Արթուր Կոնան Դոյլ | Հոլմսի վերջին գործը


Ծանրացած սրտով եմ սկսում գրել վերջին տողերն այս նոթերի, որոնք պատմում են իմ բարեկամի՝ միստր Շերլոք Հոլմսի արտասովոր տաղանդի մասին։
Ճիշտն ասած՝ ուզում էի լռել և ոչինչ չասել այն իրադարձության վերաբերյալ, ինչն իմ կյանքում այնպիսի դատարկություն թողեց, որ ոչ մի բանով լցնել չեմ կարող՝ չնայած այդ օրվանից անցել է արդեն երկու տարի։ Բայց ինձ ստիպեցին գրիչ վերցնել գնդապետ Ջեյմս Մորիարթիի վերջին նամակները, որոնցով նա պաշտպանում է իր հանգուցյալ եղբոր հիշատակը։ Ես իմ պարտքը համարեցի՝ հասարակության համար շարադրել բոլոր դեպքերն այնպես, ինչպես դրանք տեղի են ունեցել իրականում։ Միմիայն ինձ է հայտնի ամբողջ ճշմարտությունը, և ուրախ եմ, որ հասել է ժամանակը, երբ արդեն որևէ պատճառ չկա այդ թաքցնելու։
Որքան ինձ հայտնի է՝ լրագրերում հրապարակվել է միայն երեք հաղորդագրություն 1891 թվականի մայիսի 6-ին «Ժուրնալ դը Ժնև» լրագրի թղթակցությունը, «Ռոյթըրզ» գործակալության հեռագիրը մայիսի 7-ի անգլիական մամուլում և, վերջապես, օրերս ստացված նամակները, որոնք հիշատակվում են վերևում։ Այդ նամակներից առաջինն ու երկրորդը արտակարգ կերպով կրճատված են, իսկ վերջինը աղավաղում է իսկական փաստերը, ինչպես հիմա կապացուցեմ։ Իմ պարտականությունն է վերջապես հայտնել աշխարհին, թե իրականում ի՞նչ է տեղի ունեցել պրոֆեսոր Մորիարթիի և միստր Շերլոք Հոլմսի միջև։
Գուցե ընթերցողը հիշում է, որ ամուսնությունիցս անմիջապես հետո իմ ու Հոլմսի միջև եղած շատ մոտիկ հարաբերությունները որոշ չափով փոխվեցին։ Ես սկսեցի զբաղվել բժշկական մասնավոր պրակտիկայով։ Հոլմսը շարունակում էր ժամանակ առ ժամանակ այցելել ինձ, երբ ուղեկցի կարիք էր զգում իր հետաքննությունների ընթացքում, բայց այդ բանը լինում էր ավելի ու ավելի հազվադեպ, իսկ 1890 թվականին ես նրա արկածների միայն երեք հաշվետվությունը գրեցի։
Այդ տարվա ձմռանը և 1891 թվականի գարնան սկզբին լրագրերում հրապարակվեց մի նյութ, որ ֆրանսիական կառավարությունը Հոլմսին հրավիրել է Ֆրանսիա հույժ կարևոր գործի կապակցությամբ, և բարեկամիցս ստացած երկու նամակից, որ գրել էր նա Նարբոնից ու Նիմից, եզրակացրի, որ ըստ երևույթին՝ նրա մնալը Ֆրանսիայում խիստ կձգձգվի։ Դրա համար էլ մի փոքր զարմացա, երբ ապրիլի 24-ի երեկոյան նա հանկարծակի հայտնվեց իմ առանձնասենյակում։ Ես անմիջապես նկատեցի, որ նա սովորականից ավելի գունատ ու նիհարած է։
Այո՛, կարգին քայքայեցի ուժերս,— ասաց նա՝ ավելի շուտ հայացքիս, քան թե խոսքիս պատասխանելով։ Վերջին ժամանակներս ինձ համար դժվար էր աշխատելը Ի՞նչ կլինի, եթե փակեմ փեղկերը։
Սենյակս լուսավորված էր միայն սեղանի լամպի լույսով, որի ներքո սովորաբար կարդում էի։ Պատի երկայնքով զգուշորեն շարժվելով՝ Հոլմսը շրջեց ամբողջ սենյակում՝ փակելով լուսամուտների դրսի փեղկերն ու խնամքով գցելով նիգերը։
Ինչ-որ բանից վախենում եք, հա՞,— հարցրի ես։
Այո՛, վախենում եմ։
Իսկ ինչի՞ց։
Օդամղիչ հրացանից3։
Ի՞նչ եք ուզում ասել դրանով, սիրելի Հո՛լմս։
Վա՛թսըն, իմ կարծիքով՝ Դուք ինձ բավականաչափ լավ գիտեք, և Ձեզ հայտնի է, որ ես վախկոտներից չեմ։ Սակայն հաշվի չառնել մարդուն սպառնացող վտանգը՝ ավելի շուտ հիմարություն է, քան թե քաջություն։ Տվեք ինձ լուցկին, խնդրում եմ։
Հոլմսը կպցրեց գլանակը, և ըստ երևույթին՝ ծխախոտի ծուխը բարերար ազդեցություն ունեցավ նրա վրա։
Նախ և առաջ ներողություն պիտի խնդրեմ ուշ ժամին այցելելուս համար,— ասաց նա։ Եվ բացի դրանից, ստիպված եմ խնդրել Ձեր թույլտվությունը, որպեսզի երկրորդ ոչ պատշաճ մի արարք կատարեմ՝ անցնեմ Ձեր այգու հետևի պատի վրայով, քանի որ հենց այդ ճանապարհով պիտի հեռանամ Ձեր տնից։
Բայց ի՞նչ է նշանակում այս բոլորը,— հարցրի ես։
Հոլմսը ձեռքը տարավ լամպին, ու ես տեսա, որ նրա երկու մատի հոդերը քերծված են ու արյունոտ։
Ինչպես տեսնում եք, դա այնքան էլ դատարկ բան չէ,— ասաց նա ժպտալով։ Այսպես հո կարելի է ամբողջ ձեռքն էլ կորցնել։ Իսկ ո՞ւր է միսիս Վաթսընը, տա՞նն է։
Ո՛չ, նա հյուր է գնացել ծանոթների մոտ։
Ըհը՛, նշանակում է՝ Դուք մենա՞կ եք։
Միանգամայն մենակ։
Եթե այդպես է, ապա ինձ համար հեշտ կլինի առաջարկել Ձեզ հետս մի շաբաթով գալ մայրցամաք։
Հատկապես ո՞ւր։
Ուր ուզում եք, ինձ համար բացարձակապես միևնույն է։
Այս բոլորն ինձ ավելի քան տարօրինակ թվաց։ Հոլմսը ժամանակն իզուր վատնելու սովորության չուներ, և նրա գունատ ու նիհար դեմքի վրա ինչ-որ մի բան խոսում էր ծայրահեղ նյարդային լարվածության մասին։ Նա հայացքիս միջի տարակուսանքը նկատեց և, արմունկներով ծնկներին հենված ու մատների ծայրերն իրար կպցրած, սկսեց բացատրել գործերի դրությունը։
Կարծում եմ, որ Դուք պրոֆեսոր Մորիարթիի մասին ոչինչ չեք լսել, չէ՞,— հարցրեց Հոլմսը։
Ոչինչ։
Հանճարեղ է ու անբացատրելի՜։ Մարդն իր ցանցի մեջ խճճել է ամբողջ Լոնդոնը, և ոչ ոք չի լսել նրա մասին։ Հենց դա էլ քրեական աշխարհում նրան բարձրացնում է անհասանելի գագաթի։ Հավատացնում եմ Ձեզ, Վա՛թսըն, որ եթե ինձ հաջողվի հաղթել այդ մարդուն, եթե հաջողվի հասարակությանն ազատել նրանից, դա կլինի իմ գործունեության պսակը, ես իմ կարիերան կհամարեմ վերջացած և պատրաստ կլինեմ անցնել ավելի հանգիստ զբաղմունքների։ Մեր մեջ ասած, Վա՛թսըն, վերջին երկու գործը, որոնք հնարավորություն տվին Սկանդինավիայի թագավորական տոհմին ու Ֆրանսիայի Հանրապետությանը որոշ ծառայություն մատուցել, ինձ համար միջոցներ ստեղծեցին, որ ես իմ հակումներին ավելի համապատասխանող կյանք վարեմ ու ամբողջապես զբաղվեմ փորձերով քիմիայի ասպարեզում։ Բայց դեռ չեմ կարող հանգստանալ, չեմ կարող անվրդով բազմել աթոռիս, քանի դեռ պրոֆեսոր Մորիարթիի նման մարդը ազատ ման է գալիս Լոնդոնի փողոցներում։
