
Ֆորտունատոյի
բյուրավոր վիրավորանքներին դիմանում էի, որքան կարողանում էի, բայց երբ հանդգնեց անպատվել
ինձ, երդվեցի վրեժ լուծել: Դուք, որ այդքան քաջածանոթ եք իմ հոգու բնույթին, համենայն
դեպս չեք ենթադրի, թե բարձրաձայն սպառնացի նրան: Վրեժս ցանկանում էի լուծել հանգամանորեն
պատրաստվելուց հետո: Սա որոշակիորեն վճռված հարց էր և հենց այդ որոշակիությունը, որով
վճիռն ընդունվել էր, բացառում էր վտանգի գաղափարը: Ես ոչ միայն պետք է պատժեի, այլև
պատժեի առանց պատժվելու: Վատությունը անհատույց է մնում, եթե վրեժ լուծողին պատիժն
է վրա հասնում: Հավասարապես անհատույց է, երբ վրեժ լուծողին չի հաջողվում իրեն վիրավորողին
զգացնել տալ, որ ինքը վրեժ է լուծում:
Անհրաժեշտ է հասկանալ, որ ո՛չ
խոսքով և ո՛չ էլ արարքով առիթ չէի տվել Ֆորտունատոյին կասկածելու իմ բարյացականությունը:
Ես շարունակում էի ժպտալ նրա երեսին սովորությանս համաձայն, և նա չէր գիտակցում, որ
իմ ժպիտն այժմ նրա զոհաբերվելու մտքի վրա էր:
Նա մի թույլ կողմ ուներ, այս
Ֆորտունատոն, չնայած այլ տեսակետներից մի մարդ էր, որը հարգանք, նույնիսկ վախ էր ներշնչում:
Հպարտանում էր, որ ինքը գինու գիտակ է: Քիչ իտալացիներ են իսկապես հմուտ գիտակ: Մեծ
մասամբ նրանք խանդավառվում են ժամանակին և առիթին հարմարվելու՝ բրիտանական և ավստրիական
միլիոնատերերին իրենց ցանցը գցելու համար: Նկարչության և գոհարեղենի գործում Ֆորտունատոն
իր հայրենակիցների հարցում իրոք մասնագետ էր: Այս գործում ես նրանից էապես չէի տարբերվում:
Ինքս իտալական գինիները շատ լավ ճանաչում էի և հնարավորության դեպքում գնում էի մեծ
քանակությամբ:
Բարեկենդանի տոնահանդեսի խելահեղ
պահին էր, երբ մի երեկո մթնշաղին հանդիպեցի իմ ընկերոջը: Նա ինձ ողջունեց անսովոր ջերմությամբ,
որովհետև շատ էր խմել: Խեղկատակի հանդերձով էր. կիսազոլավոր հագուստը պիրկ գրկել էր
մարմինը, գլխին դրել էր զանգակավոր կոնաձև գլխարկ: Այնքան ուրախացա տեսնելով նրան,
որ ինձ թվաց, թե չեմ կշտանա նրա ձեռքը սեղմելուց:
Ես ասացի.
