Արթուր Կոնան Դոյլ | Դատարկ տունը


1894 թվականի գարնանը ամբողջ Լոնդոնը ծայր աստիճան հետաքրքրության մեջ էր, իսկ բարձր հասարակությունը՝ ցնցված երիտասարդ կոմս Ռոնալդ Ըդերի սպանությամբ, որը տեղի էր ունեցել ամենաարտասովոր և առեղծվածային հանգամանքներում։ Իր ժամանակին լայն հասարակությունը ծանոթացավ այդ հանցագործության առանձին մանրամասնությունների հետ, որոնք պարզվեցին ոստիկանական հետաքննության ընթացքում, սակայն այդ գործը այնքան լուրջ էր, որ շատ մանրամասնություններ ստիպված եղան թաքցնել։ Եվ միայն այժմ՝ գրեթե տասը տարի անց, ինձ հնարավորություն է տրված լրացնելու փաստերի այդ ապշեցուցիչ շղթայի պակաս օղակները։ Հանցագործությունն ինքնըստինքյան էլ մեծ հետաքրքրություն էր ներկայացնում, բայց նրա անըմբռնելի հետևանքներն ինձ համար հազար անգամ ավելի կարևոր էին։ Նրանք ինձ ապշեցրին ու ցնցեցին ավելի շատ, քան այն ամենը, ինչ ես տեսել եմ իմ կյանքում, իսկ իմ կյանքը առանց այն էլ հարուստ է արկածներով։ Նույնիսկ այժմ՝ այդքան տարիներից հետո էլ, այդ գործի մասին հիշելիս՝ իմ մարմնով միշտ մի սարսուռ է անցնում, և նորից եմ զգում այն անվստահությունը, զարմանքն ու բերկրանքը, որոնք համակել էին ինձ այն ժամանակ և լցրել իմ ամբողջ հոգին։ Թող, ուրեմն, այն ընթերցողները, որոնք որոշ չափով հետաքրքրվել են իմ ակնարկներով, որտեղ պատմվում է նշանավոր մարդու գործերի և խոհերի մասին, ներեն ինձ, որ ես հենց սկզբից ևեթ չբաժանեցի նրանց հետ իմ հայտնագործությունը։ Ես իմ առաջնակարգ պարտքը կհամարեի հաղորդել նրանց այս ամբողջ պատմությունը, եթե կաշկանդված չլինեի այդ նույն մարդու շուրթերից ելած վճռական արգելումով, որը վերացվեց միայն վերջերս՝ անցյալ ամսի երեքին։

Միանգամայն հասկանալի է, որ Շերլոք Հոլմսի հետ ունեցած իմ սերտ բարեկամության ժամանակից ես սկսեցի խորապես հետաքրքրվել ամեն տեսակ քրեական գործերով, իսկ այն բանից հետո, երբ նա անհետացավ, ես սկսեցի ավելի ուշադիր աչքի անցկացնել թերթերում հայտնվող չմերկացված հանցագործությունների մասին եղած հաշվետվությունները։ Նույնիսկ հաճախ է պատահել, որ ես, սեփական հաճույքի համար, փորձել եմ լուծել այդ հանցագործությունները՝ օգտվելով նույն մեթոդներից, ինչպիսին կիրառում էր իմ բարեկամը, թեև բոլորովին ոչ նույն հաջողությամբ։
Սակայն այդ հանցագործություններից և ոչ մեկը ինձ այն չափով չի հուզել, որքան Ռոնալդ Ըդերի ողբերգական մահը։ Կարդալով քննության նյութերը, որոնք միայն հաստատում էին այն, թե «սպանությունը եղել է նախամտածված և կատարված մեկ կամ մի քանի անհայտ անձնավորությունների կողմից»՝ ես ավելի խոր, քան երբևէ, գիտակցեցի, թե մեր հասարակությունը ինչպիսի՜ ծանր կորուստ է կրել ի դեմս Շերլոք Հոլմսի։ Այդ տարօրինակ գործում կային այնպիսի հանգամանքներ, որոնք, անկասկած, կգրավեին նրա հատուկ ուշադրությունը, և ոստիկանության գործողություններն ավելի կլրացվեին, կամ ավելի ճիշտ՝ կկանխվեին շնորհիվ եվրոպական հետախույզներից ամենալավի զգոն մտքի ու նուրբ դիտողականության։
Ամբողջ օրը, այցելելով իմ հիվանդներին՝ ես նորից ու նորից մտքով վերադառնում էի Ըդերի գործին, բայց այդպես էլ չէի կարողանում գտնել ոչ մի բացատրություն, որն ինձ բավարար թվար։ Համարձակվելով կրկնել այն, ինչը բոլորին արդեն հայտնի է՝ ես, այնուամենայնիվ, ուզում եմ հիշեցնել փաստերը այն ձևով, ինչ ձևով նրանք հաղորդված են եղել հասարակությանը՝ քննությունը վերջանալուց հետո։
Սըր Ռոնալդ Ըդերը մեր ավստրալիական գաղութներից մեկի նահանգապետի՝ Մանութի կոմսի երկրորդ որդին էր։ Ըդերի մայրը Ավստրալիայից եկել էր Անգլիա, որտեղ նրա աչքը պետք է վիրահատեին՝ բուժեին ոսպնյակի մթագնումը, և իր տղայի՝ Ռոնալդի, ու աղջկա՝ Հիլդայի հետ ապրում էր Փարք Լեյնում՝ № 427 տանը։ Երիտասարդը շփվում էր լավագույն հասարակության հետ, ըստ երևույթին, ոչ մի թշնամի և առանձնապես ոչ մի արատ չուներ։ Մի ժամանակ նա նշանված էր Քարստեըրզից միսս Իդիթ Վուդլիի հետ, բայց նկարագրվող դեպքերից մի քանի ամիս առաջ հարսնացուն ու փեսացուն որոշեցին բաժանվել, և դատելով ընդհանուր տրամադրությունից՝ դրանից ոչ մեկի սիրտն էլ կոտրված չէր։ Ընդհանրապես երիտասարդի կյանքն ընթանում էր ընտանեկան նեղ և բարձր դասակարգի միջավայրում, նա հանգիստ բնավորություն ուներ, խիստ չափավոր ճաշակի ու սովորությունների տեր էր։ Եվ ահա այդ անհոգ երիտասարդ արիստոկրատն էր, որ մահացավ ամենատարօրինակ, ամենասարսափելի մահով։ Այդ տեղի ունեցավ 1894 թվականի մարտի 30-ի գիշերը ժամը տասի և տասնմեկն անց քսանի միջև։
Ռոնալդ Ըդերը թղթամոլ էր և միշտ զբաղվում էր դրանով, բայց երբեք դուրս չէր գալիս խոհեմության սահմաններից։ Նա երեք ակումբների անդամ էր՝ Բոլդվինի, Քևընդիշի և Բագատելի։ Հաստատված է, որ իր մահվան օրը՝ ճաշից հետո, Բագատել ակումբում Ռոնալդը մի ռոբըր վիստ է խաղացել։ Նա այնտեղ խաղացել է նաև ճաշից առաջ։ Նրա խաղակիցներ միստր Մարին, սըր Ջոն Հարդին և գնդապետ Մորընը ցուցմունք տվին, որ խաղը իսկապես վիստ էր և վերջացավ գրեթե ոչ-ոքի։ Ըդերը, գուցե, տարվեց մոտավորապես հինգ ֆունտ, բայց ոչ ավելին։ Նա բավականաչափ հարուստ էր, և այդպիսի գումար տանուլ տալը նրան ոչ մի կերպ վշտացնել չէր կարող։ Նա խաղում էր գրեթե ամեն օր և սովորաբար տանում։ Վկաների ցուցմունքներից պարզվեց նաև, որ մոտ մեկուկես ամիս իր մահից առաջ Ըդերը, խաղալով գնդապետ Մորընի հետ, մի երեկոյի ընթացքում Գոդֆրի Միլնըրից և լորդ Բելմորըլից տարել է չորս հարյուր քսան ֆունտ։ Ահա բոլորը, ինչ հայտնի է նրա կյանքի վերջին շաբաթներից։
Այդ ճակատագրական օրը նա ակումբից վերադարձել էր երեկոյան ուղիղ ժամը տասին։ Մայրը և քույրը տանը չէին։ Նրանք հյուր էին գնացել։ Աղախինը երդմամբ ցուցմունք էր տվել, որ ինքը լսել է, թե ինչպես էր Ըդերը մտել իր սենյակը։ Այդ սենյակը, որ գտնվում էր երրորդ հարկում, լուսամուտներով նայում էր փողոցին և նրա համար ծառայում էր որպես հյուրասենյակ։ Երիտասարդ կոմսի գալուց առաջ աղախինը այնտեղ վառել էր բուխարիկը, և որովհետև սենյակը լցվել էր ծխով, նա բացել էր լուսամուտը։ Մինչև ժամը տասնմեկն անց քսան րոպե սենյակից ոչ մի ձայն չէր լսվել այդ ժամանակ տուն էին վերադարձել Մանութի լեդին և իր աղջիկը։ Մանութի լեդին ցանկացել էր մտնել որդու մոտ՝ բարի գիշեր ասելու, բայց նրա սենյակի դուռը ներսի կողմից փակ էր եղել, և չնայած կանչերին ու դուռը ծեծելուն՝ ոչ ոք ձայն չէր հանել։ Այդ ժամանակ նա տագնապ էր բարձրացրել, և դուռը ստիպված էին եղել ջարդել։ Դժբախտ երիտասարդը սեղանի մոտ ընկած էր հատակին նրա գլուխը ատրճանակի գնդակով սոսկալի այլանդակված էր, բայց սենյակում ոչ մի զենք չէր գտնվել, սեղանի վրա դրված էին երկու տասը ֆունտանոց պարտատոմս և տասնյոթ ֆունտ տասը շիլինգ արծաթով և ոսկով, ընդ որում՝ դրամները դարսված էին տարբեր մեծության փոքրիկ սյուներով։ Նրանց կողքին դրված էր թղթի մի թերթ, որի վրա գրված էին թվեր, իսկ նրանց դիմաց՝ Ըդերի ակումբային ընկերներից մի քանիսի անունները։ Դրանից կարելի էր եզրակացնել, որ հենց մեռնելուց առաջ երիտասարդը զբաղվել էր թղթախաղում տարած և տարված հաշիվներով։
