Ավետիք Իսահակյան | Հավերժություն


Պանդխտական ուղիներիս վրա ես հանդիպեցի իմ սերին։
Նստել էի գարնան պարտեզում հասակ առած մի ծառի տակ՝ մենակ ու մտորուն։
Անցավ մի աղջիկ իր ընկերուհիների հետ, այնպե՜ս ուրախ և վճիտ, ինչպես այն թարմագեղ գարունը, որ թռչունների երգերով փռվել էր ծաղիկների ու սեզերի վրա։
Ես նայեցի նրան, նա նայեց ինձ, ե մեր հայացքները գրկեցին իրար։
«Որքա՜ն ծանոթ էր այդ հայացքն ինձ։ Ո՞ւր էի պատահել։ Երր եմ տեսել նրան այնքա՜ն ծանոթ ու վաղածանոթ դեմք... գուցե երազի մեջն եմ տեսել նրան, գուցե իմ հայրենիքում, մանկության օրերիս, խաղացել եմ նրա հետ»։
Եվ ոտքի ելնելով, ստվերի պես հետևեցի նրան, անցավ մի պահ՝ տեսա նրան, ընկերուհիներից անջատ, մոլորուն քայլերով շրջում էր պարտեզում։
Ողջույն,— ասացի ես,— ներիր, եթե ասեմ, որ ինձ թվում է՝ թե ճանաչում եմ քեզ, վաղուց, շատ վաղուց, սակայն ու՞ր եմ տեսել չգիտեմ։
Դու ևս ծանոթ ես թվում ինձ, միայն չեմ հիշում երբ եմ տեսել։ Բայց տեսել եմ անշուշտ։
Ես օտար եմ այս երկրում, սա իմ հայրենիքը չէ, առաջին անգամն եմ շնչում այստեղի օդը։ Գուցե դու եղել ես իմ հայրենիքում, իմ հեռավոր հայրենիքում...
Ո՜չ, իմ հայրենիքից դուրս չեմ եղել երբեք։ Ի՜նչ տարօրինակ հանդիպում է սա, ի՞նչ խորհուրդ ունի այս...
Բայց որքա՜ն հարազատ է, վաղեմի ծանոթ, քո ձայնը, և մանավանդ քո հայացքը, կարծես հազար դարեր առաջ մենք տեսել ենք իրար...
Այո՛, ավելի քան հազար դարեր աոաջ...
Եվ նստեցինք իրար մոտ, և երկար նայում էինք միմյանց,— և մեր հոգիները հանկարծ լասավորվեցին հավերժի հիշողությամբ ճանաչեցին իրար, իմ հոգին, նրա հոգին։
Ես ճանաչեցի քեզ, իմ անմահ սեր: Քո այդ հավիտենական քաղցր հայացքը ճանաչեցի ես։ Դու իմն ես եղել միշտ՝ արևներից ու աստղերից առաջ,— ասացի ես։
Ճշմարիտ, դու իմն ես եղել միշտ, իմ հավիտենական ընկեր, միշտ իմը՝ աշխարհի ձևավորումից առաջ, երբ թոհուբոհի մեջ էին ժամանակի և տարածության բոլոր իրերը։
Այո՛, նազելիս, հիշու՞մ ես... մենք հյուլե էինք մի զգացումով, մի կամքով, հավերժության սկզբից ծնված միասին, ձուլված մի հոգու մեջ։ Անհամար դարեր դեգերում էինք խավար տիեզերքի անհայտ ոլորտներում, մենակ և երերուն, բյուրաբյուր հյուլեներից հեռու և մեկուսի։
Այո՛, մտերիմ ընկեր, մենք իրար գրկած թավուտում էինք տարածության անեզրության մեջ՝ միլիոն, միլիոն տարիներ, միլիոն դարեր, որոնք անցան մի վայրկյանի պես, որովհետև մենք երջանիկ էինք։
Ո՛հ, ինչ ահավոր մրրկապարերի մեջ եղանք, կաղապարվող և քայքայվող արևների մեջ եղանք, բայց միշտ անբաժան ու միացած, անմեկին սիրով, իրարից անհագ...
Սակայն տարերային ահեղ ուժերը մեզ կիսեցին, բաժանեցին առ ժամանակ, որ անթիվ դարերից հետո անպարտելի կարոտով բռնկված՝ նորից գտնեինք իրար։
Այո՛, հոգիս, սիրել նշանակում է՝ գտնել իրար...
