Պարույր Սևակ | Հասարակ պահանջ


Իմ ուզա՜ծը...

Իմ ուզածը կարծում եք թե շատ մեծ բա՞ն է։
Ես չե՛մ հայցում երջանկություն,
Չէ՛.
Տանջում է ինձ հասարա՜կ մի ցանկություն՝
Պա՛րզ տեսնելու,
Պա՛րզ տեսնելու ցանկությունը։

Ա՜խ, տրվե՛ր ինձ պարզ տեսնելու
Կարողությունն աստվածային...
Եվ ո՛չ միայն խավարի մեջ պարզ տեսնելու,
Այլ մինչև իսկ կրքի պահին
Պա՜րզ տեսնելու ա՛յն ստվերը,
Որ հինավուրց արևային ժամացույցի սլաքի պես
Պիտի նշի ժամանակը մեր հոգեկան՝
Այնշտայնին հաստատելով կամ հերքելով։
Պա՜րզ տեսնելու, ինչպես մե՛ր իսկ,
Այդպես նաև Երկրագնդի ընդերքներում
Մեր ու նրա ա՛յն մարմանջը,
Անանցնելի ա՛յն հին քորը,
Եվ ա՛յն եռքը անտանելի,
Որ տանջում է մեզ ու նրան,
Տանջում սաստի՜կ՝
Ստիպելով անվերջ քսվել ու քսմսվել
Մեր սեփական առաստաղին
Ու երբեմն էլ նու՛յնիսկ ծակել առաստաղը...
Պա՛րզ տեսնելու
Հրահեղուկ այդ մարմաջը-եռքը-քորը,
Ինչպես որ մենք տեսնում ենք պարզ
Խլուրդների խուլ խլիրտը
Ա՛յն խաղալիք - բլուրների ծանոթ տեսքով,
Որ վերև են մղում սրանք հողի տակից...

Բայց ո՞վ կտա ինձ այսքան բան՝ մե՛կ կոպեկով:
Չէ՜, տալիս եմ
Մի հասարա՜կ բանի համար՝
Իմ բովանդա՛կ կարողությունն ու կայքը ես
Պա՛րզ տեսնելու գեթ այն բանուկ ճանապարհը,
Որով քայլում ենք բոլորըս՝
Չիմանալով, թե մինչև ո՞ւր,
Ինչի՞ համար
Եվ արդյոք ի՞նչ նպատակով...

Պատասխանիր ինձ գոնե դո՛ւ, ի՜մ սիրելի.
Պա՞րզ է արդյոք գեթ մեր սիրո ճանապարհը։
Ու՞ր ենք գնում։
Ու՞ր կհասնենք։
Արժի՞ գնալ։

Դու լսու՞մ ես.
Ծտերն ասես ո՛չ թե երգում,
Այլ ... «ի՞նչ... ի՞նչ» են ճչում անվերջ
Եվ դրանով պատառոտում երկնի մովը,
Իսկ լորերն էլ ո՛չ թե երգում,
Այլ «չէ՛... չէ՛»-ի իրենց մեխն են մխում անվերջ
Այդ կապույտի պատռվածքում։

Ես նրանցից որի՞ն լսեմ։
Ի՛նձ չես խղճում՝ խղճա նրա՛նց.
Պատասխանի՜ր...

19.III.1964թ.         
Դիլիջան

Պարույր Սևակ | Հասարակ պահանջ Պարույր Սևակ | Հասարակ պահանջ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on 02:44:00 Rating: 5
Технологии Blogger.