Վրթանես Փափազյան | Արտը


Անիից էի վերադառնում և անցնում էի հայկական մի գյուղի միջով:
Գիշերը սաստիկ անձրև էր եկել. այնքա´ն սաստիկ, որ շատ պատեր ու խրճիթներ փլեցրել էր: Փողոցներից հեղեղներ էին վազում քչքչալով:
Երկինքը միաձույլ կապարագույն ամպերով ծածկված էր. դեռ էլի մեկ-մեկ անձրևում էր:
Լույսը նոր էր բացվել: Կանչում էին մի քանի ուշ մնացած աքաղաղներ, ղողանջում էին եկեղեցու զանգակները: Խրճիթների երդիկներից սկսել էին ծխի սյունակներ խիստ ծանրությամբ բարձրանալ և տարածվել տանիքների վրա:
Ձիուս սանձը քաշեցի. և ո´չ իսկ արաք քայլել էր հարկավոր. փողոցներում առվակներ էին գոյացել:
Գյուղի վերջին խրճիթին էի հասել, երբ նրա դուռը ճռնչաց, գոմի ներսում կովի բառաչը լսվեց, մի քանի մանուկների ճիչեր ականջիս հասան և առաջս դուրս եկավ մի ալեզարդ ծերունի, բահն ուսին:
Մի վայրկյան ինձ նայեց, հետո պատերի տակով անցք փնտրեց քայլելու:
Քիչ հետո գյուղից դուրս էինք եկել: Ես էլ նրա քայլերով սկսեցի գնալ:
Դեմուդեմ, ալիքաձև բարձրանալով, մինչև մշուշալից հորիզոնն էր տարածվում սև լեռնաշղթան: Նրա կուտակված տարածությունը վերևից թաքնվում էր մառախուղի մեջ և ցածի կողմից ճղփում թացությունով: Ձյուն էլ, թվում էր որ կար, բայց շա~տ հեռու. ամպի սպիտակ շերտեր լինեին կարծես: Թանձր, սևագույն-սպիտակախառն մշուշը ծանրացել էր նաև ձորերի և հովիտների, լեռների և բլուրների շուրջը: Տեղ-տեղ ցանցաձև, երկնքից գետին իջնող շեշտակի գծերը ցույց էին տալիս, որ խիստ անձրև էր տեղում զանազան կողմերում: Երևում էր, որ ամպերը դեռ շատ ջուր ունեին և այդ գծերը պիտի քայլեին: Մշուշի քուլաները թավալվում էին բլրակներն ի վար, քարշ գալիս, ցրվում դեպի դաշտերըև արոտների կանաչ խոտերը, արտերի ցորենի հասկերը կռացրել էին գլուխները՝ կաթիլների ծանրության տակ:
Ծերունին սկսել էր ավելի հանդարտ քայլել: Նրա հնամաշ տրեխներից ջուրը հոսում էր գուլպաների մեջ, ոտը թրջում: Խոնավությունը թափանցում էր բաց կուրծքը և վերարկվի վրա մշուշից կաթիլներ էին դիզվում:
Անցնելով, մի առ մի դիտում էի երկու կողքի արտերը: Շատերի միայն մի քանի ակոսներն էին ավերվել և մեջտեղում լճակներ գոյացել:
Մի քանիսները լիովին ողողվել էին: Ջրի հոսանքները արմատախիլ էին արել, քշել, տարել ցորենի դալալ ծիլերը և հավաքել ակոսների մեջ: Ցեխ էր գոյացել ամեն մի փոքր շավիղի վրա. ամեն մի փոսի մեջ պղտոր կարկրագույն ջուր էր կիտվել և շատ հասկեր լողում էին նրանց երեսների վրա, որպես խեղդվածներ:
-Վա´խ, վա´խ,- արեց ծերունին:
Ու առաջ գնաց:
