Ջեյմս Ջոյս | Հողը


Ավագը թույլ տվեց նրան գնալ, երբ կանայք ավարտեն իրենց թեյը, և Մարիան նախապես ուրախացավ ազատ երեկոյի մասին մտքից։ Խոհանոցր փայլում էր, և խոհարարն անգամ ասաց, որ պղնձե մեծ կաթսաների մեջ կարելի է տեսնել սեփական պատկերը։ Կրակը թեժ էր, պայծառ, և անկյունի սեղաններից մեկին կար թխվածքի չորս մեծ կտոր, որոնք թվում էին մեկ ամբողջություն, և միայն մոտիկից նայելիս կարելի էր նկատել, որ թխվածքը կտրտված է հաստ, հավասար, երկար շերտերով՝ թեյի հետ մատուցելու համար։ Թխվածքը Մարիան էր կտրտել։
Մարիան շատ կարճահասակ էր, ուներ երկար քիթ և ձգված ծնոտ։ Խոսում էր քթի մեջ և միշտ ասես մխիթական ձայնով «Այո, քաղցրիկս» կամ՝ «Ոչ, քաղցրիկս»։ Երբ կանայք կռվում էին տաշտերի համար, ավագը միշտ ուղարկում էր Մարիային, և նա իսկույն կարողանում էր հաշտեցնել կռվարարներին։ Մի օր ավագը այդպես էլ ասաց
Մարիա, դուք իսկական խաղաղարար եք։
Գովեստը լսեցին սպիտակեղենի պահեստապետը և երկու խնամակալուհիները։ Իսկ Ջինջեր Մունին միշտ ասում էր, որ արդուկներ բաժանող ծույլ խուլուհամրի վերջը վատ կլիներ, եթե չլիներ Մարիան։ Բոլորը սիրում էին նրան։
Կանայք պիտի թեյ խմեին ժամը 6-ին, և Մարիան մինչև 7-ը կհասցներ դուրս գալ։ Բոլսբրիջից մինչև Նելսոնի սյունը՝ 20 րոպե, Սյունից մինչև Դրամքոնդրա՝ դարձյալ 20, և 20 րոպե՝ գնումների համար։ Տեղում կլինի ժամը 7-ից շուտ։ Վերցրեց արծաթե կոճակով դրամապանակը և վրան կարդաց «Նվեր Բելֆաստից» բառերը։ Շատ էր սիրում այդ դրամապանակը, որը 5 տարի նվեր էր ստացել Ջոնից, երբ Ոգիների օրը Օլֆի հետ գնացել էին Բելֆաստ։ Դրամապանակում կար երկու կես կրոն, մանրադրամ, և տրամվայի ուղեվճարից հետո կմնար ուղիղ հինգ շիլլինգ։ Ինչ հրաշալի երեկո է սպասվում. երեխաները կերգեն, միայն թե Ջոնը հարբած տուն չգա։ Ջոնը շատ էր փոխվում, երբ խմում էր։
Ջոնը հաճախ էր խնդրում, որ Մարիան վերադառնա և ապրի իրենց հետ, բայց Մարիան չէր ցանկանում կանգնել նրանց ճանապարհին (թեպետ Ջոնի կինը միշտ էլ լավ է վերաբերվել իրեն) և բացի այդ լվացարարուհու կյանքը սովորական էր դարձել նրա համար։ Ջոնը լավ տղա էր Մարիան դայակություն էր արել նրան և Օլֆիին, և Ջոնը սովորաբար ասում էր
Մայրը մայր, բայց իմ իսկական մայրը Մարիան է։
Երբ ընտանիքը մասնատվեց, տղաները նրա համար աշխատանք ճարեցին «Երեկոյան Դուբլին» լվացքատանը, և նա սիրեց այդ աշխատանքը։ Միշտ վատ կարծիքի էր բողոքականների մասին, բայց հիմա կարծում էր, որ հրաշալի մարդիկ են, չնայած անչափ լուրջ ու խաղաղ են, սակայն ամեն դեպքում, լավ մարդիկ են, որոնց հետ կարելի է ապրել։ Հետո ջերմոցում նա ստացավ իր անկյունը և սկսեց բույսեր աճեցնել։ Ուներ ձարխոտի և ձյութալարի հրաշալի տնկիներ, և երբ այցելու էր գալիս, ջերմոցից մեկ֊երկու շիվ էր տալիս։ Նրան դուր չէր գալիս միայն մեկ բան՝ ամենուր