Ի՞նչ է արել նա։
Օ՜, անսովոր կենսագրություն ունի։ Նա լավ ընտանիքի որդի է, փայլուն կրթություն է ստացել և բնականից օժտված է մաթեմատիկական բացառիկ ընդունակություններով։ Երբ նրա քսանմեկ տարին լրացավ, Նյուտոնի երկանդամի մասին մի աշխատություն գրեց, որը նրան հայտնի դարձրեց ամբողջ Եվրոպայում։ Դրանից հետո նա մեր գավառական համալսարաններից մեկում մաթեմատիկայի ամբիոն ստանձնեց, և ամենայն հավանականությամբ՝ նրան փայլուն ապագա էր սպասում։ Բայց Մորիարթին անմարդկային դաժանության ժառանգական հակում ունի։ Նրա երակներում ոճրագործի արյուն է հոսում։ Եվ այդ դաժանությունն ավելի վտանգավոր դարձավ նրա արտասովոր խելքի շնորհիվ։ Վատ լուրեր էին պտտվում նրա մասին այն համալսարանի ավանում, որտեղ նա դասախոսում էր, և վերջիվերջո նա ստիպված էր թողնել ամբիոնն ու տեղափոխվել Լոնդոն, որտեղ երիտասարդներին սկսեց քննության պատրաստել՝ սպայական աստիճանի համար։ Սրանք հանրահայտ փաստեր են, իսկ հիմա Դուք կլսեք, թե ինչ հաջողվեց իմանալ ինձ։
Ինչպես Ձեզ հայտնի է, Վա՛թսըն, Լոնդոնի քրեական աշխարհն ինձանից լավ իմացող չկա։ Եվ ահա, վաղուց սկսել եմ զգալ, որ շատ հանցագործների թիկունքում գոյություն ունի ինձ անհայտ մի ուժ՝ կազմակերպող հզոր մի ուժ, որ գործում է ի հեճուկս օրենքի, կեղծած անձնավորություններով քողարկված։ Ամենաբազմազան դեպքերում, լինի դա կեղծիք, կողոպուտ, թե սպանություն, քանի՜-քանի անգամ եմ զգացել այդ ուժի ներկայությունը և տրամաբանելու միջոցով հայտնաբերել եմ դրա հետքերը նաև դեռևս չբացված այն ոճրագործություններում, որոնց հետաքննությանը անմիջականորեն չեմ մասնակցել։ Շատ տարիների ընթացքում փորձել եմ ճեղքել այդ ուժը թաքցնող վարագույրն ու անցնել, և ահա հասել է ժամանակը, երբ գտել եմ թելի ծայրն ու սկսել քանդել հանգույցը, մինչև որ այդ թելը, հազարավոր խորամանկ կապերից հետո, ինձ բերեց ու հասցրեց նախկին պրոֆեսոր Մորիարթիին՝ հայտնի մաթեմատիկոսին։
Պրոֆեսոր Մորիարթին հանցագործների աշխարհի Նապոլեոնն է, Վա՛թսըն։ Նա այս քաղաքի բոլոր չարագործությունների կեսի ու չբացահայտված բոլոր հանցագործությունների կազմակերպիչն է։ Նա հանճար է, փիլիսոփա, նա մի մարդ է, որ կարողանում է մտածել վերացականորեն։ Այդ մարդն առաջնակարգ խելքի տեր է։ Սարդի նման նա անշարժ նստած է իր ոստայնի կենտրոնում, բայց այդ ոստայնը հազարավոր թելեր անի, և նա զգում է դրանցից ամեն մեկի թրթիռը։ Նա ինքը հազվադեպ է գործի դիմում, միայն պլան է կազմում։ Բայց նրա գործակալները բազմաթիվ են ու հրաշալի կազմակերպված։ Եթե որևէ մեկին պետք լինի մի փաստաթուղթ գողանալ, կողոպտել մի տուն, ճամփից հեռացնել մի մարդու, բավական է, որ տեղեկացնեն պրոֆեսորին, և հանցագործությունը կնախապատրաստվի, հետո էլ կիրագործվի։ Կարող է պատահել, որ գործակալին բռնեն։ Այդպիսի դեպքերում փող միշտ էլ ճարվում է, որպեսզի այդ գործակալին երաշխավորությամբ բաց թողնեն կամ դատապաշտպան հրավիրեն։ Բայց գլխավոր ղեկավարը՝ նա, ով ուղարկել է այդ գործակալին, երբեք չի բռնվի, նա կասկածանքից վեր է։ Այսպիսին է այն կազմակերպությունը, Վա՛թսըն, որի գոյությունը հայտնաբերեցի տրամաբանելու ճանապարհով, և իմ ամբողջ եռանդը տրամադրել եմ այդ կազմակերպությունը գտնելու և ջախջախելու գործին։
Սակայն պրոֆեսորը քողարկված է խորամանկորեն և այնքան հոյակապ է պաշտպանված, որ չնայած իմ բոլոր ջանքերին՝ դատարանի վճռի համար բավարար հանցանշաններ ներկայացնելն անհնար է։ Դուք գիտեք, թե ես ինչի եմ ընդունակ, սիրելի՛ Վաթսըն, բայց ինչ էլ լինի, երեք ամիս անց ստիպված եմ խոստովանել, որ վերջապես հանդիպել եմ արժանավոր հակառակորդի։ Այն սարսափը, որ ներշնչում էին ինձ այդ մարդու ոճրագործությունները, գրեթե տեղը զիջեց նրա վարպետության նկատմամբ տածած հիացմունքին։ Սակայն վերջիվերջո նա մի վրիպում կատարեց՝ փոքրիկ, բոլորովին փոքրիկ վրիպում, բայց նրան թույլատրելի չէր անգամ այդ փոքրիկը, որովհետև նրան կրնկակոխ հետևում էի ես։ Հասկանալի է, որ ես օգտվեցի այդ վրիպումից և, դա ելակետ ընդունելով, Մորիարթիի շուրջն սկսեցի հյուսել իմ ցանցը։ Այդ ցանցն այժմ գրեթե պատրաստ է, և երեք օր հետո, այսինքն՝ մոտակա երկուշաբթի օրը, ամեն ինչ կվերջանա։ Պրոֆեսորն ու նրա հրոսակախմբի գլխավոր անդամները արդարադատության ձեռքում կլինեն։ Իսկ հետո կսկսվի մեր դարի քրեական ամենախոշոր դատավարությունը։ Կպարզվի բոլոր քառասուն առեղծվածային ոճրագործությունների գաղտնիքը, և բոլոր մեղավորները կկրեն իրենց պատիժը։ Բայց հերիք է, որ շտապենք, մի սխալ քայլ անենք, և նրանք կարող են ձեռքներիցս դուրս պրծնել նույնիսկ ամենավերջին պահին։
Ամեն ինչ լավ կլիներ, եթե ես կարողանայի գործել այնպես, որ պրոֆեսոր Մորիարթին չիմանար այդ։ Բայց նա չափից անց խարդախ է։ Նրան հայտնի էր դառնում իմ յուրաքանչյուր քայլը, որը ես անում էի՝ նրան իմ ցանցի մեջ գցելու համար։ Շատ անգամ է փորձել նա դուրս պրծնել այդ ցանցից, բայց ամեն անգամ ես նրա ճանապարհը փակել եմ։ Իսկապես ասած, բարեկա՛մս, եթե այս լռելյայն պայքարի մանրամասն նկարագրությունը հնարավոր լիներ հրապարակել մամուլում, դա կգրավեր իր տեղը դետեկտիվի պատմության մեջ եղած ամենափայլուն և հուզիչ գրքերի շարքում։ Ես երբեք չեմ հասել այսպիսի բարձրության և երբեք հակառակորդիս գործողություններից այսքան դժվարություններ չեմ քաշել։ Նրա հարվածներն ուժեղ էին, բայց ես հետ էի մղում դրանք ավելի մեծ ուժով։ Այս առավոտ ձեռնարկեցի վերջին քայլերս, ու ինձ պետք էր ևս երեք օր, միայն երեք օր, որպեսզի գործն ավարտեմ։ Նստած էի սենյակումս ու մտմտում էի այս գործի մասին, երբ հանկարծ դուռը բացվեց։ Իմ դեմ կանգնած էր պրոֆեսոր Մորիարթին։
