Ջանի Ռոդարի | Երիտասարդ խեցգետինը


Մի երիտասարդ խեցգետին մտածում էր.
- Ինչո՞ւ իմ ըտանիքում բոլորը քայլում են ետ-ետ: Ես այդպես չեմ ուզում: Ես ուզում եմ քայլել միայն առաջ, ինչպես գորտերը, ու թող պոչս կորցնեմ, եթե դա ինձ չհաջողվի:
Սկսեց թաքուն վարժություններ անել հարազատ գետի քարերի մեջ, ու առաջին օրերին շատ հոգնեց. ամենուր բախվում էր ինչ-որ բանի, քերծում էր զրահն ու կոխկրտում սեփական ոտքերը: Բայց, քիչ-քիչ, փորձերը սկսեցին հաջողվել, եթե իրոք ուզում ես, ապա ամեն բան էլ կարելի է սովորել:
Երբ արդեն շատ վստահ էր իր ուժերի վրա, կանգնեց իր ընտանիքի անդամների առաջ ու ասաց.
- Հապա նայե՛ք:
Ու հրաշալի քայլերով առաջ գնաց:
- Զավա՛կս, – լաց եղավ նրա մայրը,- Հո խելքդ չե՞ս թռցրել: Ուշքի ե՛կ, քայլի՛ր եղբայրներիդ պես, որ քեզ շատ են սիրում:
Բայց նրա եղբայրները միայն փռթկացնում էին: Հայրը խստորեն նրան նայեց, հետո ասաց.
- Դե հերի՛ք է: Եթե ուզում է ես մնալ մեզ հետ, քայլի՛ր ինչպես բոլոր մյուս խեցգետինները: Իսկ եթե ուզում ես համառել, գետը մեծ է. գնա՛, ու այլևս ետ չվերադառնաս:
Քաջարի խեցգետինը սիրում էր իր հարազատներին, բայց չափից ավելի էր վստահ իր վրա, որպեսզի կասկածներ ունենար.նա համբուրեց մորը, հրաժեշտ տվեց հորն ու եղբայրներին ու ճանապարհ ընկավ դեպի մեծ աշխարհ:
Անցնելիս` արթնացրեց գորտերի մի խմբի զարմանքը, որոնք որպես իսկական կանայք, հավաքվել էին իրար գլխի՝ սրանից-նրանից բամբասելու:
-Աշխարհը շուռ է եկել, -ասաց նրանցից մեկը,- նայե՛ք այս խեցգետնին ու ասացեք, որ սխալվում եմ, եթե կարող եք:
- Էլ հարգանք չի՛ մնացել,- ասաց մեկ ուրիշը:
- Վա՜յ, վա՜յ, վա՜յ, -հառաչեց երրորդը:
Բայց խեցգետինը շարունակեց քայլել իր ճանապարհով: Որոշ ժամանակ հետո լսեց, որ իրեն կանչում է մի ծեր, մեծ խեցգետին, որը դեմքի թախծոտ արտահայտություն ուներ ու մեն-մենակ կանգնել էր մի քարի մոտ.
-Բարի՛ օր,-ասաց երիտասարդ խեցգետինը:
Ծերուկը երկար նայեց նրան, հետո ասաց.
- Այս ի՞նչ ես անում: Ես էլ, երբ երիտասարդ էի, քեզ նման մտածում էի, որ խեցգտիններին պիտի սովորեցնեմ քայլել առաջ: Բայց տե՛ս, թե ինչի հասա. ապրում եմ մեն-մենակ, ու մարդիկ ավելի շուտ լեզուները կկտրեն, քան թե կխոսեն ինձ հետ: Քանի դեռ ուշ չէ, ակա՛նջ արա ինձ. համակերպվի՛ր անելու այնպես, ինչպես անում են մյուսները, ու մի օր, շնորհակալ կլինես իմ այս խորհրդի համար:
Երիտասարդ խեցգետինը չգիտեր ինչ պատասխաներ ու լուռ մնաց: Բայց ինքն իրեն ասում էր.
Չէ՛, ե՛ս եմ իրավացի:
Ու հրաժեշտ տալով ծեր խեցգետնին` հպարտորեն շարունակեց իր ճանապարհը: Տեսնես հեռու կգնա՞: Կհասնի՞ երջանկության: Կուղղի՞ այս աշխարհի բոլոր ծուռ բաները: Մենք դա չգիտենք, քանզի նա դեռ շարունակում է քայլել այն նույն քաջությամբ ու վճռականությամբ, ինչ առաջին օրը: Միայն կարող ենք նրան ի սրտե հաջողություն մաղթել՝ ասելով.
Բարի՛ ճանապարհ:

Տես նաև Ջանի Ռոդարի Հեքիաթներ
Ջանի Ռոդարի | Երիտասարդ խեցգետինը Ջանի Ռոդարի | Երիտասարդ խեցգետինը Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on 0:52:00 Rating: 5
Технологии Blogger.