Վիլյամ Սարոյան | Ծիրանի ծառ



Ջուրը հայի համար սրբազան բան է, ինչպես կրակը: Իր բանջարանոցը, ծառերը կամ որթատունկերը ջրող այգեպանը մասնակից է դառնում մի ծիսակատարության, որը նրա համար խորունկ իմաստ ունի և տալիս է մեծ գոհունակություն: Ֆրեզնոյի այգեպաններն իրենց զբոսախնջույքի համար գնում էին ոռոգման ջրանցքների գլուխը կամ Սան Խոակին գետի ու Քինգս գետի ափերը: Պետք է ջուրը տեսնեին այնտեղ, ուր հոսանքն ամենից ավելի առատ է: Պետք է ջրի մոտ լինեին:

Ամբողջ շաբաթվա ընթացքում ամեն մի ընտանիք Գետ գնալու ծրագրեր էր կազմում, և կիրակի վաղ առավոտյան կամ եկեղեցուց անմիջապես հետո, ընտանիքը նստում էր ձիակառք կամ ավտոմեքենա և քշում դեպի Գետ՝ ամբողջ օրն անցկացնելու ջուրը դիտելով, հոտոտելով, լսելով:
Գետ գնալը Հայաստան վերադառնալու կամ էլ երիտասարդության օրերին դառնալու և անդորրի երկակի վիճակը.  երեխաները պարում էին արագահոս ջուրը տեսնելով, վազում նետվում էին մեջը և լողում, ծերերը հենց նստում և իրենց գոյությունն էին վայելում մի այնպիսի տեղում, որ հիշեցնում էր իրենց սեփական երկիրը:
Ձմերուկ ուտելը նույնպես խոր իմաստ ունի հայերի համար: Ձմերուկի հետ սպիտակ հաց և սպիտակ պանիր՝ սիրած ճաշ է ամռանը: Յուրաքանչյուր հայկական սեղանի վրա մի սափոր ջուր կա միշտ: Հայ մարդը միշտ իր գնահատականն է տալիս որևէ տեղի ջրի որակին:
Հայերի հենց Ֆրեզնոյում հաստատվելու պատճառներից մեկն այն էր, որ տեղի ջուրը ամենից ավելի նման էր Հայաստանի ջրին: Ֆրեզնոյի շրջանում և փաստորեն ամբողջ Սան Խոակին հովտի մեծ մասում հողը բավական նման էր Հայաստանի հողին, կամ էլ գեթ հիշեցնում էր Հայաստանի շատ շրջանների հողը, վստահաբար: Այս հողում ծաղկում էին ծառերն ու որթատունկը, հատկապես ծիրանի ծառը: Հայկական ազնվագույն երգերից մեկը կոչվում է Ծիրանի ծառ: Հայերը շուտով թթենի տնկեցին ու ջրեցին, որովհետև թթենին մի ծառ է, որը գիտեին ու սիրում էին Հայաստանում: Տնկեցին նաև նռնենի, ձիթենի, նշենի և ընկուզենի, շատերը փորձեցին նաև պիստակենի աճեցնել, բայց պիստակենին չաճեց Կալիֆորնիայում: Ցանեցին ձմերուկ, սեխ, չաման: Ցանեցին սմբուկ, լոբի, վարունգ, դդում, լոլիկ, պղպեղ, ազատքեղ, անանուխ և տեսակ-տեսակ կանաչի: Տնկեցին բոլոր տեսակի որթատունկերը: Եվ ածու-ածու ջուր տարան այս բոլորին, բահն ի ձեռն առաջնորդելով ու չափավորելով առվի հոսանքը:
Եթե ուզում եք տեսնել իսկապես բարեպաշտ մի մարդու, որ իր գործն է կատարում, գնացեք Ֆրեզնո և դիտեք իր ծառերը, որթատունկերն ու բանջարանոցը ջրող այգեպանին:
Կային նաև Ֆրեզնոյից ավելի լավ քաղաքներ, ուր կարելի էր ապրել, բայց Ֆրեզնոյում լավ ջուր կար, կար հայրենիքի ջուրը, և գնացին այնտեղ ապրելու: Եվ բոլորը չէ, որ այգեպան էին:
