Ջոն Վիլյամ Ֆուլբրայթ | Հիվանդ հասարակություն


Դեթրոյթի ծխի ու խճի մեջ մխրճված նեգր վետերանն ասում էր.
-Մի քանի ամիս Վիետնամում մնալուց հետո հենց նոր եմ այնտեղից վերադարձել, բայց, գիտե՞ք, ինձ թվում է, որ պատերազմն այստեղ է, ոչ թե՝ այնտեղ:
Փաստորեն, հիմա մենք երկու պատերազմի մեջ ենք ներքաշված: Մեկը ուժի քաղաքականության պատերազմն է, որ մեր զինվորները վարում են հարավ-արևելյան Ասիայի ջունգլիներում: Մյուսը պայքարն է ամերիկյան ոգու համար, հանուն որի կռվում են Նյուարկի ու Դեթրոյթի փողոցներում, Կոնգրեսի դահլիճներում, եկեղեցիներում, բողոքի ցույցերում ու վարժարանների բակերում, դա այն ներքին կռիվն է, որ տեղի է ունենում լռակյաց ամերիկացիների սրտերում ու հոգիներում, Մենից մինչև Հավայա: Ես հավատացած եմ, որ այս երկու պատերազմներն ինչ-որ ձևով կապված են իրար հետ, ոչ թե՝ ուղղակիորեն, իրական պատճառական կապերով, որ պաշտոնակալներին պարտադիր են ապացուցելու համար երկու երևույթների փոխադարձ կապը, այլ՝ ավելի նուրբ, բարոյական ու որակական կապանքներով: Այս պատերազմներից յուրաքանչյուրը նույն հաջողությամբ կարող է շարունակվել նաև մյուսի բացակայության դեպքում, սակայն կասկածում եմ, թե դրանցից որևէ մեկը, մնալով մենակ, երբևէ անհույս կամ բարոյալքող կթվա:
Վիետնամի և Դեթրոյթի միջև գոյություն ունեցող կապն արտահայտվում է ամերիկյան ավանդական արժեքների նկատմամբ դրանց հակասական ու ներհակ պահանջների միջոցով: Մեկը պահանջում է, որ դրանք կողմ թողնվեն, մյուսը՝ որպեսզի բավարարվեն: Մեկը պահանջում է, որ ընդունվի Ամերիկայի կայսերական դերն աշխարհում կամ, ինչպես մեր քաղաքականություն կերտողներն են սիրում կոչել՝ «ուժի պատասխանատվությունը», և կամ, ինչպես ես եմ անվանում՝ «ուժի ամբարտավանությունը»: Մյուսները պահանջում են ազատություն ու սոցիալական արդարություն հաստատել մեր տանը, վերջ տալ աղքատությանը, շտկել մեր խաթարված ժողովրդավարությունը և ծանրակշիռ ջանքեր գործադրել՝ աշխարհում այնպիսի դեր ստանձնելու համար, որը համահունչ լինի մեր ավանդական արժեքներին: Հարցն այն չէ, և դա պետք է հատկապես շեշտվի, թե արդյո՞ք հնարավոր է արտասահմանում հանձնառու լինել ավանդական ուժային քաղաքականությանը և միաժամանակ՝ կատարյալ ժողովրդավարություն հաստատել սեփական տանը, այլ այն, թե մեզ՝ ամերիկացիներիս համար, մեր առանձնահատուկ պատմությամբ ու ազգային բնավորությամբ, հնարավո՞ր է, արդյոք, համակերպել բարոյապես ներփակ այդ դերերը:
Վարչական պաշտոնյաները մեզ հավատացնում են, որ իսկապես հնարավոր է նվաճել թե´ Վիետնամը, և թե´ մեծ հասարակությունը, ու այդ տեսակետը հաստատելու համար առաջադրում են ազգային համախառն արտադրության տպավորիչ վիճակագրությունը: Բոլոր այդ թվերը ցուցադրում են  միայն ֆինանսական և երբեք՝ բարոյական ու հոգեբանական ունակությունները: Դրանք չեն պարզաբանում, թե ինչպես Հյուսիսային ու Հարավային Վիետնամը ռմբակոծելու առաքելությամբ ծանրաբեռնված նախագահը ի վիճակի կարող է լինել ստանձնելու մեր քաղաքները վերաշինելու կոչված ուժեղ և տոկուն առաջնորդի դերը: Դրանք նաև ցույց չեն տալիս, թե ինչպես պատերազմական ծախսերի ու պատերազմի ծավալների տակ կքած, հրատապ ձեռնարկումներով ու շշմեցուցիչ ընդվզումների անվերջանալի շարանով բեռնավորված, հարաճուն հոգսերի մեջ խրված Կոնգրեսը կարող է կողմնորոշվել դեպի սոցիալական խնդիրների ուսումնասիրման ու օրենսդրական ծրագրերի ընդունման առօրյա աշխատանքը: Վիճակագրությունը ոչինչ չի ասում և այն մասին, թե ինչպես մտահոգ ու վարանած ժողովուրդը, որ մամուլի և հեռուստատեսության կողմից անընդհատ ռմբակոծվում է Վիետնամից ստացվող ամերիկացի զոհերի մասին՝ վատ և թշնամու զոհերի մասին «լավ» լուրերով ու այդ ամենը լուսաբանող սարսափազդու և տպավորիչ պատկերներով, կարող է ի վիճակի լինել սատարելու չքավորության վերացման մարդասիրական նախագծերի և քաղաքների վերակառուցման, գործազրկության վերացման ու կրթության զարգացման ազգային ծրագրերի իրականացմանը:
Ներկայումս աշխարհի մեծ մասը վանվում է թե´ Ամերիկայից և թե´ այն ամենից, հանուն ինչի թվում է, թե մարտնչում է Ամերիկան: Ինչպես արտաքին հարաբերություններում, այնպես էլ ներքին կյանքում մեզ հատուկ է դարձել ուժի և բռնության նկարագիրը: Ինձ համար հոգ չէ, թե պատկերները որքանով են տարբերվում իրենց արտացոլած իրերից ու երևույթներից, սակայն այս նկարագիրը հիմնված է իրականության վրա: Արտասահմանում մենք ներքաշվել ենք մի փոքրաթիվ ու հետադեմ ազգության թշվառ մարդկանց դեմ տմարդի ու անփառունակ պատերազմի մեջ: Իսկ երկրի ներսում մեր քաղաքները, որ շուրջ քսանհինգ տարի անտեսված են եղել, քանի որ գլխովին տարված էինք արտասահմանյան ներդրումներով, արդեն պայթում են սոցիալական անարդարության դեմ սերունդների սաստկացող բողոքներից: Ամերիկան, որ ընդամենը մի քանի տարի առաջ աշխարհին երևում էր որպես ժողովրդավարության ու սոցիալական արդարության նախանմուշ, վերածվել է բռնության և պատժիչ ուժի խորհրդանիշի: Ֆիզիկական ուժն անկանոն գործադրելու պատճառով ինքներս մեզ զրկել ենք ավելի հզոր ուժից՝ օրինակ ծառայելու իրավունքից: Այսպես, օրինակ, ինչպե՞ս կարող ենք արաբներից ու իսրայելցիներից պահանջել խաղաղ փոխզիջումներ, երբ ինքներս չենք ցանկանում դադարեցնել Հյուսիսային Վիետնամի անողոք ռմբակոծությունները: Եվ ո՞ր իրավունքով ենք խորհուրդ տալիս Լատինական Ամերիկային իրականացնելու ժողովրդավարական սոցիալական բարեփոխումներ, երբ Նյուարկը, Դեթրոյթն ու Միլուռքին ժողովրդավարական սոցիալական վերափոխումների ոլորտում մեր սեփական անբավարար ջանքերի ցցուն ապացույցներն են: Ինչպե՞ս կարող ենք ասիացիներին ու աֆրիկացիներին երաշխավորել ազատ ձեռներեցության համակարգը, երբ մեր երկրում դրա հետևանքով ծնունդ են առել տարածուն, քաոսային, աղմկոտ, վտանգավոր ու աղտոտված քաղաքային համալիրներ, որ անգթորեն թունավորում են օդը, հողն ու ջուրը:
Մինչ մահվան ղողանջներ են հնչում Վիետնամում, նույն զանգերի ձայնն ենք լսում նաև մեր տանը: 1967 թվականի հուլիսյան միայն մեկ շաբաթվա ընթացքում Վիետնամում զոհվել է 164 և վիրավորվել է 1442 ամերիկացի, մինչդեռ նույն ժամանակահատվածում Միացյալ Նահանգներում քաղաքային խռովությունների ժամանակ զոհվել են 65-ը և վիրավորվել 2100-ը: Մենք, իրականում, պատերազմում ենք երկու ճակատով և երկուսում էլ՝ պարտվում: Դրանք երկուսն էլ սնվում են մեկը մյուսից, և, չնայած նախագահը մեզ հավատացնում է, թե մենք հնարավորություն ունենք հաղթանակելու երկու պատերազմներում էլ, փաստորեն, դրանցից ոչ մեկն էլ հաջողությամբ չի ավարտվելու:
Այս երկու պատերազմները միասին ամերիկյան հասարակության փլուզման գործընթացի սկիզբն են դրել, և կասկած չկա, որ այդ երկու ճգնաժամերից յուրաքանչյուրն ավելի է խորանում՝ ընդհարվելով մյուսի ալիքի հետ: Միայն Վիետնամի պատերազմը չէ, որ մեր թունավորված քաղաքներից դուրս է մղում մարդկային ու նյութական հարստությունը, և ոչ էլ միայն այն է, որ քաջալերում է աղքատ սևամորթներին համոզմունք ձևավորելու, թե իբր մեր երկիրն անտարբեր է նրանց տված խոստումին: Դրան ավելացրած՝ պատերազմը սնում է այն գաղափարը, թե խնդիրների լուծման ճանապարհը բռնությունն է: Եվ եթե, ինչպես պրն. Ռասկն է ասում, միայն ռումբերի անձրևը կարող է Հո Շի Մինին խելքի բերել, ինչո՞ւ չի կարելի նույն սկզբունքը կիրառել սեփական տանը: Եվ ինչո՞ւ խռովարարների ու նշանառուների գնդակները չեն կարող սպիտակամորթներին հիշեցնել սևամորթների դժվարին կացության մասին, երբ բնակեցման, աշխատանքի և ուսուցման խաղաղ ծրագրերն ավելի շատ հռետորական են եղել, քան՝ իրական: Ամերիկյան օդը հագեցած է վտանգավոր ու զզվելի մտքերով, և դրանք ձուլվել են վիետնամական հնոցում: Սևամորթ ծայրահեղական ուժերն սկսել են լուրեր տարածել Ամերիկայի գետտոներում ծավալվող «ազատագրական պատերազմների» մասին
Նախապատվություններն արտացոլվում են նաև այն ամենի վրա, ինչի համար մենք փող ենք ծախսում: Ազգային բյուջեն, հաշվապահական չոր հաշիվներից զատ, ունի նաև բարոյական բովանդակություն. այն արտահայտում է, թե հասարակությունն ինչի համար է մտահոգված և ինչի համար՝ ոչ, այն ցույց է տալիս, թե որոնք են հասարակության արժեքները:
Ահա մի փոքրիկ վիճակագրություն ամերիկյան արժեքների վերաբերյալ: Սկսած 1946 թվականից, պարբերաբար մեր ազգային բյուջեից ծախսել ենք 1578 մլրդ դոլար: Դրանից 904 մլրդ կամ ընդհանուրի 57,29 տոկոսը՝ ռազմուժի վրա: Դրան հակառակ, 96 մլրդ կամ ընդհանուրի 6,08 տոկոսը հատկացվել է «սոցիալական նպատակներին», որ ներառում են կրթությունը, առողջապահությունը, աշխատանքի ապահովման ու բարեկեցության բարձրացման ծրագրերը, բնակարանաշինությունը և համայնքների զարգացումը: 1968 թվականի ֆինանսական տարվա համար կառավարության կողմից ներկայացված պետական բյուջեն նախատեսում է 76 մլրդ հատկացնել ռազմական ծախսերին և ընդամենը 15 մլրդ՝ «սոցիալական նպատակներին»:
Ես այն կարծիքին չեմ, թե մենք զենքը հինգից տասն անգամ ավելի ենք արժեվորում, քան ներքին սոցիալական կարիքները, ինչպես ցույց են տալիս վերը հիշատակված տվյալները. հավանաբար, մեր ռազմական ծախսերի ճնշող մեծամասնությունը խիստ անհրաժեշտ է՝ ելնելով ազգային անվտանգության իրական պահանջներից: Ինձ թվում է, որ մենք այդ անհրաժեշտությունը ողջունել ենք անբնական ոգևորությամբ, որ Կոնգրեսը չափազանց բարեհաճ է գտնվել ռազմական նպատակներով անսահմանափակ գումարներ հատկացնելիս և իրականում դժկամություն է ցուցաբերել այդ ծախսերը կրճատելու, նվազագույնի հասցնելու հարցում, որպեսզի կարողանար դրամագլուխ ապահովել նաև աղքատությունը վերացնելուն և քաղաքները վերակառուցելուն ուղղված ծրագրերի, չքավորներին բնակարանային հավելավճարներ տրամադրելու և նույնիսկ այն ծրագրերի համար, որը նախատեսում է ետնախորշերում պատսպարվող երեխաներին փրկել առնետների ժանիքներից:
Մինչ երկիրը տառապում է բարոյական ղեկավարության բացակայության պատճառով, առավել աչքի ընկնող երիտասարդ սերունդը տնօրինում է ամերիկյան գաղափարապաշտության չափանիշները: Հակառակ ավագների, նրանք ըմբռնել են ամերիկյան ապրելակերպի անպատվությունն ու կեղծիքը և միանշանակ մերժում են այդ ամենը: Նրանց մի մասը՝ հիպիները, պարզապես նահանջել է. թերևս երբևէ զղջանք նրանց կորովի, ազնիվ զգացումների կորստի համար, բայց դժվար թե կարողանանք ժխտել հասարակության վիճակի նրանց գնահատականը: Մեր երիտասարդության մեկ այլ մասը շփոթահար է ու թերահավատ, իմ կարծիքով, ոչ թե այն պատճառով, որ չի ցանկանում տեսլականներ ունենալ, այլ որովհետև կարիք ունի իրական պայմանների և չի հանդուրժի կեղծիքը: Մյուսները՝ ուսանողները, որ մարտնչում են ապագայի իրենց մտահոգության ու խղճի դիրքերից, զինվորները՝ պատերազմի, «Խաղաղության կորպուսի» կամավորները, որ ձգտում են մարդկային արժանապատվության կայծեր բորբոքել Հնդկաստանի ու Բրազիլիայի չքավորների մեջ, և ՎԻՍՏԱ-ի կամավորականները, որ նույն առաքելությունն ունեն Հարլեմի ու Ապալաչների աղքատների շրջանում, նրանք բոլորն էլ մաքառում են հանուն ամերիկյան ժողովրդավարության ավանդական արժեքների գոյապահպանության:
Իրականում նրանք արմատականներ չեն՝ այդ երիտասարդ գաղափարապաշտները, այսինքն՝ ավելի արմատական չեն, քան Ջեֆերսոնի գաղափարները ազատության կամ Լինկոլնի գոյակցումները հավասարության և կամ՝ Վիլսոնի մտքերն ազգերի խաղաղ գոյակցության մասին: Ճիշտ է, նրանցից շատերին հատուկ են, այսպես կոչված, արմատական գործողությունները, սակայն նրանք դա անում են ի պաշտպանություն ավանդական արժեքների և հակառակ այն արմատական շեղման, որ կարող է վտանգել դրանց միախմբումը Ամերիկայի համար կայսերական ճակատագիր ապահովելու գաղափարի մեջ:
Նրանց բողոքի կիզակետը Վիետնամի պատերազմն է, իսկ պատվախնդրության աստիճանը՝ այն հաստատակամությունը, որով նրանք խուսափեցին այդ հարցում խաբվելուց: Ակնհայտորեն տարբերվելով իրենց գերմանացի հասակակիցներից, ովքեր ընդունեցին նացիզմի չարիքը, քանզի այնտեղ հասարակական արժեքները մասնատված էին, և իրենք պատասխանատվության բնականոն շրջանակներ չունեին, մեր երիտասարդությունը ցուցաբերում է ամերիկյան արժեքների կենսունակությունը:
Հնարավոր է, որ եթե հավակնությունը հաղթանակի, և Ամերիկան տեղի տա, վերածվի ավանդական կայսրության ու միառժամանակ իշխի մի երկրահատվածում, որը, վստահորեն կարելի է ասել, կլինի (եթե ոչ ֆիզիկական, ապա բարոյական տեսանկյունից) կորուսյալ աշխարհ, ապա անցյալի խոշորագույն կայսրությունների պես անկում կապրի ու կկործանվի: Կարող է այնպես պատահել, որ այդ անբնական ու ժամանակավրեպ հրեշի արարման ջանքերն այրվեն միջուկային աղետի կրակներում: Սակայն եթե ես իմ դրամը գրավի դնեի, ապա սոսկ հանուն երիտասարդ սերնդի ապագայի, մի սերունդ, որը մերժում է աղքատ ու հեռավոր երկրում տմարդի պատերազմը, չի ընդունում աղքատությունն ու կեղծիքը սեփական երկրում և ավագ սերնդին սովորեցնում է այն, ինչը նրանք վաղուց պետք է իմանային՝ կայսրության գինը ամերիկյան ոգին է, և այդ գինը շատ բարձր է:

Թարգմանությունը անգլերենից՝ Արտեմ Հարությունյան
Ջոն Վիլյամ Ֆուլբրայթ | Հիվանդ հասարակություն Ջոն Վիլյամ Ֆուլբրայթ | Հիվանդ հասարակություն Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on 23:55:00 Rating: 5
Технологии Blogger.