Ես պողպատե ջղեր ունեմ, Վա՛թսըն, բայց խոստովանում եմ, որ չկարողացա չցնցվել՝ իմ առաջ տեսնելով մի մարդու, որն զբաղեցնում էր իմ բոլոր մտքերը։ Նրա արտաքինն առաջ էլ լավ ծանոթ էր ինձ։ Նա շատ նիհար է և բարձրահասակ, ճակատն սպիտակ է, լայն և ուռուցիկ, աչքերը՝ խորն ընկած։ Դեմքը մաքուր սափրած է, գունատ, ասկետիկ պրոֆեսոր Մորիարթիից նրա մեջ ինչ-որ բան դեռ մնացել էր։ Ուսերը կորացած են՝ երևի միշտ գրասեղանի առաջ նստելուց, իսկ գլուխն առաջ է եկած ու դանդաղ, օձի գլխի պես, այսուայն կողմ է ճոճվում։ Նրա ծակող աչքերն ուղղակի մեխվեցին իմ մեջ։
«Ձեր ճակատի ոսկրերն այնքան զարգացած չեն, ինչպես սպասում էի,— ասաց նա վերջապես։ Լցրած ատրճանակը սեփական խալաթի գրպանում պահելը վտանգավոր սովորություն է, մի՛ստր Հոլմս»։
Եվ իսկապես, երբ նա ներս մտավ, անմիջապես հասկացա, թե ինչ վիթխարի վտանգ է սպասում ինձ չէ որ նրա փրկության միակ հնարավորությունն այն էր, որ ստիպեր իմ լեզվին լռելու ընդմիշտ։ Դրա համար էլ ատրճանակս սեղանի դարակից կայծակի արագությամբ տեղափոխեցի գրպանս և այդ պահին շոշափում էի մահուդի վրայից։ Մորիարթիի նկատողությունից հետո ատրճանակը գրպանիցս հանեցի և, ձգանը մարտական վիճակի բերելով, դրեցի սեղանին՝ իմ առաջ։ Մորիարթին շարունակում էր ժպտալ ու աչքերը կկոցել, բայց նրա աչքերի արտահայտության մեջ ինչ-որ մի բան ստիպեց ինձ ուրախանալ, որ զենքս մոտիկ է։
«Երևի Դուք չե՞ք ճանաչում ինձ»,— ասաց նա։
«Ընդհակառակը,— առարկեցի ես,— ինձ թվում է, թե Ձեզ համար դժվար չէր հասկանալ, որ ճանաչում եմ։ Նստեցեք, խնդրեմ։ Եթե Դուք ուզում եք ինձ որևէ բան ասել, կարող եմ տրամադրել Ձեզ հինգ րոպե»։
«Այն բոլորը, ինչ ուզում էի Ձեզ ասել, Դուք արդեն գուշակեցիք»,— պատասխանեց նա։
«Այդ դեպքում Դուք, հավանաբար, արդեն գուշակեցիք իմ պատասխանը»։
«Դուք հաստա՞տ եք կանգնած Ձեր ասածի վրա»։
«Միանգամայն հաստատ»։
Նա ձեռքը գրպանը կոխեց, իսկ ես սեղանի վրայից վերցրի ատրճանակս։ Բայց նա գրպանից հանեց միայն ծոցատետրը, որտեղ խզմզված էին ինչ-որ թվականներ։
«Դուք իմ ճանապարհի վրա եք կանգնել հունվարի չորսին,— ասաց նա։ Քսաներեքին նորից անհանգստություն եք պատճառել ինձ։ Փետրվարի կեսին Դուք շատ լուրջ կերպով խռովեցիք իմ հանգիստը։ Մարտի վերջին Դուք միանգամայն քանդեցիք իմ պլանները, իսկ այժմ Ձեր անդադար հետապնդման պատճառով այնպիսի դրության մեջ եմ ընկել, որ իմ առջև ծառացել է ազատությունս կորցնելու իրական վտանգը։ Այսպես շարունակվել չի կարող»։
«Ի՞նչ եք առաջարկում»,— հարցրի ես։
«Ձեռք քաշեք այդ գործից, մի՛ստր Հոլմս,— ասաց նա՝ ճոճելով գլուխը։ Ճիշտ եմ ասում, ձեռք քաշեք»։
«Երկուշաբթվանից հետո»,— պատասխանեցի։
«Բավական է, մի՛ստր Հոլմս։ Դուք չափազանց խելացի եք և, իհարկե, կհասկանաք ինձ Ձեզ անհրաժեշտ է վերանալ մեջտեղից։ Ինքներդ գործն այնպես տարաք, որ ուրիշ ելք չկա։ Ես մտավոր հաճույք ստացա՝ պայքարի Ձեր մեթոդները դիտելով, և հավատացեք, շատ կվշտանայի, եթե ինձ ստիպեիք դիմել ծայրահեղ միջոցների Դուք ժպտում եք, սը՛ր, բայց հավատացնում եմ Ձեզ, որ անկեղծ եմ խոսում»։
«Վտանգն իմ մասնագիտության անխուսափելի ուղեկիցն է»,— նկատեցի ես։
«Դա ոչ թե վտանգ է, այլ անխուսափելի ոչնչացում,— առարկեց նա։ Դուք ոչ թե մի մարդու ճանապարհին եք կանգնած, այլ վիթխարի մի կազմակերպության, որի ամբողջ հզորությունը անգամ Դուք, Ձեր ամբողջ խելքով հանդերձ, ի վիճակի չեք ըմբռնելու։ Դուք, մի՛ստր Հոլմս, մի կողմ պիտի քաշվեք, կամ թե չէ՝ Ձեզ կտրորեն ոտքերի տակ»։
«Վախենում եմ,— ասացի ես՝ ոտքի կանգնելով,— որ մեր այս հաճելի զրույցի պատճառով կարող է բաց թողնեմ մի կարևոր գործ, որն ինձ ուրիշ տեղ է կանչում»։
Վեր կացավ նաև Մորիարթին և, գլուխը թախծալի օրորելով, անխոս նայեց ինձ։
«Ի՜նչ արած,— ասաց նա վերջապես,— շատ եմ ափսոսում, բայց արեցի այն ամենը, ինչ կարող էի։ Ձեր խաղի բոլոր քայլերը ես գիտեմ։ Մինչև երկուշաբթի Դուք անզոր եք։ Սա մենամարտ է իմ և Ձեր միջև, մի՛ստր Հոլմս։ Դուք հույս ունեք, որ ինձ մեղադրյալի աթոռին կնստացնեք հայտարարում եմ Ձեզ, որ դա երբեք չի լինի։ Դուք հույս ունեք, որ կհաղթեք ինձ հայտարարում եմ, որ դա երբեք չի հաջողվի։ Եթե Դուք կարողանաք կործանել ինձ, ապա հավատացնում եմ, որ Դուք էլ ինձ հետ կկործանվեք»։
«Դուք ինձ այնքան հաճոյախոսություններ ասացիք, մի՛ստր Մորիարթի, որ ուզում եմ նույն ձևով պատասխանել Ձեզ, դրա համար էլ կասեմ, որ հանուն հասարակական բարիքի ուրախությամբ կհամաձայնեի երկրորդին, եթե հավատացած լինեի առաջինի նկատմամբ»։
«Առաջինը խոստանալ չեմ կարող, բայց պատրաստակամությամբ խոստանում եմ երկրորդը»,— արձագանքեց նա չար հեգնանքով։
Եվ կորացած թիկունքով դառնալով իմ կողմը՝ դուրս եկավ՝ հետ-հետ նայելով ու աչքերը կկոցելով։
Այսպիսին էր իմ յուրահատուկ հանդիպումը պրոֆեսոր Մորիարթիի հետ, և ճիշտն ասած՝ դա իմ մեջ թողեց տհաճ մի զգացում։ Պրոֆեսորի արտահայտվելու նուրբ և չափած-ձևած ոճը ստիպում է մարդու հավատալ նրա անկեղծությանը, որ հատուկ չէ սովորական հանցագործներին։ Նա սնապարծի մեկը չի։ Դուք, իհարկե, կասեք ինձ «Իսկ ինչո՞ւ չդիմել ոստիկանության օգնությանը»։ Բայց բանն այն է, ախր, որ հարվածը ոչ թե հենց ինքը կհասցնի, այլ իր գործակալները, հավատացած եմ։ Եվ ես արդեն ապացույցներ ունեմ։
Արդեն հարձակո՞ւմ են գործել Ձեզ վրա։