կարելի էր հանդիպել հոգեփրկիչ թեմաներով բրոշյուրների, մինչդեռ ավագը այնքան հրաշալի կին էր, իսկական տիկին։ Խոհարարուհին ասաց, որ թեյը պատրաստ է, Մարիան գնաց կանանց սենյակը և հնչեցրեց զանգը։ Քիչ անց հայտնվեցին կանայք՝ փեշով սրբելով խոնավ ափերը, բլուզների թևքերը իջեցնելով կարմրած, ուռած դաստակների վրա։ Նրանք սեղան նստեցին, և խոհարարուհին ու խուլուհամրը թեյ լցրին մեծ բաժակների մեջ՝ նախապես ավելացնելով կաթ ու շաքար։ Մարիան հետևեց, որ կանանցից յուրաքանչյուրը ստանա իր 4 կտոր թծվածքը։ Ընթրելիս ծիծաղում ու կատակում էին։ Լիլի Ֆլեմինգն ասաց, որ Մարիան վստահ է, որ մատանին իրեն դուրս կգա, և չնայած Ֆլեմինգը այդ կատակը կրկնում էր ամեն տարի՝ Սրբերի տոների նախօրեին, Մարիան ստիպված ծիծաղում էր և ասում, որ ինքը կարիք չունի ո՛չ մատանու և ո՛չ էլ փեսայի։ Եվ երբ նա ծիծաղեց, նրա մոխրականաչ աչքերը փայլեցին ամոթից, իսկ քիթը հասավ ծնոտին։ Հետո Ջինջեր Մունին բարձրացրեց թեյի բաժակը և առաջարկեց խմել Մարիայի կենացը, ավելացնելով, որ իհարկե գարեջուրը չէր խանգարի։ Մինչ Ջինջերը կենաց էր ասում, մյուս կանայք իրենց բաժակները հարվածում էին սեղանին։ Եվ Մարիան նորից ծիծաղեց, ծիծաղեց այնքան, մինչև որ նրա քթի ծայրր հասավ ծնոտին, իսկ նիհար մարմինր սկսեց ցնցվել։ Նա գիտեր, որ Մունին չի ուզում վիրավորել իրեն, թեև խոսում էր ինչպես բոլոր հասարակ կանայք։
Բայց ինչ ուրախ էր Մարիան, երբ կանայք ավարտեցին իրենց թեյը, և խոհարարուհին ու խուլուհամրը սկսեցին հավաքել սեղանը։ Նա գնաց իր փոքրիկ ննջասենյակը և հիշելով, որ հաջորդ առավոտ պատարագ է, զարթուցիչի սլաքը յոթից տարավ վեցի վրա։ Հետո նա հանեց իր աշխատանքային հագուստը, տնային կոշիկները և իր ամենալավ զգեստը փռեց անկողնու վրա, իսկ տոնական փոքրիկ կոշիկները դրեց մահճակալի մոտ։ Հայելու առաջ նա հիշեց, թե ինչպես էր հագնվում կիրակի առավոտյան պատարագի գնալիս, երբ դեռատի աղջիկ էր։ Նա տարօրինակ սիրով նայեց իր փոքրիկ մարմնին, որ մի ժամանակ այնքան գեղեցիկ էր երևում։ Նա գտավ, որ չնայած տարիքին դա կոկիկ ու հրաշալի մարմին է։ Երբ Մարիան դուրս եկավ, փողոցները փայլում էին անձրևից, և նա գոհ էր իր հին, մոխրագույն անձրևանոցից։ Տրամվայում տեղ չկար, ստիպված էր նստել վագոնի վերջում, փոքրիկ աթոռին, դեմքով դեպի մարդիկ։ Նրա կոշիկները հազիվ էին հասնում հատակին։ Նա վերհիշեց գնումների հաջորդականությունը ու գտավ, որ լավ է, երբ մարդ ոչ մեկից կախում չունի և ունի իր դրամը։ Հույս ուներ երեկոն շատ լավ անցկացնել և վստահ էր, որ դա այդպես էլ կլինի, բայց անընդհատ հիշում և ափսոսում էր, որ Օլֆին ու Ջոնը չեն խոսում իրար հետ։ Նրանք հիմա շարունակ վիճում են, բայց երբ փոքր էին, լավ ընկերներ էին այդպիսին է կյանքը։
