Վրթանես Փափազյան | Վիշապ


I
Վաղուց, երևի շա՜տ դարերից ի վեր, այն մաքուր և հորդառատ ջուրը, որ բխում էր լեռներից, գնում էր ոռոգելու ստորոտի դաշտերը և դարձնում նրանց հարուստ անտառներ, պարարտ, արդյունավետ արտեր ու գեղածիծաղ մարգագետիններ:

Քաղաքի նմանող մի գյուղ ծաղկում էր ջրի ափերին: Ծառաստան և այգի զարդարում էին նրան. երկիրը, լի ցնծությամբ, արտադրում էր շատ բարիք. մարդիկ երջանի՛կ էին այնտեղ. հավասարապես վայելում էին ջրի բաշխած հարստությունը, ճաշակում նրա արդյունքը:
Վաղո՜ւց, գուցե դարերից ի վեր էր, որ այդ մաքուր ու հորդառատ ջուրը ո՛չ ցամաքում էր, ո՛չ դադարում, ո՛չ էլ պակասում: Գարնանը հորդանում էր, քիչ պղտորվում, սակայն, տարվա ամեն եղանակին կար նա, հոսում էր անընդհատ, խաղում ափերի հետ, ոռոգում նրանց:
Բայց երկար չտևեց այդ:
Մի օր հանկարծ խուլ հուզումն առաջացավ նրա ափերի վրա: Մարդիկ իրար անցան, խմբվեցին, գետը զննելու իջան և վճռեցին, որ ջուրն սկսել էր նվազել:
Թեև սակավ առ սակավ, բայց արագ կերպով նվազում էր նա, ափերը թողնում և բոլոր արտերին ու մարգերին ոռոգելու չէր բավականացնում: Այդպես եթե գնար, մի քանի տարուց հետո ջուրը ոչ միայն կես կարող էր լինել, այլև գուցե բոլորովին դադարեր:
Այն ժամանակ ի՞նչ պիտի լիներ գյուղացիների դրությունը: Չէ՞ որ արդեն սկսում էին չորանալ արտերը, բերքը նվազում էր, այգիները, ջուր չունենալուց, ծարավից խամրում էին, ծառաստանները կորցնում էին աճելու ուժը և մարգագետիններն այլևս չէին ժպտում առաջվա պես իրենց թավշանման շքեղ կանաչով:
Ամբողջ երկիրը կարող էր ոչնչանալ: Պետք էր մի ճար մտածել, ջրի սպառվելու դեմն առնել:
Բայց դրա համար, ամենից առաջ, հարկավոր էր նոր փորձանքի պատճառը որոնել ու գտնել:
Եվ ահա հավաքվեցին գյուղացիները խորհրդի. ապա բաժանվեցին, լեռներն ելան ջրի ակունքր գտնելու, այլև հետազոտելու ա՛յն ամեն ճյուղերը, որոնցից գետը հորդանում էր և մեծանում:
Մեծ գետ էր այն: Բուն ակունքը սկիզբ էին առնում մի մութ և ժայռոտ սարի կրծքից. ճանապարհին, մոտ 4—5 տեղ էլ, զանազան լեռներից գալով խառնվում էին նրան` խոշոր ուրիշ վտակներ, իսկ լեռնաշղթայի ստորոտում, խոր ձորակի մեջ, այդ ամենը միացած` ձևանում էր մի ջրաշատ գետ:
Այդ բոլորը գիտեին գյուղացիների այն խմբերը, որոնք հետազոտության ելան:
Առաջին խումբը բռնեց բուն ակունքի ճանապարհը. մյուսը ձորը մտավ, մտածելով, որ գուցե լեռներից խոշոր ժայռեր էին գլորվել, փակել ջրի ընթացքը և փոխել հեղեղատը:
Երրորդ խումբը քայլեց գլխավոր ճյուղն ի վեր, դեպի լեռնաշղթայի ծործորները, իսկ երկու մյուսները, բահերով ու թիերով զինված, գնացին մաքրելու մյուս ճյուղերի ակունքը, ենթադրելով, որ լցվել էին նրանք ավազով և կամ փուխր բլուրներ փլած` նրանց ընթացքն էին շուռ տվել:
Մինչ այդ, դաշտի բնակիչները լուրերի սպասելով նկատում էին, որ ոչ միայն ջուրը չէր մեծանում, այլ ավելի և ավելի էր պակասում: Խմբերից շատերն այդ միջոցին, հոգնեցուցիչ, տաժանելի ճանապարհներով քայլեցին վտակներն ի վեր: Ո՛չ մի հողաթումբ չէր փլվել, ո՛չ մի ժայռ չէր գլորվել, և ջրերի հեղեղատները չէին փոխվել: Նկատեցին միայն, որ նույնիսկ վտակները փոքրացել էին, իսկ թե որտեղ էին անհետանում ջրերը կամ ի՞նչպես, ի՞նչ ճանապարհով – ոչ ոք իմանալ չկարողացավ:
Տասնհինգօրյա երկար շրջագայությունից հետո բոլոր խմբերը կենտրոնացան ակունքի մոտ և խորհրդի նստան: —Ակներև է,— խոսեց մեկը,– գետի ջրերը պակասում են. բայց թե ինչպես կամ ո՞ւր են գնում, մենք այդ իմանալ չկարողացանք:
— Ինձ թվում է,– խոսեց մի ուրիշը,— որ վտակների տակ անդունդներ են գոյացել և կլանում են ջրերին:
— Պտույտներ պիտի լինեին և կամ մի այլ նշան,— առարկեց մի երկրորդը,— մինչդեռ ո՛չ մի այդպիսի նշան չկա:
— Այո՛, չկա. բայց կա ա՛յն փաստը, որ ջրերը կլանվում են և մի ամբողջ հասարակության ծարավ թողնում:
— Գուցե անհայտ չարագործներ, ստորերկրյա, վարպետությամբ շինված ճանապարհներով գողանում են ջրերը,— հայտարարեց մի փորձառու գյուղացի:
— Այդպես բանի նշա՛ն էլ չկա:
Ու երկար վիճում էին նրանք, թեր ու դեմ կարծիքներ, զանազան ենթադրություններ առաջադրում: Առաջարկում էին ցնորական, երեխայական, առժամանակյա շատ միջոցներ, սակայն իսկույն էլ գտնում էին, որ դրանցից ո՛չ մեկը երկարատև լինել չէր կարող, եթե նույնիսկ հաջողվեին մի տարի, հսկայական ուժ գործ դնելով, ամբարել ջրերը, դաշտերին բավականացնել: Այնուամենայնիվ գետն անընդհատ պակասում էր և կարոդ էր լիովին չորանալ:
Երբ այդպես տաք վեճի մեջ էին, հանկարծ մի երիտասարդ, որ հայտնի էր հայրենակիցների մեջ որպես այլանդակ մտքեր արտահայտող ու երևակայող մի «խենթ», գոչեց այն կողմից.
— Լսեցեք ինչ կասեմ ձեզ, եղրայրնե՛ր: Մեր ջրերը կլանողը ո՛չ այս է, ո՛չ այն: Դա մի վիշապ է, որ բույն է դրել լեռներում և հետզհետե ցամաքեցնում է մեզ կյանք տվող աղբյուրները. մի վիշապ է դա — ահա ճշմարտությունը:
Բարձրացավ ընդհանուր քրքիջ, հետո ծաղրի կարկուտ թափվեց խենթի գլխին: Բայց սա անվրդով, հետզհետե ավելի հաստատուն ու վճռական ասում էր.
