Դանիել Վարուժան | Ցեղին սիրտը | համառոտ


Ցեղին սիրտը ժողովածուն (1909) ունի Խորենացուց վերցված «Ընդ եղեգան փող բոց ելաներ» բնաբանը: Դա հայրենասիրության բոցն էր, որ պետք է բոցավառվեր առաջին իսկ «Ձոն» բանաստեղծության մեջ, որն այլ կերպ կարող է հնչել գովք կամ ներբող: Հաջորդում է գրքի «Նախերգանքը» («Նեմեսիս»), այնուհետև երեք շարքերն են՝ «Բագինի վրա», «Կրկեսին մեջ», «Դյուցազնավեպեր»:

Նեմեսիսը հունական դիցաբանության մեջ եղել է վրեժի աստվածուհին, և ահա դարեր տևած ստրկության ցավից բանաստեղծը վրեժի է կոչում ժողովրդին, ուզում է արթանացնել պարտությունից հուսահատ նրա հոգին և մղել հաղթանակների: Քերթողը կերտում է Նեմեսիսի արձանը և քանդակում մարդկանց հոգիների մեջ:
«Բագինին վրա» շարքը շարունակում է հայրենասիրական շունչը: Բագին նշանակում է հեթանոսական զոհասեղան (նաև հեթանոսական մեհյան): Որպես նվիրում բագինի վրա է դրվում անմնացորդ սերը հայրենիքի հանդեպ: Շարքը բացվում է «Հայրենիքի ոգին» քերթվածով: Որպես հերոսական անցյալի փլատակված մնացորդ՝ հաջորդում է Անիի ավերակների պատկերը, որի տեր ու տիրականը օձերն են միայն: Ավերակված մայրաքաղաքի պես այժմ էլ մարել են շեն ու լի օջախները, մայրը նամակ է գրում որդուն՝ կարոտի նամակ, և ապսպրում.

Եկո՛ւր, որդյա՛կ, հայրենի տունդ շենցուր.
Դուռն են կոտրեր, մառաններն ողջ դատարկեր.
Կը մըտնեն ներս լուսամուտեն ջարդուփշուր
Գարնան ամբողջ ծիծառներ:

Այս շարքում Վարուժանը զետեղել է նաև «Ջարդ» քերթվածը, որի մեջ պատկերվում են 1894-1896 թթ. ջարդերը: Գրվել է 1906-ին՝ համիդյան ջարդերի 10-րդ տարելիցի առթիվ: Հաջորդում է «Կիլիկյան մոխիրներում» բանաստեղծությունը՝ արդեն աչքի առջև ունենալով Ադանայի կոտորածները… Կյանքի ու սիրո երգը երգելու համար ծնված բանաստեղծն ակամա դառնում է հոգեհանգստի մասնակից և թաղման հուղարկավոր.

Պետք է կերտեմ շիրիմներ», հուշարձանները կանգնեմ,
Եվ մարմարին վրա երգերս տապանագիր քանդակեմ»:

 «Կրկեսին մեջ» շարքում շարունակվում է հայրենիքի նույն գերխնդիրը: Հիշատակելի են «Կռվի երթ», «Հայկակներում օրորանը», «Հայրենի լեռներ», «Վահագն», «Վիրավորը» գործերը: Պոեմները Վարուժանը բնորոշել է որպես դյուցազնավեպեր: Դրանք երեքն են՝ «Հովիկը», «Արմենուհին», «Եիկիտ Տոնել», որոնց մեջ փառաբանվում է հայ հովիվը («…որ պապս էր թիկնեղ»), հայ գեղեցկուհին, քաջարի Տոնելը (եիկիտ թուրքերեն է, նշանակում է՝ իգիթ, քաջ, իսկ Տոնելը Դանիել անվան փաղաքշական ձևն է. այդ անունն է ունեցել Վարուժանի մոր պապը): Երեքն էլ պատմողական հերոսական գործեր են, ունեն գործողություն և սյուժե: Դյուցազնավեպ բնորոշումը միանգամայն տեղին է:

Տես նաև Հարճը

Դանիել Վարուժան | Ցեղին սիրտը | համառոտ Դանիել Վարուժան | Ցեղին սիրտը | համառոտ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on апреля 09, 2017 Rating: 5
Технологии Blogger.