Պարույր Սևակ | Վակխանալիա


(Մահվան հանդեպ)
«Եթե մահը մեր բժիշկն է,
մենք էլ կունենանք մեռնելը
դեղատոմս...»:

I
Ա՛րդ, երբ խինդով է երեկոն իջնում,
Եվ ա՛րդ, երբ պիտի շուտով ես գնամ,
Երկնող խոհերը այս երգն են ծնում,
Որ հոգու թռիչք, բայց և երգ է նա...

...Ես նոր մի պոետ, անհայտ տակավին,
Խոհերի անտես մակույկին նստած,
Չըգիտեմ արդյոք կլինի՞ քամի,
Որ առաջ մղի իմ առագաստը,
Թե՞ ինքս պիտի շապիկն իմ՝ կայմին
Առագաստ շինեմ, նոր լինեմ վստահ,
Որ երգն իմ նորեկ, նավը իմ գանձի
Պիտի ընթանա օվկիաններ ի վեր
Եվ փոթորկածուփ ծովերում անծիր -
Որպես գալիքի անմարմին նվեր,
Պիտի շնչով իր անանձնապատկան
Վառվի որպես վես, սրբազան պատգամ...

Խոհերիս վրա վստահ եմ...նրանք
Ոգուս Ծիր-Կաթնի աչքին են հառնում,
Բայց անզորությամբ - անհուր, անկրակ -
Նրանք խամրում են, մոխիր են դառնում,
Քանզի լեզուն մեր խոհերի հանդեպ
Վառվում է ցրտին սառնությամբ անգույն,
Անզոր - հայտելու խոհեր բազմադեմ՝
Այրվում է նրանց աննյութ կրակում:
Խամրում է խոհը, մարում, թրթռում,
Ինչպես ջրահեղձ խռխռում երկար...
Նա այնքան հարո՜ւստ... բայց իմ թերթերում
Նա քարշ է տալիս իր աղքատ ներկան:
Ահա թե ինչո՛ւ եմ ես անվստահ
Եվ ահա ինչո՛ւ եմ ես վարանում,
Որ գուցե երգս չլինի վարարուն,
Կամ չըգա՝ խրտնած նժույգն իր նստած...

Բայց ի լուր համայն սրտերին բոլոր,
Սրտերին բազում և բազմալեզու,
Արդ, խոհերը խոր ու մշտահոլով
Իրենց ջահերով իմ սիրտն են կիզում...
Նրանք իրենց խոլ ձիերին բազմած
Օղակել են ինձ, ուզում են կարծես
Անտես, աննկատ դաշնություն կազմած
Խեղդել ինձ իրենց ճիգերով անձև...
Եվ եթե երգս չլինի վառված
Հոգիս հրկիզող ջահերով ջերմին,
Թող ներեն բոլոր սրտերը - հառված
Իմ այս տողերի խորունկ աչերին...

II
Ե՛վ ահեղ, և՛ մառ օրեր են բացվում
Իմ երկրի վրա՝ խնդությամբ արբած...

Օրերն այդ մի հին անեծք են, Աստծո՝
Ծեր ժամանակի շրթներից թափած...
Անեծք մի, նման կարոտին անձուկ,
Նման հայեցող ոգու մորմոքին,
Որ սպասումով մեր սիրտն է խանձում.
Եվ չի հայտնվում սակայն ոչ ոքի...
Եվ այդ անեծքը հասել է, արդ, իր
Կատարման վերջին, մեն-միակ կեռին,
Որով աշխարհը պիտի որ արդեն
Դադարի լինել անեծքին գերի...

Բայց վերջին կեռը, վերջին կեռը, օ՜...
Վերջին կեռը, օ՜, շատ է մահաբեր...

Մի աստվածային անգո, սին կեռով
Կախվել կարող են միլիոն և ավել
Հոգիներ... թեկուզ, թեկուզ հանճարեղ...

Ահա նույն կեռից կախվել են օրեր
Ե՛վ արյունալի, և՛ ահեղ կարի,
Ցանկալով մահվան թույնով վրդովել
Հանգիստը երկրի մեր չնաշխարհիկ...

Եվ ելել ենք մենք մեր այգաբացով,
Մեր ուժով համակ, վաստակով արդար,
Ջնջելու չարիքն այդ արյունացոլք,
Կոտրելու վերջին կեռը այդ խարդախ,
Վերջին տերերին այն ժանտաբարո
Եվ իշխաններին բոլոր այն արբշիռ
Խեղդելու իրենց իսկ արնակարոտ
Հատուցման ծովում - անտես, անկշիռ...

Այդ բախումն է խոլ այն իրարամերժ
Զույգ աշխարհների, խավար ու լույսի,
Կենաց ու մահվան բախումը հավերժ,
Բախումը կյանքի և մեռնող հույսի...
Այդ բախումով է լի ուղին կյանքի,
Եվ կյանքի ուղին ինքնին բախում է.
Բախումը միշտ էլ հոգու զրկանքի
Պտուղն է հասած, և բաբախում է
Կենաց ու մահվան, ծեր ու մանուկի,
Հար գոյության ու անգոյության հետ,
Որպես արգասիք հար ժամանակի,
Բարիք՝ չարիքի շպարով անհետ...

Արդ ժամն է հասել, գնում եմ ես էլ
Դեպ մարտնչող մեր այն բազմագունդը,
Ուր մահը անվախ սրտեր է տեսել,
Ուր ուռճանում է հաղթության հունդը...
Գնում եմ ես էլ ցանեմ մի հատիկ
Այն գալիքնահունձ լայն մարգագետնում,
Որ չըդառնա մեր աստղը մահատիպ,
Ժանտաժանտ, դժնի աշխարհի մթնում.
Որ անծիր երկնում մեր բազումաստեղ
Օտար մի թռչուն խենթ չըսավառնի.
Որ Կարմիր Ոգուն մեր չըպատվաստեն
Ոչ մի գոսական ճյուղ, ոստ եղեռնի.
Որ կապուտաչյա ջրերում մեր ջինջ,
Օվկիանոսներում անգամ սառցանիստ
Ո՛չ մի խորթ մակույկ, առագաստ ոչ մի
Չըլողա, այնտեղ չգտնի հանգիստ.
Որ հայրենիքիս արդարավաստակ
Հողը մի օտար ոտք չըտրորի,
Որ այնտեղ մարդը՝ հոգով անկաշկանդ,
Գալիքի հազար հույսեր օրորի,
Որ ցուցամատը մեծ առաջնորդի
Նորից ու նորից մնա ուղենիշ,
Որ միշտ ժպիտով ճանապարհորդի
Մեզ դեպի կարմիր հաղթության ֆինիշ...

Այդպես ուրեմն, գնում եմ ես, ա՛րդ,
Դեպի մարտնչող մեր բազմագունդը,
Ես - անհայտ պոետ մի երիտասարդ,-
Դեպ այնտեղ, ուր մեր հաղթության հունդը
Ուռճացած պիտի ծլի հողմածեծ
Օրերից հետո... օրերի մուժում,
Որ թշնամական հույսը մահամերձ
Երբեք ու երբեք չգտնի բուժում...

Ու գիտեմ սակայն պարզությամբ վերուստ
Եվ մշուշապատ խոր գիտակցությամբ,
Գիտեմ, որ հանգիստ, անմահ, անկորուստ
Չէ, որ կըծլի հունդը հաղթության...
Գիտեմ, որ մահը շռայլ է այնտեղ
Իր դառնապատիր գգվանքների մեջ,
Եվ տևողությամբ մի ակնթարթե
Շատ կարելի է գտնել մահվամբ վերջ...

Ուրեմն գունատվի՞ հերոսությունն իմ,
Սին գոյությունն իմ դառնա՞ մի առանցք -
Վախկոտության հին մազութով յուղված...

Ուրեմն դալկանա՞ մահվան սառն շնչից
Արհամարհանքն իմ՝ սին մահվան հանդեպ,
Եվ մոլեգնակամ վրնջող իմ ձին
Դառնա նապաստակ - վախկոտ ու անդեմ...