— Կրկնում եմ ձեզ, եղբայրնե՛ր, մի վիշապ է այն, որ մտել է մեր լեռների մեջ: Շուտով եղած ջուրն էլ կցամաքեցնի. պիտի տեսնեք: Կլանելով ջրերը` ինքը կմեծանա, նրա ծարավը կաճի, խմելու փափագը կավելանա և այլևս ջուր չգտնելով, կգա մեր արյունը խմելու…
Այդպես խոսեց «խենթ մարդը», և նրա եղբայրները ո՛չ միայն ծաղրեցին, այլև նախատեցին, ջանացին լռեցնել, հետո ծեծեցին ու ստիպեցին, որ դադարեր հիմարություններ ասելուց:
Բայց նա գոչում էր համառությամբ. -Վիշա՛պ է այն, եղբայրնե՛ր, ասում եմ ձեզ: Քանդեցեք ակունքը և կտեսնեք. հետազոտեցեք, խորքերը մտեք և պիտի հասկանաք… Ծնվել է նա, կարճամի՛տ եղբայրնե՛ր, և ծնվել է մե՛ր միջից, մեզնից է ծնվել…
— Մեզնի՞ց է ծնվել,– գոչեց գյուղի իշխանը բարկացած,– ասում ես մեզնի՞ց: Խե՛նթ, ասա տեսնե՞նք, մի հիմարություն էլ ասա և հայտնիր մեզ, թե ի՞նչ կին է այն, որ վիշապ է ծնում. կամ որտեղի՞ց, ինչո՞վ ծնավ նա:
Ու ծիծաղում էին, որովհետև ո՛չ ոք չէր լսել, որ մարդկանցից կարող էր վիշապ ծնվել և այդ վիշապը, մի ամբողջ գետ կլանելուց հետո, կարող էր ելնել ու մարդկանց արյունը խմելու գալ:
— Խոսի՛ր,— գոչեցին գյուղացիք խենթին,— տեսնե՛նք, գուցե քո՛ մայրն է ծնել այդ երևակայական վիշապին, եթե միայն նրան ծնողը քո հիվանդ ուղեղը չէ: Խոսի՛ր, ի՞նչից է ծնվել նա:
— Ձեր քրտինքից…— ասաց խենթը և այնուհետև այլևս չխոսեց:
Եվ ինչո՞ւ խոսեր: Միմյանց ետևից միայն այլանդակություններ էր ասում: «Քրտինքից ծնված վիշա՜պ»: Դա մի այնպիսի խենթ միտք էր, որ հավերի՛ ծիծաղն անգամ կշարժեր, ի՜նչ մնաց խելքը գլխին, փորձառու, շատ բան տեսած գյուղացիների և պատկառելի իշխանների:

2
Ահա այդպես էր, որ վիշապի գոյության միտքը ծագեց մարդկանց մեջ:
Թեև գետն արդեն կես էր եղել և սպառնում էր շուտով մի առվակ դառնալու, սակայն գյուղացիք շարունակեցին ծիծաղել երևակայական վիշապի վրա է ջրի նվազելը համարում էին որևէ բնական պատճառի արդյունք:
Բայց «խենթը մի քար գլորեց, հազար խելոք չկարողացան հանել»: Այդպես էլ եղավ: Վիշապի գոյության գաղափարը, որքան և խելոք մարդիկ ծաղրեցին նրան, համակեց ժողովրդի «պակասամիտ» դասի միտքը: Տարիներ հետո, երբ մեծ գետն այլևս չնչին առվակ էր դարձել, երբ ծաղկած քաղաքի նմանող գյուղը կես էր դարձել և գեղածիծաղ այգիները, դաշտերն ու մարգերը չորացել էին, գտնվում էին դեռ «խենթանման մարդիկ», որոնք ջրի պակասելու և ոչնչանալու մեջ հանցավորը համարում էին վիշապին: Քիչ էր գտնվում, իրավ է, բայց կար: Որևէ գաղափար շուտ չի մտնում ամբոխի մեջ. բայց երբ մտնում է, շուտ չի դուրս գալիս: Գտնվեցին մարդիկ, որոնք վերջիվերջո վճռեցին գնալ դեպի ակունքը, փորել, խորը մտնել, ստուգել վիշապի գոյությունը և եթե կար` սպանել ու մեռնող երկիրը կենդանացնել, նրա անցյալ եռուն կյանքը վերականգնել: Իսկ խենթը, որը դեռ կենդանի է, որ դեռ պնդում է վիշապի գոյության մասին, հանձն առավ նրանց գլուխն անցնել և հարստահարողի դեմ կռվի գնալ:
Ամբողջ գյուղը հետևեց նրան: Ոմանք` որովհետև գնացողների հայրերը կամ եղբայրներն էին, և շատերը` որովհետև այդ հետազոտությունը հետաքրքիր էր:
Եվ գնացին որոնողները, քայլեցին երկար, օրերով ու շաբաթներով, հասան ջրի գլխավոր ակունքին` այն խոժոռ լեռների և մեծ ժայռերի ստորոտը: Հետո բահերն ու բրիչները ցած դրին, նստեցին ծրագիր կազմելու…
Երբ խենթը տեսավ, որ մարդիկ նստում են ծրագիր կազմելու, կանգնեց նրանց մեջ և ասաց.
- Օ՛, ո՛չ, եղբայրնե՜ր, մի նստեք հանգստանալու, քանի դեռ վիշապը կենդանի է. մի՛ ժողովվեք երկար` ծրագիրներ կազմելու համար: Հարցը շա՛տ պարզ է: Ծնվել է վիշապը, որ կլանում է մեր ջուրը և մեզ թողնում է ծարավ: Պիտի պեղե՛լ նրա եղած տեղը և նրա գլուխը պիտի ջախջախել: Սրանից պարզ ու կտրուկ միջոց չկա: Ոտքի՛ ելեք և գործը սկսենք:
— Բայց չէ՞ որ,— ասաց մեկը,— հարկավոր է հաշվի առնել նաև մեր ուժերը, տեսնել, թե կարո՞ղ ենք ջախջախել վիշապին: Գուցե նա շա՛տ մեծ է և զորեղ և կարող է մեզ բոլորիս կլանել:
— Այո՛,— ասաց խենթը,- երբ նա նո՛ր էր ծնվել, սպանելը շա՛տ ավելի հեշտ էր: Բայց ահա երկա՛ր ապրեց և գիրացավ մեր ջրով: Այժմ նրա ստամոքսն ավելի մեծ, կլանող բերանն ավելի լայն է դարձել, շատ դժվար է ոչնչացնել նրան` առանց զոհեր տալու, առանց արյուն թափելու:
— Տեսնո՞ւմ ես,— խոսեց մի գյուղացի,— ուրեմն մեզ ավելի երկար պետք է խորհել, ծրագիրներ կազմել և կռվելու պատրաստվել այդ հրեշի դեմ:
— Այո, բայց մինչ դուք կխորհեք ու ծրագիրներ կկազմեք, նա կզորեղանա, ամբողջ ջուրը կկլանի և մեզ բոլորիս ծարավ կթողնի: Նա աճում և զորեղանում է ժամ առ ժամ, նույնիսկ րոպե առ րոպե:
— Ի՜նչ արած,– առարկեցին շատերը,— պիտի խորհել, մտածել…
Ու շարունակեցին խորհել, մտածել:
Խենթը մնաց մենակ: Նրան չլսեցին, նրա շտապեցնելը ծիծաղելի գտան: Բայց նա մենակ առավ բրիչն ու բահը, իջավ լեռների խորքերը և որոնեց:
Գյուղացիք հեռու նստած` խորհում էին ու ժպիտը դեմքերին դիտում խենթի արածը:
— Եթե իսկապես հրեշ կա,— ասում էր մեկը,— անպատճառ, իր շնչովն անգամ լինի, վայրկենապես կոչնչացնի այդ խենթին:
— Ծիծաղելի կլինի տեսնել, թե ի՞նչ այլանդակ դեմք պիտ ստանա խենթը` դեմառդեմ գալով վիշապին:
Իսկ խենթը փորում էր, աշխույժով փորում: Նրա բրչի հարվածից դղրդում էր լեռը, թնդում էր գետինը: Եվ ժայռերի խորքում լսվում էր խուլ մռնչյուն, որ, քանի խենթի հարվածներն արագանում էին, այնքա՛ն մեծանում էր:
— Հրե՜շն է…— գունատ և դողդոջուն գոչեցին գյուղացիք, ետ—ետ գնալով:
— Զգո՛ւյշ լինենք,— խրատեց մեկը,— ավելի լավ է հեռու կանգնենք և նախ տեսնենք, թե ինչպե՞ս կվարվի խենթի հետ…
— Մի պատառ կանի նրան,— ասաց երկրորդը:
— Մի վայրկյանում կհոշոտի. չե՞ք լսում, թե ինչպիսի ձայներ են լսվում խորքերից:
Եվ իրավ, մռնչյունը սաստկանում էր, զայրալից դառնում: Հրեշը բարկանում էր, որ համարձակվել էին այդպես խորերը մտնել և իրեն անհանգիստ անելու գալ:
Բայց խենթը պեղում էր: Նրա բրիչը ժայռեր էր դեսուդեն նետում, քարեր գլորում և սուր ծայրով մտնում մինչև հրեշի բնակարանը:
Եվ այդպես, մինչև երեկո, առանց դադար առնելու, փորեց խենթը, պեղեց, բրչի հարվածներ տվավ:
Եվ երբ երեկո էր դարձել ու վերջին կարծր քարն էր ջարդում նա, ականջները գրեթե խլացել էին վիշապի զայրագին աղաղակներից:
Գյուղացիք սարսափած, գունատ և սրտատրոփ` հեռվից նայում էին այդ բոլորին. ոչ ոք սիրտ չարավ մի քայլ անելու, խենթին օգնության ձեռք տալու: Ամեն ոք իր կաշվիցն էր վախենում, ամեն ոք կամենում էր վտանգից հեռու լինել` թեկուզ ծարավ, թշվառ ու կիսամերկ մնալ միշտ:
Եվ երբ բրչի մի ուժգին ու ծանր հարվածի տակ գլորվեց վերջին ժայռը, ահաբեկ գյուղացիների առաջ երևան եկավ հրեշի այլանդակ, սոսկալի գլուխը, որ բերանը դեմ էր տվել բոլոր ջրերին և անկշտում կլանելով ուռում էր, հաստանում:
Իսկ եթե դեռ հոսում էր քիչ ջուր, դա էլ նրա շրթունքների անկյուններից դուրս ելնող թափցուկն էր միայն` հրեշային գարշ լորձունքի հետ խառնված: Վիշապը երբ տեսավ բրիչը ձեռքին և իր գյխի վերևը կանգնած խենթին, մռնչաց, կովային աչքերը ոլորեց զայրալիր և գոչեց որոտաձայն.
— Հեռո՛ւ, հանդո՛ւգն, թե չէ` կոչնչացնեմ… քեզ նման խենթերի ես շատ եմ կուլ տվել ա՜յն ժամանակվանից ի վեր, երբ առաջին մարդը ճնշեց իր եղբորը, խլեց նրա ունեցածը, երբ Կայենը սպանեց Աբելին… Գնա՛, քանի չեմ փոշիացրել քեզ, անմի՛տ: Քեզ նման խենթերը թեև գտնում են ինձ, բայց չե՛ն կարող ոչնչացնել: Ինձ վնասել կարող է միմիայն այդ ամբոխը ահա, որ այժմ ահաբեկ` դողում է ոտքերիս առաջ…
Եվ շարունակեց կլանել ջուրը:
Խենթը բարձրացրեց բրիչը, ուժգնությամբ օրորեց և բուռն թափով նետեց դեպի հրեշի գլուխը:
Բրիչը սուլեց, գնաց քերթելու գազանի գլխի կաշին, բայց ուժգնությամբ կպավ կողքի ժայռերին, ջարդոտեց նրանց և հեռվում դիտող գյուղացիներից շատերին վիրավորեց:
Այդ որ տեսան գյուղացիք, զայրացան, հուզվեցին, հետո խմբվեցիև, քարեր վերցրին և քարկոծեցին խենթին: Իսկ հրեշը մի մեծ քրքիջ արձակեց և ասաց.
— Տեսա՞ք, մարդիկ, տեսա՞ք, որ այդ խենթերն ինձ դեմ կռվելով միմիայն ձե՛զ են վնասում: Քարկոծեցե՛ք այդ տխմարներին, ձեր թշնամիներն են, ձեզ մոլորեցնողներն են դրանք… Մինչդեռ ե՛ս եմ ձեզ կերակրողը, ձեր բարերարը… Եվ որովհետև եկել եք այժմ ինձ խնդրելու, ահա խոստանում եմ, որ է՛լ ավելի բարի կլինեմ դեպի ձեզ, ծարավ չեմ թողնիլ, որովհետև շրթունքներս անկյուն ունեն և անկյուններից ձեզ բավականացնելու, ձեզ ծարավությունից չմեռցնելու չափ ջուր թափվում է…
Եվ գյուղացիք դողալով` լսեցին հրեշի այդ բարեսիրական խոսքերը:
Քարկոծեցին, լեռների բարձունքները քշեցին խենթին, հետո ծունկի եկած` շնորհակալ եղան վիշապից և ուրախ` վերադարձան գյուղ:
— Խոստանում եմ,— ավելացրել էր հրեշը,— ձեզ ծարավ չպիտի թողնեմ, շրթունքներիս անկյունները քիչ ավելի կբանամ, երբ դուք չափազանց ծարավություն կզգաք:
Ու այդ խոստումը, պիտի խոստովանել, մե՜ծ ազնվությամբ կատարում է նա մինչև այսօր: Շրթունքները երբեմն քիչ ավելի է բաց անում` մեղմացնելու համար ա՛յն ծարավներին, որոնք տառապանքներից պատրաստ են խենթանալու:
Այդ օրվանի՛ց ահա, ամբոխը պաշտում է հրեշին որպես բարերարի. շինում է նրա համար տաճարներ, իսկ նրա դեմ խոսող խենթերին քշո՛ւմ է դեպի լեռների բարձունքները… [105] Այստեղ կվերջանար արդեն զրույցը, եթե պետք չլիներ մի դեպք ևս պատմել:
Այդ ա՛յն է, որ մի օր հայտնվեցին մարդիկ, որոնք երազ էին տեսել, որ մոտ է, իբրև թե, հրեշի ոչնչանալու օրը և որ նրանք երազի մեջ տեսել էին հրեշն սպանողին անգամ:
Ու նկարագրում էին այդ սպանողին. որ իբր թե հուժկու մի մարդ էր կաշվե գոգնոցով, կոշտացած խոշոր ձեռքերով և ձեռքին մի մեծ կռան բռնած…
Պատմում էին այդ երազատեսները նույնպես, որ իբր թե կաշվե գոգնոցով հսկան մեծ քայլերով գնում էր դեպի հրեշը, և վիշապը լսելով նրա քայլերը, կծկվում էր ու ճգնում ավելի՛ խորը մտնելու… Կարծես վախենում էր:

Տես նաև Վրթանես Փափազյան Պատմվածքներ
Վրթանես Փափազյան | Վիշապ Վրթանես Փափազյան | Վիշապ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on августа 20, 2017 Rating: 5
Технологии Blogger.