Ջանի Ռոդարի | Շների երկիրը

Կար- չկար մի տարօրինակ փոքրիկ երկիր կար, որ որի եղած-չեղածը 99 տուն էր, ու ամեն տուն ուներ ճաղապատ դռնով պարտեզ, իսկ ճաղի ետևում՝ հաչող շուն:
Օրինակ Ֆիդոն համար մեկ տան շունն էր, ու նվիրվածությամբ պահպանում էր նրա բնակիչներին՝ ջերմեռանդորեն հաչելով ամեն անգամ, երբ տեսնում էր, որ անցնում է այն մյուս 98 տներից մեկի ինչ-որ բնակիչ` տղամարդ, կին կամ երեխա:
Նույնը անում էին մյուս 98 շները, որոնք հաչում էին գիշեր-ցերեկ, որովհետև ճանապարհով միշտ էլ մարդիկ էին անցնում:
Մի ուրիշ օրինակ. պարոնը, որ ապրում էր համար 99 տանը, աշխատանքից տուն վերադառնալով, պետք է անցներ բոլոր մյուս 98 տների առջևով, և ուրեմն, նաև 99 շների առջևով, որ հաչում էին նրա վրա ճաղի այն կողմից, բացելով երախները ու հասկացնելով, թե հաճույքով իրենց ժանիքները կխրեին նրա ոտքերի մեջ: Նույնը տեղի էր ունենում մյուս տների մյուս բնակիչների հետ, ու ճանապարհին որևէ մեկը մշտապես վախեցած վիճակում էր: Պատկերացրե՛ք, թե ինչ լինում, երբ օտարական էր հայտնվում: Այդ ժամանակ, բոլոր 99-ն էլ հաչում էին միաբերան, 99 տնային տնտեսուհիներ դուրս էին գալիս նայելու, թե ինչ էր կատարվում, հետո փութկոտորեն մտնում էին տուն, ամուր կողպում էին դուռը, արագ-արագ փակում էին շերտավարագույրները ու մնում էին լուռ ու մունջ, պատուհանների ետևում՝ մինչև որ օտարականը հեռանար:
Այդ երկրի բոլոր բնակիչները անընդհատ շների հաչոց լսելուց մի քիչ խլացել էին, ու իրար հետ խոսում էին հազվադեպ: Ասենք, երբեք էլ մի մեծ բան չէի ունեցել իրար ասելու կամ լսելու:
Հետզհետե, միշտ այդպես լուռ ու մռայլ մնալով` նրանք ետ վարժվեցին նաև խոսելուց: Եվ ի վերջո, այնպես եղավ, որ տան տերերը իրենց շների նման սկսեցին հաչել :
Նրանց գուցե և թվում էր, թե իրենք խոսում են, բայց երբ բացում էին բերանները, լսվում էրհա՛ֆ-հա՛ֆ”-ի նման մի բան, որից մարմին էր փշաքաղվում:
Ու այդպես, հաչում էին շները, հաչում էին տղամարդիկ ու կանայք, երեխաներն էին հաչում, երբ խաղում էին, ու 99 տները, թվում էր, դարձել էին 99 շնաբներ:
Բայց գեղեցիկ էին, ապակիների ետևում մաքուր վարագույրներ էին կախված, իսկ լուսամուտների գոգերին մինչև անգամ խորդենիներ էին դրված:
Մի անգամ, այդ երկիրը եկավ Ջովանինոն, իր հանրահայտ ճանապարհոդություններից մեկի ժամանակ:
99 շները ողջունեցին նրան խմբակային հաչոցով: Նա մի կնոջ ինչ-որ բան հարցրեց ու կինը նրան պատասխանեց հաչելով: Նա հաճոյախոսություն ասաց մի երեխայի ու որպես պատասխան լսեց ոռնոց:
- Հասկացա ,- եզրակացրեց Ջովանինոն: - Համաճարակ է:
Մտան քաղաքապետի մոտ, ու նրան ասաց.
- Ես մի հուսալի միջոց գիտեմ ձեր այս համաճարակի դեմ: Նախ, վերացրե՛ք բոլոր ճաղերը. այդպես պարտեզներն ավելի լավ կաճեն, առանց ճաղապատ ցանկապատերի: Երկրորդ, շներին տարե՛ք որսի, այդպես ավելի լավ կզվարճանան ու ավելի սիրալիր կդառնան: Երրորդ, կազմակերպե՛ք մի գեղեցիկ պարահանդես, ու առաջին վալսից հետո, անպայման կսովորեք նորից խոսել:
Քաղաքապետը նրան պատասխանեց.
-Հա՛ֆ, հա՛ֆ:
- Պարզ է, - ասաց Ջովանինոն,- ամենածանր հիվանդը նա է, ով կարծում է, թե ինքը լրիվ առողջ է:
Ու գնաց:
Գիշերները, եթե լսեք, որ շատ շներ միասին հաչում են հեռվում, կարող է պատահել, որ իսկապես շներ լինեն, բայց կարող է պատահել նաև, որ լինեն այդ տարօրինակ, փոքրիկ երկրի բնակիչները:

Տես նաև Ջանի Ռոդարի Հեքիաթներ
Ջանի Ռոդարի | Շների երկիրը Ջանի Ռոդարի | Շների երկիրը Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on 23:11:00 Rating: 5
Технологии Blogger.