Սիրելի իմ Վա՛թսըն, պրոֆեսոր Մորիարթին այն մարդկանցից չէ, որոնք սիրում են հետաձգել գործը երկար ժամանակով։ Նրա հեռանալուց հետո՝ ժամը տասներկուսին մոտ, հարկ եղավ գնալ Օքսֆորդ-սթրիթ։ Բենթինք-սթրիթի և Վելբըք-սթրիթի անկյունում փողոցն անցնելիս ես տեսա զույգ ձիեր լծած մի ֆուրգոն, որը սարսափելի արագությամբ սլանում էր ուղիղ ինձ վրա։ Հազիվ հասցրի ցատկել մայթ։ Վայրկյանի մի չնչին մասն էլ բավական էր, որ ես ջնջխվեի կառքի տակ ու մեռնեի։ Ֆուրգոնն անցավ անկյունն ու մի ակնթարթում անհետացավ։ Դրա համար էլ որոշեցի մայթից այլևս չիջնել, բայց Վերե-սթրիթում տներից մեկի կտուրից ընկավ մի աղյուս և փշուր-փշուր եղավ ոտքերիս մոտ։ Ես կանչեցի ոստիկանին ու կարգադրեցի նայել դեպքի տեղը։ Վերանորոգման համար կտուրին դարսված էին աղյուսներ ու շիֆերի սալիկները, և ինձ ուզում էին համոզել, թե աղյուսը քամին է գցել։ Իհարկե, ես ավելի լավ գիտեի գործի էությունը, բայց ապացույց չունեի։ Մի կառք վարձեցի ու հասա եղբորս՝ Փել Մելում գտնվող բնակարանը, որտեղ և անցկացրի ամբողջ օրը։ Այնտեղից ճանապարհվեցի ուղիղ Ձեզ մոտ։ Ճանապարհին ինձ վրա հարձակվեց մի սրիկա՝ մահակը ձեռքին։ Ես գետնին տապալեցի այդ մարդուն, և ոստիկանությունը բռնեց նրան, բայց երդվում եմ, որ ոչ մի մարդու չի հաջողվի բացահայտել կապն այդ ջենթլմենի, որի ատամներին խփելով այսօր ջարդեցի ձեռքս, և մաթեմատիկայի այն համեստ ուսուցչի միջև, որը հիմա հավանաբար խնդիրներ է լուծում քարետախտակի վրա՝ այստեղից տասը կիլոմետր հեռու։ Հիմա Դուք կհասկանաք, Վա՛թսըն, թե ինչու երբ Ձեր տուն եկա, ամենից առաջ փակեցի փեղկերը, և թե ինչու ինձ հարկավոր եղավ խնդրել Ձեր թույլտվությունը՝ այստեղից գնալ ոչ թե շքամուտքով, այլ մի ուրիշ՝ ավելի քիչ նկատելի ճանապարհով։
Մի անգամ չէ, որ հիացել եմ բարեկամիս խիզախությամբ, բայց այդ օրն ինձ առանձնապես զարմացրեց նրա հանգիստ թվարկումն այն դեպքերի, որոնք այնքան էլ պատահական չէին։
Հուսով եմ, որ ինձ մոտ կգիշերեք, այնպես չէ՞,— հարցրի ես։
Ո՛չ, բարեկա՛մս, կարող է պատահել, որ վտանգավոր հյուր դառնամ։ Ես արդեն մտմտացել եմ գործողության մի ծրագիր, և ամեն ինչ լավ կվերջանա։ Հիմա գործն այն աստիճանին է հասել, որ ձերբակալումը կարող են առանց ինձ էլ կատարել։ Իմ օգնությունը հարկավոր կլինի միայն դատաքննության ժամանակ։ Այսպիսով՝ այն մի քանի օրը, որ դեռ մնում է մինչև ոստիկանության վճռական գործողությունները, ավելի լավ կլինի մեկնեմ մեկ ուրիշ տեղ։ Եվ շատ ուրախ կլինեի, եթե Դուք կարողանայիք ինձ հետ գալ մայրցամաք։
Հիմա քիչ հիվանդներ ունեմ,— ասացի ես,— իսկ գործընկերս, որ ապրում է հարևան շենքում, սիրով կհամաձայնի փոխարինել ինձ։ Այնպես որ, հաճույքով կգամ Ձեզ հետ։
Եվ կարող եք հենց վաղն աոավոտյան էլ մեկնե՞լ։
Այո՛, եթե դա անհրաժեշտ է։
Օ՜, միանգամայն անհրաժեշտ է։ Այժմ լսեք իմ կարգադրությունները, և խնդրում եմ Ձեզ, Վա՛թսըն, հետևել դրանց կետ առ կետ, որովհետև մենք երկուսով պետք է կռիվ մղենք Եվրոպայի ամենատաղանդավոր սրիկայի և ոճրագործների ամենահզոր միավորության դեմ։ Այսպես, ուրեմն, լսեցեք։ Ձեր ուղեբեռը, առանց վրան նշելու, թե ուր է գնում, հենց այս երեկո մի վստահելի մարդու միջոցով պետք է ուղարկեք Վիկտորիա կայարանը։ Առավոտյան ծառային կուղարկեք կառք վարձելու, բայց կասեք, որ ո՛չ առաջին հանդիպած կառքը վարձի, ո՛չ էլ երկրորդ։ Դուք կնստեք կառք ու կգնաք Ստրենդ՝ Լոուդըրյան վաճառաշարքի կողմը, ըստ որում՝ հասցեն կգրեք մի թղթիկի վրա, կտաք կառապանին ու կասեք, որ նա ոչ մի դեպքում դեն չգցի։ Վարձը նախօրոք կտաք, և հենց որ կառքը կանգ առնի, վայրկենապես մտեք վաճառաշարք՝ այն հաշվով, որ ուղիղ ինն անց քառորդ լինեք նրա մյուս ծայրում։ Այստեղ՝ հենց մայթի եզրի մոտ, կտեսնեք մի փոքր կառք։ Կառքը կվարի կարմիր երիզով շրջանավորված օձիք ունեցող սև, թանձր անձրևանոց հագած մի մարդ։ Կնստեք այդ կառքը և կայարան կհասնեք ճիշտ ժամանակին, որպեսզի ընկնեք մայրցամաք գնացող ճեպընթացը։
Իսկ որտե՞ղ կհանդիպեմ Ձեզ։
Կայարանում։ Մեզ համար ազատ կթողնեն առաջին կարգի երկրորդ կուպեն։
Ուրեմն մենք կհանդիպենք արդեն վագոնո՞ւմ։
Այո՛։
Շատ իզուր էի համոզում Հոլմսին, որպեսզի մնա ինձ մոտ գիշերելու։ Ինձ համար պարզ էր, որ նա վախենում է անախորժություններ բերել իրեն ապաստան տվող տան վրա, և որ դա այդ տնից նրան վանող միակ պատճառն է։ Մի քանի հապճեպ ցուցումներ ևս տալով ինձ վաղվա մեր ծրագրերի վերաբերյալ՝ Հոլմսը վեր կացավ, ինձ հետ միասին դուրս եկավ պարտեզ, մագլցեց-անցավ ուղիղ Մորթիմըր-սթրիթի կողմը եղած պատը, սուլոցով մոտ կանչեց մի կառք, և իմ ականջին հասավ հեռացող անիվների թխկթխկոցը։
Հաջորդ առավոտյան ես ամենայն ճշտությամբ կատարեցի Հոլմսի ցուցումները։ Կառքը վարձեցի բոլոր նախազգուշական միջոցներից հետո դա ոչ մի կերպ ծուղակ լինել չէր կարող, և նախաճաշից անմիջապես հետո մեկնեցի պայմանավորված տեղը։ Լոուդըրյան վաճառաշարքին հասնելով՝ ես ամբողջ արագությամբ, ինչքան որ հնարավոր էր, սլացա նրա միջով ու տեսա մի ծածկակառք, որ սպասում էր ինձ, ինչպես պայմանավորվել էինք։ Հենց որ նստեցի այդ փակ կառքը, մուգ անձրևանոցով փաթաթված վիթխարահասակ կառապանը մտրակեց ձին և մի ակնթարթում ինձ հասցրեց Վիկտորիա կայարանը։ Հազիվ էի իջել, երբ նա ձիու գլուխը թեքեց ու նորից սլացավ՝ իմ կողմն անգամ չնայելով։
