Սոմերսեթ Մոեմ | Մեյհյու



Մարդկանց մեծ մասի կյանքը սահմանափակվում է իրենց միջավայրով: Նրանք ոչ միայն հլու-հնազանդ, այլև հոժարակամ ընդունում են այն հանգամանքները, որոնց մեջ ճակատագիրը գցել է իրենց: Նրանք նման են տրամվայների, որոնք իրենց երկաթգծերի վրա ընթանում են գոհունակորեն` արհամարհելով փոքրիկ աշխույժ մեքենային, որ ներս ու դուրս խոյանում է փողոցի երթևեկության մեջ և այնքան ժիր ու կայտառ սլանում է քաղաքից հեռու բաց տարածություններով: Ես հարգում եմ այդ մարդկանց. լավ քաղաքացիներ են, լավ ամուսիններ ու լավ հայրեր, ու նաև, անշուշտ, որևէ մեկը պետք է մուծի հարկերը: Բայց ինձ չեն հուզում նրանք: Ինձ հմայում են այն մարդիկ, թեպետ սակավաթիվ, ճիշտն ասած, որոնք կյանքը վերցնում են իրենց իսկ ձեռքը և կերտում, կարծես, իրենց իսկ ճաշակով: Գուցե կամքի ազատություն կոչված բանը չունենք, բայց ունենք, համենայն դեպս, դրա պատրանքը: ճամփաների խաչմերուկում մեզ թվում է, որ կարող ենք գնալ աջ կամ ձախ, և եթե ընտրությունն արեցինք, դժվար է տեսնել, որ աշխարհի պատմության ամբողջ ընթացքը մեզ ստիպեց կատարել այն դարձը, որ արեցինք:
Մեյհյուից ավելի հետաքրքրական մարդ չեմ երբեք: նա փաստաբան էր Դետրոյտում: Ընդունակ և հաջողության հասած փաստաբան: Երեսունհինգ տարեկանին մեծ ու շահաբեր գործի տեր էր արդեն, կուտակել էր նյութական կարողություն և փայլուն ապագայի շեմին էր: Սուր միտք ուներ, անձնական հմայք և ազնվություն: Պատճառ չկար, որ ազդեցիկ դեմք չդառնար երկրի ֆինանսական կամ քաղաքական ոլորտներում: Մի երեկո իր ակումբում նստել էր բարեկամների խմբի հետ, և գուցե մի քիչ ավելի վատ (կամ մի լավ) խմել էին: Նրանցից մեկը նոր էր վերադարձել Իտալիայից և պատմեց մի տան մասին, որը տեսել էր Կապրի կղզում՝ Նեապոլի ծոցին նայող մի տան բլրի վրա, ընդարձակ ու ստվերախիտ պարտեզով: Նա նկարագրեց Միջերկրական ծովի ամենաչքնաղ կղզու գեղեցկությունը:
- Հիանալի է հնչում,- ասաց Մեյհյուն: - Ծախո՞ւ է այդ տունը:
- Ամեն ինչ ծախու է Իտալիայում:
- Հեռագիր ուղարկենք ու գին առաջարկենք:
- Ի սեր Աստծո, ինչի՞դ է պետք տունը Կապրիում:
- Ապրելու եմ դրա մեջ,- ասաց Մեյհյուն:
Հեռագրի թուղթ բերել տվեց, գրեց առաջարկը և ուղարկեց: Մի քանի ժամից պատասխանը եկավ: Առաջարկն ընդունված էր:
Մեյհյուն կեղծավոր չէր ու թաքցրեց, որ երբեք այդպիսի արտառոց բան չէր անի, եթե խմած չլիներ, բայց սթափվելուց հետո չէր զղջում դրա համար: Նա ո՛չ էլ հուզական, բայց շատ պարկեշտ էր ու անկեղծ: Երբեք հոխորտանքից մղված չէր շարունակի այն արարքը, որի մասին եկել էր այն եզրակացության, թե անխոհեմ բան էր դա: Որոշեց անել ճիշտ այնպես, ինչպես ասել էր: Հարստության ետևից ընկնող չէր, իսկ ուներ բավական դրամ՝ Իտալիայում ապրելու համար: Մտածեց, որ կարող է ավելի արժևորել կյանքը, քան թե այն վատնելով չնչին մարդկանց մանր-մունր գժտությունները հարթելու վրա: Որոշակի ծրագիր չուներ: Ուզում էր պարզապես պոկվել մի կյանքից, որ իրեն տվածից ավելի ուրիշ ոչինչ չէր կարող մատուցել:Կարծում եմ, բարեկամները խենթ համարեցին նրան. ոմանք, երևի, հնարավոր ամեն ինչ արեցին, որ տարհամոզեն: Նա կարգի դրեց իր գործերը, կապկպեց, կապկպեց իր կահ-կարասին և ճանապարհվեց:
Կապրին, թունդ կապույտ ծովում, խոժոռ մի ժայռաբլուր է խստատեսիլ ուրվագծով, բայց խաղողի այգիները, կանաչ ու ժպտուն, մի մեղմ ու անդորրավետ հմայք են տալիս դրան: Մտերմիկ, աշխարհից կտրված, զվարթ կղզի է: Տարօրինակ է թվում ինձ, որ Մեյհյուն հաստատվեց այս հրաշալի կղզում, որովհետև գեղեցկության հանդեպ ավելի անտարբեր մարդ երբեք չեմ տեսել: Չգիտեմ ինչ էր փնտրում այնտեղ՝ երջանկություն, ազատություն թե պարզապես պարապուրդ: Բայց գիտեմ՝ ինչ գտավ: Այս վայրում, ուր ամեն ինչ այնքան շռայլորեն խոսում է զգայարաններին, նա լրիվ ոգեկան կյանքով էր ապրում: Քանզի կղզին հարուստ է պատմական ոգեկոչումներով, ու Տիբերիուս կայսեր առեղծվածային հիշատակը մշտապես կախված է դրա վրա: Իր պատուհաններից, որոնք նայում էին Նեապոլի ծոցին՝ լույսի փոփոխության հետ գույն փոխող վեհաձև Վեզուվիուս լեռն էլ հեռվում, Մեյհյուն տեսնում էր հռոմեացիներին և հույներին հիշեցնող հարյուրավոր վայրեր: Անցյալն սկսեց գրավել իր միտքը: Այդ բոլորը, որ տեսնում էր առաջին անգամ, քանի որ երբեք չէր եղել արտասահմանում, հրահրում էին նրա հետաքրքրությունը. և նրա հոգում ստեղծագործական երևակայությունն արթնացավ: Եռանդուն մարդ էր նա: Շուտով ցանկացավ պատմական աշխատություն գրել: Որոշ ժամանակ մի նյութ փնտրեց ուսումնասիրելու և ի վերջո կանգ առավ հռոմեական կայսրության երկրորդ դարի վրա: Քիչ հայտնի էր այդ ժամանակաշրջանը և առաջադրում էր, թվաց իրեն, այնպիսի խնդիրներ, որոնք համանման էին մեր ժամանակի խնդիրներին:
Սկսեց գրքեր հավաքել և շուտով հոյակապ մի գրադարան կազմեց: Իրավաբանական իր գործունեության ընթացքում վարժվել էր արագ կարդալ: Նստեց աշխատելու: Սկզբում սովորություն էր արել իրկունը հանդիպել նկարիչների, գրողների և նման մարդկանց հետ, որոնք հավաքվում էին հրապարակի մոտ փոքր տավերնայում, բայց շուտով հրաժարվեց դրանից, որովհետև ավելի ու ավելի փութաջանորեն մխրճվում էր իր ուսումնասիրությունների մեջ: Սովորություն էր արել լողալ այդ բարեհամբույր ծովում և երկար պտույտի գնալ խաղողի հաճելի այգիներում, բայց կամաց-կամաց, ափսոսալով իր ժամանակը, այդ վայելքներից էլ հրաժարվեց: Աշխատում էր ավելի ջանասիրաբար, քան երբևէ արել էր Դետրոյտում: Սկսում էր կեսօրին և աշխատում