրա պարանոցը կոպիտ էր, հաստ և ուղիղ: Ու չնայած
չարչարանքին, նա այդպես էլ կարապ չդարձավ, այլ մնաց ծիծաղելի սագ:
Գայլն ու էշը
Եղավ մի անգամ, որ էշը հանդիպեց քաղցած գայլին ու, քանի որ
փախչել չէր կարող, հիվանդ ձևացավ:
- Խղճա ինձ և օգնիր,-ասաց նա,- ոտքս փուշ է մտել:
- Հենց հիմա, եղբայր,- ասաց պատրաստակամ գայլը և հարձակվելով
էշի վրա՝ պատառ-պատառ արեց:
Ագռավը
Տեսավ մի անգամ աղվեսը ագռավին զոհասեղաններից միս գողանալիս
ու մտքերի մեջ ընկավ:
-Կուզենայի իմանալ,- ասաց նա ինքն իրեն,- ագռավն այնտեղ իր
բաժինն ունի, քանի որ իմաստուն թռչո՞ւն է, թե՞ նրան իմաստուն թռչուն են համարում, որովհետև
աստվածների հետ զոհերը կիսելու համար բավականաչափ անամոթ է:
Գոտհոլդ Էֆրաիմ Լեսինգ | Առակներ
Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ
on
декабря 30, 2015
Rating:
