Ֆրիդրիխ Շիլլեր | Էլևսիսյան տոնախմբություն


Պսա´կ հյուսեցեք հասկերից ոսկի,
Պճնեցե´ք ծաղկանց փնջով կապտավառ,
Խինդո´վ թող լցվեն աչքերն ամենքի.
Թագուհին ահա իջնում է աշխարհ,
Նա, որ սանձելով բարքերը վայրի,
Միավորելով ցեղը մարդկային,
Փոխեց հաստատուն, խաղաղ հյուղերի
Վաչկատունների վրանները հին:


Թաքնվում էր քարանձավում
Նախամարդը վեհերոտ,
Խաշնարածն էր ամայացնում
Ամեն հովիտ ու արոտ:
Թափառում էր դաշտերն ընկած
Որսորդն` առած տեգ ու նետ.
Վա~յ նրան, ում ծովը հանկարծ
Նետեր ափն այդ չարաղետ:

Որոնելով հետքը դստեր,
Ողջունում է Ցերերան
Լերկ, ամայի ափը, ուր դեռ
Կանաչ արտեր, ա~խ, չկան,
Դիցուհին ո՞ւր հանգրվանի,
Չկա անկյուն հյուրընկալ,
Չկա տաճար, որ մեծարի
Աստվածներին երկնակալ:

Քաղցր պտուղ չի ճաշակում
Այնտեղ տխուր դիցուհին.
Ծխում է ժանտ զոհաբեմում
Միայն աճյուն մարդկային:
Դեգերում է ամենուրեք,
Թշվառություն է չորս դին,
Մարդու անկումն է անեզերք
Խոցում նրա մեծ ոգին:

«Ո՞ւր է հասել մարդը, որին
Մեր պատկերն է շնորհված,
Չքնաղ պատկերն աստվածային`
Ոլիմպոսում արարված:
Մենք կամեցանք, որ աշխարհում
Մարդը իշխի տիրաբար,
Մինչդեռ նա իր գահանիստում
Տարագիր է ու թշվառ:

Մի՞թե մարդուն չի կարեկցել
Ոչ մի աստված մինչ այսօր,
Որ դուրս բերել չի կամեցել
Անկման վիհից ահավոր:
Անմահներին երանելի
Ա~խ, չի հուզում վիշտն այլոց,
Բայց մարդու բախտն աղետալի
Հուզեց սիրտն իմ խորախոց:

Որ մարդ դառնա մարդն այսուհետ,
Դաշինք պիտի նա կռի
Հար ու հավետ մայր երկրի հետ,
Մայր հողի հետ իր բարի,
Սուրբ ընթացքին լուսնի անսա,
Ժամանակի օրենքին,
Որ ներդաշնակ ու համրասահ
Հավերժում են միասին»:

Մշուշն է նա վանում լռին,
Եվ խավարն է փարատվում,
Հանկարծ մարդկանց բիրտ ամբոխին
Դիցուհին է հայտնվում:
Խրախճանք է հաղթանակի,
Անզուսպ, վայրագ ցնծություն,
Եվ գանգեր են արյունով լի
Մարդիկ ձոնում դիցուհուն:

Բայց մերժում է նա ամբոխին
Սարսռումով մի անծայր.
«Խրախճանքն այդ գազանային
Աստվածներին է օտար:
Նրանց մաքուր զոհ մատուցեք,
Հյութը աշնան մրգերի,
Անմահներին մեծարեցեք
Բարիքներով դաշտերի»:

Նա որսորդի ձեռքից կոպիտ
Ծանր նիզակն է առնում,
Կոթով զենքի այդ մահառիթ
Հողում ճեղք է բաց անում:
Հանում է իր խույրի միջից
Կյանքով հղի մի հատիկ,
Հողն է գցում, և այնտեղից
Ելնում է ծիլ մի փոքրիկ:

Եվ հասկերով է զարդարվում
Շուտով դաշտը ծայրեծայր,
Չորս կողմ արտն է ալեկոծվում
Ինչպես ոսկե մի անտառ:
Աստվածուհին հողն է օրհնում,
Պոկում հասկերն առաջին,
Քարի վրա խուրձը դնում
Ու դիմում է երկնքին.

«Հա´յր Զևս, արքա´ եթերային
Ոլորտների աստղածիր,
Քե´զ եմ ձոնում բերքն առաջին,
Բարի նշա´ն առաքիր:
Դու աչքերից հեգ մարդկության,
Որին քո լույսն է անհաս,
Վանի´ր մշուշն անգիտության,
Որ նա աստծուն տեսնի պարզ»:

 Եվ բարձրագահ Զևսը անսաց
Աղերսանքին իր քրոջ,
Կապույտ երկնից նետելով ցած
Կայծակների փունջը ողջ:
Բոցավառվեց խուրձն հասկերի,
Ծխի ամպը վեր հյուսվեց,
Ապա գրկում ջինջ լազուրի
Մի սեգ արծիվ հայտնվեց:
Եվ հոծ բազմությամբ զգացված մարդիկ
Դիցուհու առաջ ահա ծունր իջան,
Եվ մարդկայնության հույզից անդրանիկ
Կոշտ հոգիները հանկարծ փափկացան:
Մի կողմ նետելով զենքերն արնածոր,
Կապանքը մտքի վանելով ի բաց,
Դիցուհու շուրթից ամբոխը մոլոր
Լսեց աստըծո խորհուրդներն անանց:

Իրենց գահից ահա իջան
Անմահները շար ի շար.
Ինքը` Թեմիսն է ռահվիրան:
Գայիսոնով իր արդար:
Բաշխում է նա հողը մարդկանց,
Արտը արտից է զատում,
Ստիքսյան երդմամբ ընդմիշտ նրանց
Նոր դաշինքը հաստատում:

Հրո աստվածն է հայտնվում`
Զևսի որդին կորովի,
Հույժ հմուտ է նա արվեստում
Երկաթհանքի ու կավի:
Փուքս փչել է ուսուցում նա,
Բռնել երկաթն աքցանով,
Եվ առաջին գութանն ահա
Պատրաստում է կռանով:

Միներվան է ճոճում օդում
Իր նիզակը ահագին,
Ու զորավոր ձայնով դիմում
Աստվածների կաճառին,
Որ հաստատուն պատեր շինեն,
Մարդն ունենա ապաստան,
Որ աշխարհը ապրի արդեն
Դաշնության մեջ անխափան:

Ահա քայլքով իր տիրական
Դաշտն է չափում դիցուհին,
Ոտքի հետքն է դառնում սահման
Կյանքի համար երկրային:
Շրջակայքն է կանաչ բլրի
Գոտևորում շղթայով,
Հորձանուտն է սանձում վայրի,
Զսպում հզոր պատվարով:

Փերիները մոտ են սուրում
Արտեմիսի հետքերով,
Աղեղներն են թափահարում,
Անցնում լեռան ծերպերով:
Բոլորն եկան, գործի անցան,
Չորս կողմ խինդ է ու հրճվանք,
Եղևնուտն է հնադարյան
Տնքում կացնի զարկի տակ:

Աստվածն ելավ եղեգնախույր
Ալյաց միջից իր կանաչ,
Ձոնեց մի լաստ ծանր ու ամուր
Աստվածներին բարեհաճ:
Սլանում են ժամերն արագ,
Գործն առաջ է ընթանում,
Ծառերը կոշտ ու հասարակ
Ձև, իմաստ են ստանում:

Ծովի աստվածն եկավ ահա:
Եռաժանին է զարկում,
Երկրի կողից գրանիտյա
Ժայռասյուներ է պոկում:
Հսկա զանգվածն աստծո համար
Թեթև մի գուղձ է ասես,
Հերմեսի հետ հմուտ, ճարտար
Նա պարիսպ է կերտում վես:

Ապոլոնն է մեղմ հնչեցնում
Իր քնարը ոսկելար,
Ներդաշնակ երգն է միացնում
Իր հմայքով անհնար:
Ձայնակցում են այդ նվագին
Մուսաները` ինը քույր,
Ու շարվում է քարը քարին
Երգի ներքո քաղցրալուր:

Լայն փեղկերը դարբասների
Կերտում է մայր Կիբելան,
Ամրացնում է նիգ մի վիթխարի,
Կախում հսկա մի փական:
Աստվածների փութկոտ ձեռքով
Սուրբ տաճարն է ավարտվում,
Ու տոնական ամբողջ շուքով
Դեպի երկինք է ձգվում:

Ձեռքին պսակ` ցած է իջնում
Աստվածների թագուհին,
Եվ տաճար է ահա տանում
Հեզ հովվուհուն ու հովվին:
Վեներան է ծաղիկներով
Զարդարում զույգն անդրանիկ:
Աստվածներն են ընծաներով
Օրհնում մարդկանց երջանիկ:

Ուղեկցությամբ աստվածների,
Նվագի տակ ներդաշնակ,
Իրավունքով նոր տերերի
Զույգը մտնում է քաղաք:
Զոհաբեմի առաջ կանգնած
Ցերերան է քրմուհին,
Օրհնող ձեռքը առաջ պարզած`
Ասում է նա ամենքին.

«Գազանն ազատ կյանք է սիրում,
Աստված իշխում է ազատ,
Բնությունն է չափավորում
Նրանց ամեն կիրքն անսաստ:
Բայց մարդը մարդ պիտի դառնա,
Միշտ մարդկային մնալով,
Ազատ, հզոր կլինի նա
Միայն մաքուր իր բարքով»:

Պսա´կ հյուսեցեք հասկերից ոսկի,
Պճնեցե´ք ծաղկանց փնջով կապտավառ,
Խինդո´վ թող լցվեն աչքերն ամենքի.
Թագուհին ահա իջել է աշխարհ:
Նա մեզ պարգևեց քաղցր հայրենիք,
Նա մտերմացրեց մարդուն մարդու հետ:
Աշխարհի մորը սրտով երջանիկ
Փա´ռք տանք դարեդար, գովերգե´նք հավետ:


Ֆրիդրիխ Շիլլեր | Էլևսիսյան տոնախմբություն Ֆրիդրիխ Շիլլեր | Էլևսիսյան տոնախմբություն Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on июня 15, 2017 Rating: 5
Технологии Blogger.