Ֆրիդրիխ Շիլլեր | Մենամարտ վիշապի հետ


Ինչ են վազում ու ժխորում,
Ի՞նչ տագնապ է փողոցներում,
Ի՞նչ են հուզվել ծեր ու ջահել,
Արդյոք Ռոդո՞սն են հրդեհել
Բազմությունը կանգ է առնում:
Մի ասպետ է ձիով անցնում,
Նրա հետքից, այ քեզ փորձանք,
Բերում են մի հրեշ-ցուցանք:
Վիշապ լինի ասես տեսքով,
Լայն երախով՝ կոկորդիլոս:
Մարդիկ նայում են զարմանքով
Հրեշին և մարդուն հերոս:

Կանչն է թնդում հազարաձայն.
«Տեսեք, սա է հրեշը այն,
Խժռողն հոտի, հովիվների,
Հաղթեց նրան ասպետն արի:
Շատերն ելան բազկով հուժկու
Հրեշի դեմ այս ահարկու,
Բայց չդարձան տուն հայրենի:
Քաջն այս՝ փառքի է արժանի»:
Հոծ ամբոխը վանք է գնում,
Որտեղ ուխտն է Սուրբ Մկրտչի,
Հավաքվում են, խորհուրդ անում
Ասպետները՝ ծառայք Փրկչի:

Ու մոտենում է պատանին
Ուխտի ազնիվ տնօրենին:
Ժողովուրդն է աղաղակում,
Հեղեղ դառնում վանքի բակում:
Պատանին է խոսում տարված.
«Ասպետիս պարտքն է կատարված:
Էլ չկա´ այն վիշապն հիմա,
Որ երկիրն էր դարձնում ամա:
Անցորդների ճամփան է բաց,
Հովիվն ազատ դաշտ է իջնում,
Արդեն ամեն ուխտագնաց
Աներկյուղ է սարով անցնում»:

Բայց իշխանն է խիստ ու ազդու
Նրան ասում. «Հերոս ես դու,
Խիզախել ես ասպետաբար,
Պատիվ է դա քաջի համար:
Բայց երբ ասպետ ես վանական,
Ո՞րն է պարտքը քո իսկական,
Չէ՞ որ կրծքիդ խաչ ես կրում»:
Գունատվում են մարդիկ, լռում:
Խոնարհվում է, շիկնում տղան,
Պատասխանում հպարտորեն.
«Առաջին պարտքն ասպետության
Հեզությունն է, հայր տնօրեն»:

«Եվ դու, որդյակ, պարտքդ արդեն
Քամահրել ես հանդգնորեն:
Մեր օրենքն ես դու զանց առել,
Պիղծ ուժի դեմ ես պայքարել»:
«Երբ հայտնի է քեզ ամեն բան,
Իմ դատն արա´, հայր սրբազան,-
Տղան գոչում է անվեհեր,-
Չեմ անտեսել օրենքը մեր:
Իմ պայքարը հրեշի դեմ
Քայլ չէր անմիտ ու անոպա,
Պետք էին խելք, վարմունք խոհեմ,
Որ հաղթեի ես աներկբա:

Մեր ուխտից հինգ ասպետ հայտնի,
Փառքն ու զարդը մեր կրոնի,
Ընկան մարտում խիզախաբար
Նզովեցիր ամեն գուպար:
Բայց ինձ տանջում էր շարունակ
Ոխը, կռվի տենչը անհագ.
Կռվում էի երազիս մեջ
Ու հևասպառ զարթնում անվերջ:
Լույսն էր ծագում արևելքից,
Լուրն էր գալիս նոր աղետի,
Պատում էր ինձ վայրի կսկիծ
Ու վճռեցի ելնել մարտի:

Այսպես էի ես միտք անում.
«Ի՞նչն է մարդուն փառաբանում:
Ի՞նչ գործեր են քաջին հուզել,
Որ այդ մասին երգ են հյուսել,
Եվ հեթանոս սերունդը հին
Աստվածացրել է հերոսին:
Իր բազուկն է քաջը պրկել,
Հրեշներից մարդկանց փրկել,
Մենամարտել Մինոտավրի,
Առյուծի հետ ահազարհուր,
Օգնել զոհին ձեռով բարի,
Չափսոսալով արյունը յուր:

Մի՞թե պիտի մեր սուրն իջնի
Միայն գլխին սարացինի,
Չաստվածներին պատժի միայն.
Պիտի փրկի աշխա´րհն համայն:
Առաքված է, որ ավետի
Վերջը վշտի ու աղետի:
Պիտի լինի քաջն իմաստուն,
Միաձուլի ուժ, հմտություն»:
Խորհում էի, մենակ շրջում,
Փնտրում որջը չար հրեշի:
Եվ ի~նչ. աստվածն է ներշնչում
Միակ ելքը իմ վրեժի:

Եկա քեզ մոտ, ասի, սուրբ հայր.
«Կարոտել եմ երկիրս մայր»:
Ինձ օրհնեցիր դու քո աջով,
Եվ ծովն անցա բարեհաջող:
Հենց ափ հասա մայր իմ հողի,
Գտա ես մի քանդակողի,
Ու քանդակեց նա մի վիշապ
Իմ պամածով, իմ ցանկությամբ:
Կարճ ոտքերը պահում էին
Մեծ մարմինը ծանր ու հզոր,
Փայլփլում էր դժնի մեջքին
Զրահաշապիկն ատամնավոր:

Երկար վիզն էր առաջ ձգվում,
Եվ դժոխքի դուռ էր թվում
Զարհուրելի երախը բաց՝
Անվերջ դեպի զոհը պարզված:
Դուրս էր ցցվում վիհից մթին
Ժանիքների շարքն ահագին,
Թուր էր ասես լեզուն ահեղ,
Շանթ էր ժայթքում աչքերից նեղ:
Գալարում էր նա անդադար
Հսկա մեջքը՝ նման օձի,
Նա կխժռեր ու կուլ կտար
Միանգամից հեծյալ ու ձի:

Երբ ամեն ինչ ավարտեցի,
Քանդակը ես գորշ ներկեցի.
Դարձավ մի սև հրեշ-մողես՝
Ծնված թունոտ ճահճում ասես:
Շներ գտա այնուհետև՝
Զորեղ, ճարպիկ, վազքը թեթև,
Այնքան վայրագ ու վիթխարի,
Որ կսոսկար ցուլը վայրի:
Վիշապի դեմ գազազելով,
Վրան թափով նետվում էին,
Բզկտում սուր ժանիքներով,
Հլու սաստող իմ կանչերին:

Պատռում էին ոխով անհագ
Փորն հրեշի բրդոտ, ճերմակ,
Ժանիքները այնտեղ խրում
Եվ ծվատում ու քրքրում:
Իսկ ես՝ զինված նիզակով սուր,
Հեծած նժույգ արշավասույր՝
Արաբական ընտիր ցեղից,
Թռչում էի հարմար տեղից:
Մոլեգնում էր ձիս ամեհի,
Դռույթ տալիս դարձած կրակ,
Նշան բռնած՝ սուրում էի
Ու նիզակս նետում արագ:

Ձին սկզբում ծառս էր լինում,
Սանձն էր կրծում, ետ սլանում,
Ոռնում  էին շները զույգ,
Բայց վարժվեցին շուն թե նժույգ:
Մինչ ավարտվեց տանջանքս մեծ,
Լուսնյակն երեք անգամ նորեց,
Եվ մեզ մի նավ արագընթաց
Բերեց դեպի ափն հայրենյաց:
Լույսը բացվեց երրորդ օրվա,
Հողը հասանք հայրենական,
Եվ խոնջանքս չանցած՝ ահա
Ելա կռվի օրհասական:

Երկրին հասած նոր փորձանքից
Սիրտս զգաց այրող կսկիծ,
Այդ վիշապը ճահճի եզրին
Կուլ էր տվել հովիվներին:
Ես իմ սրտի ձայնին հլու՝
Ելա իսկույն մարտնչելու:
Գաղտնիքն ասի ծառաներին,
Հեծա իմ սև, կրակոտ ձին,
Եվ շներս հետս առած՝
Թշնամու դեմ ճամփա ընկա
Այնպես, որ այդ գործն իմ արած
Չունենար և ոչ մի վկա:

Տեր, գիտես տեղն այն տաճարի՝
Խիզախ կամքով շինարարի
Վես ժայռերի գլխին բազմած,
Ցածում փռվող կղզու դիմաց:
Տեսքն է անշուք, աղքատ ու խեղճ,
Սակայն հրաշք ունի իր մեջ՝
Մանուկ Հիսուս, Աստվածամայր,
Երեք արքա կանգնած խոնարհ
Սանդուղքն ունի իննսուն քար,
Վեր ելնողը կըերկընչի,
Բայց ով ահով մտնի տաճար,
Կվայելի տեսքը Փրկչի:

Տաճարի տակ, խորքում ժայռի,
Կար քարանձավ մի վիթխարի,
Ճահճի ցողով անվերջ թրջված,
Արեգակի շողից զրկված:
Այնտեղ վիշապն էր դարանում,
Գիշեր ու տիվ մարդ կլանում,
Դժոխային հրեշն անհագ
Մուտքը վանքի պահում էր փակ.
Ուխտավորը հենց գար ճամփով,
Քարանձավի մոտով անցներ,
Վրա կընկներ ամբողջ թափով
Ու իր զոհին կկլաներ:

Նախքան կռիվն այդ մահացու
Ես բարձրացա տաճարն աստծու
Եվ ծունր իջա Հիսուսի դեմ,
Որ մեղքերից սիրտս մաքրեմ:
Կտրուկ սուրս այնուհետև
Ես կապեցի հոգով թեթև,
Նիզակը սուր վերցրի աջով
Ու ցած իջա կռվի տենչով:
Ծառաներիս հեռվում թողի,
Եվ հրաժեշտ տվի նրանց,
Հեծա նժույգն իմ կատաղի՝
Կյանքս աստծուն ապավինած:

Հենց մոտեցա թաքստոցին,
Գամփռներս կաղկանձեցին,
Ձիս ծառս եղավ, փնչաց, դողաց,
Ետ-ետ գնաց ճամփան թողած:
Կծիկ դառած մեր դեմուդեմ
Թշնամին էր արդեն դժխեմ.
Տաքանում էր արևի տակ:
Վրա պրծան շներն արագ:
Բայց նետի պես ետ սլացան,
Երբ դուրս նետեց երախից բաց
Շունչն իր թունոտ հողմի նման,
Շնագայլի նման ոռնաց:
Բայց իմ ձայնից ոգի առած՝
Շներն ու ձիս թռան առաջ,
Եվ նիզակս ամբողջ ուժով
Ես նետեցի՝ լի վրեժով:
Բայց զրահից փայտի պես չոր
Ետ շպրտվեց նիզակն անզոր,
Ուզեցի տալ մի նոր հարված,
Բայց զարհուրեց ձիս բորբոքված
Վիշապային հայացքից չար
Ու թունավոր շնչից նրա:
Ձիս ետ փախավ սարսափահար,
Նետվեց հրեշն էլ ինձ վրա:

Ձիուց թռա ես ճարպկորեն
Ու մերկացրի սուրս արդեն,
Բայց իմ բոլոր զարկերն են զուր.
Ժայռ է ասես զրահն ամուր:
Փրփրեց հրեշն ու ահագին
Իր պոչով ինձ գամեց գետնին,
Բացեց երախն իր ահռելի,
Որ մի նոր զոհ կուլ տա էլի,
Բայց շներս վրա ընկան
Ու պատռեցին փորը բացված,
Ցնցվեց վիշապն հսկայական,
Անտանելի ցավից ոռնաց:

Մինչ հրեշն էր ցավից ոռնում,
Գամփռներից փրկվել ջանում,
Ես բացվածքը տեսա փորի,
Իսկույն այնտեղ թափով վայրի
Մխրճեցի սուրս պողպատ:
Արյունը սև ժայթքեց առատ,
Հրեշն ընկավ ծանըր ու մեծ,
Ընկավ և ինձ իր տակ ճզմեց:
Ես ուշաթափ փռվեցի ցած
Ու երբ նորից ուշքի եկա,
Ծառաներիս տեսա կանգնած,
Տեսա արնոտ դիակն հսկա»:

Ցնծությունը՝ մինչ այդ զսպված,
Դուրս է պոռթկում կրքծից մարդկանց,
Երբ ասպետն է խոսքն ավարտում:
Զիլ կանչերից վանքն է թնդում,
Արձագանքում բակ ու կամար:
ի~նչ խնդություն մարդկանց համար:
Ուխտի որդիքն են միասին
Խնդրում՝ պսակ տալ հերոսին:
Քաջի համար երախտավոր
Ժողովուրդը փառք է տենչում,
Բայց խոժոռվում հայրն հոգևոր
Ու լռություն է պահանջում:

Ասում է. «Քո բազկով զորեղ,
Տպալված  է վիշապն ահեղ:
Աստված ես դու մարդկանց համար,
Բայց ուխտի հետ թշնամացար:
Քո սրտումն էլ դրել է բույն
Հիմա վիշապ մի վատագույն,
Օձ, որ սիրտ է թունավորում,
Սերմանում դավ ու պառակտում:
Ոգին է դա ըմբոստության՝
Օրենքների դեմ ծառացող,
Պղծողն ամեն մի սրբության՝
Ողջ աշխարհը քանդող, եղծող:

Մամլուկն էլ բարձր է քաջությամբ,
Քրիստոնյան վեհ է հեզությամբ:
Աստ, ուր Տերն է վսեմ ոգով
Դեգերել մերկ ճորտի տեսքով,
Այս սուրբ հողի վրա նախնիք
Հիմնեցին ուխտն այս երջանիկ,
Որ նվիրված ծանր պարտքին՝
Մարդիկ զսպեն կիրքն երկրային:
Իսկ դու չքվի´ր, զի սիրտը քո
Փառքն է գերել փայլով իր սին:
Ոչ չի կրում լուծը աստծո,
Արժանի չէ նա իր խաչին»:

Բազմության խոլ աղաղակից
Ամբողջ վանքն է թնդում հիմքից,
Գութ են հայցում եղբայրք բոլոր:
Նայում տղան անխոս, մոլոր,
Թիկնոցը սև ցած է բեում,
Մռայլ սուրբ հոր աջն համբուրում
Եվ հեռանում: Իսկ սա կանգնած
Նայում է լուռ, գոչում հանկարծ.
«Ե´տ եկ, որդյակ, ձեռքդ ի´նձ տուր.
Փառքով ելար կռվից դաժան,
Այս խաչը ա´ռ ի տրիտուր
Ամենահաղթ քո հեզության»:

Թարգմանությունը՝ Պարույր Միքայելյան

Տես նաև Ֆրիդրիխ Շիլլեր Բալլադներ
Ֆրիդրիխ Շիլլեր | Մենամարտ վիշապի հետ Ֆրիդրիխ Շիլլեր | Մենամարտ վիշապի հետ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on 6:46:00 Rating: 5
Технологии Blogger.