Բոլոր հանգամանքների մանրակրկիտ քննությունից հետո պարզվեց, որ գործը շատ ավելի հանելուկային է։ Ամենից առաջ հասկանալի չէր, թե ինչու էր երիտասարդը դուռը ներսից փակել։ Ճիշտ է՝ դուռը կարող էր փակել նաև մարդասպանը, իսկ հետո դուրս թռչել լուսամուտից, բայց լուսամուտը գտնվում էր գետնից ամենաքիչը մի քսան ոտնաչափ բարձրության վրա, իսկ նրա տակ գտնվող ծաղկող քրքումների թմբին ոչինչ չէր կպել, տրորված ոչ մի ծաղիկ չկար։ Ոչ մի հետք չէր մնացել նաև նեղ ճեմաշերտի վրա, որը տունը բաժանում էր ճանապարհից։ Եվ այդպես, ըստ երևույթին՝ դուռը փակել էր ինքը՝ Ռոնալդ Ըդերը։ Սակայն ինչպե՞ս էր տեղի ունեցել նրա մահը։ Չէ՞ որ ոչ ոք չէր կարող ներս մտնել լուսամուտից՝ առանց որևէ հետք թողնելու։ Իսկ եթե ենթադրենք, որ մարդասպանը կրակել է լուսամուտից, ապա ըստ երևույթին՝ նա նշանավոր հրաձիգ է եղել, քանի որ ատրճանակի մի գնդակով այդպիսի տարածության վրա մարդ սպանելը չափազանց դժվար է։ Բացի այդ, Փարք Լեյնը մարդաշատ փողոց է, և ընդամենը մի հարյուր յարդ հեռավորության վրա գտնվում է կառքերի կանգառը։ Բայց ոչ ոք կրակոցի ձայն չի լսել։ Մինչդեռ առկա է սպանվածը, և առկա՝ ատրճանակի գնդակը, որը ծակել ու դուրս էր եկել գլխից և, դատելով վերքի բնույթից, հանդիսանում էր վայրկենական մահվան պատճառը։
Այդպիսին էին Փարք Լեյնում կատարված խորհրդավոր սպանության հանգամանքները, մի սպանություն, որի առեղծվածայնությունը շոշափելի մոտիվների լրիվ բացակայության պատճառով ավելի էր ուժեղանում։ Չէ՞ որ, ինչպես ես ասացի, երիտասարդ Ըդերը ոչ մի թշնամի չուներ, իսկ սենյակում գտնված դրամներին ու արժեքավոր իրերին ձեռք չէր կպել։
Ամբողջ օրը ես մտքիս մեջ քննում էի այդ բոլոր փաստերը՝ փորձելով կիրառել նրանց նկատմամբ որևէ տեսություն, որը, կարող էր պատահել, հաշտեցներ նրանց միմյանց հետ և գտնել «դիմադրության ամենաթույլ կետը», որն իմ խեղճ բարեկամը համարում էր ամեն տեսակ քննության ելակետ։ Պետք է խոստովանեմ, որ այդ ինձ չհաջողվեց։ Երեկոյան ես թափառում էի զբոսայգում և ժամը վեցի մոտերքին հանկարծ դուրս եկա Փարք Լեյնի և Օքսֆորդ-սթրիթի անկյունը։ Այնտեղ՝ մայթի վրա, հավաքվել էր անգործների մի խումբ և նայում էր միևնույն լուսամուտին ես կռահեցի, որ դա այն տունն է, որի համար ես եկել եմ։ Մուգ ակնոցով, բարձրահասակ ու նիհար մի մարդ, որն, իմ կարծիքով, ծպտված լրտես էր, պատահած դեպքի կապակցությամբ ինչ-որ վարկած էր զարգացնում, մյուսները նրա շուրջը հավաքված լսում էին։ Խցկվեցի ամբոխի մեջ և մոտեցա այդ մարդուն, բայց նրա դատողությունները ինձ այն աստիճան անմիտ թվացին, որ ես, զզվանքի նման մի բան զգալով, հետ քաշվեցի և աշխատեցի հեռանալ։ Այդ ժամանակ ես անզգուշաբար դիպա իմ հետևում կանգնած ինչ-որ մի կորաքամակ ծերուկի, և նրա կռնատակից թափվեցին մի քանի գրքեր։ Օգնելով նրան հավաքելու գրքերը՝ ես նկատեցի նրանցից մեկի վերնագիրը՝ «Ծառերի պաշտամունքի ծագումը», և մտածեցի, որ ըստ երևույթին՝ դա մի ինչ-որ աղքատ բիբլիոֆիլ1 է, որը ով գիտե՝ փող աշխատելու, թե դեպի արվեստը տածած սիրո շնորհիվ, հավաքում է հազվագյուտ հրատարակությունները։ Ես պատրաստվում էի ներողություն խնդրել նրանից, բայց ըստ երևույթին՝ այդ գրքերը, որոնց հետ ես դժբախտություն ունեցա այդպես անքաղաքավարի վարվել, իր տիրոջ համար մեծ արժեք ունեին, որովհետև նա, զայրացած, քթի տակ ինչ-որ բան փնթփնթաց, արհամարհանքով շուռ եկավ, և շուտով նրա կորացած մեջքն ու ալեխառն այտամորուսները ամբոխի մեջ չքացան։
Փարք Լեյնում գտնվող № 427 տան վերաբերյալ կատարած իմ դիտումները ոչնչով չօգնեցին ինձ հետաքրքրող առեղծվածի լուծման գործում։ Տունը փողոցից բաժանվում էր ցանցավոր ցածրիկ պատով, ցանցը նույնիսկ հինգ ոտնաչափ բարձրություն էլ չուներ։ Հետևաբար, ամեն մարդ էլ հեշտությամբ կարող էր մտնել պարտեզը։ Սակայն դրա փոխարեն լուսամուտը բոլորովին անմերձենալի էր։ Նրա մոտ չկար ո՛չ ջրատար խողովակ, ո՛չ որևէ ելուստ, այնպես որ պատով բարձրանալ չէր կարող անգամ ամենահմուտ մարմնամարզիկը։
Առաջվանից ավելի շատ տարակուսանքի մեջ ընկնելով՝ ես վերադարձա Քենսինգթըն և եկա տուն։ Բայց իմ առանձնասենյակում ես դեռ հինգ րոպե էլ չէի մնացել, երբ աղախինը հայտնեց, որ ինձ ինչ-որ մեկը ցանկանում է տեսնել։ Ի զարմանս իմ՝ դա ոչ այլ ոք էր, եթե ոչ իմ յուրօրինակ ծերուկ բիբլիոֆիլը։ Նրա սուր, կնճռոտ դեմքը դուրս էր նայում ալեխառն մազերի շրջանակից, մոտ մի տասնյակ իր թանկարժեք գրքերից նա բռնել էր թևի տակ։
— Դուք, իհարկե, զարմացաք իմ այցելության համար, սը՛ր,— հարցրեց նա տարօրինակ կռկռան ձայնով։
Ես հաստատեցի նրա կարծիքը։
— Գիտեք, սը՛ր, ես բարեկիրթ մարդ եմ։ Քարշ գալով նույն ճանապարհով, որով գնում էիք Դուք՝ հանկարծ տեսա, որ մտաք այս տունը, և ինքս ինձ որոշեցի, որ պետք է գնամ այդ սիրալիր պարոնի մոտ ու ներողություն խնդրեմ նրանից։ Գուցե մի փոքր կոպիտ վարվեցի, սը՛ր, բայց հավատացեք՝ ես չէի ուզում Ձեզ վիրավորել և շատ եմ շնորհակալ, որ Դուք գետնից բարձրացրիք իմ գրքերը։
— Չարժե խոսել այդպիսի աննշան բաների մասին,— ասացի ես։— Եվ թույլ տվեք հարցնել, Դուք ինչպե՞ս իմացաք իմ ով լինելը։
— Համարձակվում եմ ասել, սը՛ր, որ ես Ձեր հարևանն եմ։ Իմ փոքրիկ գրախանութը գտնվում է Չերչ-սթրիթի անկյունում, և ես երջանիկ կլինեմ, եթե Դուք երբևէ ինձ այցելեք։ Գուցե Դուք նույնպես գրքեր եք հավաքում, սը՛ր։ Ահա «Բրիտանիայի թռչունները», «Կատուլուսը», «Սրբազան պատերազմը»։ Գնեցեք, սը՛ր։ Շատ էժան կտամ։ Հինգ հատորը իսկ և իսկ կլցնի Ձեր գրապահարանի երկրորդ դարակի դատարկ տեղը, այլապես նա շատ անվայելուչ տեսք ունի, ճի՞շտ չէ, սը՛ր։
Ես շրջվեցի, որպեսզի նայեմ դարակին, իսկ երբ գլուխս նորից դարձրի, իմ գրասեղանի մոտ կանգնել ու ժպտում էր Շերլոք Հոլմսը։ Ես տեղիցս վեր թռա և մի քանի վայրկյան լուռ զարմանքով նայում էի նրան, իսկ հետո, ըստ երևույթին՝ գիտակցությունս առաջին, և հույս ունեմ՝ վերջին անգամ իմ կյանքում, կորցրի։ Հիշում եմ միայն, որ ինչ-որ գորշ մի մշուշ պատեց աչքերս, իսկ երբ այն ցրվեց, պարզվեց, որ օձիքս արձակված է, և շրթունքներիս զգացի կոնյակի համ։ Հոլմսը իմ աթոռին խոնարհված կանգնած էր՝ ձեռքին բռնած տափաշիշը։
— Իմ սիրելի Վա՛թսըն,— ասաց ինձ ծանոթ ձայնը,— հազար անգամ ներողություն եմ խնդրում։ Ոչ մի կերպ չէի ենթադրի, որ սա այդպես կազդի Ձեզ վրա։
Ես բռնեցի նրա ձեռքից։
— Հո՛լմս,— բղավեցի ես։— Մի՞թե Դուք եք։ Մի՞թե Դուք իսկապես կենդանի եք։ Հնարավո՞ր բան է արդյոք, որ Ձեզ հաջողվել է ազատվել այդ սարսափելի անդունդից։
— Սպասեցեք մի րոպե,— պատասխանեց նա։— Արդյոք իսկապե՞ս Դուք ի վիճակի եք խոսել այդ կարգի բաների մասին։ Իմ չափից դուրս դրամատիկ հայտնությունը Ձեզ շատ խիստ հուզեց։
— Ես ինձ արդեն լավ եմ զգում, բայց իսկապես որ, Հո՛լմս, աչքերիս չեմ հավատում։ Գթասիրտ Աստված, մի՞թե այդ Դուք եք, Դուք, և ոչ թե մի ուրիշն է կանգնած իմ առանձնասենյակում։
Ես նորից բռնեցի նրա թևից և շոշափեցի նրա բարակ, մկանուտ ձեռքը։
— Ոչ, Դուք ոգի չեք, այդ անկասկած է,— ասացի ես։— Սիրելի իմ բարեկա՛մ, ես որքան երջանիկ եմ՝ Ձեզ տեսնելու համար։ Ապա, նստեցեք և պատմեցեք, թե ինչպես Ձեզ հաջողվեց փրկվել այն անդունդից։
Հոլմսը նստեց իմ դիմաց և ծանոթ անփույթ շարժումով վառեց ծխախոտը։ Նրա հագին գրավաճառի հնամաշ սերթուկ էր, բայց այդ դիմակահանդեսի մնացած բոլոր իրերը՝ ալեխառն մազերի խուրձը և հին գրքերի կապոցը, գտնվում էին սեղանի վրա։ Թվում էր, թե նա ավելի շատ է նիհարել, և հայացքը դարձել է ավելի թափանցող, նրա արծվային քթով նուրբ դեմքի մեռելային գունատությունը վկայում էր, որ վերջին ժամանակներս նրա վարած ապրելակերպը առանձնապես օգտակար չի եղել իր կյանքի համար։
— Որքան հաճելի է ձգվել-ուղղվելը, Վա՛թսըն,— ասաց նա։— Բարձրահասակ մարդու համար հեշտ չէ մի ամբողջ ոտնաչափ կարճանալ և այդպիսի դրության մեջ մնալ մի քանի ժամ շարունակ։ Իսկ այժմ, սիրելի բարեկա՛մս, խոսենք լուրջ բաների մասին… Բանն այն է, որ ես ուզում եմ խնդրել Ձեր օգնությունը, և եթե Դուք համաձայն եք, այդ դեպքում մեր երկուսի համար մի ամբողջ գիշեր դժվարին ու ծանր աշխատանք կա անելու։ Ավելի լավ չէ՞ արդյոք հետաձգել իմ արկածներին վերաբերող պատմությունը մինչև այն պահը, երբ այդ աշխատանքը արդեն կատարված կլինի։
— Բայց ես հետաքրքրությունից այրվում եմ, Հո՛լմս, և կգերադասեի Ձեզ լսել հենց հիմա։
— Դուք համաձա՞յն եք այս գիշեր գալ ինձ հետ։
— Երբ և ուր ցանկանում եք։
— Ճիշտ այնպես, ինչպես հին, երանելի ժամանակները։ Գուցե մենք դեռ կհասցնենք գնալուց առաջ մի բան ուտել… իսկ այժմ այդ անդունդի մասին։ Ինձ համար այնքան էլ դժվար չէր դուրս գալ այնտեղից այն պարզ պատճառով, որ ես երբեք նրա մեջ չեմ եղել։
— Չեք եղե՞լ։
— Ո՛չ, Վա՛թսըն, չեմ եղել։ Բայց իմ՝ Ձեզ հասցեագրված երկտողը գրված էր միանգամայն անկեղծորեն։ Երբ հանգուցյալ պրոֆեսոր Մորիարթիի չարագուշակ կերպարանքը հանկարծ հայտնվեց փոքրիկ, նեղ շավղում՝ փակելով իմ միակ փրկության ճանապարհը, ես բոլորովին համոզված էի, որ ինձ համար ամեն ինչ վերջացած է։ Նրա գորշ աչքերում ես կարդացի մի անողոք որոշում։ Մենք մի քանի խոսքեր փոխանակեցինք, և նա սիրալիրությամբ թույլ տվեց ինձ գրել մի կարճ երկտող, որը և Դուք հետագայում ստացաք։ Իմ ծխախոտատուփի և ալպենշտոկի հետ թողի այն, իսկ ինքս շավղով շարժվեցի առաջ։ Մորիարթին գալիս էր իմ հետևից։ Հասնելով մինչև շավղի վերջը՝ ես կանգ առա այլևս գնալու տեղ չկար։ Նա ոչ մի զենք չհանեց, այլ նետվեց իմ վրա և իր երկար ձեռքերով գրկեց ինձ։ Նա գիտեր, որ իր երգը երգված է, և միայն մի բան էր ուզում՝ ինձնից վրեժ լուծել։ Առանց միմյանց բաց թողնելու՝ մենք քաշքշվում էինք զառիթափի եզրին։ Բայց ես մի քիչ ծանոթ եմ ճապոնական ըմբշամարտի «բարիծուի» ձևերին, որոնք մի անգամ չէ, որ ինձ ծառայություն են ցույց տվել։ Ինձ հաջողվեց նրանից պոկվել։ Նա վայրենի ճիչ արձակեց և մի քանի վայրկյան խելագարի նման օրորվում էր՝ ձեռքով բռնելով օդը։ Բայց, չնայած գործադրած բոլոր ճիգերին՝ նրան չհաջողվեց պահպանել հավասարակշռությունը և գահավիժեց ներքև։ Խոնարհվելով զառիթափին՝ ես դեռ երկար ժամանակ հետևում էի, թե ինչպես է նա ընկնում անդունդը։ Հետո նա զարկվեց ժայռի ցցվածքին և ընկղմվեց ջուրը։
Ես խորին հուզմունքով էի լսում Հոլմսին, որը պատմելու հետ միաժամանակ հանգիստ ծխում էր իր ծխախոտը։
— Բայց հետքերը,— բղավեցի ես։— Ես իմ սեփական աչքերով եմ տեսել երկու զույգ ոտքերի հետքեր, որոնք շավղով իջել էին ներքև, իսկ հակառակ ուղղությամբ՝ հետքերի ոչ մի նշույլ։
— Այդ տեղի ունեցավ այսպես։ Այն վայրկյանին, երբ պրոֆեսորը անհետացավ անդունդի խորքում, ես հանկարծ հասկացա, թե ինչ արտասովոր հաջողություն է ուղարկում ինձ ճակատագիրը։ Ես գիտեի, որ Մորիարթին միակ մարդը չէր, որ որոնում էր իմ մահը։ Դեռ երեքից ոչ պակաս գործակիցներ մնում էին, ղեկավարի կործանումը նրանց սրտերում կարող էր միայն բորբոքել վրեժի ծարավը։ Նրանք բոլորն էլ չափազանց վտանգավոր մարդիկ էին։ Նրանցից որևէ մեկին անպայման կհաջողվեր մոտ ապագայում վերջ տալ ինձ։ Իսկ եթե նրանք մտածեին, որ ես այլևս կենդանի չեմ, կսկսեին գործել ավելի բացահայտորեն, իրենց կմատնեին ավելի հեշտ, և վաղ թե ուշ ինձ կհաջողվի նրանց ոչնչացնել։ Հենց այդ ժամանակ էլ ես կհայտարարեմ, որ կենդանի եմ։ Մարդկային ուղեղը աշխատում է արագ պրոֆեսոր Մորիարթին, ըստ երևույթին, դեռ չէր էլ հասել Ռայխընբախյան ջրվեժի հատակը, երբ ինքս արդեն այդ պլանը կազմեցի։
Ես վեր կացա և դիտեցի իմ թիկունքում վեր ձգված ժայռապատը։ Իմ ողբերգական մահվան մասին գեղարվեստորեն գրած Ձեր հաշվետվության մեջ, որը ես մի քանի ամիս անց մեծ հետաքրքրությամբ կարդացի, Դուք պնդում եք, որ իբր թե ժայռապատը եղել է միանգամայն ուղղաձիգ և հարթ։ Այդ ոչ բոլորովին է այդպես։ Ժայռի վրա կային մի քանի փոքրիկ ցցվածքներ, որոնց վրա կարելի էր ոտք դնել, և բացի դրանից, մի քանի նշաններից ես հասկացա, որ փոքր-ինչ ավելի վերևում ժայռի վրա մի փոսիկ կա… Ժայռն այնքան բարձր էր, որ նրա գագաթը մագլցելը բացարձակապես անհնարին էր, ինչպես և հնարավոր չէր գնալ խոնավ շավղով՝ առանց հետքեր թողնելու։ Ճիշտ է՝ ես կարող էի կոշիկներն այնպես հագնել, որ կրունկներն առջևի կողմից լինեին, ինչպես ես վարվել եմ հաճախ նման դեպքերում, բայց մի ուղղությամբ գնացող երեք զույգ ոտքերի հետքերը անխուսափելիորեն կհանգեցնեին այն մտքին, որ այդ կատարված է դիտավորյալ։
Եվ այդպես, ավելի լավ էր համարձակորեն վեր բարձրանալ։ Բանից դուրս եկավ, որ այդ այնքան էլ հեշտ չէ, Վա՛թսըն։ Իմ ոտքերի տակ մռնչում էր ջրվեժը։ Ես զուրկ եմ վառ երևակայությունից, բայց երդվում եմ Ձեզ՝ ինձ թվում էր, թե ես լսում եմ անդունդից բարձրացող Մորիարթիի աղերսանքների ձայնը։ Ամենափոքրիկ սխալն ինձ համար կարող էր լինել ճակատագրական։ Մի քանի անգամ, երբ խոտի փունջը պոկվում ու մնում էր ձեռքիս, կամ երբ ոտքս սայթաքում էր ժայռի խոնավ ցցվածքների վրայից, ես կարծում էի, որ ամեն ինչ վերջացած է։
Սակայն շարունակում էի վեր մագլցել և, վերջապես, հասա մինչև մի բավական խոր, փափուկ ու կանաչ մամուռով ծածկված ճեղքի։ Այստեղ ես կարող էի առանց որևէ մեկի կողմից նկատվելու պառկել և հանգստանալ։ Եվ այստեղ էլ ես պառկած էի այն ժամանակ, երբ Դուք, իմ սիրելի Վա՛թսըն, և բոլոր նրանք, ում որ բերել էիք Ձեզ հետ, փորձում էիք շատ հուզիչ, բայց անարդյունք կերպով վերականգնել իմ մահվան պատկերը։
Ի վերջո, անխուսափելի, բայց, այնուամենայնիվ, միանգամայն սխալ եզրակացություններ անելով կատարվածի մասին՝ Դուք գնացիք Ձեր հյուրանոցը, և ես մնացի մենակ։ Ես կարծում էի, թե իմ արկածները վերջացան, բայց մի բոլորովին անսպասելի դիպված ցույց տվեց, որ ինձ դեռ քիչ անակնկալներ չեն սպասում։ Վերևից ժայռի մի հսկայական բեկոր հանկարծ աղմկելով ցած սլացավ իմ կողքից, զարկվեց արահետին և գահավիժեց անդունդը։ Առաջին պահին ես այդ վերագրեցի հասարակ պատահականության, սակայն երբ նայեցի վերև, հանգչող երկնքի ֆոնի վրա տեսա մի տղամարդու գլուխ, և գրեթե նույն վայրկյանին մի ուրիշ քար զարկվեց այն ժայռաճեղքի եզրին, որտեղից ընդամենը մի քանի դյույմի վրա պառկած էի ես։ Դրությունն ինձ համար պարզ դարձավ։ Մորիարթին մենակ չէր։
Նրա գործակիցը, և ես առաջին իսկ հայացքից զգացի, թե որքան է վտանգավոր նա, պահապան էր կանգնած եղել, երբ ինձ վրա հարձակվել էր պրոֆեսորը։ Հեռվից, իմ տեսողությունից թաքնված՝ նա վկա էր եղել իր բարեկամի մահվանը և իրենց ընդհանուր թշնամու փրկությանը։ Որոշ ժամանակ սպասելուց հետո՝ նա շրջանցել էր ժայռը, մյուս կողմից բարձրացել նրա գագաթը և այժմ փորձում էր անել այն, ինչ չհաջողվեց Մորիարթիին։
