Էդգար Ալան Պո | Մատնիչ Սիրտը

Այո, ես ջղային եմ, շատ ջղային, ահավոր ջղային։ Ես հենց սկզբից էլ ջղային էի, բայց ինչու եք ինձ խելագա՞ր կոչում։ Հիվանդությունը սրել էր, բայց չէ՞ր բթացրել, չէ՞ր վերացրել իմ զգայությունները։ Ամենից ավելի լսողությունս էր սրվել՝ չկար մի բան երկնքում կամ երկրում, որը ես չլսեի։ Ես նույնիսկ լսում էի շատ բաներ, որոնք կատարվում էին դժոխքում։ Էլ ինչո՞ւ պիտի խելագար լինեմ։ Դե լսեք և համոզվեք, թե ես որքան հանգիստ ու ողջամտորեն եմ ամեն ինչ պատմելու։
Չեմ կարող ասել, թե այդ գաղափարն առաջին անգամ երբ ծագեց իմ մտքում, բայց ծագելուց հետո ինձ գիշեր֊ցերեկ էլ հանգիստ չէր տալիս։ Ես ոչ մի հատուկ նպատակ չունեի։ Ոչ ոքի չէի ատում։ Ես սիրո՜ւմ էի ծերուկին։ Նա ինձ երբեք վատություն չէր արել։ Երբեք չէր վիրավորել։ Նրա ոսկին ինձ պետք չէր։ Մեղավորը երևի նրա աչքն էր։ Այո՛, այո՛, հենց ա՜չքը, որն ասես թե անգղի բաց երկնագույն, թափանցիկ թաղանթով պատած աչք լիներ։ Երբ էլ որ այդ աչքն ընկներ վրաս, արյունը սառում էր իմ երակներում, և այդպես, աստիճանաբար, ասես ինքն իրեն, ես հաստատ որոշեցի սպանել ծերունուն և ազատվել այդ աչքից։
Բանն էլ հենց այդ է։ Դուք ինձ խելագար եք համարում, բայց խելագարն ինքն էլ չգիտի, թե ինչ է անում։ Դուք պետք է ի՜նձ տեսած լինեիք։ Մի տեսնեիք, թե որքան հմտորեն, ինչպիսի զգուշությամբ ու հեռատեսությամբ և ինչ կեղծավորությամբ էի առաջ տանում իմ գործը։ Ես դեռ երբեք այդքան սիրալիր չէի եղել նրա հանդեպ, որքան սպանելուն նախորդող շաբաթվա ընթացքում։ Ամեն օր կեսգիշերին ես զգույշ պտտում էի բռնակը և կամաց, շատ կամաց հրում նրա սենյակի դուռը։ Երբ արդեն գլխիս չափ ճեղք էր բացվում, ես նախ ներս էի մտցնում խնամքով ծածկված լապտերը, այնպես, որ լույսի ոչ մի շող չերևար, հետո խցկում էի գլուխս։ Դուք, երևի չդիմանայիք և փռթկայիք, եթե տեսնեիք, թե որքան խորամանկորեն էի ես այդ բոլորն անում։ Ես դանդաղ, շա՜տ դանդաղ էի շարժվում, որպեսզի չարթնացնեմ ծերուկին։ Մի ամբողջ ժամ էր տևում, մինչև որ գլուխս լրիվ անցնում էր ճեղքից, և ես կարողանում էի տեսնել անկողնում պառկած ծերուկին։ Չե՞ք կարծում արդյոք, որ խելագարն այդքան խոհեմ չէր լինի։ Հետո, երբ գլուխս արդեն ներսում էր, ես զգույշ, շա՜տ զգույշ (որովհետև սռնին կարող էր ճռռալ) բացում էի լապտերի փեղկն այնքան, որ լույսի մի բարակ շող ընկներ անգղի աչքին։ Եվ այսպես յոթ երկար գիշեր, միշտ կեսգիշերին. բայց աչքն ամեն անգամ փակ էր լինում։ Գործը գլուխ չէր գալիս, քանի որ ինձ ոչ թե ծերուկն էր տանջում, այլ նրա Չար Աչքը։ Ամեն առավոտ, երբ լույսը բացվում էր, ես համարձակ մտնում էի նրա սենյակը, աներկյուղ դիմում նրան և հոգատարությամբ հարցնում, թե ինչպես է նա անցկացրել գիշերը։ Ինչպես տեսնում եք, նա չափից դուրս խորաթափանց պիտի լիներ, որպեսզի կարծեր, թե ես գիշերներն իրեն այցելում եմ։