Բայց վնասն ընդհանրապես շատ մեծ չէր երևում: Հողը դիմացել էր. երևում էին բոլորովին չփչացած արտեր անգամ. ծիլերը դիմացել էին և այժմ զվարթությամբ ցցել էին սկսում իրենց գլուխները. միայն թե կային այնպիսիները, որոնք ոտաբոբիկ էին դարձել,- արմատը մերկացրել: Ջուրն էր այդպես շինել նրանց:
-Է´հ, փառք աստծո,- խոսեց ծերունին՝ տեսնելով դրանք,- շատ էլ վնաս չի եղել
-Քո արտն էլ այդպես կլինի, ծերուկ,- սրտապնդեցի նրան:
Անխոս՝ գլուխն երերցուց: Կասկածում էր. հայացքը միշտ դեպի հեռուներն էին: Այդպես քայլելով մենք հեռացանք գյուղից և հետո ծռվեցինք դեպի լեռները:
Ծռվելիս՝ ծերունին մի րոպե կանգ առավ և աշխատեց հեռվից նշմարել իր արտի դրությունը:
-Ո՞րն է արտդ:
-Այն բարձրինը:
Ինչ-որ ջրի հեղեղատներ էին հոսում այնտեղ, ջրակույտեր փայլփլում: Միգուցե այդ ջրերը նրա արտի միջովն են անցել, ամեն ինչ սրբել, տարել:
Ծերունին գունատվեց:
-Տունս քանդվել է….-մրմնջաց նա:
-Մի՞թե վնասվել է:
-Չգիտեմ դեռ,- ասաց նա խեղդված ձայնով,- գուցե աչքերս չեն տեսնումծերացել եմ
Առաջ գնացինք: Մոտենում էինք: Քայլելն ավելի դժվարանում էր. վերևից գրեթե ցեխի հեղեղ էր, որ իջնում էր ցած, խառն՝ ծիլերով, ցողուններով
Ծերունին հևում էր. շունչը կտրվել էր: Քիչ էլ քայլեցինք: Է~լ կանաչ չէր երևում, է´լ ոչինչ. ցեխի հեղեղ և ջուր էր, որ տեսնում էինք. ավերիչ, ապականիչ հեղեղ
Մի քանի քայլ անելուց հետո կանգ առավ ծերունին և բահը ուսից ցած թողեց:
Իր արտի կողքին էր: Թշվառ արտ
Վերևից, փոսերի մեջ գոյացած ջրերը պատռել էին իրենց թումբերը, ուժգնությամբ ցած հոսել և գրեթե սրբել էին արտը: Տեղ-տեղ օազիսների պես մնացել, իրենց մերկ արմատներն էին ցույց տալիս՝ ցորենի ծիլի կղզյակներ: Երկար, կանաչ երկար շերտեր միմյանց վրա, արմատախիլ, ջարդված, հոգեվարք, սահել էին ամեն ուղղությամբ և թաթախվել ցեխով: Ոմանք մինչև վիզը խրվել, ուրիշները հազիվ էին երևում:
Հողն ամբողջ կանաչել էր նրանց դիակներով
Եվ անձրևը տեղում էր, տեղում ու իր խոշոր կաթիլներով ճղփացնում լճացած ջրերը:
Ընկավ բահը ծերունու ձեռքից. աչքերը մթնեցին, ծնկները կթոտեց և նա տեղնուտեղը, իր ընտանիքին կերակրող ցորենի դիակների կողքին նստեց ու գլուխը ձեռքերի մեջ ծածկեց
Ձիս քշեցի և հեռացա: Մխիթարական ո´չ մի խոսք ասելու սիրտը չունեցա:
Եվ երբ հեռվից ետ նայեցի, տեսա թշվառ ծերունուն միշտ նույն դիրքի մեջ, նստած իր ավերված արտի կողքին, գլուխը ձեռքերին և ալեզարդ մազերը տեղացող անձրևի տակ

Տես նաև Վրթանես Փափազյան Պատմվածքներ
Վրթանես Փափազյան | Արտը Վրթանես Փափազյան | Արտը Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on 7:24:00 Rating: 5
Технологии Blogger.