Սոմերսեթ Մոեմ | Մարտիրոս Երզնկացու մասին



Իմ կարդացած գրքերի թվում կար մեկը, որ փաստորեն ոչ մի առնչություն չուներ ինձ հետ, որովհետև ուղեգրություն էր դեպի զանազան սրբավայրեր ուխտագնացության, որ կատարել է մի հայ եպիսկոպոս 15-րդ դարի վերջում, իսկ դա իմ ուշադրության առարկա ժամանակաշրջանից 100 տարի առաջ է եղել: Բայց մի մատենագրության մեջ տեսա գրքի վերնագիրը, որ իմ հետաքրքրությունը շարժեց. «Relation d’un Voyage fait en Europe»: Հրատարակվել է Փարիզում 1827-ին, թարգմանությունը՝ ոմն պարոն Ժ. Սեն Մարտենի: Բարակ գիրք է, գրեթե մգլոտած, ժամանակի թույրը էջերին, և ֆրանսերենն ու հայերենը դեմ դիմաց: Սկսվում է այս խոսքերով, որ թարգմանում եմ ֆրանսերենից:
«Ես, Մարտիրոս, բայց անունով միայն, ծնված Արզնջանում, ու եպիսկոպոս, ապրելով Նորգեղի Սուրբ Կիրակոս մենաստանում, վաղուց փափագում էի այցի գնալ առաքյալների սուրբ իշխանի գերեզմանին: Երբ արդեն եկել էր ժամանակը, որ ես, թեպետ անարժան լինելով, արժանանամ սույն պատվին, որ ցանկացել եմ անդադար, առանց սակայն երբևէ հայտնելու սրտիս նպատակը որևէ մեկին, դուրս եկա իմ վանքից հայոց 938 թվականի հոկտեմբերի 29-ին: Ճամփորդելով կարճ փուլերով, հասա Ստամբուլ: Այնտեղ շնորհոքն Աստծո գտա մի նավ, որի վրա տեղավորվեցի Վրթանես սարկավագի հետ»:
Հիշատակված տարեթիվը համապատասխանում է մեր թվարկության 1489-ին: Քրիստափոր Կոլումբոսը 1492-ի օգոստոսի 3-ին էր, որ սկսեց նավարկել Պալոսից՝ նոր ուղի հայտնաբերելու դեպի Հնդկաց աշխարհ:
Կարծում եմ բացառիկ մարդ է եղել նա՝ Արզնջանի եպիսկոպոս Մարտիրոսը: Արզնջանը բանուկ և մարդաշատ ոստան էր, ու Եփրատը, նշանավոր գետը, հոսում էր դրա միջով: Գտնվում էր մրգաստաններով ու խաղողի այգիներով հարուստ դաշտավայրում, որը շրջապատված էր բլուրներով, ուր ապրում էին ոչ մի իշխանության չենթարկված վայրի ցեղախմբեր: Եփրատ գետում, ոստանից ոչ հեռու, Սուրբ Գրիգոր Լուսավորիչը մկրտել է հայ թագավորին և նրա արքունիքի ազնվականներին. Իրադարձություն, որի հետևանքները շատ անբարենպաստ են եղել հայերի համար և մեծ գլխացավանք պատճառել Եվրոպական Դաշինքին:
Եպիսկոպոսը ուղևորվել է Հռոմ, ուր Պապը նրան տվել է հանձնարարական նամակ, որ մեծ ծառայություն է մատուցել նրան իր շատ դժվարին ճամփորդության ընթացքում: Ճանապարհվել է հյուսիս, ու Բազելում նա ու իր ուղեկիցը ձերբակալվել են իբրև լրտեսներ: Բացատրություններ չի տալիս: Ազատ արձակելուց հետո, Հռենոս գետի հոսանքով հասնում են Քյոլն, ուր տեսնում են 3 թագավորների գերեզմանները: Երբ մտնում են Ֆլանդրիա, անծանոթ լինելով լեզվին, մեծ դժվարություն են կրում հասկացվելու համար: Նույն պատճառով շփոթության են մատնվում, երբ գալիս են Անգլիա, և նա ոչինչ չի ասում դրա մասին բացի այն, որ անգլիացիները ձկնակերներ էին: Բայց հասնելով Փարիզ, ուր բնակվում է մի պանդոկում, նա գոչում է. «Ո՞ր մարդը կարող է նկարագրել այս ոստանի գեղեցկությունը: Շատ մեծ ու հոյակապ ոստան է»: Դա ավելին է, քան ասում է հաճախ, քանզի մեծ մասամբ պատմում է միայն, թե ինչպես է տեղից տեղ գնացել և ինչ սրբավայրեր է այցելել: Ոչինչ չի պատմում այն մարդկանց մասին, որոնց հանդիպում է: Կարելի ամենաչոր ընթերցանությունն է դա, և սակայն շարունակում ես կարդալ, որովհետև զգում ես մարդու անընկճելի քաջությունը:
Փարիզում Վրթանես սարկավագը լքում է նրան: Եպիսկոպոսը մի ուրիշ ուղեկից է փնտրում, բայց երևի չի կարողանում գտնել որևէ մեկին, որ կամենար կիսել նրա հետ ճանապարհի վտանգներն ու դժվարությունները: «Ուստի հույսս դնելով Սուրբ Հակոբի աղոթքների և Ամենազոր Աստծո վրա, շարունակեցի ճամփորդությունս մեծ տրտմությամբ»: Ոչ մի վտանգ չի վախեցնում նրան: Դիմանում է ցրտին ու անոթությանը: Հետիոտն, մենակ, և արդեն ոչ երիտասարդ, առանց տրտունջքի նա ընդունում է ամեն ինչ, որ պատահում է իրեն: Երբ մի քաղաք է հասնում, տեղի մի վանքում հյուրասիրվում է, բայց եթե գտնվում է բաց երկնքի տակ, պատրաստ է քնելու մերկ գետնին: Բազմաթիվ քաղաքներով է անցնում, ամենուրեք ընդունվելով մեծ հարգանքով է անցնում, ամենուրեք ընդունվելով մեծ հարգանքով, ու Սան Սեբաստիանում պանդոկապանն ու իր կինը անսահման ողորմածությամբ են վերաբերում նրան: Դա միակ լավ բանն է, որ կարդացել եմ որևէ իսպանացի պանդոկապանի մասին: Երկու հանգանակություն է կատարվում նրա օգտին, քանզի վաղուց արդեն սպառված կլիներ այն դրամը, որով ճամփա էր ընկել: Սան Սեբաստիանի մասին, շատ զարմանալիորեն ասում է. «Մի սիրուն դեմք չտեսա այս քաղաքում»: Ու վերջապես, շատ հոգնած ու տկար, բայց Աստծո օգնությամբ ամրապնդված, գալիս է այն նշանավոր ոստանը, որտեղ Սուրբ Հակոբն իր վերջին հանգստարանն էր ընտրել:
«Մոտեցա գերեզմանին. պաշտեցի երկրպագելով և թողություն խնդրեցի մեղքերիս, նաև իմ հոր ու մոր, իմ բարերարների մեղքերին: Վերջապես, առատ արցունք թափելով, ի կատար ածեցի այն, ինչ սրտիս ցանկությունն էր»:
Այնուհետև նա հասնում է մի տեղ, որը կոչվում է Գեթարիա, մի նավահանգիստ Գուիպուսկոյի ծովափին: Արդեն 1494 թվականն էր: 5 տարի նա եղել էր ճամփու վրա: Դեռ միայն 12 ամիս առաջ էր Քրիստափոր Կոլումբոսը վերադարձել Պալոս. նա գտել էր ոչ թե փնտրածը, այլ մի նոր աշխարհ: Այժմ խոսքը տալիս եմ եպիսկոպոսին:
«Այնտեղ մի մեծ նավ տեսա, որը, ինձ ասացին, 60 տոննա տարողության էր: Դիմեցի քահանաներին, որ ինձ այդ նավի վրա վերցնեն: - Այլևս չեմ կարող ոտքով գնա;,- ասացի,- մեջս ուժ չի մնացել: Զարմացան, որ կարող եմ ոտքով եկած լինել այդքան հեռավոր երկրից: Գնացին նավապետի մոտ: - Այս կրոնավորը,- ասացին նրան,- խնդրում է, որ իրեն վերցնես քո նավի վրա: Եկել է հեռավոր մի երկրից և ի վիճակի չէ ցամաքով վերադառնալու: Կարդացին նրան Պապի նամակը: Նա լսեց ու ասաց. – Ես կվերցնեմ նրան իմ նավի վրա: Բայց ասացեք նրան, որ ես գնում եմ չափչփելու տիեզերական ծովը, որ իմ նավում ոչ մի վաճառական չկա, և որ բոլորն այստեղ զբաղված են նավին ծառայելու գործով: Մեր մասին ասեմ, որ մենք զոհաբերել ենք մեր կյանքը: Միայն Աստծո վրա ենք դնում մեր հույսը և հավատում ենք, որ բախտը ուր էլ տանի մեզ, Աստված մեզ կփրկի: Գնում ենք շրջագայելու աշխարհում, և անկարելի է ասել, թե քամիները ուր կտանեն մեզ: Բայց Աստված գիտե: Ինչ վերաբերում է մնացյալին, եթե դու էլ ցանկանում ես գալ մեզ հետ, շատ լավ է: Բարձրացիր իմ նավը և մի՛ մտահոգվիր ո՛չ հացի, ոչ էլ ուտելիքի ու խմելիքի մասին: Եթե այլ կարիքներ ունես, քո գործն է, այս կրոնավորները կհոգան դրանք: Քանի որ հոգի ունենք, կապահովենք քեզ պաքսիմատով և ուրիշ ամեն ինչով, որ շնորհել է մեզ Աստված»:
Անվեհեր եպիսկոպոսը 60 օր նավարկել է անծանոթ ծովերում: Հակառակ քամիները քշել են նրանց այս ու այն կողմ, ու վերջապես հասել են այն քաղաքը, «որ աշխարհի ծայրին է»: Այնպես էին տանջվել կատաղի փոթորիկների դեմ մաքառելով, ու մեծ նավն այնպես էր խարխլվել, որ ստիպել են վերադառնալ Կադիս՝ վերանորոգումների համար: Այստեղ նա իջնում է նավից և ուխտի գնում դեպի Սանտա Մարիա դե Գվադելուպե: Ու միայն 1496-ի Մեծ պահքին հասնում է կրկին Հռոմ: Ահա թե ինչպես է վերջացնում իր պատմությունը. «Ապա գնացի Սանտա Մարիա, ուր նավ նստեցի և դարձյալ կրեցի այնպիսի դժբախտություններ, որ կնախընտրեի մահ, քան թե այնքան շատ վտանգների ենթարկվել»:
Բայց լոկ իր սիրույն չէ, որ գրեցի այստեղ Արզնջանի եպիսկոպոս Մարտիրոսի մասին, թեպետ չեմ կարծում, որ ժամանակի կորուստ է մի պահ խորհել ու արժանին մատուցել լավ ու քաջ մարդուն: Գրեցի այն ճառի սիրույն, որ անծանոթ նավապետն ասել է նրան, երբ նա խնդրել է ծովագնացության վերցնել իրեն, և ինձ հաճելի է մտածել, թե հայ եպիսկոպոսն էլ այն համարել է գեղեցիկ ճառ, որովհետև դա միակն է, որ նա բերում է իր ամբողջ գրքում: Նա հիշատակում է միայն ու չի նկարագրում իր հանդիպումները զանազան մեծավորների հետ: Ըստ իս, այդ ճառը նույնքան գեղեցիկ է, որքան այն ճառերը, որ Թուկիդիդեսը վերագրել է Հունաստանի նշանավոր մարդկանց, որոնց պատմությունն է գրել: Երևի ոչ ոք երբևէ չի իմանալու անունն այս նավապետի, որ իր հույսը դնելով Աստծո վրա, ու գիտենք որքան դյուրաբեկ նավով, դուրս է եկել տիեզերական ծովում նավարկելու: Հերոսական հնչողություն ունեն նրա խոսքերը: Ինձ հաճելի է մտածել, որ Մարտիրոս եպիսկոպոսը, «անունով միայն» մարտիրոս, հարազատ հոգի է գտել նրա մեջ: Նա ևս, այն անծանոթ նավապետը, նվիրյալ քահանա էր, բայց վսեմ արկածախնդրության նվիրյալ, ու նա ևս ուներ անվախ սիրտ:

Թարգմանությունը անգլերենից՝ Կարպիս Սուրենյանց

Տես նաև Սոմերսեթ Մոեմ Թատրոն, Լուսին և վեցպենսանոց և Մեյհյու

Սոմերսեթ Մոեմ | Մարտիրոս Երզնկացու մասին Սոմերսեթ Մոեմ | Մարտիրոս Երզնկացու մասին Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on апреля 02, 2017 Rating: 5
Технологии Blogger.