Ութերորդ գիշերը ես հատկապես զգույշ էի բացում դուռը։ Ժամացույցի մեծ սլաքը երևի ավելի արագ էր շարժվում, քան իմ ձեռքը։ Ես դեռ երբեք այդպես չէի ըմբոշխնել իմ զորությունն ու մտքի սրությունը, հազիվ էի կարողանում զսպել ցնծությունս։ Պատկերացնո՞ւմ եք՝ ես կամացուկ բացում եմ նրա դուռը, իսկ նա երազում էլ չի տեսնում կամ զգում իմ թաքուն արարքներն ու մտքերը։ Ես նույնիսկ քմծիծաղ տվեցի այդ մտքից, և նա թերևս լսեց ինձ, որովհետև անհանգիստ շուռումուռ եկավ անկողնում: Կարծում եք ես ե՞տ մղվեցի, վախեցա՞, ո՛չ, ա՜յդ էր պակաս։ Նրա սենյակում գերեզմանի պես մութ էր (գողերի վախից նա միշտ փակում էր դրսի փեղկերը), և ես, համոզված, որ նա ինձ չի տեսնում, շարունակեցի ներս հրել դուռը։
Ես արդեն ներս էի տարել գլուխս և այն է պատրաստվում էի բացել լապտերի փեղկը, երբ մատս փականի վրայից սայթաքեց, և ծերուկն իսկույն վեր թռավ անկողնում, գոռալով՝ «ո՞վ կա այստեղ»։
Ես անշարժացա ու պապանձվեցի։ Մի ամբողջ ժամ ես քարացած կանգնել էի, բայց չլսեցի նրա պառկելը։ Նա դեռ նստած էր անկողնում ու լարված լսում էր, ճիշտ այնպես, ինչպես ե՛ս էլ մեկ-մեկ գիշերները լսում էի սենյակիս մեռելային լռությունը։
Հանկարծ մի թույլ հառաչանք լսվեց։ Ես ճանաչեցի այդ ձայնը՝ դա մահացու սարսափի հառաչանք էր։ Ոչ թե ցավի կամ վշտի, ո՛չ, այլ այն թո՜ւյլ, շնչակտուր ձայնը, որն արձակում է սարսափախեղդ արված հոգին։ Ես լա՜վ գիտեի այդ ձայնը։ Շատ անգամ, հենց կեսգիշերին, այդ հառաչանքը պատռել էր իմ սեփական կուրծքը, իր ահարկու արձագանքով ավելի սաստկացնելով մղձավանջներիս սարսափը։ Ես ձեզ ասում եմ, որ լա՛վ գիտեի այդ ձայնը: Շա՛տ լավ գիտեի, թե ինչ էր զգում ծերունին և խղճում էի նրան, թեև սիրտս չարախնդում էր։ Ես գիտեի, որ նրա քունը վաղուց էր փախել, հենց այն թույլ ձայնից, երբ նա շուռումուռ էր գալիս անկողնում։ Այդ պահից նրա վախը շարունակ սաստկացել էր։ Նա փորձել էր սրտապնդել իրեն, բայց ապարդյուն։ Նա մտածել էր. «Կա չկա մուկ էր, պարզապես քամին էր ծխնելույզում խաղում» և կամ «ծղրիդի ձայն էր, ուրիշ ոչինչ»։ Նա փորձել էր հանգստացնել իրեն այդ պատրանքներով, բայց ամեն ինչ իզուր էր, իզուր։ Որովհետև դա մահվան սև ստվերն էր գաղտագողի մոտեցել ու կառչել իր զոհից։ Այդ մռայլ ստվերի ազդեցության տակ նա թեև չէր տեսնում, բայց զգում էր իմ գլխի ներկայությունը սենյակում։
Երկար, շատ երկար ես համբերությամբ սպասում էի, որ նա պառկեր, և վերջապես որոշեցի փոքրիկ, մազաչափ մի ճեղք բանալ լապտերում։ Անհավատալիորեն դանդաղ և զգույշ ես բացեցի դռնակը, մինչև որ լույսի սարդոստայնի պես բարակ մի ճառագայթ ընկավ անգղի աչքին։
Աչքը բաց էր, լայն չռված, և նրա տեսքն ինձ կատաղեցրեց։ Ամբողջ մարմինս փշաքաղվում էր, երբ նայում էի այդ երկնագույն, քստմնելի թաղանթին։ Ծերուկի դեմքն ու մարմինը չէին երևում, քանի որ ես, ասես բնազդաբար, ճառագայթն ուղղել էի ճիշտ այդ անիծյալ կետին։