Ես հիշում եմ դերասան Ոստիկանյանին Քինգս գետի ափին խնջույքի ժամանակ, 1918-ի ամռան մի կիրակի օր: Նա գրեթե ութսուն տարեկան էր: Մեկ ամիս առաջ նրան տեսել էի մի ներկայացման մեջ, որը չէի հասկացել, բայց խորապես ըմբոշխնել էի, և Ոստիկանյանը փառավոր էր այդ երեկո: Ուրախություն էր լսել նրա հայերենը՝ լինի բեմից, լինի հենց խնջույքում: Նա հայերի համար խաղացել էր աշխարհի զանազան քաղաքներում, հաշված Փարիզը, Հռոմը, Բեռլինը, Լոնդոնը, Կալկաթան, Բոմբեյը, Կահիրեն, Կոստանդնուպոլիսը, Բեյրութը, Բուենոս Այրեսը, Ռիոն և շատ ուրիշ քաղաքներ: Խոսում էր լավ անգլերեն, սքանչելի ռուսերեն, ֆրանսերեն, գերմաներեն, իտալերեն:
Հիշում եմ նրան խոտի վրա նստած, գետափին, հսկա մի չինարի տակ, բարեկամների հետ զրուցելիս: Նրանցից մեկը նկարների և արվեստի հազվագյուտ առևտրական էր, եկել էր Նյու Յորքից և Չինաստան ու Հնդկաստան էր գնում գործով: Այս մարդն ուզեց իմանալ, թե ինչու Ոստիկանյանն աշխարհի բոլոր տեղերից ընտրել էր Ֆրեզնոն՝ կյանքի վերջին տարիներն անցկացնելու: Ոստիկանյանը նայեց նրան ու ժպտաց:
- Մի որսորդ,- ասաց նա,- այնքան գեղեցիկ մի թռչուն բռնեց թակարդով, որ ասաց ինքն իրեն. «Մեղք կլիներ վերջ տալ այս արարածի կյանքին: Կտանեմ տուն, մի սքանչելի վանդակ կշինեմ նրա համար, ուտելիք ու ջուր կտամ, և ամբողջ հոգով կսիրեմ նրան, որովհետև ուրիշ այսպիսի թռչուն չեմ տեսել»:
Որսորդը թակարդից ազատեց թռչունին, շոյեց նրա փետուրները, քնքուշ ու սիրային խոսքեր ասաց նրան, տարավ տուն: Մի գեղեցիկ վանդակ շինեց թռչունի համար, դրեց նրան վանդակի մեջ, կուտ, ջուր դրեց նրա առաջ: Մի տարի պահեց թռչունին, բայց երեկո, երբ տուն էր գալիս ու մոտենում վանդակին, լսում էր, որ թռչունը հառաչում է ու ասում. «Ա՜խ, հայրենիք»:
Վերջապես որսորդն ասաց:
- Թռչուն, ասա՛ ինձ: Որտե՞ղ է այդ քո երկիրը, որի կարոտն ես քաշում այսպիսի վշտով:
- Ցույց կտամ քեզ,- ասաց թռչունը:
Որսորդը բացեց վանդակի դռնակը, և թռչունը դուրս թռավ: Թռչում էր թռչունը, որսորդն էլ գնում ետևից: Մի ամբողջ ամիս, գիշեր ու ցերեկ, թռչունը թռչում էր, որսորդն էլ գնում ետևից, անցնելով բոլոր տեսակի տեղերով, մինչև ի վերջո թռչունը հասավ մի այնպիսի ամայի, տոթ, չոր, ժայռոտ ու ամուլ տեղ, որ կարծես աշխարհի ծայրն էր:
Թռչունը վերջապես թառեց մի փոքր ու չոր ծառի վրա, որ ծածկված էր փշերով ու փոքր, փխրուն տերևներով: Եվ թռչունն ասաց որսորդին.
- Այս է իմ երկիրը:
Ոստիկանյանը ժպտաց Նյու Յորքից եկած մարդուն և ասաց.
- Ա՛յ մարդ, սա Հայաստանը չէ՞ միթե, ի սեր Աստծո: Այս ջո՜ւրը, այս հո՜ղը, այս որթատունկե՜րը…

Թարգմանությունը անգլերենից՝ Կարպիս Սուրենյանց

Տես նաև Վիլյամ Սարոյան Պատմվածքներ

Վիլյամ Սարոյան | Ծիրանի ծառ Վիլյամ Սարոյան | Ծիրանի ծառ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on апреля 01, 2017 Rating: 5
Технологии Blogger.