Տորք Անգեղ


Տորք Անգեղը, որին կոչում են նաև նաև Տուրք, հայ առասպելաբանության ամենազորեղ դյուցազներից է: Հայկ նահապետի ծոռն է՝ Հայկի թոռան՝ Պասքամի որդին։ Մովսես Խորենացին իր «Հայոց պատմության» մեջ հաղորդում է, որ Տորք Անգեղը բարձրահասակ, կոպիտ կազմվածքով, դժնի հայացքով, վիթխարի ուժի տեր հսկա է, որին տգեղության համար կոչում են Անգեղ։ Նա ձեռքով որձաքար ապառաժներ է ճեղքել, եղունգներով տաշել դրանք, դարձրել տախտակներ և դարձյալ եղունգներով դրանց վրա արծիվներ է քանդակել։ Պոնտոսի ափին հարձակվել է թշնամու նավերի վրա, բլրաչափ ժայռեր է պոկել, նետել նրանց վրա, և առաջացած ծովի ալեկոծումից նավերը խորտակվել են։ «Իսկ զայր խոժոռագեղ և բարձր և կոպտարանձն և տափակաքիթ, խորակն և դժնահայեաց, ի զաւակէ Պասքամայ, ի Հայկայ թոռնէ, Տուրք անուն կոչեցեալ, որ վասն առավել ժահադիմութեանն ձայնէին Անգեղեայ, վիթխարի հասակաւ և ուժով, հաստատէ կուսակալ արևմտից, և յերեսացն անպիտանութենէ կոչէ զանուն ազգին Անգեղ տուն… Քանզի երգէին նմա բուռն հարկանել զորձաքար վիմաց ձեռօք, ուր ոչ գոյր գեզութիւն, և ճեղքել ըստ կամաց մեծ և փոքր. և քերել եղնգամքն և կազմել որպէս տախտակ, և գրել նոյնպէս եղնգամք իւրովք արծուիս և այլս այսպիսիս: Եւ յեզեր ծովուն Պոնտոսի դիպեալ նաւաց թշնամեաց` դիմէ ի վերայ. և ի խաղալն նոցա ի խորն իբրև ասպարէզս ութ, և սա ոչ ժամանեալ նոցա` առնու, ասեն, վէմս բլրաձևս, և ձգէ զկնի. և ի սաստիկ պատառմանէ ջուրցն ընկղմին նաւք ոչ սակաւք, և ամբարձումն ալեացն, որ ի պատառմանէ ջուրցն, վարէ զմնացեալ նաիսն բազում մղոնս»:
Տորք Անգեղի անվան մեջ համադրվել է երկու դիցանուն՝ հողմն ու ամպրոպը մարմնավորող հին փոքրասիական Տարու, Տարքու, Տուրգու կամ Տրգա աստծու և հին հայոց Անգեղ աստծու անունները։ Տորքի «Անգեղեա» մակդիրը Խորենացու ժամանակ ըմբռնվել է որպես տգեղ, մինչդեռ այն նշանակում է Անգեղի սերունդ, Անգեղյան։ Ելնելով դիցանվան երկրորդ ձևից՝ Տուրք, ինչպես նաև Սեբեոսի մի վկայությունից, կարելի է ենթադրել, որ հնում Տորք Անգեղը ժողովրդական ստուգաբանությամբ ըմբռնվել է որպես Անգեղ աստծու տուրք, այսինքն՝ Անգեղի տված պարգև։ Անգեղ աստծո պաշտամունքը տարածված է եղել Վանա լճի շրջակայքում, և հետագայում արտացոլվել է Մեծ Հայքի Ծոփք նահանգի «Անգեղտուն» գավառի անվան մեջ: Անգեղտուն գավառը գտնվում էր Մեծ Ծոփքից արևելք` Զիբենե գետի վրա ընկած լեռնային շրջանում, Հայկական Տավրոսի հարավահայաց լանջերին: Այն պատկանում էր նույնանուն նախարարությանը, և գլխավոր բերդը Անգեղը կամ Անգղն էր, որը և հանդիսանում էր Անգղյան նախարարների ոստանը:
Գեղարվեստական գրականության մեջ Տորք Անգեղի կերպարին անդրադարձել է Ղազարոս Աղայանը իր «Տորք Անգեղ և Հայկանուշ Գեղեցիկ» պոեմում:

Տորք Անգեղ Տորք Անգեղ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on 10:37:00 Rating: 5
Технологии Blogger.