- Իմ սիրելի Ֆորտունատո, բախտս
բերեց, որ քեզ հանդիպեցի: Ի՜նչ հիանալի տեսք ունես այսօր: Իսկ ես տակառ եմ ձեռք բերել,
որը իբրև թե խերեսի է, բայց կասկածներ ունեմ:
- Ինչպե՞ս թե,- ասաց նա,- Խերեսի
տակա՞ռ: Անհնար է: Այն էլ բարեկենդանի ամենաթեժ պահի՞ն:
- Կասկածներ ունեմ,- պատասխանեցի:
- Եվ այնքան հիմար գտնվեցի, որ վճարեցի Խերեսի լրիվ գինը, առանց հետդ խորհրդակցելու:
Քեզ չկարողացա գտնել և վախեցա շահավետ գործարքը ձեռքիցս բաց թողնել:
- Խերեսի՜:
- Կասկածներ ունեմ:
- Խերեսի՜:
- Եվ պետք է համոզվեմ:
- Խերեսի՜:
- Քանզի դու զբաղված ես, կգնամ
Լուչեսիի մոտ: Նրա նման հարցին քննադատաբար մոտեցող չկա: Նա ինձ կասի…
- Լուչեսին չի կարող Խերեսի
տակառը Շերրիից տարբերել:
- Իսկ որոշ հիմարներ էլ ասում
են, թե դուք նույն ճաշակն ունեք:
- Արի, գնացինք:
- Ո՞ւր:
- Քո մառանը:
- Դե, ոչ, ընկեր իմ, չեմ կարող
չարաշահել քո բարությունը: Ես զգում եմ, որ դու ժամադրված ես: Լուչեսին…
- Ամենևին էլ ժամադրված չեմ,
արի՛:
- Դե ոչ, ընկեր իմ, ոչ թե ժամադրության
պատճառով, այլ այն, որ տեսնում եմ, թե ինչ սարսափելի մրսած ես: Մառանը անտանելի խոնավ
է, այն ամբողջովին բորակով է ներծծված:
- Միևնույն է, գնանք: Մրսածությունն
առանձնապես մեծ բան չէ: Խերեսի՜, գլխիդ են
կապել: Իսկ ինչ վերաբերում է Լուչեսին, նա չի կարող Շերրին Խերեսից տարբերել:
Այսպես խոսելով Ֆորտունատոն
թևիցս ամուր բռնեց: Հագնելով սև մետաքսե դիմակ և թիկնոցի մեջ պինդ փաթափվելով, ես հանձնվեցի
նրա կամքին, և նա ինձ արագ տարավ դեպի իմ պալատը:
Ծառաներից ոչ մեկը չկար: Նրանք
փախել էին տնից՝ զվարճանալու բարեկենդանի պարահանդեսին: Ես նրանց ասել էի, որ մինչև
առավոտ չեմ վերադառնա և խիստ կարգադրել տնից չհեռանալ: Սակայն լավ գիտեի, որ այս կարգադրությունը
բավական էր, որ նրանք անմիջապես անհետանան, ոտքս տնից դուրս դնելուն պես:
Մոմակալներից երկու ջահ վերցրի,
և մեկը Ֆորտունատոյին տալով գլխով նշան արեցի, ու մենք մի շարք սենյակների միջով անցանք
դեպի դամբարան տանող կամարակապ միջանցքը: Երկար ոլորապտույտ սանդուղքով իջա, խնդրելով
նրան զգույշ հետևել ինձ: Վերջապես տեղ հասանք և միասին կանգնեցինք Մոնթրեսորների գետնադամբարանների
խոնավ հատակին:
Ընկերոջս քայլքը երերուն էր,
գլխարկի զանգակները զնգզնգում էին ոտքը փոխելու հետ մեկտեղ:
- Իսկ ո՞ւր է տակառը,- հարցրեց
նա:
- Դեռ պիտի գնանք,- ասացի,-
բայց տեսնո՞ւմ ես անձավի պատերին պսպղացող սպիտակ ոստայնները:
Նա շրջվեց իմ կողմը և ուղիղ
աչքերիս նայեց իր մշուշոտ ակնախոռոչներով, որոնցից հարբածություն էր ծորում:
- Բորա՞կն է,- վերջապես հարցրեց:
- Բորակն է,- պատասխանեցի:
- Ինչքա՞ն ժամանակ է, որ զգում ես:
- Ըհը՛, ըհը՛, ըհը՛, ըհը ՛…
ըհը՛, ըհը՛, ըհը՛… ըհը՛, ըհը՛, ըհը:
Խեղճ ընկերս մի քանի րոպե չկարողացավ
խոսել:
- Դատարկ բան է,- ի վերջո ասաց:
- Արի ետ դառնանք,- վճռականություն
կար իմ ձայնում: - Քո առողջությունը ավելի թանկ արժե: Դու հարուստ ես, հագնված, սիրված:
Քեզանով հիանում են: Դու երջանիկ ես, ինչպես ես էի մի ժամանակ: Քո բացակայությունը
կզգացվի: Ինձ համար այս գործն այնքան էլ կարևոր չէ: Ետ գնանք: Դու կհիվանդանաս, իսկ
ես չեմ ուզում պատասխանատու լինել: Բացի դրանից, Լուչեսին կա…
- Բավական է,- ասաց նա: - Հազը
դատարկ բան է, նա ինձ չի սպանի, հազից չեմ մեռնի:
- Իհարկե, իհարկե,- պատասխանեցի
ես,- սակայն, իրոք, մտադրություն չունեի քեզ իզուր տեղը նեղություն տալու: Իսկ դու
պետք է բոլոր տեսակի նախազգուշական միջոցներ ձեռք առնես: Այս Մեդոքի մի կումը մեզ կպաշտպանի
խոնավությունից:
Գետնին դրված գինու շշերի երկար
շարքից վերցրի մեկը և ջարդեցի բերանը:
- Խմիր,- ասացի՝ գինին նրան
տալով:
Աչքերի շեղ, խորամանկ հայացքով
նա շիշը բերանը տարավ: Մի պահ կանգ առավ և ինձ մտերմաբար գլխով արեց, որից գլխարկի
զանգակները զնգզնգացին:
- Խմում եմ,-ասաց նա,- մեր շուրջը թաղված ննջեցյալների հոգու համար:
- Իսկ ես՝ քո երկար կյանքի համար:
Նա նորից բռնեց իմ թևից, և մենք առաջ շարժվեցինք:
- Այս դամբանը շատ ընդարձակ է:
- Մոնթրեսորները մեծ, բազմանդամ ընտանիք էին:
- Միշտ մոռանում եմ ձեր զինանշանը:
- Մի մարդկային հսկայական ոսկե ոտք կապուտակ դաշտում: Ոտքը
ճզմում է պոչի վրա կանգնած օձին, որի ժանիքները խրված են կրունկի մեջ:
- Իսկ նշանաբա՞նը:
- Ոչ ոք ինձ չի կարող անպատիժ բարկացնել:
- Հիանալի է:
Գինին փայլում էր նրա աչքերում, իսկ զանգակները զնգզնգում
էին: Իմ երևակայությունն էլ պայծառացավ Մեդոքի ազդեցությունից: Մենք անցել էինք կիտված
ոսկորների, նեցուկների և տակառների պատնեշների միջով և հասել գետնադամբարանների ամենահեռու
որմնախորշերը: Կրկին կանգ առա և այս անգամ համարձակվեցի բռնել Ֆորտունատոյի բազկից:
- Բորակը,- ասացի,- տեսնո՞ւմ ես, շատանում է: Մամուռի նման
կախվել է դամանների վրա: Մենք գետի հունի տակն ենք: Խոնավության կաթիլները թափվում
են ոսկերներրի մեջ: Արի վերադառնանք, քանի դեռ ուշ չէ: Քո հազը…
- Դատարկ բան է,- ասաց նա,- առաջ գնանք: Բայց նախ ինձ մի
կում էլ Մեդոք տուր:
Ես ջարդեցի Դե Գրավի տափաշշի բերանը և նրան մեկնեցի: Մի շնչով
դատարկեց պարունակությունը. նրա աչքերը կատաղի փայլատակեցին: Ապա ծիծաղեց և շիշը վեր
նետեց ձեռքի մի շարժումով, որը ես չհասկացա:
Զարմանքով նրան նայեցի: Նա կրկնեց շարժումը՝ մի զավեշտական
շարժում:
- Չե՞ս հասկանում,- ասաց նա:
- Ոչ,- պատասխանեցի:
- Ուրեմն դու երղբայրությունից չես:
- Ի՞նչ:
- Դու որմնադիր մասոններից չես:
- Այո, այո, ասացի,- որմնադիրներից եմ:
- Դո՞ւ, անհնար է: Որմնադի՞ր:
- Որմնադիր,- պատասխանեցի ես:
- Ապացույց ունե՞ս,- հարցրեց նա:
- Ահա,- և թիկնոցիս ծալքերի տակից մի ծեփիչ հանեցի:
- Կատակում ես,- բացականչեց նա, մի քանի քայլ ընկրկելով:
- Բայց արի առաջ գնանք դեպի Խերեսի տակառը:
- Թող այդպես լինի,- գործիքը թիկնոցիս տակ դնելով կրկին առաջարկեցի
նրան իմ թևը: Ծանրորեն հենվեց վրաս: Մենք շարունակեցինք մեր ուղին՝ փնտրելով Խերեսի