Ես երկար չմտածեցի այդ մասին, Վա՛թսըն։ Գլուխս դուրս հանելով՝ ժայռի վրա ես նորից տեսա այդ անձնավորության կատաղի դեմքը և հասկացա, որ դա նոր ժայռաբեկորի կանխանշան է։ Այդ ժամանակ ես սողացի ներքև՝ դեպի արահետը։ Չգիտեմ՝ ես այդ կանե՞ի արդյոք սառնարյուն վիճակում։ Վայրէջքը հազար անգամ ավելի դժվար էր, քան բարձրանալը։ Բայց ես ժամանակ չունեի մտածելու երրորդ քարը սլացավ իմ կողքով, երբ ես ձեռքերս ժայռաճեղքի եզրին գցած կախված էի։ Կես ճանապարհին ես սայթաքեցի, բայց, այնուամենայնիվ, ինչ-որ հրաշքով ընկա արահետը։ Ամբողջապես պլոկված ու արյունոտված՝ ես վազեցի ինչքան ուժ կար ոտքերումս։ Մթության մեջ լեռներով անցա տասը մղոն և մի շաբաթից հետո ընկա Ֆլորենցիա՝ համոզված լինելով, որ աշխարհում ոչ ոք ոչինչ իմ ճակատագրի մասին չգիտի։ Իմ ոտքերի տակ մռնչում էր ջրվեժը։ Ես իմ գաղտնիքը հայտնեցի միայն մի մարդու՝ իմ եղբորը՝ Մայքրոֆթին։ Հազար անգամ ներողություն եմ խնդրում, սիրելի Վա՛թսըն, բայց անչափ կարևոր էր, որ ինձ համարեին մահացած, իսկ Դուք երբեք չէիք կարող գրել իմ ողբերգական մահվան մասին այդպիսի համոզեցուցիչ տեղեկություններ, եթե Դուք ինքներդ հավաստիացած չլինեիք, որ այդ ճշմարտություն է։
Այս երեք տարիների ընթացքում ես մի քանի անգամ, համբերությունս կորցրած, ուզեցել եմ Ձեզ գրել, բայց ամեն անգամ զսպել եմ ինձ՝ երկյուղելով, թե չլինի հանկարծ դեպի ինձ ունեցած Ձեր քնքուշ կապվածությունը ստիպի Ձեզ թույլ տալ որևէ անզգուշություն, որը կարող էր մատնել իմ գաղտնիքը։ Ահա թե ինչու այսօր երեկոյան ես Ձեզնից խուսափեցի, երբ Դուք թափեցիք իմ գրքերը։ Ես այդ պահին մեծ ռիսկ արի, և եթե Դուք հանկարծ զարմանքից կամ ուրախությունից բացականչեիք, ես կգրավեի որոշ մարդկանց ուշադրությունը, իսկ այդ կարող էր հանգեցնել շատ տխուր և նույնիսկ անուղղելի հետևանքների։ Ինչ վերաբերվում է Մայքրոֆթին, ուզեի-չուզեի նրան պետք է հայտնեի իմ գաղտնիքը, քանի որ դրամի կարիք ունեի։ Լոնդոնում գործերը ավելի վատ էին ընթանում, քան սպասում էի։ Մորիարթիի ավազակախմբի դատավարությունից հետո ազատության մեջ մնացին այդ խմբի ամենավտանգավոր ավազակներից երկուսը, որոնք իմ մահու թշնամիներն էին։ Այդ պատճառով երկու տարի շարունակ ես ճանապարհորդեցի Տիբեթում, հետաքրքրությունից այցելեցի Լհասա և մի քանի օր անցկացրի Դալայ Լամայի2 մոտ։ Դուք, հավանական է, կարդացել եք նորվեգացի Սիգերշոնի աղմուկ հանած հետազոտությունների մասին, բայց, իհարկե, Ձեր մտքով անգամ անցած չի լինի, որ դա փոքրիկ տեղեկություն է եղել Ձեր բարեկամի մասին։ Այնուհետև ես կտրեցի և անցա Իրանը, մտա Մեքքա և կարճ, բայց հետաքրքիր այցելությամբ եղա Խարթումում՝ խալիֆայի3 մոտ… Այդ այցելության մասին իր ժամանակին իմ կողմից հաշվետվություն է ներկայացվել արտաքին գործերի նախարարություն։
Վերադառնալով Եվրոպա՝ ես մի քանի ամիս անցկացրի Ֆրանսիայամ, որտեղ զբաղվում էի քարածխի ձյութից ստացված նյութերի հետազոտությամբ։ Դա Ֆրանսիայի հարավում՝ Մոնպելյեում գտնվող մի լաբորատորիայում էր։ Հաջողությամբ վերջացնելով փորձերը և իմանալով, որ իմ երդվյալ թշնամիներից Լոնդոնում մնացել է միայն մեկը՝ ես մտածում էի տուն վերադառնալու մասին, երբ Փարք Լեյնում կատարված առեղծվածային սպանության լուրը ինձ ստիպեց աճապարել։ Այդ գործը հետաքրքրեց ինձ ոչ միայն որպես սովորական մի հանցագործություն, այլև, ըստ երևույթին՝ նրա երևան հանելը կարողանար օգնել ինձ ի կատար ածելու նաև իմ անձնական պլանները։ Եվ այսպես, ես անհապաղ եկա Լոնդոն, անձնապես ներկայացա Բեյքր-սթրիթ, իմ հանկարծակի հայտնվելով ուժեղ հիստերիկ նոպա պատճառեցի միսիս Հադսընին և համոզվեցի, որ Մայքրոֆթը հոգացել է պահպանել իմ սենյակներն ու թղթերը ճիշտ այնպես, ինչպես նրանք առաջ էին։ Այսպիսով՝ այսօր՝ ցերեկվա ժամը երկուսին, ես ընկա իմ նախկին սենյակը, նստեցի իմ նախկին բազկաթոռի վրա, և միակ ցանկությունս մնում էր այն, որ իմ հին բարեկամ Վաթսընը նստեր կողքիս՝ մյուս բազկաթոռի վրա, որը նա այնպես հաճախ էր զարդարում իր անձով։
Այդպիսին էր ապրիլյան այն երեկոյին իմ լսած հիասքանչ պատմությունը։ Ես ոչ մի կերպ այդ պատմությանը չէի հավատա, եթե դա չհաստատվեր այն իրողությամբ, որ ես իմ աչքերով տեսնում էի բարձրահասակ, նիհարավուն կերպարանքը և խելացի, գործունյա դեմքը այն մարդու, որին տեսնելը երբեք իմ մտքով չէր անցնի։ Չգիտեմ ինչպես՝ Հոլմսը կարողացել էր իմանալ իմ կնոջ մահվան մասին, բայց նրա կարեկցությունը արտահայտվեց ավելի շուտ ձայնի մեջ, քան խոսքերում։
— Աշխատանքը վշտի լավագույն հակաթույնն է, սիրելի Վա՛թսըն,— ասաց նա,— իսկ մեզ երկուսիս այս գիշեր այնպիսի մի գործ է սպասում, որ նա, ում վիճակվի այդ գործը հաջողությամբ հասցնել մինչև վերջը, կարող է համարձակորեն ասել, որ իզուր չէ անցկացրել իր կյանքը։
Զուր էի ես նրան խնդրում ավելի պարզ արտահայտվել։
— Դուք շատ բան կլսեք ու կտեսնեք մինչև առավոտ,— պատասխանեց նա։— Իսկ այժմ մենք առանց այդ էլ խոսելու բան ունենք, չէ՞ որ երեք տարի է՝ իրար չենք տեսել։ Հուսով եմ, որ մինչև ինն անց կես այդ նյութը մեզ կբավարարի, իսկ հետո ճանապարհ կընկնենք՝ դիմավորելու մի հետաքրքիր արկածի դատարկ տանը։
Եվ իսկապես, ամեն ինչ այնպես էր, ինչպես հին, երանելի ժամանակներում, երբ նշված ժամին գտնվեցի կառքի մեջ Հոլմսի կողքին։ Ես գրպանումս շոշափեցի ատրճանակը, և արտասովոր դեպքերի սպասումից սիրտս սկսեց խփել։
Հոլմսը զուսպ էր, մռայլված և լուռ։ Երբ փողոցային լապտերների լույսը ընկավ նրա խոժոռված դեմքին, ես նկատեցի, որ նրա հոնքերը կիտված են, իսկ շրթունքները ամուր սեղմված թվում էր, թե նա խորասուզվել է անհուն մտքերի մեջ։ Ես դեռ չգիտեի, թե մենք ինչպիսի գիշատիչ գազանի պետք է հետևեինք լոնդոնյան հանցագործ աշխարհի մութ ջունգլիներում, բայց այդ հմտագույն որսորդի բոլոր սովորություններն ինձ ասացին, որ արկածը խոստանում է լինել ամենավտանգավորներից մեկը, իսկ իմ ուղեկցի ճգնավորական խստություն ունեցող դեմքին մերթընդմերթ հայտնվող խոցող քմծիծաղը ոչ մի բարի բան չէր կանխատեսում այն որսի համար, որին հետավարում էինք։
Ես ենթադրում էի, թե մենք գնում ենք Բեյքր-սթրիթ, մինչդեռ Հոլմսը կառապանին կարգադրեց կանգ առնել Քևընդիշ-սկվերի անկյունում։ Իջնելով կառքից՝ նա ուշադրությամբ դիտեց շուրջը, իսկ դրանից հետո փողոցի յուրաքանչյուր ոլորանում շրջվում էր ու նայում՝ ցանկանալով հավաստիանալ, թե մեզ ոչ ոք չի հետևում։ Մենք քայլում էինք ինչ-որ մի տարօրինակ ճանապարհով։ Հոլմսը միշտ ինձ զարմացնում էր Լոնդոնի խուլ փողոցների իր ծանոթությամբ և այժմ նա վստահորեն ընթանում էր ինչ-որ ախոռների ու կառապանական բակերի լաբիրինթոսներով, որոնց գոյության մասին մտքովս անգամ չի անցել։ Վերջապես մենք դուրս եկանք մի նեղ փողոց, որի երկու կողմից ձգվում էին հին և մռայլ տներ, և որը մեզ դուրս բերեց Մանչեստր-սթրիթ, իսկ այնուհետև Բլենդֆըրդ-սթրիթ։ Այստեղ Հոլմսը իսկույն ծռվեց դեպի մի նեղլիկ փակուղի, փայտե դռնակով անցավ մի դատարկ բակ և բանալիով բացեց տներից մեկի հետևի դուռը։ Մենք ներս մտանք, և նա իսկույն ևեթ դուռը ներսից փակեց։
Ներսը ամբողջապես մութ էր, բայց ես անմիջապես հասկացա, որ տանը ոչ ոք չի բնակվում։ Մերկ հատակը ոտքներիս տակ ճռճռում ու ճրթճրթում էր, իսկ պատին, որին ես անզգուշաբար կպա, կախվել էին պատառոտված պաստառների կտորները։
Հոլմսի սառը բարակ մատները սեղմեցին իմ ձեռքը, և նա ինձ տարավ երկար միջանցքով այնքան ժամանակ, մինչև որ մեր առաջ հայտնվեցին դռան վերևում գտնվող կիսակլոր լուսամուտի հազիվ նկատելի ուրվագծերը։ Այստեղ Հոլմսը անսպասելիորեն թեքվեց դեպի աջ, և մենք հայտնվեցինք մի դատարկ ու մեծ, քառակուսի սենյակում, որի անկյունները միանգամայն մութ էին, իսկ կենտրոնը թեթևակիորեն լուսավորված փողոցային լույսերից։ Այնուամենայնիվ, լուսամուտի մոտակայքում լապտեր չկար, և բացի դրանից, ապակիներն էլ ծածկված էին փոշու հաստ շերտով, այնպես որ մենք դժվարությամբ էինք տեսնում միմյանց։