Դեռևս ամեն ինչ հիանալի էր գնում։ Իմ ուղեբեռն արդեն սպասում էր կայարանում, ու ես առանց դժվարության գտա Հոլմսի հիշատակած կուպեն թեկուզ նրանով, որ դա միակն էր՝ դռանը գրած «զբաղված է» մակագրությամբ։ Դրանից հետո ինձ սկսեց անհանգստացնել Հոլմսի բացակայությունը։ Նայեցի կայարանի ժամացույցին մինչև գնացքի մեկնելը մնացել էր ընդամենը յոթ րոպե։ Մեկնողների ու ճանապարհողների բազմության մեջ իզուր էի փնտրում բարեկամիս նիհարավուն կերպարանքը, նա չկար։ Մի քանի րոպե սպանեցի՝ օգնելով իտալացի մի պատկառելի քահանայի, որն աղավաղված անգլերենով փորձում էր բեռնակրին բացատրել, թե իր ուղեբեռն ուղիղ պետք է ուղարկվի Փարիզ։ Հետո մի անգամ էլ պտտվեցի կառամատույցով ու վերադարձա իմ կուպեն, որտեղ տեսա արդեն ծանոթ զառամյալ իտալացուն։ Բանից դուրս եկավ, որ քահանան այդ կուպեի տոմս չունի, բայց բեռնակիրն, այնուամենայնիվ, նրան նստեցրել է այդտեղ։ Անօգուտ էր ճանապարհիս անկոչ ուղեկցին բացատրել, որ նրա ներխուժումն ինձ համար տհաճ է ես իտալերեն ավելի վատ գիտեի, քան թե նա՝ անգլերեն։ Դրա համար էլ միայն ուսերս վեր քաշեցի ու շարունակեցի լուսամուտից տագնապահար նայել դուրս՝ սպասելով բարեկամիս։ Ինձ արդեն սկսում էր տիրել վախը, հանկարծ ու նրա բացակայությունը նշանակում է, որ գիշերը նրան ինչ-որ դժբախտություն է պատահել։ Բոլոր դռներն արդեն փակվեցին, շոգեքարշը սուլեց, երբ հանկարծ
Սիրելի Վա՛թսըն, Դուք նույնիսկ չբարեհաճեցիք բարևել ինձ,— իմ կողքին արտասանեց ինչ-որ մեկը։
Ապշած հետ նայեցի։ Տարեց քահանան կանգնած էր դեմքով դեպի ինձ։ Մի վայրկյան նրա կնճիռները հարթվեցին, քիթը ծնոտից գնաց մի կողմ, ցածի շրթունքը դադարեց առաջ ցցվելուց, իսկ բերանը՝ չփչփացնելուց, խամրած աչքերը փայլեցին առաջվա կրակով, կոր մեջքն ուղղվեց։ Բայց այս բոլորը տևեց մի ակնթարթ, և Հոլմսը չքացավ նույնքան արագ, որքան հայտնվեց։
Ողորմա՜ծ Աստված,— բացականչեցի ես։ Ա՛յ թե վախեցրիք ինձ
Մեզ համար դեռ անհրաժեշտ է մեծագույն զգուշություն պահպանել,— շշնջաց նա։ Հիմքեր ունեմ կարծելու, որ նրանք գտել են մեր հետքը։ Ահա և ինքը Մորիարթին։
Երբ Հոլմսն արտասանում էր այս բառերը, գնացքն արդեն շարժվեց։ Լուսամուտից դուրս՝ դեպի հետ նայելով՝ տեսա բարձրահասակ մի մարդու, որը բազմությունը կատաղորեն այսուայն կողմ էր հրում և թափահարում ձեռքը, կարծես թե ցանկանում էր գնացքը կանգնեցնել։ Բայց արդեն ուշ էր, շարժման արագությունն անընդհատ ավելանում էր, և շատ շուտով կայարանը հետ մնաց։
Ահա, տեսա՞ք,— ասաց Հոլմսը ծիծաղելով,— չնայած մեր բոլոր նախազգուշական միջոցներին՝ հազիվհազ կարողացանք պոկվել այդ մարդկանցից։
Նա վեր կացավ, հանեց իր դիմակահանդեսի պարագաները՝ սև կապան ու գլխարկը, և դրեց ուղեպայուսակը։
Առավոտյան լրագրերը կարդացե՞լ եք, Վա՛թսըն։
Ո՛չ։
Ուրեմն դեռ չգիտե՞ք, թե ինչ է պատահել Բեյքր-սթրիթում։
Բեյքր-սթրիթո՞ւմ։
Այս գիշեր նրանք հրկիզել են մեր բնակարանը, բայց մեծ վնաս չեն տվել։
Հապա ի՞նչ անենք, Հո՛լմս։ Այս բոլորն անտանելի է դառնում։
Ինչպես երևում է, մահակավոր գործակալի ձերբակալվելուց հետո նրանք վերջնականապես հետքս կորցրել են, ապա թե ոչ՝ չէին կարող երևակայել, որ ես տուն եմ վերադարձել։ Բայց հետո, ըստ երևույթին, սկսել են հետևել Ձեզ ահա թե ինչը Մորիարթիին բերեց Վիկտորիա կայարան։ Կայարան գալիս Դուք հո որևէ վրիպում չե՞ք ունեցել։
Ես ամենայն ճշտությամբ կատարել եմ Ձեր բոլոր ցուցումները։
Կառքը տեղում գտա՞ք։
Այո՛, նա ինձ էր սպասում։
Իսկ կառապանին ճանաչեցի՞ք։
Ո՛չ։
Դա եղբայրս էր՝ Մայքրոֆթը։ Այսպիսի գործերի ժամանակ ավելի լավ կլինի վարձու մարդուն մասնակից չդարձնել սեփական գաղտնիքներին։ Իսկ հիմա մենք պետք է մտածենք, թե ինչպես վարվենք Մորիարթիի հետ։
Քանի որ մենք գնում ենք ճեպընթացով, իսկ նավը կմեկնի, երբ մեր գնացքը տեղ հասնի, ինձ թվում է, որ հիմա Մորիարթին արդեն չի հասնի մեզ։
Սիրելի իմ Վա՛թսըն, ախր ասացի Ձեզ, որ երբ խոսքը բանականությանն է վերաբերում, այդ մարդուն պետք է մոտենալ ճիշտ այն չափանիշով, ինչ չափանիշով որ ինձ ես մոտենում։ Մի՞թե Դուք կարծում եք, թե հետապնդողի տեղը որ ես լինեի, նման չնչին խոչընդոտն ինձ կկարողանար կանգնեցնել։ Իսկ եթե ոչ, հապա ինչո՞ւ այդքան վատ կարծիք ունեք նրա մասին։
Բայց ի՞նչ կարող է անել նա։
Նույն բանը, ինչ որ ես կանեի։
Այդ դեպքում ասացեք, թե ինչպե՞ս կվարվեիք Դուք։
Արտակարգ գնացք կպատվիրեի։
Բայց չէ՞ որ, միևնույն է, կուշանա։
Ոչ մի դեպքում։ Մեր գնացքը կանգ է առնում Քենթըրբերիում, իսկ այնտեղ ամենաքիչը մի քառորդ ժամ ստիպված ես լինում սպասել նավի։ Հենց այնտեղ էլ նա կհասնի մեզ։
Այնպիսի տպավորություն է ստացվում, որ հանցագործները մենք ենք և ոչ թե նա։ Հենց որ նա տեղ հասնի, հրամայեցեք ձերբակալել։
Դա կոչնչացներ երեք ամսվա աշխատանքիս պտուղները։ Դրանով մենք խոշոր ձկանը կբռնեինք, իսկ մանրերը ցանցից կծլկեին տարբեր կողմեր։ Երկուշաբթի օրը նրանք բոլորն էլ մեր ձեռքում կլինեն։ Ո՛չ, ձերբակալումն այժմ անթույլատրելի է։
Ի՞նչ անենք հապա։
Մենք պետք է իջնենք Քենթըրբերիում։
Իսկ հետո՞։
Իսկ հետո ստիպված կլինենք գնալ Նյուհեյվըն, այնտեղից էլ՝ Դյեպ։ Մորիարթին էլի կանի այն, ինչ կանեի ես կգա Փարիզ, նշաններ կանի մեր ճամպրուկների վրա և ուղեբեռի պահասենյակում երկու օր կսպասի։ Մինչ այդ, մենք մեզ համար գորգից կարած երկու ուղեպարկ կգնենք՝ այսպիսով խրախուսելով այն վայրերի արդյունաբերությունը և առևտուրը, որտեղով կճանապարհորդենք, և հանգիստ կերպով Լյուքսեմբուրգի ու Բազըլի վրայով կուղևորվենք Շվեյցարիա։
Ես ավելի քան հմուտ ճանապարհորդ եմ և այդ պատճառով ինքս ինձ թույլ չտվեցի վշտանալ ուղեբեռի կորստյան համար, բայց խոստովանում եմ, որ ինձ համար շատ տհաճ էր այն միտքը, թե մենք պետք է խույս տանք ու թաքնվենք մի ոճրագործից, որի հաշվում այդքան զազրելի չարագործություններ կան։ Սակայն Հոլմսն, իհարկե, իրերի դրությունն ավելի լավ էր հասկանում։ Դրա համար էլ Քենթըրբերիում մենք իջանք գնացքից։ Այստեղ իմացանք, որ Նյուհեյվընի գնացքը մի ժամից հետո կշարժվի միայն։