Սյան մոտ նա դուրս եկավ տրամվայից և սկսեց ճարպկորեն անցնել ամբոխի միջով։ Գնաց Դաունների հրուշակեղենի խանութը, բայց խանութում այնքան մարդ կար, որ ստիպված եղավ երկար սպասել։ Գնեց մի տաս հատ մեկպեննիանոց կարկանդակ և մեծ փաթեթը ձեռքին դուրս եկավ խանութից։ Մտածեց, թե ուրիշ ինչ կարող է գնել: Ուզում էր գնել որևէ արտասոբոր մի բան։ Տանը հաստատ բավականաչափ խնձոր ու ընկույզ կա։ Դժվար էր որոշել՝ ուրիշ էլ ի՞նչ գնել, և միակ հարմար բանը կեքսն էր։ Որոշեց մի քիչ կեքս գնել, բայց Դաունների վաճառած կեքսի վրա շաքարավազ գրեթե չկար, և Մարիան գնաց Հենրի սթրիթի խանութը։ Այստեղ նա երկար ժամանակ որևէ հարմար բան փնտրեց, և վաճառասեղանի ետևը կանգնած մի երիտասարդ տիկին, որը հավանաբար արդեն սկսեց ձանձրանալ Մարիայից, ուզեց ճշտել, թե չի՞ ցանկանում արդյոք գնել հարսանեկան հանդեսի կեքս։ Այդ հարցի վրա Մարիան կարմրեց և ժպտաց, բայց երիտասարդ տիկինը կատակելու տրամադրություն չուներ, և ի վերջո կեքսի մի հաստ շերտ կտրելով, փաթաթեց ու հանձնելով Մարիային, ասաց
Խնդրե՛մ, երկու շիլլինգ և չորս պենս։
Մարիան մտածեց, որ մինչև Դրամքոնդրա ոտքի վրա կմնա տրամվայում, որովհետև, թվում էր, թե երիտասարդներից ոչ մեկը իրեն չի նկատում, բայց մի տարիքով պարոն զիջեց տեղը։ Պարոնը ամրակազմ տղամարդ էր, մոխրագույն գլխարկով, քառակուսի, կարմիր դեմքով ու մոխրագույն բեղով։ Մարիային թվաց, որ պարոնը նման է գնդապետի և շատ ավելի կիրթ է, քան այն երիտասարդները, որոնք պարզապես անուշադրության մատնեցին իրեն։ Պարոնը ենթադրեց, թե նրա պայուսակը լի է երեխաների  համար համեղ բաներով և ասաց, որ երեխաները պիտի հաճույք ստանան, քանի դեռ փոքր են։ Մարիան համաձայնեց պարոնի հետ և գլխի ամաչկոտ շարժումով հավանություն տվեց նրա կարծիքին։ Քանալ Բրիջի մոտ Մարիան պետք է իջներ տրամվայից. նա շնորհակալություն հայտնեց պարոնին և գլխով արեց։ Պարոնը ի պատասխան խոնարհվեց, բարձրացրեց գլխարկը և սիրալիր ժպտաց։
Երբ Մարիան անցնում էր գետափով, անձրևի տակ, թեքելով իր փոքրիկ գլուխը, մտածեց, որ իսկական ջենտլմենը երևում է առաջին հայացքից, անգամ եթե մի քիչ խմած է։ Երբ Մարիան ներս մտավ Ջոնի տունը, բոլորն ասացին «0՜, ահա և նա»։ Ջոնը տանն էր, հենց նոր էր եկել գործից, և բոլոր երեխաները հագել էին իրենց կիրակնօրյա զգեստները։
Այստեղ էին նաև հարևանի երկու մեծահասակ դստրերը, խաղում էին։ Մարիան նվերների ծանր փաթեթը տվեց ավագին՝ Օլֆիին, իսկ տիկին Դոնեյին ասաց, որ նվերների այդքան մեծ փաթեթով այցի գնալը շատ ծանր է և ստիպեց, որ բոլոր երեխաներն ասեն «Շնորհակալությո՛ւն, Մարիա»։