Իմ ուղեկիցը ձեռքը դրեց ուսիս և շրթունքներով գրեթե հպվեց ականջիս։
— Դուք գիտե՞ք արդյոք, թե մենք որտեղ ենք,— շշնջալով հարցրեց նա։
— Ինձ թվում է՝ Բեյքր-սթրիթում,— պատասխանեցի ես՝ նայելով խավար ապակու միջից։
— Միանգամայն ճիշտ է, մենք գտնվում ենք Քեմդընի տանը՝ ուղղակի մեր նախկին բնակարանին դեմուդեմ։
— Բայց մենք ինչի՞ համար եկանք այստեղ։
— Նրա համար, որ այստեղից բացվում է այդ գեղատեսիլ շենքի հիասքանչ տեսարանը։ Կարո՞ղ եմ արդյոք Ձեզ խնդրել, սիրելի Վա՛թսըն, մի փոքր ավելի մոտենալ լուսամուտին։ Միայն թե զգույշ եղեք, ոչ ոք մեզ չպետք է տեսնի։ Դե, իսկ այժմ նայեցեք մեր նախկին սենյակների լուսամուտներին, որտեղ սկիզբ է դրվել այնքան հետաքրքիր արկածների։ Հիմա կտեսնենք, թե մեր բաժանվածության այդ երեք տարիների ընթացքում արդյոք բոլորովի՞ն եմ կորցրել Ձեզ զարմացնելու իմ ունակությունը։
Ես առաջացա, նայեցի ծանոթ լուսամուտին, և իմ շուրթերից դուրս թռավ զարմանքի մի բացականչություն։ Լուսամուտի վարագույրը իջեցված էր, սենյակը պայծառ լուսավորված, և նրա խորքում բազկաթոռի վրա նստած մարդու ստվերը պարզորոշ կերպով առանձնանում էր պատուհանի լուսավոր ֆոնի վրա։ Գլխի կեցվածքը, լայն թիկունքի ձևը, սուր դիմագծերը՝ այդ ամենը ոչ մի կասկածի տեղ չէր թողնում։ Գլուխը երևում էր կիսաշրջված և հիշեցնում էր այն սև ուրվագծերը, որոնք սիրում էին նկարել մեր տատիկները։ Դա Հոլմսի իսկական պատճենն էր։ Ես ապշած էի այն աստիճան, որ ինձանից անկախ մեկնեցի ձեռքս՝ ցանկանալով համոզվել, թե իսկապես արդյոք նա այստեղ կանգնա՞ծ է ինձ հետ։ Հոլմսը անձայն ծիծաղի պոռթկումից ցնցվում էր։
— Ո՞նց է,— հարցրեց նա։
— Դա ուղղակի անհավատալի է,— շշնջացի ես։
— Կարծում եմ՝ տարիները չեն մեռցրել իմ հնարամտությունը, իսկ սովորությունը այն չի դարձրել չոր ու ցամաք,— ասաց նա, և ես նրա ձայնի մեջ որսացի իր ստեղծագործությամբ հիացող արվեստագետի բերկրությունն ու հպարտությունը։— Իսկապես որ նման է, ճիշտ է, չէ՞։
— Ես պատրաստ էի երդվել, որ այդ Դուք եք։
— Կերտման պատիվը պատկանում է գրենոբըլցի պարոն Մինյեին։ Այդ կերպարանքի վրա նա աշխատում էր մի քանի օր շարունակ։ Պատրաստված է մոմից։ Մնացածը ես ինքս եմ արել, երբ այսօր առավոտյան անցա Բեյքր-սթրիթ։
— Բայց Ձեր ինչի՞ն է պետք այս ամենը։
— Դրա համար լուրջ պատճառներ անեմ, սիրելի Վա՛թսըն։ Ուզում եմ, որպեսզի որոշ մարդիկ կարծեն, թե ես գտնվում եմ այնտեղ, մինչդեռ իրականում բոլորովին այլ տեղ եմ։
— Ի՞նչ, Դուք կարծում եք, որ բնակարանին հետևո՞ւմ են։
— Ես գիտեմ, որ նրան հետևում են։
— Իսկ ո՞վ։
— Իմ հին թշնամիները, Վա՛թսըն։ Այն հմայիչ ընկերախումբը, որի ղեկավարը հանգչում է Ռայխընբախյան ջրվեժի հատակին։ Ինչպես Դուք հիշում եք, միմիայն նրանք գիտեին, որ ես տակավին կենդանի եմ, ուստի և համոզված էին, որ վաղ թե ուշ կվերադառնամ իմ նախկին բնակարանը։ Նրանք չէին դադարել այդ բնակարանին հետևելուց և ահա այսօր առավոտյան տեսան, որ ես վերադարձել եմ։
— Բայց Դուք ինչպե՞ս կռահեցիք այդ։
— Լուսամուտից դուրս նայելիս՝ ես ճանաչեցի նրանց դիտակալին։ Նա բավականին անշառ տղա է՝ Փարքըր անունով, մասնագիտությամբ կողոպտիչ և մարդասպան ու, միևնույն ժամանակ, հրաշալի երգեհոնահար։ Նա ինձ քիչ է հետաքրքրում։ Ինձ ավելի շատ հետաքրքրում է ուրիշը՝ այն սարսափելի մարդը, որը թաքնվում է նրա թիկունքում, Մորիարթիի ամենամտերիմ բարեկամը, նա, ով ինձ վրա ժայռի գագաթից քար էր նետում, ամբողջ Լոնդոնում ամենախորամանկ և ամենավտանգավոր հանցագործը։ Հենց այդ մարդն էլ այս գիշեր հետևում է ինձ, Վա՛թսըն, և չի կասկածում, որ մենք էլ իրեն ենք հետևում։
Իմ բարեկամի պլանները աստիճանաբար պարզվեցին ինձ համար։ Մեր հարմար ապաստարանից մենք հնարավորություն ունեինք դիտելու և հետևելու մեզ հետապնդողներին։ Լուսամուտից երևացող ուրվագիծը խայծի դեր էր կատարում, իսկ մենք՝ մենք որսորդներ էինք։
Մթության մեջ, ուս-ուսի տված ու լուռ կանգնած միմյանց կողքի՝ մենք ուշադրությամբ նայում էինք մեր դիմացը գտնվող փողոցի անցուդարձ անողների կերպարանքներին։ Հոլմսը ոչինչ չէր խոսում ու չէր շարժվում, բայց ես զգում էի, որ նա սոսկալիորեն լարված է, և որ նրա աչքերը անթարթ հետևում են մայթով անցնող մարդկային հոսանքին։ Գիշերը ցուրտ էր և մռայլ, խստաշունչ քամին փչում էր ձգվող փողոցի երկարությամբ։ Մարդիկ շատ էին, գրեթե բոլոր անցուդարձ անողներն էլ գնում էին արագաքայլ՝ քթները թաքցրած վերարկուների օձիքների կամ վզնոցների մեջ։
Ինձ թվաց, թե միևնույն կերպարանքը մի քանի անգամ հետուառաջ գնաց տան մոտով, և առանձնապես կասկածելի թվացին երկու հոգի, որոնք, կարծես թե քամուց պատսպարվելով, երկար ժամանակ ցցվել էին մեզանից ոչ հեռու գտնվող մուտքերից մեկում։ Ես փորձեցի նրանց վրա հրավիրել Հոլմսի ուշադրությունը, բայց նա ինձ պատասխանեց զայրույթի հազիվ լսելի բացականչությամբ և շարունակեց ուշադրությամբ նայել փողոց։ Ժամանակ առ ժամանակ նա մի ոտքից մյուսի վրա էր հենվում կամ մատներով նյարդայնացած թխկթխկացնում էր պատը։ Ես տեսնում էի, որ նա սկսում է իրեն վատ զգալ, և որ դեպքերը ընթանում են ոչ բոլորովին այնպես, ինչպես ինքն էր ենթադրում։ Ի վերջո, երբ մոտեցավ արդեն կեսգիշերը, և փողոցը գրեթե դատարկվեց, նա սկսեց սենյակում քայլել՝ արդեն առանց իր հուզմունքը թաքցնելու։ Ես ուզեցի նրան ինչ-որ բան ասել, երբ հանկարծ հայացքս ընկավ լուսավորված պատուհանին, և ես նորից զգացի այնպիսի մի ապշանք, ինչպիսին զգացել էի առաջ։
— Կերպարանքը շարժվեց,— բացականչեցի ես։ Եվ իրոք, այժմ ուրվագիծը մեր կողմն էր ուղղված ոչ թե պրոֆիլով, այլ թիկունքով։
Ինչպես երևում է, տարիները չէին փափկացրել Հոլմսի խիստ բնավորությունը, և նա նույնպես անհամբեր էր, երբ հանդիպում էր ավելի պակաս նրբամտության, քան իր սեփականն էր։
— Իհարկե, շարժվեց,— ասաց նա։— Մի՞թե ես այն աստիճանի անուղեղ հիմար եմ, Վա՛թսըն, որ սենյակում բացարձակ խրտվիլակ նստեցնեմ և հուսամ նրա օգնությամբ խաբել Եվրոպայում գոյություն ունեցող ամենախորամանկ սրիկաներին։ Մենք երկու ժամ է ցցված ենք այս անցքում, և այդ ժամանակվա ընթացքում միսիս Հադսընը կերպարանքի դրությունը փոխեց ութ անգամ, այսինքն՝ յուրաքանչյուր քառորդ ժամը մեկ անգամ։ Իսկ նա ինքը մոտենում է այնպես, որ իր սեփական ստվերը չերևա… Ահա՛։
Հանկարծ նա շունչը պահեց ու սսկվեց։ Կիսախավարում ես տեսա, թե նա ինչպես է կանգնել ու երկարացրել վիզը՝ լարված սպասողականության դիրքով։
Այժմ փողոցն արդեն միանգամայն ամայի էր։ Հնարավոր է, որ այն երկուսը մուտքի մոտ տակավին թաքնված-կանգնած էին, բայց ես այլևս տեսնել նրանց չէի կարողանում։ Մեր շուրջը թագավորում էին լռությունն ու խավարը։ Եվ խավարի մեջ պարզորոշ առանձնանում էր պայծառ լուսավորված պատուհանի դեղին էկրանը՝ կենտրոնում սև կերպարանքի ուրվագծերով։ Բացարձակ լռության մեջ ես լսում էի Հոլմսի սուլող շնչառությունը և զգում, թե որքան ուժեղ է նա հուզված։ Հանկարծ նա ինձ հրեց սենյակի խորքը՝ նրա ամենամութ անկյունը, և ձեռքով մի րոպե փակեց բերանս՝ պահանջելով պահպանել խորին լռություն։ Այդ րոպեին ես զգացի, թե ինչպես են դողում նրա մատները։ Ես դեռ երբեք նրան չէի տեսել այդպիսի գրգռված վիճակում, մինչդեռ մութ փողոցը նույն ձևով թվում էր ամայի և լուռ։