տակառը: Անցանք մի շարք ցածր կամարների տակով, ցած իջանք, առաջ գնացինք և նորից իջնելով՝
հասանք ստորգետնյա մի խոր մատուռի, որի ներսի կեղտոտ օդից մեր ջահերը ավելի կարմրին
էին տալիս, քան թե վառվում էին:
Մատուռի ամենահեռավոր ծայրում երևաց մեկ այլ՝ ավելի փոքր
մատուռ: Այստեղ պատերի տակ շարված էին մարդկային մարմնի մնացորդներ՝ Փարիզի մեծ գետնադամբարանների
ձևով կիտված մինչև գլխավերևի համարը: Այս ներքին մատուռի երեք կողմերը տակավին զարդարված
էին այս կերպ: Չորրորդ կողմից ոսկորները ցած էին նետվել և խառնիխուռն թափված էին գետնին՝
մի կետում կազմելով որոշակի մեծության բլրակ: Ոսկորների տեղահանության հետևանքով բացված
պատի մեջ մենք նկատեցինք ևս մեկ որմնախորշ՝ մոտ 4 ոտնաչափ խորության, 3 ոտնաչափ լայնության
և 6 թե 7 ոտնաչափ բարձրության: Երևում է այն կառուցել էր ոչ թե որևէ հատուկ գործածության
համար, այլ պարզապես կազմում էր գետնադամբարանների տանիքը պահող 2 հսկայական նեցուկների
միջև ընկած տարածությունը, որը ետևի կողմից ծածկված էր դամբանները շրջափակող կարծր
գրանիտե պատերից մեկով:
Ֆորտունոտոն իր թույլ ջահը բարձրացնելով իզուր էր ջանում
հետազոտել որմնախորշի խորքը: Աղոտ լույսի տակ չկարողացանք տեսնել նրա խորությունը:
- Առաջ գնա,- ասացի ես,- սրա մեջ է Խերոսի տակառը: - Ինչ
վերաբերում է Լուչեսսիին…
- Նա տգետի մեկն է,- ընդհատեց ընկերս, երերալով ոտքն առաջ
դրեց, մինչ ես կրնկակոխ հետևցի նրան: Նա արագորեն հասավ որմնախորշին և տեսնելով, որ
քարե պատը խանգարում է առաջ ընթանալուն, ապուշ կտրած կանգ առավ: Մի վայրկյան անց ես
նրան արդեն գրանիտե պատին էի դեմ տվել: Քարի վրա, մոտ 2 ոտնաչափ իրարից հեռու, հորիզոնական
դիրքով 2 երկաթե նիգ կար: Նրանցից մեկից մի կարճ շղթա էր կախված, իսկ մյուսից՝ փականք:
Շղթան նրա մեջքին փաթափելով, ես անմիջապես կողպեցի: Նա այնպես էր ապշահար եղել, որ
նույնիսկ չդիմադրեց: Բանալին կողպեքից հանելով, դուրս եկա որմնախորշից:
- Ձեռքդ պատին քսիր,- ասացի ես,- չես կարող բորակը չզգալ:
Իրոք, շատ խոնավ է: Մեկ էլ աղաչում եմ, արի ետ դառնանք: Ո՛չ: Այդ դեպքում ստիպված եմ
լքել քեզ: Բայց նախ պետք է ուժերիս ներածին չափ փոքր ուշադրություն ցուցաբերեմ քո նկատմամբ:
- Խերեսը,- բացականչեց ընկերս, ապշանքից դեռևս ուշքի չեկած:
- Ճշմարիտ է,- պատասխանեցի,- Խերեսը:
Այս խոսքերն ասելով, զբաղվեցի ոսկերների կույտով, որի մասին
արդեն հիշատակել եմ: Դրանք մի կողմ նետելով, շուտով մի կույտ շինաքար և շաղախ բացեցի:
Այս նյութերով և ծեփիչիս օգնությամբ սկսեցի եռանդուն կերպով պատել որմնախորշի մուտքը:
Շարվածքի առաջին շարքը հազիվ էի վերջացրել, երբ հասկացա,
որ Ֆորտունատոն համարյա ամբողջովին սթափվել էր հարբածությունից: Դրա առաջին նշանն այն
էր, որ որմնախորշի խորքից ցածր հեծեծանքի ձայն լսվեց: Դա հարբածի լաց չէր: Հետո տիրեց
երկար, համառ լռություն: Շարեցի երկրորդ շարքը, հետո երրորդը և չորրորդը: Այդ ժամանակ
