Հարուկի Մուրակամի | Սառցե մարդը


Ես ամուսնացած եմ Սառցե մարդու հետ:
Ծանոթացանք լեռնադահուկային հանգստավայրի հյորանոցներում: Դժվար է պատկերացնել ավելի հարմար վայր` Սառցե մարդուն հանդիպելու համար: Նա հյուրանոցի մարդաշատ ու երիտասարդ մարդկանցով լի սրահում էր: Նստած էր բուխարուց հնարավորինս հեռու մի անկյունում` գրքով տարված: Գրեթե կեսօր էր, բայց թվում էր, թե պարզ, սառն առավոտվա լույսը լրիվ պարուրել է նրան: «Տե´ս, Սառցե մարդն է», – շշնջաց ընկերուհիներիցս մեկը: Այն ժամանակ ես գաղափար անգամ չունեի, թե ինչպիսին է Սառցե մարդը: Ընկերուհիս նույնպես չէր կարող ինձ օգնել: Նա միայն գիտեր, որ գոյություն ունի մեկը, ով կրում է Սառցե մարդ անունը: «Նա, անշուշտ, ստեղծված է սառույցից», – ավելացրեց նա` դեմքին լուրջ արտահայտություն տալով: Այնքան լուրջ, ասես խոսքը ոչ թե Սառցե մարդու, այլ ուրվականի կամ ինչ-որ վարակիչ հիվանդի մասին է:
Սառցե մարդը երիտասարդ էր, սակայն նրա կոշտ, լարանման մազերի մեջ տեղ-տեղ կարելի էր նկատել կիսահալ ձյուն հիշեցնող սպիտակ փնջեր: Բարձրահասակ էր, սառած ժայռաբեկորներ հիշեցնող դուրս ցցված այտոսկրերով, մատները ծածկված էին երբեք չհալվող սառցաշերտով: Մնացած ոչնչով չէր տարբերվում սովորական մարդուց: Ճիշտ է` գեղեցիկ չեր, բայց ոմանց, նրա արտաքինը բավական գրավիչ կարող էր թվալ: Նրա մեջ կար մի բան, որ ստիպում էր փշաքաղվել: Հատկապես լուռ, խորաթափանց հայացքը և աչքերը, որ փայլում էին ինչպես սառույցները ձմռան առավոտ. կյանքի միակ նշույլը` այդ ժամանակավոր մարմնում: Ես կանգնած էի նախասրահում` հեռվից հայացքս հառած Սառցե մարդու վրա: Նա տարված էր գրքով, չէր շարժվում և գլուխն անգամ չէր բարձրացնում` ասես փորձելով համոզել ինքն իրեն, որ բոլորովին մենակ է:
Հաջորդ օրը` կեսօրին, նա նույն տեղում էր, ինչ նախօրեին. գիրք էր կարդում: Երբ ես ճաշասենյակ գնացի ճաշելու և երբ երեկոյան ընկերներիս հետ վերադարձա դահուկներով սահելուց հետո, նա նույն աթոռին նստած և դեմքի նույն արտահայտությամբ թերթում էր նույն գրքի էջերը: Նույնը նաև հաջորդ օրը: Արևածագից արշալույս նա միայնության մեջ գիրք էր կարդում, հանգիստ, ինչպես ցուրտ ձմեռը` պատուհանից այն կողմ:
Չորրորդ օրվա կեսօրին ես, արդարացում հորինելով, չգնացի դահուկներով սահելու: Փոխարենը մնացի հյուրանոցում` թափառելով նախասրահում: Նախասրահը ասես լքված քաղաք լիներ, քանի որ բոլորը գնացել էին սահելու: Օդը տհաճորեն տաք էր` լի տարօրինակ ծանր հոտով` ձյան հոտով, որ կպել էր մարդկանց կոշիկներին և աննկատ հալվել բուխարու դիմաց: Ես նայեցի պատուհաններից դուրս, թերթեցի ամսագրի էջերը: Ի վերջո, խիզախեցի, մոտեցա Սառցե մարդուն և սկսեցի խոսել նրա հետ: Ես բավականին ամաչկոտ եմ և դժվար թե երբևէ զրույց սկսեմ անծանոթ մեկի հետ: Սակայն այդ պահին ես ամեն դեպքում պետք է խոսեի Սառցե մարդու հետ: Սա իմ վերջին օրն էր հյուրանոցում, և եթե բաց թողնեի այդ հնարավորությունը, հավանաբար, այլևս երբեք նրա հետ խոսելու առիթ չէի ունենա:
«Դուք չե՞ք սահում դահուկներով», – հարցրի ես` փորձելով մնալ հնարավորինս անտարբեր:
Սառցե մարդը դանդաղ բարձրացրեց գլուխն այնպես, ասես զգուշորեն լսում էր հեռվից փչող քամու ձայնը: Նա մի ուշադիր հայացք նետեց ինձ, ապա դանդաղ օրորեց գլուխը:
«Ոչ, – ասաց նա, – ինձ բավական է պարզապես ընթերցել և նայել դրսի ձյանը», – նրա բառերը կախվեցին օդում սպիտակ ամպի տեսքով` մանգայի կոմիքսի երկխոսության նման: Ես բառացիորեն աչքերով տեսա նրա բառերը: Նա մատների վրայից նրբորեն թափ տվեց սառույցը:
Ես չգիտեի` էլ ինչ ասել: Շիկնած մնացի անշարժ նույն տեղում կանգնած: Սառցե մարդը նայեց աչքերիս մեջ և կարծես թեթևակի ժպտաց: Իսկապե՞ս ժպտաց: Գուցե պարզապես ինձ այդպես թվաց:
«Կցանկանա՞ք նստել, – ասաց նա: – Գիտեմ, որ հետաքրքրվում եք ինձնով, այնպես որ` կարող ենք զրուցել: Ցանկանում եք իմանալ, թե ով է Սառցե մարդը, այո՞, – նա կրկին ժպտաց:- Ամեն ինչ կարգին է: Մի´ վախեցեք. միայն ինձ հետ խոսելով չեք մրսի»:
Մենք նստեցինք բազմոցին` նախասրահի անկյունում` սկսելով անվճռականորեն զրուցել և հետևել պատուհանից այն կողմ պտտվող ձյան փաթիլներին: Ես տաք կակաո պատվիրեցի, իսկ Սառցե մարդը ոչինչ չցանկացավ: Ամաչկոտությամբ նա ինձ բոլորովին չէր զիջում: Ի լրումն այս ամենի` մենք խոսելու ընդհանուր ոչինչ չունեինք: Խոսեցինք նախ եղանակի, ապա` հյուրանոցի մասին:

Տես նաև Հարուկի Մուրակամի Պատմվածքներ
Հարուկի Մուրակամի | Սառցե մարդը Հարուկի Մուրակամի | Սառցե մարդը Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on 3:14:00 Rating: 5
Технологии Blogger.