Էդգար Պո | Անաբել Լի


Տարիներ առաջ այս երկնքի տակ
Կար երկիր անվանի.
Ապրում էր այնտեղ սիրունիկ մի աղջնակ,
Անունը՝ Անաբել Լի:
Աղջիկը չուներ ուրիշ երազանք
Ինձ սիրելուց ու ինձնից սիրվելուց բացի:
Երեխա էր նա, երեխա էի ես,
Այս ծովի ափին,
Սակայն սերը մեր սիրուց էլ էր վես
Ես ու իմ Անաբել Լին.
Սերովբեներն անգամ տենչում էին մեզ,
Տենչում մեր հոգին:
Հենց այդ պատճառով աղետ եղավ մեծ
Այս ծովի ափին,
Երկնից ահավոր մի քամի փչեց,
Սառե՜ց իմ Անաբել Լին:
Մերձավորները եկան ծանրումեծ,
Նրան փակեցին
Մի դագաղի մեջ, ու հավե՜տ քնեց
Իմ աննման Անաբել Լին:

Սակայն սերը մեր սիրուց էլ էր խոր,
Բոլոր մեծերից,
Իմաստուններից.
Անգամ դրախտի հրեշտակները բոլոր,
Չարքերը ծովի հատակից,
Ախ, չեն բաժանի հոգիս ոչ մի օր
Իմ Անաբելից:
Լուսինն ինձ շողով երազ է բերում,
Իմ սիրո՛ւն Անաբել Լի.
Աստղերն ինձ քո վառ աչքերն են բերում,
Աննման Անաբել Լի:
Ու գիշերվա մեջ պառկում եմ մենակ
Քո կողքին, անգի՛ն ու միա՛կ,
Քո դագաղի մոտ՝ այս ծովի ափին,
Գերեզմանիդ մոտ՝ այս ծովի ափին:

Թարգմանությունը անգլերենից՝ Սամվել Մկրտչյան

Տես նաև Էդգար Պո Պատմվածքներ
Էդգար Պո | Անաբել Լի Էդգար Պո | Անաբել Լի Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on 20:35:00 Rating: 5
Технологии Blogger.