Եվ հանկարծ ես լսեցի այն, ինչը արդեն որսացել էր իմ բարեկամի ավելի նուրբ լսողությունը։ Ինձ հասավ ինչ-որ մի կամաց ու խուլ ձայն, բայց ոչ թե Բեյքր-սթրիթի կողմից, այլ նույն այն տան խորքից, որտեղ մենք երկուսով թաքնվել էինք։ Ահա բացվեց ու փակվեց մուտքի դուռը։ Մի վայրկյան հետո միջանցքում լսվեցին գողեգող քայլող ինչ-որ մեկի ոտնաձայները եկողն, ըստ երևույթին, ձգտում էր, որ աղմուկ չլինի, բայց նրա քայլերի ձայնը ուժեղ կերպով արձագանքում էր անբնակ տան մեջ։
Հոլմսը սեղմվեց պատին, ես էլ արի նույնը՝ ամուր սեղմելով ռևոլվերը։ Նայելով մթության մեջ՝ ես նշմարեցի տղամարդու մի աղոտ ուրվագիծ՝ սև մի ուրվագիծ, որը բաց դռան սև ուղղանկյունից մի քիչ ավելի մուգ էր։ Նա մի րոպե կանգնեց այնտեղ, հետո կռացավ և գաղտագողի առաջ շարժվեց։ Նրա բոլոր շարժումների մեջ թաքնված էր մի սպառնալիք։ Այդ չարագուշակ կերպարանքը գտնվում էր մեզանից երեք քայլի վրա, և ես արդեն լարել էի մկաններս, որպեսզի ընդունեմ նրա հարձակումը, երբ հանկարծ իմ գիտակցությանը հասավ, որ նա նույնիսկ չի էլ կասկածում մեր ներկայության մասին։
Հազիվ մեզ չկպչելով՝ նա անցավ մեր կողքից, գաղտագողի մոտեցավ լուսամուտին և շատ զգուշորեն, բոլորովին անաղմուկ, բարձրացրեց պատուհանի փեղկը մոտ կես ոտնաչափ։ Երբ նա կռացավ ու հավասարվեց բացվածքին, փողոցի լույսը, որը այլևս չէր արգելակվում կեղտոտ ապակիով, ընկավ նրա դեմքին։ Այդ դեմքը ծայր աստիճանի գրգռվածություն էր արտահայտում։ Աչքերը տենդագին վառվում էին, դիմագծերը ծամածռվել էին սոսկալիորեն։ Անծանոթն արդեն երիտասարդ չէր, նա բազեի բարակ քիթ ուներ, լայն ճաղատվող ճակատ ու երկար ճերմակ բեղեր։ Նա ցիլինդրը քաշել էր ծոծրակին, կոճակներն արձակված վերարկուն բացվել էր, որի տակից երևում էր ֆրակի օսլայված ձյունասպիտակ կրծքակալը։ Թուխ, մռայլ դեմքը ակոսված էր խոր կնճիռներով։ Նա ձեռքին բռնել էր եղեգնացուպի պես մի բան, սակայն երբ այն հատակին դրեց, լսվեց մետաղի շաչյուն։ Այնուհետև գրպանից հանեց ինչ-որ մի բավականին մեծ առարկա և սկսեց շուռումուռ տալ ձեռքերի մեջ այնքան ժամանակ, մինչև որ լսվեց երկաթի զրնգոց ըստ երևույթին՝ նա ինչ-որ զսպանակ կամ սողնակ հարմարեցրեց։ Չոքած նա առաջ թեքվեց և իր ամբողջ ծանրությամբ ճնշեց մի լծակ, որից հետո մենք լսեցինք տևական, կրճտացնող, սուր ձայն, ավելի ուժեղ, քան առաջինն էր։ Հետո նա ուղղվեց, և ես տեսա, որ նրա ձեռքին ինչ-որ տարօրինակ, անճոռնի կոթով հրացանի պես մի բան կա։ Նա բացեց փակաղակը, ինչ-որ մի բան ներս խրեց և նորից փակեց։ Հետո, պպզելով, փողի ծայրը դրեց լուսամուտի գոգին, և նրա երկար բեղերը կախվեցին փողի վրա, իսկ աչքերը, նայելով նշանակետին, փայլատակեցին։ Վերջապես հրացանը սեղմեց ուսին և թեթևացած շունչ քաշեց թիրախը նրա առջև էր՝ հրաշալի մի թիրախ՝ սև ուրվագիծ, որը պարզորոշ կերպով առանձնանում էր պայծառ ֆոնի վրա։ Նա մի ակնթարթ քարացավ, հետո սեղմեց հրացանի շնիկը, լսվեց տարօրինակ բարձրաձայն մի դժժոց, որից անմիջապես հետո տարածվեց փշրվող ապակու հնչեղ ձայնը։
Հենց այդ վայրկյանին Հոլմսը վագրի նման ցատկեց դեպի հրացանաձիգը, ընկավ նրա մեջքին և բերանքսիվայր տապալեց հատակին։ Բայց մի ակնթարթ հետո անծանոթը ոտքի թռավ և աներևակայելի ուժով բռնեց Հոլմսի կոկորդից։ Այդ միջոցին ատրճանակի կոթով ես խփեցի չարագործի գլխին, և նա նորից վայր ընկավ։ Ես ընկա նրա վրա, և հենց այդ րոպեին Հոլմսը ուժգնորեն փչեց սուլիչը։ Փողոցից լսվեցին վազող մարդկանց ոտնաձայներ, և շուտով համազգեստով երկու ոստիկան, իսկ նրանց հետ քաղաքացիական զգեստով մի խուզարկու, շքամուտքից ներս ընկան սենյակ։
— Այդ Դո՞ւք եք, Լե՛ստրեյդ,— հարցրեց Հոլմսը։
— Այո՛, մի՛ստր Հոլմս։ Ես որոշեցի ինքս զբաղվել այդ գործով։ Ուրախ եմ Ձեզ կրկին Լոնդոնում տեսնելուս համար, սը՛ր։
— Ես կարծում եմ, որ Ձեզ չի խանգարի մեր համեստ, ոչ պաշտոնական օգնությունը։ Երեք չհայտնաբերված սպանությունը մի տարում՝ շատ է, Լե՛ստրեյդ։ Բայց Մոուլզիյան գաղտնիքին վերաբերող գործը Դուք վարեցիք այնքան էլ ոչ… այսինքն՝ ես ուզեցի ասել, որ Դուք այն վարեցիք ոչ վատ։
Մենք բոլորս էլ արդեն ոտքի էինք կանգնած։ Մեր գերին ծանր շնչում էր երկու կողմից իրեն ամուր բռնած ուժեղ ոստիկանների ձեռքին։
Փողոցում սկսվեց հավաքվել պարապ-սարապների բազմությունը։ Հոլմսը մոտեցավ լուսամուտին և փակեց այն։ Լեստրեյդը վառեց իր բերած երկու մոմերը, իսկ ոստիկանները կպցրին իրենց գաղտնալապտերները։ Վերջապես ես կարողացա դիտել մեր գերուն։
Նրա դեմքը արտակարգ առնական էր, բայց և միաժամանակ վանող։ Փիլիսոփայի ճակատն ու հեշտասերի ծնոտը խոսում էին այն մասին, որ այդ մարդու մեջ ամփոփված են ինչպես չարի, այնպես էլ բարու մեծ նախադրյալներ։ Բայց դաժան, պողպատի երանգ ունեցող աչքերը կախ ընկած կոպերի և անպատկառ հայացքի հետ, գիշատիչ բազեի քիթն ու ճակատը ակոսող խոր կնճիռները ցույց են տալիս, որ ինքը բնությունն է հոգացել օժտել նրան այնպիսի հատկություններով, որոնք վկայում էին հասարակության համար այդ անձնավորության վտանգավորության մասին։ Մեզանից և ոչ մեկի վրա նա ամենափոքր ուշադրություն անգամ չէր դարձնում, նրա հայացքը գամված էր Հոլմսի երեսին, որին նայում էր ապշանքով և ատելությամբ։
- Դև,— շշնջաց նա։— Խորամանկ, խորամանկ դև։
— Այսպես, գնդապե՛տ,— ասաց Հոլմսը՝ ուղղելով իր ճմրթված օձիքը,— սրտակից ընկերները նորից են հանդիպում, ինչպես հին առածն է ասում։ Կարծեմ՝ ես դեռ հաճույք չէի ունեցել Ձեզ տեսնելու այն բանից հետո, ինչ Դուք ինձ արժանացրիք Ձեր բարեհաճ ուշադրությանը իհարկե, հիշում եք, երբ ես պառկած էի Ռայխընբախյան ջրվեժի վրայի այն ժայռաճեղքում։
Գնդապետը հիպնոսացվածի նման չէր կարողանում հայացքը հեռացնել իմ բարեկամից։
— Դև, իսկական դև,— նորից ու նորից կրկնում էր նա։
— Ես Ձեզ տակավին չեմ ներկայացրել,— ասաց Հոլմսը։— Ջենթլմեննե՛ր, սա գնդապետ Սիբեստիըն Մորընն է՝ Նորին մեծության Հնդկական բանակի սպան և մեծ գազանների լավագույն որսորդը՝ ինչպիսին երբևէ գոյություն է ունեցել մեր արևելյան տիրապետություններում։ Կարծում եմ՝ սխալված չեմ լինի, գնդապե՛տ, եթե ասեմ, որ Ձեր կողմից սպանված վագրերի թվով Դուք դեռ մինչև այժմ էլ մնում եք առաջին տեղում։
Գերին մեծ դժվարությամբ զսպում էր իր ցասումը և շարունակում լռել։ Նա ինքն էլ նման էր վագրի, նրա աչքերը փայլատակում էին չարությամբ, բեղերը ցցվել էին։
— Ինձ զարմացնում է, որ իմ հասարակ հնարամտությունը կարող էր խաբել այդպիսի փորձված որսորդի,— շարունակում էր Հոլմսը։— Ձեզ համար դա նորություն չպետք է լիներ։ Մի՞թե Ձեզ չի պատահել այծիկին կապել ծառի տակ և, կարաբին վերցրած թաքնվելով ճյուղերի մեջ, սպասել այնքան ժամանակ, մինչև որ վագրը մոտենա խայծին։ Այդ դատարկ տունը իմ ծառն է, իսկ Դուք՝ իմ վագրը։ Կարծում եմ, որ երբեմն Ձեզ պատահել է ունենալ պահեստային այլ հրացանաձիգներ այն դեպքերի համար, եթե հանկարծ հայտնվեին մի քանի վագրեր, կամ թե չէ, որ քիչ հավանական է, եթե Դուք ինքներդ վրիպեիք։ Այս պարոնայք,— նա ցույց տվեց մեզ,— իմ պահեստային հրացանաձիգներն են։ Իմ համեմատությունը ճիշտ է, այդպես չէ՞։
Հանկարծ գնդապետ Մորընը կատաղի աղաղակով նետվեց դեպի առաջ, բայց ոստիկանները նրան հետ քաշեցին։ Նրա դեմքն այնպիսի ատելություն էր արտահայտում, որ մարդ սոսկում էր նայել։
— Խոստովանում եմ՝ Դուք ինձ համար փոքրիկ անակնկալ արեցիք,— շարունակեց Հոլմսը։— Ես չէի ենթադրում, որ Դուք ինքներդ կուզեք օգտվել այդ դատարկ տնից և այդ լուսամուտից, որը իսկապես շատ հարմար է։ Ես պատկերացնում էի, որ Դուք գործելու եք փողոցից, որտեղ Ձեզ իր օգնականների հետ սպասում էր իմ բարեկամ Լեստրեյդը։ Բացառությամբ այդ դետալի, ամեն ինչ տեղի ունեցավ այնպես, ինչպես ես սպասում էի։