Եվ քնքուշ ձեռքը դրեց նա ափերիս մեջ։
Հետո, հիշու՞մ ես,— ասացի ես,— գրեթե կես հավերժություն անցավ մեր անջատման օրից։ Նորակազմ երկրի վրա էր, վիթխարի ծառերը հասնում էին մինչև բարձր ժայռերի կատարին, ահռելի կենդանիները վխտում էին ջրերում և ցամաքի վրա։
Հիշում եմ այսօրվա պես։ Դու վագր էիր որսում ահագին մահակը հուժկու ձեռքիդ, երբ քեզ տեսա, զգացի, որ միլիոն տարիներ միասին ապրած իմ ընկեր - Հյուլեն էիր։ Քո հայացքը հավերժական սիրո լեզուն էր։
Ես էլ նույնը զգացի և, մղված մի անհաղթ տենչով դեպի քեզ՝ թողեցի որսը։ Եվ քո ցեղակիցների հետ մահի և կյանքի կռիվ տալով՝ հափշտակեցի քեզ և արագ տարա հեռավոր անտառի մեջ մի քարանձավ։
Հետո, դու մի օր եկար որսից մի հսկա գերան ուսիդ դրած՝ մի ծայրին վարազը ջախջախված գլխով, իսկ մյուս ծայրին ուրախ, փայլուն, ճարճատուն վարդը՝ նորագյուտ կրակը։ Ի՜նչ հրաշալիք էր։
Ահ, ինչ սարսափելի և սքանչելի օր էր այդ։ Ես անտառումն էի, որոտում էր երկինք ու երկիր, ամպերը քարի ծանրությամբ կախվել էին գլխիս, անձրևը հեղեղում էր,— և հանկարծ ահեղ կայծակը հզոր սրի պես զարկեց ծառի կատարին, ծառը իսկույն բոցավառվեց, ես փախա վախից, ապա հետաքրքրված մոտեցա։ Ծառի ճյուղերը հալվում էին, ուրախ - ուրախ ճիչեր արձակելով, ավելի մոտեցա, թրջված էի անձրևից և մրսում էի. շատ հաճելի թվաց ինձ երկնքից ընկած այդ թրթռուն, խայտուն, կարմիր կրակը։ Տաքանում էի՝ հիացած աչքերս չհեռացնելով այդ երկնային գեղեցկությունից, երբ զգացի մի քաղցր հոտ՝ մինչև այդ օրը անծանոթ մարդկային հոտոտելիքին։ Նայեմ՝ ինչ՝ տեսնեմ սպանված վարազս, որ ընկած էր գետին, մի այրվող ճյուղ հասել էր նրան և խորովում էր վարազի ազդրը։ Դուրեկան հոտը գրգռել էր ախորժակս, փորձի համար խորոված տեղից կերա... այնպիսի անգերազանցելի ճաշակ ունեցա, որի նմանը չունեցա իմ դարավոր վերապրումների ընթացքին այլևս։
Հիշու՞մ ես, այնուհետև մենք միշտ խորովում էինք միսը։ Ի՞նչ համեղ սեղաններ ունեինք։
Այո՛, իսկական հրաշք էր... Երբ վառվող գերանը քարանձավը բերիր, ես սկզբում վախեցա, երբ սովորեցի, էլ չէի հեռանում կրակից։ Դու գնում էիր անտառ, ծառեր էիր կտրում ու բերում, իսկ ես հսկում էի, միշտ նոր փայտեր ձգելով, որ չհանգչեր կրակը։
Ի՜նչ անուշ օրեր ունեցանք այդ երկնային կրակի շուրջը։ Մեր երեխաները մեծացան նրա օրհնության տակ, ձմեռը առանց մրսելու քնում էինք նրա շուրջը, և նույնիսկ վայրագ գազանները վախենում էին մեր բնակարանին մոտ գալու։ Հիշու՞մ ես, որպիսի խորին ծերության հասանք մենք։
Եվ հեռավոր տեղերից, իմ սիրելի ընկեր, գալիս էին մարդիկ մեր կրակից տանելու։ Այո՛, գալիս էին մեր անձավը ուխտի։ Սուրբ երդ էին կոչում մեր կրակատեղը և սուրբ երդաստան՝ մեր բնակարանը։ Եվ ապա այդպես կոչվեցին բոլոր մարդկանց կրակատեղին ու բնակարանները, ուր կին կար, միշտ կրակը վառ պահող և սրբազան կրակը՝ երդի մեջ։
Այո՛, հոգուս հատոր, ինչպե՞ս չէ։ Այդ դեպքի շնորհիվ շատ բան փոխվեց մարդկային կենցաղում, կանայք այր մարդկանց հետ էլ որսի չէին գնում, այլ մնում էին տանը՝ հոգ տանելով կրակի վրա, իսկ միայն այրերս էինք գնում սար ու ձոր, դաշտ ու անտաո, սնունդ հայթայթելու համար։ Պայքարում էինք ամեհի կենդանիների հետ։ Եվ այդ իմ հավիտենական կյանքիս ամենաերջանիկ օրերն էին։
Դրանից հետո, ես հիշում եմ մեր նոր վերածնունդը։ Դա՝ նվիրական Հիմալայի գրկումն էր, հավերժական գարունի պարտեզում, չքնաղ Քաշմիրի հովտում։ Ես մի դեռափթիթ աղջիկ էի, իսկ դու՝ մետաքսավարս այծերի հովիվ, քաղցր սրինգը միշտ շրթներիդ վրա. մենք հանդիպեցինք մի երեկո ծաղիկների մեջ... մեր հայացքները համբուրվեցին իրարու հետ...
Հիշում եմ, նազելիս, վերջալույսին էր, ես ժպտացի՝ քեզ նվիրելով անթառամ ձյունավարդերի մի փունջ, որ քաղել էի Հիմալայի բարձր ապառաժների կողերից։ Մենք նորից գտանք իրար մեր մշտանորոգ սիրով ու կարոտով, բայց, ավա՜ղ, ինչ կարճատև եղավ մեր երջանկությունը։ Հյուսիսից բարբարոս հրոսակները ներխուժեցին մեր դրախտային հայրենիքը, հրի ու սրի տվին գյուղ ու խրճիթ, տարան մեր հոտերը, քեզ ևս, իմ հոգուս հոգի, ուզում էին տանել, որովհետև դու միշտ աննման գեղեցիկ էիր. ես դեմ կեցա, սրի հարվածը կուրծքս պատռեց, սրտախոց ընկա, այլևս չգիտեմ՝ ինչ եղավ...
Ես չբաժանվեցի քո մարմնից, իմ նվիրական սեր։ Երբ քեզ թրատում էին, ես ձեռքովս և ատամներովս բռնել էի սուրը և նույն սուրը խրեցի իմ սիրտը... Ա՜խ, արտասվալի վախճան, ողբալի բախտ...
Սակայն անտեղի է ողբալը այժմ։ Անընկճելի կարոտով դեպի քեզ ես վերստին մարմին առա։ Ոսկեբաշ առյուծ էի Լիբիական կիզող անապատում, քեզ էի որոնում և չէի գտնում։ Օրեր հրեղեն կարոտից տոչորված՝ մռնչում էի բոցափայլ անապատում, և շնչիս տակ դեղին ավազը շատրվանի պես վեր էր ցայտում։ Մխրճվում էի անապատի խորքերը քեզ որոնելով միայն, և - հանկարծ հեռվից հոտոտեցի քո խենթացնող բուրմունքը...
Իրական կերպով, այս վայրկյանիս, իմ հավերժ սիրելիս, վերհիշում եմ ահավոր կարոտիդ սոսկալի մռնչյունը, որ դող ձգեց հոգուս մեջ։ Զգացի քո հարազատ շունչը, որ միշտ փռված էր հոգուս մեջ հավիտյաններից ի վեր։ Անդիմադրելի ուժով տարված՝ սլացա դեպի քեզ։ Ի՜նչ երջանիկ էի քո հզոր հովանու ներքո։ Քո սպառնալի ստվերից զարհուրած՝ չէին համարձակվում ինձերն ու վագրերը մոտենալ մեր որսատեղի սահմաններին անգամ։
Մի դեպք ինձ ծայր աստիճան հուզում է մինչև օրս. հիշում եմ, իմ քնքուշ ընկեր, այս անգամ մենք գեղեցիկ Հելլադայում էինք։ Ես մի աղքատ քանդակագործ էի։ Մի փառաշուք տոնահանդեսի պահին էր. սիրո լույսերի մեջ մենք ճանաչեցինք միմյանց, իմ հոգին տեսավ քո հոգին, թեև ուրիշ կեղև էինք հագած։ Դու ոստանիկ տիկինների բույլի մեջ էիր, մեր հայացքները իրար հանդիպեցին։ Ապա ես կորցրի քեզ, ողջ Հելլադան ոտքի տակ առա և բոլոր կղզիները թափառեցի, բայց քեզ չգտա։ Դարձա մենավոր խուցս և գիշերներն անքուն ճգնությամբ լուսեղեն մարմարիոնի մեջ մարմին տվի քո աստվածային դաշն ձևերին, որ բարու և գեղեցիկի գաղափարն էին ինքնին։ Եվ գիտեմ, որ անպարփակելի սիրով բռնկված ե հոգնաջան աշխատանքների մեջ հալ ու մաշ՝ կիսախելագար դեգերում էի հրապարակներում և ծովերի ափերում...
