Վահան Տերյան | Ոսկի հեքիաթ | համառոտ



Շարքը գրվել է 1908-1911 թթ.՝ «Գիշեր և հուշերին» զուգահեռ: Ընդգրկում է 50 բանաստեղծություն: Ունի ռուս բանաստեղծ Ֆեոդոր Տյուտչևից բնաբան՝ «Եվ նո՜ր աշխարհ տեսա ես…», ինչը շատ կողմերով իմաստավորում է շարքի բովանդակությունը: Անուրջներից և հուշերից Տերյանը մտնում է հոգու լուսավոր աշխարհ: Շարքը բացվում է մռայլ տրամադրությամբ.

Եվ տառապանքիս գիշերներն անքուն
Իմ սրտին ընդմիշտ օտար թվացին…

Իսկ վերջաբանը նոր կյանքի ավետիսն է.

Պարզեցի կյանքս պարզ ու խնդագին
Հավիտենությա՜ն,
Հավիտենությա՜ն…

Բանաստեղծն իրեն տեսնում է մի ուրիշ երկրում, հոգևոր հայրենիքում, որը ծածկված է լուսավոր շղարշով: Սա ինքնաորոնում է՝ կյանքի կեռմաններին: Այս շարքում Տերյանը կյանքի լուսավոր շավիղի վրա է և մահվան աշխարհից գալիս է դեպի կյանք: Գիշերին փոխարինում է արշալույսը, մութին՝ վառվող հուրը, աղջկա հայացքը դառնում է ոսկի, ժպիտը՝ արևոտ, երեկոն՝ գարնանային, գիշերամուտը՝ ոսկի շղթա: «Ու թախծոտ կյանքս դարձավ երազ»: Սերը գալիս է սպիտակ շորերով գարնան լուսե ամպ: Բանաստեղծի էլեգիաները վերածվում են օրհնության, որը նա շռայլորեն ընծայում է ցնորք աղջկան. «Սերը ցնորք է…»: Անգամ մահն է դառնում «Մահ-ցնորք»՝ որպես լուսավոր կյանքի անուրջ: Անանուն աղջկան նետված խոսքն այս սկիզբն ունի. «Դու անուն չունես, քեզ ինչպե՞ս կանչեմ…»: Մահն այս դեպքում կյանքի հանդեսում սոսկ անուշ տխրություն է, իսկ մենությունը լուսեղեն է: Հրաշք է դառնում կյանքը, որովհետև վերածվում է խորհրդավոր սիրո՝ հարություն է առնում մեռած հարսնացուն և բանաստեղծի հետ երգում կյանքի երգը: Այդ երգը դառնում է հավերժության երգ և վերածվում կյանքի շրջապտույտի: Ծնվում է «Կարուսել» բանաստեղծությունը՝ իր իմաստուն երգով ու կրկներգով.

… Եվ այն վալսը - «Անդարձ ժամանակ»,
Ծառուղին ամայի պուրակում,
Եվ գիշեր, և համբույր, և լուսնյակ…
Տաղտկալի՜, ձանձրալի՜ պատմություն…

Պտտվիր, պտտվիր, կարուսել,
Ես քո երգը վաղուց եմ լսել…

Կյանքում տառապանքի վեհությունն անհասկանալի է: Ուստի կյանքի ամենօրյա թեթև ընթացքն իր օրենքն է թելադրում: Պտտվում է կյանքը, պտտվում է կարուսելը… Աշնանային տխուր գույներին ավելանում են գարնանային բնանկարներն ու ապրումները՝ որպես աշնանային տրամադրությունների վերափոխություն («Գարնան երեկո», «Գարնան լուսե ամպի նման…», «Գարնան քաղաքում», «Հայտնություն»): Գարնան զուգահեռն է արշալույսը, որը պայծառ լուսավորությամբ բացվում է տարբեր բանաստեղծություններում: Պատահական չէ, որ շարքն ավարտվում է հպարտ «Արևածագով»:

Ես կանգնած եմ վայրի ժայռի կատարին,
Բա՜րձր, բա՜րձր,- հեռավոր ու մենավոր.
Այնտեղ, ցածում, դեռ նիրհում են դաշտ ու ձոր,
Դեռ խավար է այնտեղ դաժան ու լռին:


Վահան Տերյան | Ոսկի հեքիաթ | համառոտ Վահան Տերյան | Ոսկի հեքիաթ | համառոտ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on 1:28:00 Rating: 5
Технологии Blogger.