Գնդապետ Մորընը դիմեց Լեստրեյդին
— Անկախ նրանից՝ Դուք հիմք ունեք ինձ բանտարկելու, թե ոչ,— ասաց նա,— ես չեմ ցանկանում հանդուրժել այս պարոնի ծաղրուծանակը։ Եթե ես գտնվում եմ օրենքի ձեռքում, թող որ ամեն ինչ ընթանա օրինական կարգով։
— Այդ թերևս իրավացի է,— նկատեց Լեստրեյդը։— Մինչև մեր այստեղից գնալը Դուք էլի որևէ ասելիք ունե՞ք, մի՛ստր Հոլմս։
Հոլմսը հատակից վերցրեց օդամուղ հսկայական հրացանը և սկսեց զննել նրա մեխանիզմը։
— Հիանալի և իր տեսակի մեջ միակ զենքն է,— ասաց նա։— Կրակում է անաղմուկ և գործում խորտակիչ ուժով։ Ես ծանոթ էի մի գերմանացի կույր մեխանիկ ֆոն Հերդըրի, որը այդ հրացանը պատրաստել էր հանգուցյալ պրոֆեսոր Մորիարթիի պատվերով։ Ահա արդեն երկար տարիներ են, ինչ ինձ հայտնի է այդ հրացանի գոյության մասին, բայց դեռ երբեք հնարավորություն չէի ունեցել այն ձեռքս վերցնելու։ Ես հատկապես Ձեր ուշադրությունն եմ հրավիրում, Լե՛ստրեյդ, ինչպես հրացանի, այնպես էլ նրա փամփուշտների վրա։
— Մի անհանգստացեք, մի՛ստր Հոլմս, մենք կզբաղվենք դրանցով,— ասաց Լեստրեյդը, երբ բոլոր ներկա գտնվածները շարժվեցին դեպի դուռը։— Էլ ուրիշ ոչի՞նչ։
— Ուրիշ ոչինչ։ Ասենք, ես կուզենայի հարցնել, թե ինչպիսի՞ մեղադրանք եք Դուք պատրաստվում հարուցել հանցագործին։
— Ինչպե՞ս թե ինչպիսի մեղադրանք, սը՛ր։ Հարկավ, Շերլոք Հոլմսի դեմ ուղղված մահափորձի։
— Օ՜, ոչ, Լե՛ստրեյդ, ես ոչ մի ցանկություն չունեմ այդ գործում հանդես գալու։ Ձեզ և միայն Ձեզ է պատկանում այդ հիանալի բանտարկության պատիվը, որ Դուք կատարեցիք։ Ողջունում եմ Ձեզ, Լե՛ստրեյդ։ Շնորհիվ Ձեր հատուկ զուգակցված սրաթափանցության ու համարձակության՝ Դուք, այնուամենայնիվ, բռնեցիք այդ մարդուն։
— Այդ մարդո՞ւն։ Բայց ո՞վ է նա, մի՛ստր Հոլմս։
— Նա է, ում ապարդյուն կերպով որոնում էր ամբողջ ոստիկանությունը, գնդապետ Սիբեստիըն Մորընն է, որը անցած ամսի երեսունին Փարք Լեյնի վրա գտնվող № 427 տան երրորդ հարկի լուսամուտից ներս կրակած օդամուղ հրացանի միջոցով սպանեց սըր Ռոնալդ Ըդերին։ Ահա թե ինչպիսին պետք է լինի մեղադրանքը, Լե՛ստրեյդ… իսկ այժմ, Վա՛թսըն, եթե Դուք չեք վախենում ջարդված լուսամուտից փչող միջանցիկ քամուց, եկեք մի կես ժամ նստեք իմ առանձնասենյակում, և մեկական սիգար ծխենք, հուսով եմ, որ դա մի փոքր կզվարճացնի Ձեզ։
Շնորհիվ Մայքրոֆթ Հոլմսի ուշադրության և միսիս Հադսընի անմիջական հոգատարության՝ մեր նախկին բնակարանում ոչինչ չէր փոխվել։ Ճիշտ է՝ երբ ներս մտա, նրա ոչ սովորական մաքրությունն ինձ զարմացրեց, բայց և այնպես՝ բոլոր ծանոթ առարկաները գտնվում էին իրենց տեղերում։ Իր տեղում էր «քիմիայի անկյունը», որտեղ առաջվա պես դրված էր ուտիչ թթուների հետքերով ծածկված սոճու փայտից սեղանը։ Դարակի վրա առաջվա նման շարված էին լրագրերից կտրված տեղեկությունների հսկայական ալբոմներն ու տեղեկագրքերը օ՜, ինչ հաճույքով դրանք կրակը կնետեին մեր համաքաղաքացիներից շատերը։ Տրամագրերը, ջութակն իր պատյանով, բազմաթիվ ծխամորճերով դարակը, նույնիսկ պարսկական կոշիկը ծխախոտի հետ՝ ամեն ինչ նորից իմ աչքերի առաջ էր, երբ ես դիտեցի շուրջս։ Սենյակում երկու մարդ կար՝ առաջինը միսիս Հադսընն էր, որը մեզ դիմավորեց ուրախ ժպիտով, իսկ երկրորդը՝ արտասովոր մանեկենը, որը այսօրվա գիշերային դեպքերի մեջ այդքան կարևոր դեր խաղաց։ Դա իմ բարեկամի՝ մոմից պատրաստած ու գունազարդած կիսանդրին էր, որը կերտված էր արտասովոր վարպետությամբ և ապշեցուցիչ կերպով նման էր բնօրինակին։ Նա դրված էր մի ոչ բարձր փոքրիկ սեղանի վրա և Հոլմսի հին խալաթով այնպիսի հմտությամբ էր ծալազարդված, որ փողոցից նայելու դեպքում ստացվում էր լրիվ պատրանք։
— Պետք է ենթադրել, որ Դուք կատարեցիք իմ բոլոր ցուցմունքները, այդպես չէ՞, մի՛սիս Հադսըն,— հարցրեց Հոլմսը։
— Ես նրան մոտենում էի չոքեչոք, ծնկներիս վրա, սը՛ր, ինչպես Դուք կարգադրեցիք։
— Հրաշալի է։ Դուք այդ բոլորը կատարեցիք փայլուն կերպով։ Նկատեցի՞ք արդյոք՝ ուր ընկավ գնդակը։
— Այո՛, սը՛ր։ Վախենում եմ, որ նա փչացրած լինի Ձեր գեղեցիկ կիսանդրին անցավ գլխի միջով ու կպավ պատին։ Ես այն գտա գորգի վրա։ Ահա նա։
Հոլմսը գնդակը մեկնեց ինձ։
— Ատրճանակի փափուկ գնդակ է, նայեք, Վա՛թսըն։ Մի տեսեք, սա ուղղակի հանճարեղություն է։ Ո՞վ կարող էր մտածել, թե այսպիսի բանը կարող է նետված լինել օդամուղ հրացանից։ Հիանալի է, մի՛սիս Հադսըն, շնորհակալ եմ Ձեր օգնության համար… իսկ այժմ, Վա՛թսըն, նստեցեք, ինչպես առաջ, Ձեր նախկին տեղը։ Ես ցանկանում եմ Ձեզ հետ մի քանի կետեր քննարկել։
Նա վար ձգեց կիսամաշ սերթուկը, ուսերին գցեց մոխրագույն խալաթը՝ նախապես վերցնելով այն իր կրկնորդից, և իմ դեմ նորից կանգնեց նախկին Հոլմսը։
— Հին որսորդի նյարդերը առաջվա նման ամուր են, իսկ աչքը պահպանել է նախկին դիպուկությունը,— ասաց նա՝ ծիծաղելով ու զննելով մոմե կերպարանքի ծակված ճակատը։— Կպել է ուղղակի ծոծրակի մեջտեղը և անցել ուղեղի միջով։ Նա Հնդկաստանի ջունգլիներում վերին աստիճանի հմուտ հրաձիգ էր, և ես կարծում եմ, որ Լոնդոնում նրան այնքան էլ մրցակիցներ չեն գտնվի։ Դուք երբևէ մինչ այդ լսե՞լ էիք այդ անունը։
— Ո՛չ, երբեք։
— Ահա թե որտեղ էր փառքը։ Ասենք, որքան ես հիշում եմ՝ Դուք դեռ վերջերս էլ էիք խոստովանում, որ չեք լսել նույնիսկ պրոֆեսոր Ջեյմս Մորիարթիի անունը, իսկ դա մեր դարի մեծագույն միտքն էր։ Ի դեպ, խնդրում եմ դարակից վերցրեք կենսագրական տեղեկագիրքը…
Հարմար նստելով բազկաթոռի վրա և ծխելով սիգարը՝ Հոլմսը ծուլորեն շրջում էր էջերը։
— Ես «Մ» տառով հիանալի հավաքածու ունեմ,— ասաց նա։— Հենց միայն Մորիարթին բավական կլիներ փառաբանելու համար ցանկացածդ տառը, իսկ այստեղ նաև Մորգըն-թունավորողն է, և Մերիդյուն, որը իր մասին ահավոր հիշողություններ թողեց, և Մեթյուզը՝ նա, ով Չերինգ Քրոսի կայարանի սպասասրահում դուրս գցեց իմ ձախ ժանիքը։ Վերջապես ահա և մեր այսօրվա բարեկամը։
Նա մեկնեց ինձ գիրքը, ես կարդացի
«Մորըն Սիբեստիըն, պաշտոնաթող գնդապետ։ Ծառայել է բենգըլուրուական առաջին սակրավոր գնդում։ Ծնվել է Լոնդոնում 1840 թվին։ Որդին է՝ Բաղնիքի շքանշանի ասպետ, Պարսկաստանում Անգլիայի նախկին դեսպան սըր Օգաստըս Մորընի։ Վերջացրել է Իթընի քոլեջը և Օքսֆորդի համալսարանը։ Որպես կապավոր մասնակցել է Ջովակյան, Աֆղանական, Չարասիաբյան, Շերպուրյան և Քաբուլյան արշավանքներին։ «Մեծ կենդանիների որսը Արևմտյան Հիմալայներում» (1881) և «Երեք ամիս Ջունգլիներում» (1884) գրքերի հեղինակն է։ Հասցեն՝ Քոնդուիթ-սթրիթ։ Ակումբներ՝ Անգլո-հնդկական, Տանկարվիլյան և թղթախաղային ակումբ Բագատել»։
Լուսանցքում Հոլմսի դյուրընթեռնելի ձեռագրով գրված էր «Մորիարթիից հետո ամենավտանգավոր մարդը Լոնդոնում»։
— Տարօրինակ է,— ասացի ես՝ վերադարձնելով Հոլմսին գիրքը։— Թվում էր, թե նրա ուղին ազնիվ զինվորի ուղի է։
