Պարույր Սևակ | Օդահան զանգի տակ


Ձմեռային ինչ-որ թռչուն
Երեկոյի մոտալուտն է օրհնաբանում հիմարաբար՝
Չիմանալով,
Որ վերահաս երեկոյից
Ամե՛ն անգամ քո զգլխիչ հոտն եմ առնում
Եվ որ բոլոր թռչունների կանչերի մեջ
Ես ջանում եմ միայն որսալ քո անունի վանկարկումը...

Ձյուն էր տեղում ամբողջ օրը,
Գուցե մի ձյուն համատարած-համազգային`
Հեռվից հեռու
Մեզ իրար հետ մի ցանցի մեջ միացնելով։
Եվ լռությունն արդեն թրջված-ծանրացած է հիմա այնպես,
Ինչպես որ իմ կոշիկները
Կամ թերևըս քո վերարկուն։

Ա՜խ, այս ծանր լռությունը։
Ասես մեկի հետաքրքիր ձեռքը հիմա
Այս վիթխարի լռությունն է թաքուն կործել
Կյանքի վրա և աշխարհի՝
Մեծ օդահան զանգի՛ նման.
Կամենում է կարծես փորձել,
Թե վիթխարի այս օդահան զանգի ներքո
Մեր սիրտն ինչքա՞ն կդիմանա,
Ե՞րբ կճայթի...

Մութը, իբրև լակմուսյան թուղթ, լույսն է ծծում:
Ձմեռային անտառն ասես պրկախտով է հիվանդացել։
Ինձանից դուրս
Ես փնտրում եմ ինչ-որ մի բան վստահելի,
Որից կառչել կարողանամ:
Ու չեմ գտնում ոչի՛նչ.
Չկա՜ս...
Եվ... փնչում եմ ակամայից,
Խուլ փնչում եմ ու հասկանում,
Թե ինչո՞ւ են թռչունները ճտտում այդպես։
Նրանք ճայթում կամ պայթում են
Այս օդահան զանգի ներքո։
Իմ փնչոցը
Այդ միևնույն ճայթումն է հենց՝
Նո՛ւյն օդահան զանգի ներքո...

Փորձը կարծես ավարտվում է։
Եվ ազդարար քամին հիմա կսկսի տալ
Այդ ավարտի ազդանշանն ամենազդու՝
Պրկախտավոր այս անտառը վերածելով ընկնավորի,
Թպրտալով լուսամուտի ու դռան տակ,
Թպրտալով ձների մեջ՝
Ինքը` նո՛ւյնպես մի ընկնավոր...

Խավարն արդեն խորանարդում է ինքն իրեն
Եվ իր սևը խառնակելով ձյան ճերմակին՝
Ստանում է մի գորշություն
Ու տարածում կյանքի՛, մարդկա՛նց,
Նույնիսկ մարդու շնչի՜ վրա։
Իսկ երբ նաև գորշանում է շունչը նույնիսկ՝
Սկսում են մարդիկ քնել,
Որ... գույնզգույն երազներով
Ներկեն կյանքի գորշությունը։

Իսկ ես քնել չեմ կարենում։
Եվ պտտվող Երկրի վրա,
Ինչպես հսկա խարտաքարի,
Հեսանվում է իմ գիշերը,
Որպեսզի միշտ սրված մնա զգացումը՝
Կտրատելով ա՛յն թաղանթը,
Որով սերը
Վերածվում է շրջանառու սովորության...

15.III.1964թ.         
Դիլիջան

Պարույր Սևակ | Օդահան զանգի տակ Պարույր Սևակ | Օդահան զանգի տակ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on 20:27:00 Rating: 5
Технологии Blogger.