Ասում էի չէ՞, որ դուք խելագարության տեղ եք դրել զգայություններիս արտակարգ սրությունը։ Նույն այդ պահին ես լսեցի ցա՜ծր, խուլ և ընդհատվող մի ձայն, որը նման էր բամբակի մեջ փաթաթած ժամացույցի ձայնին։ Ով-ով, իսկ ես ճանաչում էի այդ ձայնը։ Դա ծերունու սրտի տրոփն էր, որը բորբոքեց իմ կատաղությունը, ինչպես թմբուկի ձայնն է խթանում զինվորի խիզախությունը։
Նույնիսկ այդ պահին ես ինձ զսպեցի և չշարժվեցի իմ տեղից։ Ես շունչս պահած ձեռքիս մեջ ամուր սեղմեցի լապտերը, աշխատելով ինչքան կարելի է անշարժ պահել նրա լույսն անգղի աչքին։ Մինչ այդ սրտի դժոխային զարկերը քանի գնում այնքան ուժեղանում էին և ավելի ու ավելի հաճախակի դառնում։ Ծերունու սարսափը պետք է որ ամեն սահման անցած լիներ։ Բաբախոցն ուժեղանում էր, դուք հասկանո՞ւմ եք, գնալով ավելի էր ուժեղանում։ Ես ձեզ արդեն ասել եմ, ուրեմն, որ ջղային եմ։ Եվ ահա ուշ գիշերով հին տան չարագուշակ լռության մեջ լսվող զարհուրելի ձայնն ինձ գրեթե խելագարության դուռը հասցրեց։ Չնայած դրան, ես կարողացա մի քանի վայրկյան ևս զսպել ինձ։ Բայց սրտի բաբախոցն ավելի ու ավելի էր սաստկանում, և ինձ թվաց, թե նա ուր որ է կպայթի։ Այդ պահին իմ մտքում մի նոր տագնապ ծնվեց՝ հարևանները կարող էին լսել բաբախոցը։ Ծերունու օրհասը եկավ։ Վայրենի ճիչով ես բացեցի լապտերի փեղկն ու ներս ցատկեցի։ Ծերունին հազիվ հասցրեց մեկ անգամ ճչալ։ Մի ակնթարթում ես նրան անկողնուց ցած գցեցի և, ծանր ներքնակի տակ ճզմելով, գոհունակությամբ ժպտացի՝ գործի կեսն արված էր։ Ծերուկի սիրտը դեռ խուլ զարկում էր, բայց դա ինձ այլևս չէր անհանգստացնում, ձայնն անչափ թույլ էր պատից անցնելու համար։ Վերջապես ամեն ինչ լռեց` ծերուկն արդեն մեռած էր։ Ես ձեռքս դրի նրա կրծքին և մի քանի րոպե պահեցի, սիրտը չէր բաբախում։ Այո, նա մեռած էր, լեշի պես սատկած։ Նրա աչքն ինձ այլևս չէր խանգարելու։
Եթե դուք ինձ դեռ խելագար եք համարում, ապա ստիպված կլինեք փոխել ձեր կարծիքը, երբ ես պատմեմ, թե ինչպիսի խելացի կանխազգուշություններով թաքցրի դիակը։ Գիշերն արդեն անցնում էր, ուստի ես գործում էի արագ, բայց անձայն: Նախ և առաջ անդամահատեցի դիակը, կտրելով նրա գլուխը, ձեռքերն ու ոտքերը։
Հետո երեք տախտակ հանեցի հատակից և կտորտանքը խցկեցի գերանների արանքը։ Այնուհետև այնքան խնամքով, խորամանկ և հմուտ տեղադրեցի տախտակները, որ ոչ մի աչք, նույնիսկ նրանը, ոչ մի կասկածելի բան չէր նկատի։ Լվանալու բան չկար՝ ոչ մի բիծ, արյան ոչ մի կաթիլ։ Ես այդքան հիմար չեմ, որ հետքեր թողնեի՝ ամեն ինչ ուղիղ լցվել էր տաշտակի մեջ, հա՜, հա՛, հա՛։
Երբ ես գործերս վերջացրի` արդեն ժամը չորսն էր, բայց դրսում դեռ մութ էր։ Նոր էր ժամացույցը զարկել, երբ ինչ-որ մեկը դրսի դուռը թակեց։ Ես հանգիստ սրտով իջա դուռը բացելու, ինչի՞ց պիտի վախենայի։ Երեք հոգի ներս մտան և ամենայն քաղաքավարությամբ հայտնեցին, թե ոստիկանությունից են եկել։ Հարևանս գիշերը ինչ-որ ճիչ էր լսել, ոճիր էր կասկածել և իմաց էր տվել ոստիկանատուն։ Նրանք (սպաները) հրաման էին ստացել տունը խուզարկելու։ Ես ժպտացի, իսկապես, վախենալու ի՞նչ ունեի, և նրանց սիրալիր ներս հրավիրեցի։ Բացատրեցի, որ ինքս էի քնի մեջ ճչացել։ Ի միջի այլոց նշեցի, որ ծերունին գյուղ է մեկնել։ Խրախուսեցի նրանց, որ լավ փնտրեն։ Ես նրանց ցույց տվի ամբողջ տունը և վերջապես բերի նրա սենյակը։ Ես ցույց տվի նրա գանձերը, ապահով ու անձեռնմխելի։ Ես այնքան ինքնավստահ էի, որ աթոռներ բերի և նրանց առաջարկեցի հանգստանալ հենց այնտեղ, նրա՛ սենյակում, իսկ ինքս կատարյալ ցնծությամբ աթոռս դրի հենց այն տախտակների վրա, որոնց տակ իմ զոհի դիակն էր։
Սպաները բավարարված էին։ Իմ անբռնազբոսիկ վարքը համոզել էր նրանց։ Նրանք նստեցին ու սկսեցին դեսից-դենից դատարկաբանել, և ես աշխուժորեն միացա նրանց զրույցին։ Բայց քիչ հետո զգացի, որ գույնս գցել եմ և արդեն ուզում էի ինչքան կարելի է շուտ ազատվել նրանցից։ Գլուխս ցավում էր, ականջներս կարծես զնգում էին, իսկ նրանք դեռ նստած շատախոսում էին։ Ականջներիս զնգոցն ուժեղանում և ավելի հստակ էր դառնում, ես ավելի ու ավելի անկաշկանդ էի խոսում, որպեսզի խլացնեմ այն, բայց շուտով համոզվեցի, որ այդ ձայնը ականջներիս մեջ չէր։
Կասկած չկար, որ ես արդեն սփրթնել էի, չնայած լեզուս ջուր էր կտրել։ Իսկ այդ ձայնը քանի գնում ուժեղանում էր, և ես ոչինչ չէի կարող անել։ Դա ցա՜ծր, խուլ և ընդհատվող մի ձայն էր, նման բամբակի մեջ փաթաթած ժամացույցի ձայնին։ Ես շնչակտուր էի լինում, բայց սպաները ոչինչ չէին լսում: Սկսեցի խոսել ավելի արագ, ավելի մոլեգինձայնը գնալով ուժեղանում էր։ Ես ոտքի կանգնեցի և ինչ-որ անիմաստ վեճ բացեցի, ձայնս բարձրացնելով ու ձեռքերս թափ տալով, բայց ապարդյուն։ Ես չէի հասկանում, թե նրանք ինչու չեն հեռանում։ Ես մոլեգնած քայլում էի սենյակով մեկ, ձևացնելով, թե վեճից բորբոքվել եմձայնն անշեղորեն ուժեղանում էր։ Աստված իմ, ես ի՞նչ կարող էի անել... Բերանս փրփրել էր, ես կոպտում էի, հայհոյում, ճոճում էի աթոռն ու հատակին խփում, բայց ձայնը ավելի, ավելի ու ավելի էր սաստկանում։ Իսկ այդ մարդիկ անհոգ ժպտում էին ու զրուցում։ Հնարավո՞ր էր արդյոք, որ նրանք չլսեին։
Ամենազո՜ր տեր, ո՛չ, նրանք, անկասկած, լսում էին, կասկածո՜ւմ, նրանք ամեն ինչ գիտե՜ինՆրանք պարզապես ծաղրո՜ւմ էին իմ սարսափը, ես այդպես էի կարծում և այժմ էլ մնում եմ նույն համոզմունքին։ Ի՜նչ ուզում է լիներ, բայց ոչ այդ սոսկալի հոգեվարքը։ Ես այլևս չէի դիմանում այդ ծաղրուծանակին, այդ կեղծավոր ժպիտներին։ Ես զգում էի, որ պիտի գոռամ, այլապես կմեռնեմԱհանորի՛ց այդ ձայնըավելի բա՜րձր, ավելի ուժգի՜ն
Ճիվաղնե՜ր,— ճչացի ես,– հերի՛ք է կեղծավորություն անեքԽոստովանում եմ, պոկե՛ք տախտակներըԱյստե՛ղ, այստե՛ղ է տրոփում նրա գարշելի սի՜րտը։

Տես նաև Էդգար Ալան Պո Պատմվածքներ
Էդգար Ալան Պո | Մատնիչ Սիրտը Էդգար Ալան Պո  | Մատնիչ Սիրտը Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on 9:37:00 Rating: 5
Технологии Blogger.