Ես ընկճված դեռ նայում էի հեռվում անհետացող բեռնատար վագոնին, որն արագորեն տանում էր իմ բոլոր հագուստները, երբ Հոլմսը թևս քաշեց ու մատնացույց արեց երկաթուղագծերը։
Տեսնո՞ւմ եք, թե ինչքան արագ հասավ,— ասաց նա։
Հեռվում՝ Քենթի անտառների միջով, ձգվում էր ծխի բարակ մի ծորք։ Մի րոպե անց շոգեքարշից ու մի վագոնից կազմված մեկ ուրիշ գնացք երևաց դեպի կայարան գնացող ռելսերի կորագծի վրա։ Մենք հազիվ հասցրինք ինչ-որ հակերի հետևը թաքնվել այդ գնացքը չխկչխկոցով ու դղրդոցով սուրաց մեր կողքով՝ տաք գոլորշու մի շիթ մղելով մեր դեմքերին։
Անցավ,— ասաց Հոլմսը՝ հայացքով ռելսերի վրա վեր-վեր թռչող ու թեթևակի օրորվող վագոնին հետևելով։ Ինչպես տեսնում եք, մեր բարեկամի խորաթափանցությունն էլ սահման ունի։ Իսկական հրաշք կլիներ, եթե նա ճիշտ ու ճիշտ նույն եզրակացություններն աներ, ինչ որ ես արեցի, և գործեր դրանց համապատասխան։
Իսկ ի՞նչ կաներ, եթե հասներ մեզ։
Անկասկած կփորձեր ինձ սպանել։ Բայց չէ՞ որ ես էլ ձեռքերս ծալած չէի սպասի նրան։ Հիմա ամբողջ հարցն այն է՝ նախաճաշե՞նք այստեղ, թե՞ խիզախենք մեռնել սովից ու սպասել մինչև Նյուհեյվըն հասնելը։
Հենց նույն գիշերը մենք հասանք Բրյուսել ու երկու օր անցկացրինք այնտեղ, իսկ երրորդ օրը շարժվեցինք դեպի Ստրասբուրգ։
Երկուշաբթի առավոտյան Հոլմսը հեռագիր ուղարկեց Լոնդոնի ոստիկանությանը, և երեկոյան, մեր հյուրանոցը գալով՝ մենք այնտեղ գտանք պատասխանը։ Հոլմսը բացեց հեռագիրը, կարդաց ու, նզովելով ամեն ինչ, շպրտեց բուխարիկի մեջ։
Ես դա պետք է նախատեսեի տնքալով ասաց նա։ Փախե՜լ է։
Մորիա՞րթին։
Նրանք հանկարծակի բռնել են ամբողջ հրոսակախումբը, բացի նրանից։ Միայն նա է ճողոպրել։ Դե, իհարկե, ես մեկնեցի, և այդ մարդիկ չէին կարողանա նրա հախից գալ։ Չնայած որ համոզված էի, թե նրանց ձեռքն եմ տվել բոլոր կապերը։ Գիտե՞ք ինչ, Վա՛թսըն, ավելի լավ կլինի՝ Դուք շուտափույթ վերադառնաք Անգլիա։
Ինչո՞ւ որ։
Ես Ձեզ համար հիմա վտանգավոր ուղեկից եմ։ Այդ մարդն ամեն ինչ կորցրեց։ Եթե նա վերադառնա Լոնդոն, կորած է։ Որքան ես գիտեմ նրա բնավորությունը՝ նա իր բոլոր ուժերը կգործադրի, որ ինձանից վրեժն առնի։ Այդ բանը նա որոշակի ասաց մեր կարճատև տեսակցության ժամանակ, ու ես համոզված եմ, որ դա սոսկ սպառնալիք չէր։ Ճիշտ եմ ասում, խորհուրդ եմ տալիս Ձեզ՝ վերադարձեք Լոնդոն՝ Ձեր հիվանդների մոտ։
Բայց ես՝ հին զինվորս և Հոլմսի հինավուրց բարեկամը, հնարավոր չհամարեցի, իհարկե, այդպիսի պահին լքել նրան։ Կես ժամից ավելի մենք վիճում էինք այդ հարցի շուրջը՝ ստրասբուրգյան հյուրանոցի ճաշարանում նստած, ու հենց նույն գիշեր շարժվեցինք առաջ՝ դեպի Ժնև։
Ամբողջ մի շաբաթ մենք մեծ բավականությամբ թափառում էինք Ռոնի հովտում, իսկ հետո, անցնելով Լեյկը, ուղևորվեցինք դեռևս խոր ձյունով ծածկված լեռնանցքի վրայով, ապա Ինթըրլաքընի միջով գնացինք դեպի Մայրինգըն գյուղակը։ Դա մի հրաշալի զբոսանք էր ներքևում՝ գարնանային քնքուշ կանաչ, իսկ մեր գլխի վերևը՝ կուսական ձյուների սպիտակություն Բայց ինձ համար պարզ էր, որ Հոլմսը ոչ մի րոպե չէր մոռանում իր կյանքի վրա կախված սպառնալիքը։ Թե՛ ալպիական հարմարավետ գյուղակներում, թե՛ լեռնային խուլ կածանների վրա՝ ամենուրեք նրա սուր, արագասահ հայացքում, որով նա ուշի-ուշով ուսումնասիրում էր ամեն մի հանդիպած անցորդի դեմքը, ես տեսնում էի, որ նա հաստատորեն համոզված է վտանգի անխուսափելիության մեջ, որը կրնկակոխ գալիս էր մեր հետևից։
Հիշում եմ այսպիսի մի դեպք։ Անցնում էինք Ժեմիի միջով և խոհուն Դոուբենզիի ափով գնում էինք առաջ, երբ հանկարծ աջ կողմում վեր խոյացած ժայռից պոկվեց ապառաժի մի մեծ զանգված, մեր հետևով գլորվեց ցած ու շառաչյունով սուզվեց լիճը։ Հոլմսը վազելով բարձրացավ սրածայր գագաթն ու, վիզը ձգելով, սկսեց շուրջը նայել։ Մեզ առաջնորդող մարդն իզուր էր հավատացնում նրան, թե գարնանը քարաբեկորների փլվածքները ամենասովորական երևույթն են այդ կողմերում։ Հոլմսը ոչինչ չասաց, բայց ժպտաց այնպիսի մարդու պես, որը վաղուց է կանխագուշակել այդ դեպքերը ինչ էլ լիներ, չնայած իր ամբողջ զգուշավորությանը՝ բարեկամս վհատության չէր ենթարկվում։ Ընդհակառակը, ես չեմ հիշում, որ նրան տեսած լինեմ այդքան կենսախինդ տրամադրությամբ։ Նա նորից ու նորից կրկնում էր, որ եթե հասարակությունն ազատվի պրոֆեսոր Մորիարթիից, ինքն ուրախությամբ կդադարեցնի իր գործունեությունը։
Ինձ թվում է, Վա՛թսըն, թե ես իրավունք ունեմ ասելու, որ այնքան էլ անօգուտ չեմ անցկացրել կյանքս,— ասում էր նա,— և եթե նույնիսկ կյանքիս ուղին կտրվելու լիներ այսօր, էլի հետ կնայեի հոգեկան բավարարության զգացումով։ Իմ շնորհիվ Լոնդոնի օդն ավելի մաքուր դարձավ։ Ես ավելի քան հազար գործի եմ մասնակցել ու համոզված եմ, որ երբեք չեմ չարաշահել իմ ազդեցությունը՝ օգնելով ոչ իրավացի կողմին։ Ճիշտ է՝ վերջին ժամանակներս ինձ ավելի հրապուրում էր առեղծվածների ուսումնասիրությունը, որ մեր առջև դրել էր բնությունը, քան թե այն մակերեսային խնդիրները, որոնց պատասխանատվությունը կրում է մեր հասարակության ոչ կատարյալ կառուցվածքը։ Այն օրը, Վա՛թսըն, երբ իմ կարիերան կպսակեմ Եվրոպայի ամենավտանգավոր ու ամենատաղանդավոր ոճրագործին բռնելով կամ ոչնչացնելով, Ձեր հուշագրություններին վերջ կլինի։