Անհուն թախիծով հիշում եմ, իմ անմահ ընկեր, հիշում եմ այն հանդիսավոր օրը, հիշում եմ քո հավերժական հայացքը, որ այլես այն կյանքում չողջագուրեց ինձ։ Սակայն տարիներ հետո ես տեսա այն մարմարիոնը, որ ողջ Հելլադան իմ երկվորյակն էր համարում և իբրև արվեստի հրաշալիք։ Ես ներշնչումով՝ համարեցի այդ անդրին՝ ստեղծագործումը այն երիտասարդի, որի դյութական հայացքը բազմաժխոր ամբոխի միջից անեզրական սիրով խոսեց իմ հայացքի հետ։
Սակայն զարմանալին այն է, որ յուրաքանչյուր մեր անձնավորումի ժամանակ, որքան էլ որ փոխված էին լինում դարն ու վայրը և թե մեր հոգու մարմին առած ձևերը, բայց և այնպես մենք իսկույն անվրեպ ճանաչում էինք իրար, մեր հայացքների մեջ խոսող հոգին բնավ չէր փոխվում։
Հիշու՞մ ես, սրտագին ընկեր, հարափոփոխ մարմնառումների ընթացքում մենք մի անգամ շատ բախտավոր հանգամանքով կենակցեցինք։
֊ Ո՞րն ես մտաբերում, նազելի քույրիկս։ Եվ նա լուսեղեն ձեռքը դրեց ուսիս և սրտի ձայնով ասաց.
Չե՞ս հիշում միթե... մենք սրբազան Բենարեսի շքեղ հովտումն էինք, Գանգա գետի ափում, դու և ես, իրար այնպես մերձ, երկու շուշան, հովիտների քնքուշ շուշան, մեղմ սյուքի հպումից մենք իրար գրկի մեջ թալկանում էինք և իրար հոգու բույրով արբում։ Բուդդհան անցնում էր իր աշակերտներով, տեսավ մեզ, երբ մենք իրար գրկումն էինք, նա ցույց տվեց մեզ աշակերտներին և ասաց.
<<Նայեցեք այս չքնաղ էակներին, ինչպիսի՜ երկնային սիրով սիրում են նրանք իրար, այս ծաղիկ հոգիները։ Ճշմարիտն եմ ասում ձեզ, իմ ավետած Նիրվանան ահա՛ այս գերերջանիկ սերն է այսպես սիրեցեք միմյանց, իմ աշակերտներս>>,— և ծունկի եկավ, համբուրեց մեզ ու գնաց։ Եվ կարծես մեր սրտի խորքերից էր, որոնցով նա բարբառեց։
Հիշում եմ, հիշում եմ, նազելիս, երբ նա գնում էր, աշակերտներից մեկը քաղեց մեզ և տվեց մեծ ուսուցչին։ Բուդդհան մեղմորեն հանդիմանեց նրան, ասելով. — <<Ինչու՞ ցավ պատճառեցիր նրանց>>։ Եվ նա գթությամբ փայփայեց մեզ, և մենք թառամեցինք միասին, գերերջանիկ՝ նրա աստվածային ափի մեջ։
Այո՛, գերերջանիկ ապրեցինք, գերերջանիկ մեռանք, բայց, հոգուս ընկեր, ամեն անգամ մեզ չվիճակվեց գտնել իրար։ Ա՜խ, ինչքան անգամ իմ հոգին աշխարհ եկավ, սպասեց կարոտով ու փափագով քո հոգուն, բայց չհանդիպեց երբեք։ Ինչքան անգամ լացել եմ ու լացով թափառել որոնելու քեզ։ Երազներով քուն եմ մտել և զարթնել եմ նորից մենավոր։ Քանի անգամ հոգիս որբ մնաց բյուրավոր մարդկանց մեջ, թեև շատ շատերը ինձ իրենց սերն էին նվիրաբերում։ Իմ դարավոր մարմնացումների մեջ քանի անգամ ամուսնացա, սակայն երբեք չսիրեցի իմ ամուսիններին, որոնց կույր, անմիտ պատահմունքն էր բերել իմ ճանապարհի վրա և ոչ թե այն հավերժական անսկիզբ սերը, որ ոգևորել ու կիզել էր մեր հոգիները՝ հյուլեական գոյությունից մինչև այսօր և մինչև հավիտյան։ Ավա՜ղ, շատ եմ տառապել ես...