ամբողջ գիշեր մինչև այն պահը, երբ Կապրիից ամեն առավոտ Նեապոլ գնացող շոգենավի սույլն  ազդարարում էր իրեն, որ ժամը հինգն է ու ժամանակն է անկողին մտնելու: Ուսումնասիրված նյութը հետզհետե ծավալվում էր իր առաջ՝ ավելի ընդարձակ ու ավելի նշանակալից, և նա երևակայում էր գրել մի այնպիսի աշխատություն, որ իրեն հավերժորեն դնելու էր անցյալի մեծ պատմաբանների կողքին: Տարեցտարի ավելի հազվադեպ էր շփվում մարդկանց հետ: Միայն մի խաղ ճատրակի կամ մի բանավեճի հրավիրելու առիթով կարելի էր նրան գայթակղեցնել դուրս գալու տնից: Սիրում էր իր խելքը հակադրել ուրիշի խելքին: Շատ կարդացած մարդ էր արդեն, ոչ միայն պատմության, այլև փիլիսոփայության ու գիտության ոլորտներում. և ճարտար բանավիճող էր՝ պատրաստաբան, լավ տրամաբանող և կտրուկ: Բայց միշտ էր բարեհոգի էր ու բարյացակամ, թեպետ շատ մարդկային հաճույք էր ստանում հաղթելուց, հրճվանք չէր ցուցաբերում դրա համար, որպեսզի վատ չզգաս քեզ:
Երբ նա կղզի եկավ, հաղթանդամ և մկանուտ, ուժեղ մարդ էր, սև մազերով ու սև մորուքով: Բայց աստիճանաբար նրա մաշկը դալկացավ, դարձավ մոմի գույն. նիհարեց նա ու տկարացավ: Բոլորից ավելի հետևողական տրամաբանող այդ մարդու մեջ մի տարօրինակ հակասություն էր այն, որ լինելով համոզված ու ջերմեռանդ մատերիալիստ՝ արհամարհում էր մարմինը, համարելով այն մի նվաստ գործիք, որին ստիպում էր կատարել ոգու հրամանները: Ո՛չ հիվանդությունը, ո՛չ էլ հոգնությունը կարող էին արգելք լինել իր գործը շարունակելու: Տասնչորս տարի նա աշխատեց համառորեն, անդադար: Հազարավոր ու հազարովոր նոթեր գրառեց: Ջոկջոկեց ու դասավորեց դրանք: Հինգ մատի պես արդեն գիտեր իր նյութը և ի վերջո պատրաստ էր սկսելու: Նստեց, որ գրի: Մեռավ:
Մարմինը, որին նա՝ մատերիալիստը, անարգաբար էր վերաբերվել, իր վրեժը լուծեց նրանից: Գիտելիքների այդ հսկայական կուտակումը կորավ ընդմիշտ: Զուր անցավ իր անունը Գիբբոնի և Մոմզենի կողքին դնելու այդ փառասիրությունը, որ անազնիվ նպատակ չէր անշուշտ: Նրա հիշատակը բարձր է պահվում սակավաթիվ բարեկամների սրտում, որոնք, ավա՜ղ, ավելի են քչանում տարեցտարի, իսկ աշխարհին անհայտ է նա մահից հետո էլ, ինչպես կենդանության օրոք:
Եվ սակայն, ըստ իս, նա հաջող կյանք ապրեց: Պատկերը գեղեցիկ է ու ամբողջական: Արեց այն, ինչ ուզում էր, ու մեռավ, երբ հասնելու տեղը երևում էր արդեն, և երբեք չիմացավ իրագործված նպատակի դառնությունը:

Թարգմանությունը անգլերենից՝ Կարպիս Սուրենյանց

Տես նաև Ջեյմս Ջոյս Դուբլինցիներ, Օ'Հենրի Պատմվածքներ և Խուլիո Կորտասար Պատմվածքներ

Սոմերսեթ Մոեմ | Մեյհյու Սոմերսեթ Մոեմ | Մեյհյու Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on 22:45:00 Rating: 5
Технологии Blogger.