Այժմ ես կաշխատեմ հակիրճ, բայց ճշգրիտ կերպով շարադրել այն մի քիչը, որ դեռ չեմ պատմել։ Ինձ համար հեշտ չէ կանգ առնել այդ մանրամասնությունների վրա, բայց ես իմ պարտքն եմ համարում ոչ մեկը բաց չթողնել։
Մայիսի 3-ին մենք հասանք Մայրինգըն բնակավայրն ու իջևանեցինք «Էնգլիշըր» հյուրանոցում, որ այն ժամանակ Փեթըր Շտայլըր-ավագն էր պահում։ Մեր հյուրանոցի տերը խելքը գլխին մարդ էր և հիանալի խոսում էր անգլերեն, որովհետև մոտ երեք տարի Լոնդոնի «Գրոուվնըր» հյուրանոցում ծառայել էր որպես ճաշարանի մատուցող։ Մայիսի 4-ի երկրորդ կեսին, նրա խորհրդով՝ մենք գնացինք լեռներն այն մտադրությամբ, որ գիշերն անցկացնենք Ռոզընլոուի գյուղում։ Հյուրանոցատերը մեզ խորհուրդ տվեց դիտել Ռայխընբախի ջրվեժը, որ գտնվում է մոտավորապես վերելքի կեսին, բայց ճանապարհից մի քիչ դուրս։ Դա իսկապես որ սարսափելի տեղ է։ Հալչող ձյունից հորդացած լեռնային հորձանքը գահավիժում է անհատակ անդունդը, և նրա ցայտերը վեր են ժայթքում, ինչպես ծուխը այրվող շենքից։ Այն կիրճը, ուր բուռն հորձանքով մղվում է ջրվեժը, շրջապատված է ածուխի պես սև ու փայլուն ժայռերով։ Ներքևում՝ անհասանելի խորության մեջ, հեղեղը նեղանում է ու դառնում փրփրադեզ մի ջրհոր, որն անդադար լցվում ու դատարկվում է և սարսափելի ուժով նորից դուրս է մղում ջուրը դեպի ատամնավոր ժայռերը։ Կանաչ շիթերի անընդհատ շարժումը, որոնք ցած են թափվում անդադար դղրդոցով, և ջրափոշու թանձր, ալեկոծվող վարագույրը, որն անկանգ մրրիկի պես ժայթքում է վեր այս բոլորը մարդուն հասցնում են գլխապտույտի և անլռելի մռնչոցով խլացնում նրան։
Մենք կանգնած էինք անդունդի եզրին ու նայում էինք խորխորատին, ուր սև քարերին զարնվելով ու փշրվելով շողշողում էր ջուրը, և լսում էինք անդունդից հասնող խորհրդավոր աղմուկը, որն ամբոխի հեռավոր գվվոց էր հիշեցնում։
Արահետը, որով մենք բարձրացանք, կիսաշրջանի ձևով է սարքած, որպեսզի ճանապարհորդները հնարավորություն ունենան ավելի լավ տեսնելու ջրվեժը, բայց վերջանում է զառիթափով, և մարդ ստիպված է լինում վերադառնալ այն ուղիով, որով եկել է։ Մենք շրջվել էինք, որ հետ դառնանք, երբ հանկարծ տեսանք շվեյցարացի մի տղայի, որը մեր կողմն էր վազում մի նամակ ձեռքին։ Ծրարի վրա այն հյուրանոցի կնիքն էր, որտեղ մենք իջևանել էինք։ Դուրս եկավ, որ նամակը հյուրանոցի տիրոջից էր և հասցեագրված էր ինձ։ Նա գրում էր, որ մեր հեռանալուց մի քանի րոպե չանցած՝ հյուրանոց ժամանեց մի անգլուհի, որը թոքախտի վերջին շրջանն է ապրում։ Անգլուհին ձմեռն անցկացրել է Դաֆոսում, իսկ այժմ գնում է Լուցերն՝ մտերիմ ընկերների մոտ, բայց ճանապարհին հանկարծ կոկորդից արյուն է գնացել։ Հավանաբար նրան մի քանի ժամից ավելի չի մնացել ապրելու, սակայն նրա համար մեծ սփոփանք կլինի, եթե իր կողքին տեսնի անգլիացի բժշկի, և եթե ես գնամ, ապա և այլն, և այլն։ Նամակի հետգրության մեջ բարեհոգի Շտայլըրն ավելացնում էր, թե ինքն էլ շատ պարտական կլինի ինձ, եթե համաձայնեմ գալ, քանի որ նորեկ կինը կտրականապես հրաժարվում է շվեյցարացի բժշկի ծառայությունից, և հյուրանոցատերը իր վրա ընկած հսկայական մի պատասխանատվություն է զգում։
Ես չէի կարող չարձագանքել այդ կանչին, չէի կարող մերժել հայրենակցուհուս խնդիրը, որ մեռնում է օտար երկրում։ Միևնույն ժամանակ վախենում էի Հոլմսին մենակ թողնել։ Բայց որոշեցինք, որ նրա հետ որպես ուղեկից ու առաջնորդող կմնա պատանի շվեյցարացին, իսկ ես կվերադառնամ Մայրինգըն։ Բարեկամս մտադիր էր մի քիչ մնալ ջրվեժի մոտ, իսկ հետո բլուրների լանջերով կամաց-կամաց ուղևորվել Ռոզընլոուի, որտեղ երեկոյան ես պիտի միանայի նրան։ Մի փոքր հեռանալով՝ հետ նայեցի Հոլմսը կանգնել էր քարափին հենված ու թևերը խաչած նայում էր ներքև՝ գահավանդի հատակին։ Այն ժամանակ չգիտեի, որ ինձ այլևս չի վիճակվի տեսնել բարեկամիս։
Իջնելով ցած՝ մե՛կ էլ նայեցի հետ։ Այդտեղից ջրվեժն այլևս չէր երևում, բայց ես նշմարեցի դեպի այն տանող կածանը, որը ոլորվում էր լեռան խորշի երկայնքով։ Այդ կածանով արագ-արագ գնում էր ինչ-որ մի մարդ։ Նրա սև ուրվագիծը պարզ ու որոշ առանձնանում էր վառ կանաչ ֆոնի վրա։ Ես նկատեցի նրան, նկատեցի այն արտասովոր արագությունը, որով բարձրանում էր նա, սակայն ես նույնպես շատ էի շտապում հիվանդիս մոտ, դրա համար էլ շուտով մոռացա այդ մարդուն։
Մոտ մի ժամ հետո հասա Մայրինգընի մեր հյուրանոցը։ Ծերունի Շտայլըրը կանգնած էր շեմքին։
Հը՛, ինչպե՞ս է,— հարցրի ես՝ մոտ վազելով,— հուսով եմ, որ հիվանդի վիճակը չի վատացել։
Նրա դեմքին զարմանք երևաց, հոնքերը բարձրացան։ Սիրտս ուղղակի պոկվեց տեղից։
Ուրեմն Դո՞ւք չեք գրել այս,— հարցրի ես՝ նամակը գրպանիցս հանելով։ Հյուրանոցում հիվանդ անգլուհի չկա՞։
Իհարկե ո՛չ,— գոչեց նա։ Բայց սա ի՞նչ է, ծրարի վրա իմ հյուրանոցի կնի՞քն է Ա՜, հասկանում եմ։ Նամակը հավանաբար գրել է բարձրահասակ անգլիացին, որ ժամանեց ձեր գնալուց անմիջապես հետո։ Նա ասաց, որ
Բայց ես չսպասեցի հյուրանոցի տիրոջ հետագա բացատրություններին։ Սարսափով համակված՝ արդեն վազում էի գյուղի փողոցով դեպի այն լեռնային կածանը, որով հենց նոր իջել էի։
Վայրէջքն ինձանից խլեց մի ժամ, և չնայած այն բանին, որ վազում էի ինչքան ոտքերումս ուժ կար՝ անցավ ևս երկու ժամ, մինչև որ հասա Ռայխընբախի ջրվեժին։ Հոլմսի ալպենշտոկը4 դեռ տնկված էր ժայռի մոտ, որտեղ թողել էի նրան, բայց ինքը՝ Հոլմսը, չկար, ու ես իզուր էի կանչում նրան։ Միակ պատասխանն արձագանքն էր, որ խուլ կերպով կրկնում էր ձայնս ինձ շրջապատող ուղղաբերձ ժայռերի մեջ։