Այո՛, նազելիս, նույն դառը գոյությունները վիճակվեցին նաև ինձ շատ ու շատ անգամ։ Հաճախ մնացի ամբողջ կյանքիս մեջ մեն - մենակ։ Ծերացա՝ երազելով անմահ սիրուս գգվանքներին։ Հաճախ անիծել եմ, որ մարմին եմ առել այս ներհակ ու չար ուժերով լի աշխարհում։
Օ՜հ, առանց քեզ ինչ հրեշային տանջանք էր ապրելը։ Մի անգամ անվերջ որոնելով քեզ, հուսալքված բախտս կապեցի մի աղջկա հետ, որի հայացքը հեռավոր նմանություն ուներ քո աստվածային հայացքին, սակայն դժբախտ եղա շատ։ Անսեր միությունը զարհուրելի մղձավանջ դարձրեց բովանդակ կյանքս։
Ա՜խ, չարաչար, չարաչար տառապեցի։
Թայց մի անգամ, նազելիս, մի զարմանալի և շատ սրտահույզ հանդիպում ունեցա։ Որսորդ էի, լեոների վրա պատահեցի մի քնքուշ եղնիկի, առանց երկյուղի կանգնեց նա և նայեց ինձ այնպիսի՜ մտերիմ, այնպիսի՜ սիրատոչոր հայացքով, սրտի, հոգու հայացքով։ Ես հասկացա նրա հայացքի հավիտենական սիրո լեզուն, անշուշտ, նա դու էիր։ Ես գրկեցի նրան, փայփայեցի նրան, համբուրեցի նրա երազուն աչքերը և տարա տուն։ Եղնիկը գրկիս մեջ հանգիստ նիրհեց՝ աչքերը կրծքիս սեղմելով։
Մինչև իր մահը խնամեցի և գգվեցի նրան, որ երեխայի պես հանգչեց բազուկներիս վրա։
Իմ ձայնը մարեց սրտիս լուռ հեկեկանքի մեջ։ Իջավ մի թախծալի լռություն։
Սակայն դարեր հետո, իմ բյուր սիրելիս, մենք նորից բախտ ունեցանք իրար պատկանելու,— լռությունը խզեցի ես։ Անշուշտ, չես մոռացել, որ ես վիկինգ էի անվախ, անվեհեր, իմ անղեկ նավակի վրա՝ սանձելով Ատլանտիկի գոռ ալիքները, հասա Ալբիոնի եզերքին, և քեզ առևանգեցի հենց քո հոր գրկից, որ ափերի իշխողն էր։ Դու նայեցիր իմ աչքերի մեջ և կարդացիր հոգիս և ճանաչեցիր անսկիզբ ժամանակների քո վաղեմի ընկերին, կարոտով փաթաթվեցիր պարանոցիս՝ չխղճալով քո մոր աղերսանքներին։ Հիշու՞մ ես, դու մի ոսկեհեր աղջիկ էիր նոճիի պես սլացիկ։
Հիշում եմ, հիշում եմ, հավիտյանների իմ մտերիմ, ի՜նչ կտրիճ էիր դու, արևակեզ, զինավառ, առյուծի բաշով։ Հայրս քեզ անհամար ոսկի առաջարկեց փրկանքի համար, բայց ես լալիս էի և չէի ուզում քեզնից անջատվել, և դու արհամարհանքով մերժեցիր հորս պատգամավորներին։
Դու Սկոնիայի ափերում, բարձր ժայռերի կատարին, արծվի բույների վրա, ամրոց ունեիր հայրենավանդ։ Մենք ապրում էինք այնտեղ։ Դու արշավում էիր, ավարում մինչև Իսպանիայի և Իտալիայի ափերը, և վերադառնում էիր գանձերով ու բերքերով:
Բայց մեր սերն այս անգամ շատ դժբախտ վախճան ունեցավ ավա՜ղ, ավա՜ղ... Մխիթարական էր միայն այն, որ մեր երկու սիրուն զավակները ողջ մնացին։ Հիշու՞մ ես այն ոսկեգանգուր կորյուններին...