Մարիան ասաց, որ հոր և մոր համար անակնկալ նվեր է պահել և սկսեց փնտրել կեքսը։ Փնտրեց Դաունների փաթեթում, հետո անձրևանոցի գրպաններում և միջանցքում, սակայն չամիչով կեքսը չկար։ Հետո նա հարցրեց երեխաներին, թե արդյոք որևէ մեկը, գուցե սխալմամբ, չի՞ կերել, բայց երեխաները այնպես շարժեցին գլուխները, կարծես ուզում էին ասել, որ այլևս երբեք կեքս չեն ուտի, եթե պիտի մեղադրվեն գողության մեջ։ Նրանցից յուրաքանչյուրն արտասանեց կեքսի անհետացման վարկածի իր տարբերակը և տիկին Դոնելին ասաց, որ Մարիան պարզապես այն մոռացել է տրամվայում։ Մարիան, հիշեց, թե որքան շփոթեցրեց իրեն մոխրագույն բեղերով պարոնը, և ամոթից, հիասթափությունից ու դառնությունից կարմրեց, իսկ այն մտքից, որ իր փոքրիկ անակնկալը ձախողվեց և որ երկու և քառորդ պենսը ջուրն ընկավ, քիչ մնաց արտասվեր։
Բայց Ջոնը ասաց, որ չարժե տխրել ու նրան նստեցրեց կրակի մոտ։ Ջոնը շատ բարի էր և պատմեց այն ամենը, ինչ տեղի էր ունեցել գրասենյակում, Մարիայի համար էլ կրկնեց ղեկավարին տված իր սրամիտ պատասխանի պատմությունը։ Մարիան չէր հասկանում, թե ինչու է Ջոնը այդքան ծիծաղում իր պատասխանի վրա և ասաց որ երևի ղեկավարը հպարտ մարդ, որի հետ շատ դժվար է աշխատել։ Ջոնն ասաց, որ նա այնքան էլ վատ մարդ չէ, մանավանդ եթե հետը ընդհանուր լեզու գտնես և որ նա համեստ է այնքան ժամանակ, քանի դեռ չես զայրացրել։ Տիկին Դոնելին երեխաների համար դաշնամուր նվագեց, և նրանք երգեցին ու պարեցին։ Հետո հարևանի երկու աղջիկները բոլորին ընկույզ բաժանեցին։ Բայց ոչ ոք չգիտեր կոտրիչի տեղը, և Ջոնը զարմացավ, թե ինչպես են նրանք պատկերացնում, որ Մարիան ընկույզ կոտրի առանց կոտրիչի։ Բայց Մարիան ասաց, որ ընկույզ չի սիրում և խնդրեց չանհանգստանալ։ Հետո Ջոնը նրան գարեջուր առաջարկեց, և տիկին Դոնելին ասաց, որ եթե Մարիան ցանկանում է, ապա տանը կա նաև պորտվեյն։ Մարիան ասաց, որ լավ կլինի իրեն չխնդրեն խմել, բայց Ջոնը պնդեց։
Եվ նա ստիպված թույլ տվեց, որ բաժակը լցնեն։ Հետո նրանք կրակի մոտ նստած խոսեցին հին օրերից, և Մարիան մտածեց, որ կարելի է Օլֆիի մասին մի լավ բան ասել։ Բայց Ջոնը զայրացավ և ասաց, թող Աստված վերացնի իրեն, եթե ինքը եղբոր հետ երբևէ մի բառ անգամ փոխանակի: Մարիան զղջաց, որ հիշեցրել է այդ ցավոտ հարցը։ Միսիս Դոնելին ասաց ամուսնուն, որ այդ ձևով հարազատի մասին խոսելը շատ ամոթ է, բայց Ջոնը ասաց, թե Օլֆին այլևս իր հարազատ եղբայրը չէ, և զրույցը կարող է վերաճել վեճի։ Բայց Ջոնը խոստացավ, որ կզսպի իր զայրույթը, քանի որ Սրբերի գիշերն է և կնոջը խնդրեց բացել ևս մի շիշ գարեջուր։ Հետո հարևանի երկու դստրերը կազմակերպեցին տոնական խաղեր, և քիչ անց ամեն ինչ նորից մտավ իր հունի մեջ Մարիան մեծ բավականություն ստացավ նրանից, որ երեխաներն այդքան ուրախ են, իսկ Ջոնի և նրա կնոջ տրամադրությունը բարձր է։ Հարևանի դստրերը սեղանին շարեցին մի քանի ափսե և աչքերը կապած երեխաներին մոտեցրին սեղանին։ Երեխաներից մեկը աղոթագիրքը գտավ, իսկ երբ հարևանի դստրերից մեկը գտավ մատանին, միսիս Դոնելին մատը թափ տվեց կարմրած աղջկա վրա ու ասաց «Օ՛, ես այդ մասին գիտեմ»։ Հետո նրանք ստիպեցին, որ աչքակապուկին մասնակցի նաև Մարիան, և նրան, աչքերը կապած, մոտեցրին սեղանին որ տեսնեն թե նա ինչ կգտնի։ Եվ մինչ նրանք կապում էին նրա աչքերը, Մարիան շարունակ ծիծաղում էր, այնպես էր ծիծաղում, որ քթի ծայրը հասավ ծնոտին։
