Վրթանես Փափազյան | Մերկ դերվիշը


Ինչպես շները, այնպես և մուրացիկները Թեհրանում, ունեին իրենց քաղաքամասը, որից այն կողմն անցնելու և մուրալու իրավունք չունեն միառժամանակ: Այդ բաժանումը մի քանի ամսից, ըստ երևույթին, փոփոխության է ենթարկվում: Մի քաղաքամասի մուրացիկը, որ ամիսներից ի վեր անդադար անցորդներին ձանձրացնում էր, հանկարծ մի օր էլ՝ չկար, և մի քանի օրից հետո պատահմամբ հանդիպում էի նրան բոլորովին ուրիշ թաղում:

Բայց ինչ-որ շատ երկար էր նստում այնտեղ այն մերկ դերվիշը, որին միշտ տեսնում էի Լալազարի փողոցի ծայրին, ձիաքարշի վերջանալու կետի մոտ պպզած:
Նստել է պատի տակ, ավստրիական դեսպանատան կողքին՝ եթե փողոցը քիչ չոր է: Եթե շատ մեխ է լինում, բարձրանում է Լալազարի այգու պատից դուրս ցցված մի պատվանդանի վրա և նրա երկու ոտնաչափ լայնությունում կուչ է գալիս՝ մնում:
Փաթաթված է մի միակ վերարկվի մեջ: Ուրիշ հագուստ չունի: Առանց չափազանցության՝ այդ վերարկուն բաղկացած է հարյուր տեսակ ամեն ձևի, ամեն գույնի և ամեն մեծության կարկատաններից, որոնք միմյանց են կցած հաստ թելերով: Դերվիշական վերարկու է և իրենք դերվիշներն են շինում: «Հզարմիյխ» են կոչում նրան:
Երբեմն, երբ տեղավորվելու համար բաց է անում վերարկուն, երեվում են նրա բոլորովին մերկ անդամները սևացած ու կապտած՝ ցրտից ու կեղտից:
Գլխին ունի թասաձև սևացած գլխարկ, որի տակից դեպի նեղ ճակատն ու քունքերն են իջնում ալեխառն ու միմյանց կպած մազեր:
Դեմքը փոքր է ու կարճ, աչքերը խոր և երազող. կարծես նայում է, բայց չի տեսնում: Խիստ դժգույն է, ձեռքերն ու ոտները նիհարացել, ոսկոր են կտրել, մումիայի նման եղել. իսկ մորուքն ու բեղերը միմյանց խառնվել՝ անհետացրել են շրթունքներն իրենց մեջ:
Միշտ պպզած է. տեղիցը չի շարժվում: Եվ որովհետև ցուրտ է, ունի ծնկների վրա, երկու ձեռքով բռնած, հողե մի փոքրիկ կրակարան, որի մեջ, մոտակա հացթուխից առած մի բուռ կրակը, նա աշխատում է միշտ անշեջ պահել՝ տաքություն ունենալու համար:
Երբ մի օր էլ անցնում էի կողքից, կանգ առա քիչ և ուզեցի տեսնել, թե ինչ էր անում այդ այլանդակ դերվիշը:
Չէր աղոթում. ոչ էլ երգում էր: Անցորդներ շատ կային, բայց ողորմություն իսկ չէր հայցում: Զզված ու խամրած հայացքով դիտում էր և չէր տեսնում: Եվ անցորդները հաճախ նրան էին նետում մի-մի սև փող: Դրամն ընկնում էր կողքին կամ գոգը: Չէր շարժվում. թողնում էր, որ հավաքվի:
Երբ մոտեցա, զգաց հայացքս, ծանրությամբ գլուխը բարձրացրեց: Հազիվ նշմարվող հեգնականի նման մի ժպիտ սահեց դեմքի վրա, աչքերի անկյուններում:
-          Դու դերվի՞շ ես,- հարցրի:
Գլխով բացասական նշան արավ և վերարկուն լայն բաց արավ. լիովին մերկ էր: Կրակարանն աշխատեց դնել ոտների արանքում, կկզել էր: Հաջողվեց վերջապես, տեղավորվեց, ծածկեց ներսում կրակարանը քղանցքներով և կիսախուփ աչքերը նորից ինձ վրա սևեռեց:
-Աֆիոն ես ծխում կարծեմ,- հարցրի ես:
Գլխով այս անգամ դրական նշան արավ: Եվ զննում էր ինձ. ոչինչ չէր խնդրում:
Մի քանի րոպե լուռ նայելուց հետո հանկարծ ասաց խուլ, անդնդային ձայնով.
-Ձեր երկրումն էլ աֆիոն ծխո՞ւմ են:
-Ո´չդա թույն է. մեզանում մարդիկ չեն սիրում իրենք իրենց թունավորել:
Ժպտաց և ասաց.
-Ուրեմն ձեր երկրում մարդիկ ցավեր չունի՞ն:
-Ինչո՞ւ չէ: Բայց մի՞թե հարկավոր է աֆիոն ծխել, երբ մարդ ցավեր ունի:
-Դու սկի ծխե՞լ ես աֆիոն:
-Օ´, ո´չ
-Ուրեմն չես կարող հասկանալ: Բայց գուցե լսել ես, որ ծխողը փոխադրվում է երազի մի երջանիկ աշխարհ, ուր ցնդում են նրա բոլոր վշտերը, ուր նա ազա~տ է թշվառությունից, տանջանքիցԱյդ չգիտե՞ս դու
- Այդպիսո՞վ ուրեմն դուք ձեզ մխիթարում եք:
- Ոչ թե մխիթարում ենք, այլ աշխատում ենք մոռանալՄոռանա´լՔի՞չ բան կա մոռանալու
Այդ միջոցին մի աղմուկ բարձրացավ փողոցում: Հեռվից նախ երևացին դեպի մեզ արշավող վեց պարսիկ ձիավորներ՝ երկու կարգ շարված. նրանց ետևից սլանում էր չորս ձի լծած մի բաց կառք, որի մեջ փքված բազմել էր մի պարսիկ ազնվական, հագած թիրմայի թանկագին շալից շքեղ մուշտակ:
Մի խումբ աղքատներ ցնցոտիներով, կանայք կիսամերկ, մանուկներ՝ ցեխաթաթախ, սրթսրթալով, ատամները կափ-կափելով, վազում էին կառքի երկու կողմից՝ ձեռքերը պարզած, աղաչավոր ձայներով.
- Աղա´ ջան, մի դրամ
- Տե´ր իշխան, մի սև փող
Ժողովուրդը ճանապարհ էր տվել. կառքը սլանոմ էր. ցնցոտիներով տասնավոր մուրացիկները ճղփացնելով ցեխն ու ջուրը, վազում էին, և ազնվականը փքված՝ դիտում էր անհոգությամբ այդ բոլորը:
Մերկ դերվիշն ինձ նայեց, հետո ազնվականին և ասաց.
-Հարկ չէ՞ մոռանալ այդկարելի՞ է առանց աֆիոնի
Մի քիչ լռեց. հետո հանկարծ աչքերը փայլեցին:
-Մեր նահանգապետն է,- շարունակեց նա,- երկիրը հարյուր հազարով գնել է, որ երկու հարյուր հազար շահիև ահա թե ո´րպես է շահումՀարկավոր չէ՞ ծխել: Ինձ երբեմն թվում է, որ այս բոլորը երազ է և որ երբ աֆիոն եմ ծխում, այն ժամանակ միայն մտնում եմ իրական կյանքի մեջ, այն ժամանակ միայն զարթնում եմ քնիցՕ´խ, ծխի´ր աֆիոն, տե´ր, պիտի տեսնես, թե որպե~ս կմոռանաս այդ բոլորը, այդ ցավերն ու անիրավությունը… Փողոցի մեջ, պատերի տակ, ցեխի անկողնի վրա է, որ պառկում ենք մենք, իսկ մեզնով հարստացողը թիրմայի շալի մուշտակով է զբոսնում
Հետո մի դանդաղ ակնարկ էլ ձգեց քիչ-քիչ ետ մնացող մուրացիկների վրա, սրացող կառքին և երբ կծկվում էր վերարկուով, ասաց.
-Կյանքը, երջանկությունը միմիայն քնելու մեջն է. իսկ այս բոլորն երազ է, վատ կոշմարԱնցի´ր, տե´ր, մի´ խանգարի քնելու
Ու ամփոփված, գլուխը խոնարհած՝ անշարժացավ:
Երբ վերադառնում էի, դերվիշը միշտ նույն տեղն էր, միշտ անշարժ, գլուխը կրծքի վրա, ինքնամոռացության մեջ

Տես նաև Վրթանես Փափազյան Պատմվածքներ
Վրթանես Փափազյան | Մերկ դերվիշը Վրթանես Փափազյան | Մերկ դերվիշը Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on 2:18:00 Rating: 5
Технологии Blogger.