Այդ ալպենշտոկը տեսնելով՝ սարսռեցի։ Ուրեմն, Հոլմսը չի գնացել Ռոզընլոուի։ Նա մնացել է այստեղ՝ երեք ոտնաչափ լայնություն ունեցող կածանի վրա, որը մի կողմից շրջանակված է ուղղաբերձ պատով, մյուս կողմից վերջանում է դիք զառիթափով։ Եվ այստեղ նրան հասել է թշնամին։ Պատանի շվեցարացին նույնպես չկար։ Հավանաբար, նա կաշառված էր Մորիարթիի կողմից և հակառակորդներին թողել էր երես առ երես։ Իսկ ի՞նչ է եղել հետո Ո՞վ կարող էր ասել, թե ինչ է եղել հետո
Մի երկու րոպե կանգնեցի անշարժ, սարսափով կաշկանդված, ճգնելով ուշքի գալ։ Հետո հիշեցի հենց իր՝ Հոլմսի մեթոդի մասին ու փորձ արեցի գործադրել, որպեսզի հասկանամ տեղի ունեցած ողբերգությունը։ Ավա՜ղ, դա դժվար չէր։ Հոլմսի հետ զրուցելով՝ մենք հասանք մինչև կածանի ծայրը, և ալպենշտոկը նշում էր այն տեղը, ուր մենք կանգ առանք։ Այստեղի թխավուն հողը երբեք չի չորանում հորձանքի ցայտերի պատճառով, այնպես որ թռչուն էլ եթե լինի, հողի վրա հետք կթողնի։ Ոտքատեղերի երկու շարք պարզորոշ դաջվել էին կածանի վերջում։ Դրանք ինձանից հեռանում էին։ Հետ եկող հետքեր չկային։ Կածանի վերջից մի քանի քայլ այս կողմ՝ հողն ամբողջովին տրորված էր ու փորփրված, իսկ մոշենու ու ձարխոտի թփերը, որ աճել էին զառիթափի երկայնքով, պոկոտված ու ցեխակոլոլ էին։ Երեսնիվայր պառկեցի ու սկսեցի խորազնին նայել սրընթաց հոսող հորձանքին։ Մութն ընկավ, ու ես այդ պահին կարող էի տեսնել միայն թացությունից փայլող քարե սև պատերը և ինչ-որ հեռու խորքում առկայծող ջրի անհամար ցայտերը։ Ես գոռացի, բայց ջրվեժի էլի նույն, ինչ-որ բանով մարդկանց ձայների նման խուլ որոտը միայն հասավ ականջիս։
Սակայն ճակատագրին ցանկալի էր, որպեսզի բարեկամիս ու ընկերոջս վերջին ողջույնը, համենայն դեպս, հասնի ինձ։ Ինչպես ասացի, նրա ալպենշտոկը մնացել էր հենած ցածրիկ այն քարափին, որը կախված էր կածանի վրա։ Եվ հանկարծ այդ ելուստի գլխին ինչ-որ մի բան փայլեց։ Ձեռքս վեր տարա ու տեսա, որ դա արծաթե ծխամանն էր, որ Հոլմսը միշտ պահում էր իր մոտ։ Երբ ծխամանը վերցրի, նրա տակ եղած թղթի մի քանի թերթիկ ցրիվ եկան ու ընկան գետին։ Ես վերցրի այդ թերթիկները։ Դրանք ծոցատետրից պոկված երեք թղթիկ էին և հասցեագրված էին ինձ։ Բնորոշ է, որ հասցես նույնքան պարզ էր գրած, ձեռագիրը այնքան հաստատուն էր ու հատու, ինչպես որ Հոլմսը կգրեր, եթե առանձնասենյակում նստած լիներ։
«Սիրելի իմ Վաթսըն,— ասվում էր գրության մեջ։ Այս տողերը գրում եմ շնորհիվ միստր Մորիարթիի սիրալիրության, որն ինձ սպասում է՝ մեզ երկուսիս վերաբերող հարցերի վերջնական լուծման համար։ Նա թռուցիկ կերպով նկարագրեց այն միջոցները, որոնց օգնությամբ նրան հաջողվել է դուրս պրծնել ոստիկանության ձեռքից ու իմանալ մեր երթուղու մասին։ Դրանք միայն հաստատում են իմ բարձր կարծիքը նրա աչքի ընկնող ընդունակությունների վերաբերյալ։ Ինձ համար հաճելի է կարծել, որ կարող եմ հասարակությունն ազատել հետագա անհարմարություններից, որ կապված են նրա գոյության հետ, բայց վախենում եմ, որ դա ձեռք կբերվի այնպիսի գնով, ինչը կվշտացնի իմ բարեկամներին և առանձնապես Ձեզ, շատ սիրելի իմ Վաթսըն։ Դե՛, արդեն ասել եմ Ձեզ, որ կյանքիս ուղին հասել է իր բարձրագույն կետին, և ինձ համար չէի կարող ցանկանալ ավելի լավ վերջ։ Իմիջիայլոց, անկեղծ որ խոսեմ, ես բոլորովին չէի կասկածում, որ Մայրինգընից բերված նամակը ծուղակ է և, բաց թողնելով Ձեզ, հաստատ համոզված էի, որ նման մի բան կհետևի դրան։ Հաղորդեցեք տեսուչ Փեթըրսընին, որ հրոսակախումբը մերկացնելու համար անհրաժեշտ թղթերն իմ դարակի մեջ են՝ «Մ» տառով արկղում, դա մի կապույտ ծրար է «Մորիարթի» մակագրությամբ։ Անգլիայից մեկնելուց առաջ բոլոր կարգադրություններն արել եմ գույքիս վերաբերյալ և թողել եմ եղբորս՝ Մայքրոֆթի մոտ։ Խնդրում եմ սրտագին ողջույնս հաղորդել միսիս Վաթսընին։
Անկեղծորեն Ձեզ նվիրված՝
Շերլոք Հոլմս»։
Մնացածը կարելի է պատմել երկու խոսքով։ Դեպքի վայրի հետազոտությունը, որ կատարեցին մասնագետները, ոչ մի կասկած չէին հարուցում, որ հակառակորդների գոտեմարտը վերջացել է այնպես, ինչպես անխուսափելիորեն պետք է վերջանար նման հանգամանքներում երևի նրանք միասին ընկել են անդունդը՝ այդպես էլ չբացելով իրենք մահացու գրկախառնությունը։ Դիակները փնտրելու փորձերն անմիջապես անհուսալի ճանաչվեցին, և այնտեղ՝ եռացող ջրի ու փոթորկվող փրփուրի այդ խոր կաթսայի մեջ, հավետ մնացին պառկած ամենավտանգավոր ոճրագործի և իր ժամանակի արդարադատության ամենահմուտ ջատագովի մարմինները։ Շվեյցարացի տղային այդպես էլ չգտան, հասկանալի է՝ նա Մորիարթիի տրամադրության տակ գտնվող բազմաթիվ գործակալներից մեկն էր։ Ինչ վերաբերում է հենց իրեն՝ հրոսակախմբին, ապա հավանաբար Լոնդոնում բոլորը հիշում են, թե Հոլմսի հավաքած հանցանշաններն ինչպիսի՜ լիակատարությամբ մերկացրին ամբողջ կազմակերպությունը և բացահայտեցին, թե ինչպիսի՜ երկաթե սեղմիչների մեջ էր պահում այդ կազմակերպությունը հանգուցյալ Մորիարթին՝ նրա ղեկավարն ու ոգեշնչողը։ Դատավարության ժամանակ այդ սարսափելի մարդու անձնավորությունը գրեթե մութ մնաց, և եթե ես ստիպված եղա այստեղ բաց անել ամբողջ ճշմարտությունը նրա հանցավոր գործունեության մասին, դա էլ այն անբարեխիղճ պաշտպանների շնորհիվ, որոնք փորձում էին մաքուր պատկերացնել նրա հիշատակը՝ հարձակվելով այն մարդու վրա, որին ես միշտ կհամարեմ ամենաազնիվն ու ամենաիմաստունն ինձ հայտնի բոլոր մարդկանցից։

Տես նաև Արթուր Կոնան Դոյլ Նոթեր Շերլոկ Հոլմսի մասին
Արթուր Կոնան Դոյլ | Հոլմսի վերջին գործը Արթուր Կոնան Դոյլ | Հոլմսի վերջին գործը Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on февраля 28, 2018 Rating: 5
Технологии Blogger.