Պարույր Սևակ | Հանելուկ առաջին


-Իսկ այդ ի՞նչն է,
Որ երբ հասավ՝
Փախցընում է մեր քունն աչքից:

Պապիկն իսկույն հազն իր հազաց
Ու երբ պրծավ բարեհաջող,
Իսկույն ասաց.
-Ծերությո՛ւնը:

Պատերազմի երես տեսած
Հայրիկն ասաց.
-Գերությո՛ւնը:

Մայրիկն ասաց.
-Մերությո՛ւնը:
Ու կրկնեց.
-Մերությո՜ւնը:

Փոքրիկ տղան
Փոքրիկ ափը զարկեց ափին
Ու ձայնիկն իր միացնելով
Զնգուն ծափին՝
Չասա՜ց... գոռա՛ց.
-Ձմեռ Պապի՜ն:

Իսկ աղջիկը արբունքահաս՝
Վառված ձեռով
Հարդարելով իր վարսերը՝
Ոչի՛նչ չասաց.
Բայց մտածեց.
-Պա՞րզ չէ, սե՜րը...

01.III.1967թ.         
Արզնի

Տես նաև Պարույր Սևակ Բանաստեղծություններ
Պարույր Սևակ | Հանելուկ առաջին Պարույր Սևակ | Հանելուկ առաջին Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on апреля 05, 2018 Rating: 5
Технологии Blogger.