Սափո | Քնարերգություն


1
Գեղեցկագահ, հավերժակա՜ն Ափրոդիտե,
Աղերսում եմ, Զևսի դստրիկ նենգախորհուրդ,
Մի չարչարիր սրտմտանքով ու թախիծով
Դու իմ սիրտը, ո՜վ տիրուհի:
Ե՛կ, ե՜կ ինձ մոտ, չէ՞ որ ուրիշ անգամ էլ դու,
Իմ հեռավոր թախանձանքները լսելով,
Լքում էիր ապարանքը քո հայրական,
Լծում կառքդ ոսկեշողուն:
Թողնում էին դեպ սևորակ երկիրը քեզ
Ճնճղուկներն արագաթև ու գեղեցիկ.
Շարժվում էին թևիկները, օդը ճեղքո՜ւմ,
Կտրում առժամ քեզ երկնքից:
Այդպես, փութով ցած սուրալով, երանելի՜,
Մեղմ ժպիտը անմահական քո երեսին,
Հարցնում էիր, թե ինչից եմ ես տառապում,
Թե քեզ ինչո՞ւ ես կանչեցի,
Եվ կրքահար հոգիս ի՞նչ է արդյոք տենչում,
Ասում էիր. «Արդյոք ո՞ւմ հետ ես ցանկանամ
Սիրով կապվել, Պիթոն ո՞ւմ պետք է համոզի,
Սափո, ո՞վ է քեզ վշտացրել:
Հեռացե՞լ է, քո ետևից կգա՜ շուտով,
Ընծադ մերժե՞ց, ի՞նքը կտա քեզ ընծաներ,
Սե՞րդ մերժեց, ո՛հ, շատ շուտով նա կսիրի,
Եթե անգամ չկամենա»:
Օ՜, եկ դարձյալ, ինձ ազատիր դառն մորմոքից.
Իրագործիր այն, ինչ որ իմ հոգին սաստիկ
Փափագում է իրագործել, անձամբ ի՛նքդ
Աջակիցս եղիր հիմա:

3
Աստղերն իսկույն, լուսնի շուրջը գեղեցիկ
Աղոտանում, կորցնում են վառ տեսքն իրենց,
Երբ, ելնելով, նա իր լույսով լիաբուխ
Արծաթանում է երկիրն ամբողջ…
4
Չարիք է մահն, աստվածներն են այդ սահմանել.
Չէ՞ որ իրենք կմեռնեին, եթե լիներ դա բարիք:
5
Վատ դրկից է ինչքը առանց վեհանձնության…
6
Ընկղմվել է լուսինն արդեն,
Պլեյադաներն էլ. կեսգիշեր է,
Եվ անցնում է ժամանակը,
Մինչդեռ… մենակ եմ ես մահճում:
7
Նման ես դու բարձր ճյուղին շիկնած քաղցրիկ մի խնձորի,
Կատարին ես դու բարձրագույն. մի՞թե մարդիկ քեզ մոռացան:
Օ՜ ոչ, բնա՛վ, նրանք միայն քեզ անկարող եղան հասնել:
8
Ունեմ չքնաղ մի դստրիկ, ասես լինի իր տեսքով
Նա մի ծաղիկ ոսկեթերթ. Կլաիսն է դա իմ անգին,
Չեմ փոխի ես նրա հետ անգամ հրաշք Լիդիան ողջ…
14
Կուսությո՜ւն իմ, կուսությո՜ւն իմ, ո՞ւր հեռացար՝ ինձ լքելով.
Էլ չեմ դառնա քեզ մոտ երբեք, էլ չեմ դառնա…
15
Գեղեցիկը լոկ աչքին է հաճելի,
Մինչդեռ լավը և գեղեցիկ է թվում:
17
Նորից ահա հյուծիչ Էրոսն ինձ ցնցեց,
Քաղցր ու դառն, անդիմադիր օձը այդ…
22
(Ալկայոսին)
Եթե վայել, լավ ցանկություն ունենայիր,
Եվ անպատշաճ չլիներ քո ասելիքը,
Դու ամոթից աչքերդ չէիր խոնարհի
Ու կասեիր ինձ բացահայտ…


Տես նաև Սոլոն 

Սափո | Քնարերգություն Սափո | Քնարերգություն Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on октября 20, 2016 Rating: 5
Технологии Blogger.