Պարույր Սևակ | Միամտության խաղը

Բոլորակի մեջ հայելիների,
Հայելիների քառակուսու մեջ
Տանջում են նրանք իրենց վարսե՛րը,
Դե՛մքը, հագուստի փոթ ու դարսե՛րը,-
Ամե՜ն ինչ անում, որ նայե՛նք իրենց,
Իսկ երբ նայում ենք` չեն նայում, դիտմա՛մբ:

Իրենց են տանջում
Ու... մեզ են տանջում:

Չե՜ն նայում, դիտմա՜մբ, ու քայլում այնպե՛ս,
Վճռել են կարծես իրենց թովչանքով
Եվ իրենց անհաս - անմատույցությամբ
Ցողել փողոցը,
Պողոտան ջրել,
Իսկ մեզ էլ վառել երաշտով հրե:

Չե՛ն նայում, դիտմա՜մբ:
Կրկին քայլում են:
Եվ եթե նրանց զիստերն են դողում,
Մեր էլ` սրտերը:

Քայլում են կրկին:
Եվ արեգակը ուրիշ ո՛չ մի տեղ
Իր ազդեցությունն այնքան չի զգում,
Որքան որ նրանց դեմքերի վրա.
Նույնիսկ արևի փութանցիկ խաղից
Երանգ են տալիս ու առնում երանգ:
Եվ նրանց խոսուն մաշկին նայելով`
Փշաքաղվում է մաշկը մեր այնպես,
Ինչպես զգայուն լճակը` քամուց:

Յուրաքանչյուրը յուրովի նազում,
Օրո՜ր-շորորո՜ւմ, քայլում է կրկին,
Իրեն նայողին չի՛ նայում, դիտմա՜մբ,
Եվ մեզ մտքի մեջ համարում գուցե
Այնքա՜ն միամիտ, անգե՛տ ու անփո՛րձ,
Որ հավատում է, թե մենք չգիտենք
Իր պահվածքն ուրիշ` ինչ-որ ծառի տակ,
Ինչ-որ անկյունում, ինչ-որ սենյակում,
Ինչ-որ մեզ նման մի ինչ-որի հետ,
Որին տիրում է - անձնատուր լինում,
Որին հաղթում է և հաղթվում որից,
Որպեսզի... կյանքը նորի՛ց ու նորի՜ց
Հաղթանակ տանի`
Բարուն հակվելով
Եվ, ընդդեմ մահվան, շարունակվելով...

Եվ մի՞թե չարժե,
Եվ չարժե՞ արդյոք,
Որ կյանքի հավերժ հաղթության համար
Նրանք հավիտյան մե՛զ տանջեն այսպես
Եվ... իրե՛նց տանջեն:

17.II.1964թ.  
Երևան

Տես նաև Պարույր Սևակ Բանաստեղծություններ
Պարույր Սևակ | Միամտության խաղը Պարույր Սևակ | Միամտության խաղը Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on 23:11:00 Rating: 5
Технологии Blogger.