Ծիծաղելով ու կատակելով նրան մոտեցրին սեղանին և նա, ինչպես և ասել էին, ձեռքը պարզեց առաջ։ Սկզբում ձեռքը տարավ աջ ու ձախ, իսկ հետո իջեցրեց ափսեներից մեկի վրա։ Նա մատների տակ զգաց մի փափուկ, խոնավ նյութ և զարմացավ, որ ոչ ոք իր աչքերի կապը չքանդեց։ Մի քանի րոպե լռություն տիրեց, իսկ հետո իրարանցում սկսվեց և շշուկներ հասան։ Ինչ-որ մեկը ինչ-որ բան ասաց այգու մասին և, վերջապես, տիկին Դոնելին կոպտորեն ինչ֊որ բան շշնջաց հարևանի դստրերից մեկին ու հրամայեց, որ իսկույն դուրս նետեն հողը նման բաներով չեն կատակում։ Մարիան հասկացավ, որ այս անգամ սխալվել է, և փնտրտուքը պետք է շարունակել։ Եվ նա գտավ աղոթագիրքը։
Հետո տիկին Դոնելին երեխաների համար նվագեց Միքլաուդսի Ռիլը, իսկ Ջոնը Մարիային ստիպեց խմել ևս մի գավաթ գինի։ Շուտով բոլորի տրամադրությունը բարձրացավ, և տիկին Դոնելին ասաց, որ Մարիան կարող է մինչև տարվա վերջ կուսանոց մտնել, քանի որ գտածը աղոթագիրք է։ Երբեք Ջոնը Մարիայի նկատմամբ այդքան ուշադիր չէր, որքան հաճելի հուշերով ու զրույցներով լի այդ երեկոյի ընթացքում։ Մարիան ասաց, որ նրանք բոլորն էլ անչափ բարի են իր նկատմամբ։ Երեկոյի վերջում երեխաները հոգնեցին, ընդարմացան, և Ջոնը հարցրեց Մարիային արդյոք նա գնալուց առաջ չի՞ երգի մի փոքրիկ երգ հին երգերից մեկը։
Տիկին Դոնելին ասաց «Խնդրում եմ, Մարիա», և Մարիան ստիպված բարձրացավ տեղից ու մոտեցավ դաշնամուրին։ Տիկին Դոնելին երեխաներին հրամայեց լուռ մնալ, լսել Մարիայի երգը։ Հետո նվագեց նախերգանքն ու ասաց «Դե՛, Մարիա», և Մարիան խիստ կարմրած, սկսեց դողացող ձայնով երգել։ Նա երգում էր «Իմ երազում, մարմարյա սրահներում» երգը, և երբ հասավ երկրորդ տանը, նորից կրկնեց

Երազիս մեջ ապրում էի սրահներում մարմարյա,
Եվ իմ շուրջ ստրուկների ամբոխ,
Ես հույսն էի իմ  երկրի։
Ունեմ անսպառ հարստություն,
Եվ հպարտ եմ իմ հրաշալի անունով,
Բայց ամենից տանկ էր ինձ համար այն երազը
Որի մեջ դու սիրում էիր ինչպես նախկինում։

Բայց ոչ ոք չհուշեց նրան սխալի մասին, և երբ Մարիան ավարտեց երգը, Ջոնը շատ հուզվեց։ Նա ասաց, որ առաջ ավելի լավ էին ապրում, որ Բոլֆի երաժշտությունը նրա համար անզուգական է, ինչ էլ որ ասելու լինեն նրա մասին ուրիշները, և Ջոնի աչքերում երևաց արտասուքը: Նա ոչ մի կերպ չէր կարողանում գտնել այն, ինչ փնտրում էր, այնպես որ ստիպված եղավ հարցնել կնոջը, թե որտեղ է խցանահանը։

Տես նաև Էվելին

Ջեյմս Ջոյս | Հողը Ջեյմս Ջոյս | Հողը Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on 6:41:00 Rating: 5
Технологии Blogger.