շղթայի ուժգին թափահարում լսվեց: Աղմուկը տևեց մի քանի րոպե, որի ընթացքում ես դադարեցրի
աշխատանքս և նստեցի ոսկորների կույտի վրա, որպեսզի շատ ավելի մեծ գոհունակությամբ կարողանայի
ունկնդրել մինչև վերջ:
Երբ վերջապես շղթայի զրնգոցը դադարեց, վերստին ձեռքս առա
ծեփիչը և անընմեջ վերջացրի հինգերորդ, վեցերորդ և յոթերորդ շարքերը: Պատն այժմ համարյա
կրծքիս էր հասնում: Դարձյալ կանգ առա և ջահը շարվածքի վրա պահելով, մի քանի աղոտ ճառագայթ
գցեցի ներսի կերպարանքի վրա:
Շղթայվածի կոկորդից անսպասելիորեն դուրս պոռթկացող բարձր
սուր ճիչերը կարծես ինձ խոցելով ուժգնորեն ետ շպրտեցին: Մի կարճ ակնթարթ տատանվեցի…
դողացի: Սուսերս պատյանից հանելով սկսեցի այս ու այն կողմ հարվածել որմնախորշի մթության
մեջ, բայց վայրկենական մի միտք ինձ վստահություն ներշնչեց: Ձեռքս դնելով գետնադամբանների
ամուր շինվածքի վրա, գոհունակություն զգացի: Կրկին մոտեցա պատին և պատասխանեցի ճիչերին
այն մարդու, ով վայնասուն էր բարձրացրել: Ես արձագանքում էի, օգնում էի, գերազանցում
էի նրան՝ ձայնի բարձրությամբ և ուժգնությամբ: Այսպես արեցի, և աղմկարարը լռեց:
Կեսգիշեր էր, և առաջադրանքս մոտենում էր վախճանին: Ես վերջացրել
էի ութերորդ, իններորդ և տասներորդ շարքերը: Ավարտել էի վերջին տասնմեկերորդ շարքի
մի մասը. միայն մեկ քար էր մնում տեղադրել և շաղախ քսել: Քարի ծանրությունից չարչարվելով,
կիսով չափ դրեցի այն իր վերջնական հանգրվանում: Սակայն այժմ որմնախորշից մի ցածրաձայն
ծիծաղ լսվեց, որից գլխիս մազերը ցից-ցից կանգնեցին: Դրան հետևեց մի տխուր ձայն, որը
դժվարությամբ ճանաչեցի, որպես ազնիվ Ֆորտունատոյինը: Ձայնն ասաց.
- Հա՛, հա՛, հա՛, հա՛, իրոք որ լավ կատակ է, հիանալի պատմություն:
Մենք դրա վրա շատ կծիծաղենք պալատում, հա՛, հա՛, հա՛:
- Խերես,- ասացի ես:
- Հա՛, հա՛, հա՛, այո Խերես: Բայց արդեն ուշ է, չէ՞: Հիմա
մեզ սպասում են պալատում, չէ՞, տիկին Ֆորտունատոն և մյուսները: Արի գնանք:
- Այո, արի գնանք:
- Ի սեր Աստծո, Մոնթրեսոր:
- Այո, ի սեր Աստծո:
Սակայն իզուր էի ականջ դրել այս խոսքերի պատասխանին: Համբերությունս
հատավ: Գոռացի:
- Ֆորտունա՛տո:
Պատասխան չկար: Նորից կանչեցի:
- Ֆորտունա՛տո:
Դարձյալ ոչ մի պատասխան: Պատի վրա մնացած անցքից ջահը ներս
մտցրի և վայր գցեցի: Ի պատասխան միայն զանգակների զնգզնգոց լսվեց: Գետնադամբանների
խոնավությունից սիրտս խառնեց: Շտապեցի ավարտել աշխատանքս: Ուժով իր տեղը հրեցի վերջին
քարը և շաղախ քսեցի, վերջացրի: Նոր շարվածքի դեմ վերակառուցեցի ոսկորների նախկին պատվարը:
Կես դար ոչ մի մահկանացու չի խանգարել նրանց հանգիստը:
Հանգստություն նրա ոսկորներին:
Թարգմանությունը անգլերենից՝ Արփիկ Լազարյան
Թարգմանությունը անգլերենից՝ Արփիկ Լազարյան
Տես նաև Էդգար Ալան Պո Պատմվածքներ
Էդգար Ալան Պո | Խերեսի տակառը
Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ
on
августа 06, 2017
Rating:
