«Արմենպրես»-ի «Երևանյան բեսթսելեր» նախագծի մրցանակները գտան իրենց տերերին


«Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» նախագիծն ապրիլի 3-ին «Մեգերյան կարպետ» գորգերի գործարանի դահլիճում ամփոփեց 2016-2017 թվականների ամենապահանջված գրքերի մրցանակաբաշխության արդյունքները:
«Երբ ստեղծվեց նախագիծը, մեր գաղտնի երազանքն էր, որ  այն օգնի թե՛ ընթերցողին, թե՛ հրատարակչին, թե՛ գրողին, քանի որ, մեր համոզմամբ, այսօր և միշտ լրատվամիջոցները պետք է լինեն գրականության, գրքի կողքին. գիրքը մշտական հոգածության, խնամքի և ուշադրության կարիք ունի»,- նշեց «Արմենպրես» պետական լրատվական գործակալության տնօրեն Արամ Անանյանը:
Նա նախագիծը մեթոդաբանական առումով բարելավելու հույս հայտնեց: «Այժմ հրատարակիչների և գրավաճառ ընկերությունների հետ քննարկում ենք այդ հարցը, որ առաջիկա տարիներին կարողանանք ավելի կանխատեսելի, հետաքրքրական մեթոդաբանությամբ տարածել լավ գիրքը և ընթերցողին հետ բերել դեպի գիրք»,-ընդգծեց Անանյանը:
«Ամենաշատ վաճառված ստեղծագործությունների հեղինակ» անվանակարգում մրցանակի արժանացավ  երիտասարդ գրող և լուսանկարիչ  Էդգար Հարությունյանը «Նվիրելու արվեստը կամ ձոն վարդին» և «Չգտնված երիցուկներ» գրքերի համար («Անտարես»  հրատարակչություն):
«Ես չեմ թաքցնում, որ իմ գրքերի վաճառքի հաջողությունն ի սկզբանե կախված է եղել այն հանգամանքից, որ ես լուսանկարիչ եմ և մեծ թվով հետևորդներ ունեմ: Նրանց, ովքեր շահարկում են այդ փաստը, միշտ ասում եմ, որ եթե ես լվացքի փոշի արտադրեի, հազիվ թե այն նույն հաջողությամբ սպառվեր: Կարծում եմ` գրել եմ այնպիսի գրքեր, որոնցում նկարագրված իրավիճակները հարազատ են երիտասարդ աղջիկներին»,-խոստովանեց Հարությունյանը:
Նա հավելեց, որ իր գրքերն ինչ-որ չափով նաև ուսուցողական են, և մարդիկ կարողանում են դրանցից որոշ դասեր քաղել: Գրողն այդ ամենն ասում է` հիմնվելով  իր ստացած հազարավոր նամակների վրա:
«Ամենապահանջված թարգմանություն» ճանաչվեց Ջոն Բոյնի «Զոլավոր գիշերազգեստով տղան»: Ստեղծագործության հայերեն թարգմանության համար մրցանակը հանձնվեց գրքի թարգմանիչ Ռուզան Ազիզյանին («Վերնատուն» հրատարակչություն):
«Մանկական բեսթսելերների հրատարակիչ» անվանակարգում ամենապահանջված մանկական ստեղծագործությունների հրատարակության համար մրցանակի արժանացավ ՝ «Բուկինիստ» հրատարակչությունը:
«Լևոն Անանյանի անվան հատուկ մրցանակ» հանձնվեց Մհեր Իսրայելյանին «Մի շան բախտ հին հայկական ճանապարհի վրա» գրքի համար («Անտարես» հրատարակչություն):
Իսրայելյանի խոսքով` բավականին ուշ է սկսել գրել: «Մարդիկ հավանում են իմ պատմվածքները: Գրելիս ցանկանում եմ իմ հույզերը, ապրումները թղթին հանձնել` դրանք դարձնելով ընթերցասերների սեփականությունը»,-ասաց գրողը:
«Նորամուտ» հատուկ մրցանակ»-ը հանձնվեց Նարեկ Գալստյանին «Ախպարները» գրքի համար («Անտարես» հրատարակչություն):
«Այնտեղ, որտեղ ծաղկում են վայրի վարդեր», «Վիլ-Էվրար» ստեղծագործությունների համար «Օտարագիր հայ հեղինակ» անվանակարգում մրցանակի արժանացավ Մարկ Արենը («Բուկինիստ» հրատարակչություն):
«Ռետրոսպեկտիվ» հատուկ մրցանակ հանձնվեց «Դարակ» հրատարակչությանը Վարդգես Պետրոսյանի «Ապրած և չապրած տարիներ» գրքի համար:
«Բեսթսելերների հրատարակիչ»  ամենապահանջված  գրքերի հրատարակության համար մրցանակի արժանացավ «Անտարես» հրատարակչությունը:
Հրատարակչության գլխավոր խմբագիր Արքմենիկ Նիկողոսյանն ասաց. «Երբ գալիս ես մրցանակաբաշխության, և սիրտդ չի տրոփում «Բեսթսելերի հրատարակիչ» անվանակարգը հայտարարելիս, ուրեմն մի բան այն չէ»: Նրա խոսքով՝ վերջին տարիներին մի շարք հրատարակչությունների ակտիվ աշխատանքի շնորհիվ լույս են տեսնում լավագույն գրքեր, և շահում է ընթերցողը, գրքի որակը: «Այս հարցում նախակարապետներից մեկը «Արմենպրես»-ի «Երևանյան բեսթսելեր» նախագիծն է, ինչը բարձրացնում է մրցակցության  ոգին»,-եզրափակեց խմբագիրը:
«Ժյուրիի հատուկ մրցանակ» տրվեց «Զանգակ» հրատարակչությանը Օլդոս Հաքսլիի «Չքնաղ նոր աշխարհ» գրքի համար:
«Զանգակ» հրատարակչության թարգմանական ծրագրերի համակարգող Արթուր Մեսրոպյանը նշեց, որ մրցանակաբաշխությունները կարևոր են, և ինքն ուրախ է, որ «Արմենպրես»-ը կազմակերպում է այդ միջոցառումը, քանի որ գնահատվում են հրատարակիչը, գիրքը, և ընթերցողը ևս մեկ անգամ ծանոթանում է հրատարակչությունների կատարած աշխատանքին, նոր ստեղծագործություններին: «Լավ կլինի, որ նման մրցանակաբաշխությունները շատ լինեն: Դրանք խթանում են մեր աշխատանքը»,-շեշտեց Մեսրոպյանը և շնորհակալություն հայտնեց «Արմենպրես»-ին միջոցառման իրականացման համար:
Պատվոգրեր տրվեցին նախագծի աջակիցներ «ՄԵԳԵՐՅԱՆ ԿԱՐՊԵՏ» ընկերությանը, «ՀԱՅ ԳԻՐՔ», «ԶԱՆԳԱԿ», «ԲՈՒԿԻՆԻՍՏ» գրախանութների ցանցերին, «ԱՐԱՐԱՏ» և «ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ» հեռուստաընկերություններին:

Նյութի աղբյուրը՝ «Արմենպրես»
«Արմենպրես»-ի «Երևանյան բեսթսելեր» նախագծի մրցանակները գտան իրենց տերերին «Արմենպրես»-ի «Երևանյան բեսթսելեր» նախագծի մրցանակները գտան իրենց տերերին Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on апреля 04, 2018 Rating: 5
Технологии Blogger.