— Դուք իրավացի եք,— պատասխանեց Հոլմսը,— որոշ ժամանակ նա ոչ մի վատ բան չի արել։ Այն ժամանակ նա երկաթյա նյարդերով մարդ էր, և Հնդկաստանում մինչև այսօր էլ լեգենդներ են պատմում այն մասին, թե նա ինչպես է սողացել ցամաքած գետի հունով և փրկել մի մարդու՝ դուրս քաշելով նրան վիրավոր վագրի ճիրաններից։ Կան այնպիսի ծառեր, Վա՛թսըն, որոնք սկզբում նորմալ կերպով աճում են մինչև որոշ բարձրության, ապա, հանկարծ, իրենց զարգացման մեջ հայտնաբերում են նորմայի որևէ այլանդակ շեղում։ Այդ հաճախ տեղի է ունենում նաև մարդկանց հետ։ Իմ տեսության համաձայն՝ յուրաքանչյուր անհատ իր զարգացման մեջ կրկնում է իր բոլոր նախնիների զարգացման պատմությունը, և ես գտնում եմ, որ ամեն մի անսպասելի շրջադարձ դեպի բարին կամ չարը կախված է որևէ ուժեղ ազդեցությունից, որի սկիզբը պետք է որոնել մարդու տոհմածառի մեջ։ Եվ, հետևապես, նրա կենսագրությունը հանդիսանում է, այսպես ասած, ամբողջ ընտանիքի կենսագրության փոքրիկ արտացոլումը։
— Բայց, գիտե՞ք, այդ տեսությունը մի քիչ ֆանտաստիկ է։
— Ի՞նչ կա որ, չեմ պնդում։ Ինչպիսի պատճառներ էլ ուզում է լինեն, բայց գնդապետ Մորընը ուրիշ ուղի է բռնել։ Առանց որևէ բարձրաձայն կռվի՝ նա այն աստիճանի է իր դեմ հանել Հնդկաստանում որոշ մարդկանց, որ նրա համար այլևս անհնար էր մնալ այնտեղ։ Նա պաշտոնաթող եղավ, եկավ Լոնդոն և այստեղ նույնպես վատ անուն հանեց։ Ահա հենց այդ ժամանակ էլ նրան գտավ պրոֆեսոր Մորիարթին, որի աջ ձեռքն էր մի որոշ ժամանակ։ Մորիարթին նրան առատաձեռն էր մատակարարում դրամով, բայց նրա օգնությանը դիմում էր շատ հազվադեպ՝ միայն մի երկու թե երեք առանձնապես դժվարին գործերի դեպքերում, որոնք չէր կարող կատարել սովորական հանցագործը։ Դուք գուցե հիշում եք լոդըրցի միսիս Ստյուարթի տարօրինակ մահը 1887 թվին։ Ո՞չ։ Ես համոզված եմ, որ այդտեղ գործը գլուխ է եկել ոչ առանց Մորընի, թեև նրա դեմ բացարձակ մեղադրանքներ անգամ չեն էլ եղել։ Գնդապետը կարողանում էր այնպիսի հմտությամբ հետքերը կորցնել, որ նույնիսկ հետո էլ, երբ ցրեցին Մորիարթիի ամբողջ ավազակախումբը, այնուամենայնիվ, մեզ չհաջողվեց քարշ տալ նրան դատարան։
Հիշո՞ւմ եք, Վա՛թսըն, այն իրիկունը, երբ ես եկա Ձեզ մոտ և փակեցի լուսամուտի ծածկափեղկերը՝ զգուշանալով օդամուղ հրացանի կրակոցից։ Այն ժամանակ դա Ձեզ տարօրինակ թվաց, բայց ես գիտեի՝ ինչ եմ անում, քանի որ ինձ արդեն հայտնի էր այդ հիանալի հրացանի գոյությունը, և բացի այդ, ես գիտեի, որ նա գտնվում է հմտագույն հրաձիգներից մեկի ձեռքին։ Երբ մենք միասին ուղևորվեցինք Շվեյցարիա, Մորընը Մորիարթիի հետ հետևում էր մեզ, և հենց նա էր, որ ստիպեց ինձ ապրել այն տհաճ րոպեները, երբ ես պառկած էի Ռայխընբախյան ջրվեժի վերևում գտնվող ժայռաճեղքում։
Կարո՞ղ եք պատկերացնել, թե ես ինչպիսի ագահ ուշադրությամբ էի ընթերցում անգլիական թերթերը, երբ գտնվում էի Ֆրանսիայում, ես հույս ունեի գոնե որևէ մի հնար գտնել նրան բանտ կոխելու համար։ Չէ՞ որ քանի դեռ նա Լոնդոնում ազատ ման էր գալիս, ես մտքովս էլ չէի կարող անցկացնել վերադարձի մասին։ Գիշեր ու ցերեկ այդ սպառնալիքը կպղտորեր իմ կյանքը, և այսպես, թե այնպես՝ նա պատեհ առիթ կգտներ ինձ սպանելու համար։ Ուրեմն ի՞նչ էր մնում անել ինձ։ Հանդիպելիս սպանել նրան ես չէի կարող, չէ՞ որ այդ դեպքում ես ինքս էլ կնստեի մեղադրյալների աթոռին։ Դիմել դատարանին նույնպես անօգուտ էր, դատարանն իրավունք չուներ գործ բացել չապացուցված կասկածանքների հիման վրա, իսկ ապացույց ես չունեի։ Այնպես որ ես անզոր էի որևէ բան նախաձեռնելու։ Բայց ես անդուլ կերպով հետևում էի հանցագործությունների քրոնիկոնին, որովհետև հաստատ համոզված էի՝ վաղ թե ուշ ինձ կհաջողվի բռնել նրան։
Եվ ահա կատարվեց այդ Ռոնալդ Ըդերի սպանությունը։ Ի վերջո հասավ իմ ժամը։ Իմանալով այն, ինչ ես գիտեի՝ կարո՞ղ էի արդյոք կասկածել, որ նրան սպանել է հենց գնդապետ Մորընը նա պատանու հետ թուղթ էր խաղում, նա պատանու հետևից դուրս եկավ ակումբից, նա սպանեց պատանուն բաց լուսամուտից։ Այո՛, կասկածից դուրս էր։ Մի գնդակը կարող էր բավական հիմք հանդիսանալ գնդապետ Մորընին կախաղանի ուղարկելու համար։ Ես իսկույն ևեթ եկա Լոնդոն։ Գնդապետի դիտակալը ինձ տեսավ և, հասկանալի է, նրան այդ մասին հաղորդեց։ Վերջինս չէր կարող իմ անսպասելի ժամանումը չկապել իր հանցագործության հետ և, իհարկե, խիստ տագնապվեց։ Ես համոզված էի, որ նա փորձ կանի անհապաղ ինձ վերացնելու և դրա համար կդիմի իր մահաբեր զենքին։ Այդ պատճառով էլ իմ առանձնասենյակի լուսամուտում ես պատրաստեցի նրա համար մի անթերի նշանակետ, նախազգուշացրի ոստիկանությանը, որ ինձ գուցե պետք լինի նրա օգնությունը (ի դեպ, Վա՛թսըն, Դուք Ձեր սրատես հայացքով անմիջապես նկատեցիք այն մուտքում երկու ոստիկանների), և գրավեցի մի դիրք, որն ինձ հարմար թվաց՝ դիտելու համար։ Բայց, ճիշտն ասած՝ ես երևակայել անգամ չէի կարող, որ իմ հակառակորդը հարձակման համար կընտրի հենց այդ նույն տեղը։ Ահա և բոլորը, սիրելի Վա՛թսըն։ Այժմ, կարծում եմ, Ձեզ համար ամեն ինչ պա՞րզ է։
— Ո՛չ,— պատասխանեցի ես։— Դուք դեռ ինձ չբացատրեցիք, թե գնդապետ Մորընը ի՞նչ պետք ուներ սպանելու սըր Ռոնալդ Ըդերին։
— Է, սիրելի բարեկա՛մ, այստեղ մենք արդեն մուտք ենք գործում կռահումների բնագավառը, իսկ այդ բնագավառում միայն տրամաբանություն ունենալը քիչ է։ Յուրաքանչյուրը կարող է եղած փաստերի հիման վրա ստեղծել իր սեփական վարկածը, և Ձերը ճիշտ լինելու նույնքան հնարներ կունենա, որքան և իմը։
— Նշանակում է՝ Ձեր վարկածն արդեն ստեղծված է։
— Ի՞նչ կա որ, իմ կարծիքով՝ բացատրել գոյություն ունեցող փաստերը այնքան էլ դժվար չէ։ Հետաքննության կողմից հաստատված է, որ սպանությունից ոչ շատ առաջ գնդապետ Մորընը և երիտասարդ Ըդերը, լինելով խաղընկեր, տարել են բավականին մեծ գումար։ Բայց Մորընը, անկասկած, խաղացել է ոչ ազնվորեն, ես վաղուց գիտեի, որ նա շուլեր է։ Ամենայն հավանականությամբ՝ սպանության օրը Ըդերը նկատել է, որ Մորընը խարդախություն է անում։ Նա երես առ երես խոսել է գնդապետի հետ և սպառնացել է դիմակազերծ անել նրան, եթե գնդապետը ինքնակամորեն դուրս չգա ակումբի անդամությունից և խոսք չտա ընդմիշտ թողնել թղթախաղը։ Հազիվ թե այնպիսի պատանին, ինչպիսին Ըդերն էր, միանգամից համարձակվեր հրապարակով կռվի մեղադրանք նետել մի մարդու, որը բավականին մեծ է իրենից և միաժամանակ հասարակության մեջ զբաղեցնում է նշանավոր տեղ։ Ամենից հավանականն այն է, որ նա գնդապետի հետ խոսել է առանձին՝ առանց վկաների։ Բայց իր խաբեությամբ ձեռք բերած դրամներով ապրող Մորընի համար ակումբից հեռացնելը հավասար կլիներ սնանկացման։ Հենց այդ պատճառով էլ նա սպանեց Ըդերին և սպանեց ուղղակի այն պահին, երբ երիտասարդը, չցանկանալով օգտվել իր խաղակցի անազնիվ խաղի արդյունքներից, հաշվում էր, թե որքան է եղել տարած գումարի մեջ իր բաժինը և որքան դրամ նա պետք է վերադարձնի տարվողներին։ Իսկ որպեսզի մայրն ու քույրը չբռնեին նրան այդ հաշիվները անելու պահին և չսկսեին հարցուփորձը, թե ինչ են նշանակում թղթի վրա գրած այդ անուններն ու սեղանի վրա սյուներով դարսած դրամները, նա փակվել էր ներսում։ Դե, ի՞նչ եք կարծում, ճշմարտանմա՞ն է իմ բացատրությունը։
— Ես համոզված եմ, որ Դուք ճիշտ տեղն եք ընկել։
— Հետաքննությունը ցույց կտա՝ ես իրավացի եմ թե չէ։ Այսպես թե այնպես, գնդապետ Մորընը այլևս մեզ չի անհանգստացնի, ֆոն Հերդըրի հայտնի օդամուղ հրացանը կզարդարի Սքոթլենդ Յարդի թանգարանի հավաքածուն, և այսուհետև ոչ ոք չի խանգարի միստր Շերլոք Հոլմսին՝ զբաղվելու այն հետաքրքիր ու փոքրիկ առեղծվածների լուծումով, որոնցով այնքան հարուստ է լոնդոնյան բարդ կյանքը։

Տես նաև Արթուր Կոնան Դոյլ Նոթեր Շերլոկ Հոլմսի մասին
Արթուր Կոնան Դոյլ | Դատարկ տունը Արթուր Կոնան Դոյլ | Դատարկ տունը Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on февраля 09, 2018 Rating: 5
Технологии Blogger.