Եվ հորդ արցունքների մեջ խամրեցին նրա աչքերը։
- Մի՛ լար, նազելիս, մի՛ լար, գիտեմ, դու վերհիշում ես այն սոսկալի ժամը, երբ մի օր մենք զբոսնում էինք օվկիանոսում։ Այո՛, մեր որդիները որսի էին գնացել, մեզ հետ չէին։ Հանկարծ ինչպիսի հզոր փոթորիկ բարձրացավ, անզուսպ հորձանքները մեր նավակը զարկեցին ապառաժներին, և ջրերը կլանեցին մեզ։ Մենք իրար գրկած սուզվեցինք անդունդի մեջ։ Բայց դու իզուր ես լալիս, չէ՞ որ խավարը երկար չպատեց մեր հայացքը, չէ՞ որ մենք շատ անգամներ վերստին հարություն առանք, վերստին գտանք իրար։ Բայց ես մշտապես վերհիշում եմ մի վսեմ վերածնունդ, որը դու ևս անկասկած չես մոռացել։ Ես երիտասարդ ասպետ էի հայկական այրուձիի մեջ, ընկերներիս հետ գնում էի մեր երկիրը պաշտպանելու։ Մեր հայրենիքի վրա կատաղած արշավում էին պարսկական անհամար զորքերը, նրանք գալիս էին ընկճելու մեր հայրենիքը։ Մեր վաշտը անցավ մի քաղաքով, հրապարակի վրա կանգ առանք,— և մի ապարանքի պատշգամբում ես տեսա մի չքնաղ, մանկափթիթ աղջիկ, այդ՝ դու էիր, մեր հայացքները համբուրվեցին նորից, դու մի վարդ նետեցիր ինձ, մենք նայեցինք վերջին անգամ միմյանց, և հնչեցին շեփորները, և սլացան մեր նժույգները։ Ես գնացի և անձնուրաց ճակատամարտի մեջ ընկա Ավարայրի կարմիր հողերի մեջ՝ քո սուրբ պատկերը հոգուս մեջ գրկած։
Գիտե՜ս, սիրելիս, ես որքան սպասեցի քո վերադարձին, աղոթում էի և սպասում, հուսալքվում էի և նորից սպասում։ Թափառիկ գուսանները ներբողում էին ասպետների անձնվեր ճակատումները և սխրալի գործերը, և նրանք, անշուշտ, քեզ էին ներբողում, քեզ, իմ քաջին, իմ կտրիճին, որ այլևս չեկավ...
Տուն դարձան շատերը, իսկ դու չկայիր,.. Հալվեցին ձմռան սառույցները, գարունը եկավ, ծիծեռնակները վերադարձան իրենց բույները, իսկ դու չդարձա՜ր, չդարձա՜ր... Գիտես, այդ վիշտը սուրի պես ծայրեծայր խոցեց, մնացի անհույս և անայցելու, սփոփանքի համար վանք մտա, կուսագրվեցի, և մենության ու լռության մեջ լացի և ճգնեցի և աղոթեցի քեզ համար, մինչև որ աչքերս փակեցի՝ միանալով քո հավերժաբար սիրած, պաշտած հոգուն.,.
Դու նորի՞ց լաց ես լինում, իմ հոգուս հոգի, բայց ինչու՞։ Մի՞թե դու չգիտես, որ այս է մեր անվախճանելի ճակատագիրը անջատում և միացում, միացում և անջատում, այսպես անհամար անգամ, որովհետև մեր սերը ինքնին հավերժությունն է, որ եղել է միշտ, որ կա և կլինի միշտ...
Մահը մեզ համար ժամանակավոր նիրհ է եղել և հանգիստ միայն, երբեմն փափագ՝ ազատվելու տանջալից, անդաշն վիճակներից...
Եվ դարերից հետո վերստին մեր շրթունքները անհուն երանությամբ հպվեցին իրար, և մեր հոգիները անսկիզբ և անվախճան համբույրի մեջ վերստին միացան իրար, և մեր հայացքները վերստին հալվեցին իրարու մեջ...

Տես նաև Ավետիք Իսահակյան Պատմվածքներ
Ավետիք Իսահակյան | Հավերժություն Ավետիք Իսահակյան | Հավերժություն Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on апреля 03, 2018 Rating: 5
Технологии Blogger.