...Թո՛ղ որ ես լինեմ Կապլան էսերկան -
Իմ Առաջնորդի կյանքի դեմ դավող՝
Եթե առկա է երգիս շեփորին
Այսօր կեղծիքի շպար կամ օքսիդ,
Եթե անապակ երգիս սափորին
Կաթում է անջինջ, պղտորող մի շիթ...

Ուրեմն զգացմամբ մի անկեղծ ու խոր,
Մի վերջին սիրով,- ամենայն ուրույն՝
Որպես մաքառող անհանգիստ մի խոհ -
Գնում եմ դեպի մի անագորույն,
Դաժան մի հանդես, ուր մահն է դյութում
Բյուր հոգիների, ուր ընկերներն իմ
Խեղդվել են հսկա ջրապտույտում -
Անզոր - ուժի դեմ՝ դժխեմ, ոխերիմ...

Գնում եմ այնտեղ և սարսում չունեմ
Ես մահվան հանդեպ - մոլի և անգութ...
Իմ անվախության սրտերն աճում են
Իրար հաջորդող օրերի հանգույն...

Գունատվի՛ր, ո՛վ մահ... Չարագույժ ագռավ,
Դո՛ւ աներևույթ, անտես բորենի,
Անգոյության հուր - աննյութ, անկրակ,
Դու թունոտ անչար, տեսքով ցորենի...
Դու, որ անտես ես, դու, որ աննկատ,
Դու, որ անձև ես չար կասկածի պես,
Խանդի պես սնվող - անստինք, անկաթ,
Վրեժի նման անվրե՜պ այնպես...
Դո՛ւ, որ կասկածի, վրեժի, խանդի
Նման շարժվում ես աննըկատ, անկանգ,
Սակայն նրանց պես, ի հնուց անտի
Արևի պես վառ հայտնի ես դառնում
Ինչպես և նրանք
Որպես հետևանք...
Նման ասուպին - երկնքով անցնող -
Աչքերի հանդեպ անտես, աննըկատ,
Բայց հետևանքով՝ իրենից ծնող -
Վառ, տեսանելի և ռոշնական...

Գունատվի՛ր, ուրեմն, դալկացի՛ր, սողա
Խլուրդի նման կամ ինչպես սողուն,
Եվ իմ (օ՜, ո՛չ, մեր) շնչից դողդողա՝
Մալարիայից են ինչպես դողդողում...
Դո՛ւ, որ գոյության բյուր հազար կանթեղ
Մարել ես դաժան քո սառըն շնչից,
Դո՛ւ, որ եղել ես հաղթական, քան թե
Քո որդին - կյանքը՝ քո հանդեպ չնչին,
Արդ պիտի փոխենք հին դերերը մենք
Ներդաշնակությամբ օրինածնիչ
Եվ պիտի դողաս ինձանից, ո՛վ նենգ,
Ինչպես կանթեղը սառն ածխածնից:

Քանզի ես ահա գալիս եմ քո դեմ
Հոգուս մեջ ծիծաղ, բաքոսյան խնջույք,
Մի Վակխանալիա, մի ուրախ հանդես.
Մի աստվածային խրախճահաճույք...
Քանզի գալիս եմ դեպի քեզ, անգո՛ւթ,
Գիտցած լինելով ինչո՞ւ եմ գնում -
Մեռնելու հավետ, կորչելու անփույթ,
Գիտցած լինելով ինչո՞ւ եմ հագնում
Քո քղանցքը սև և իրանապիրկ,
Ինչո՞ւ եմ այսքան շատ վաղ հավաքում
Դեռ նոր բաց արած ծիրանահագի
Առագաստը իմ, այս ուրախ կյանքում...
Քանզի գիտեմ ես, որ գնում եմ դեպ
Մի մահ, որով ես մահից խուսափում
Եվ գալիքնագա օրերի հանդեպ
Մնում եմ անմեռ, ապրում եմ, ապրում...

Քանզի գիտեմ ես, որ մահն է բժիշկ
Այսօր, հաղթական այս պատերազմում
Եվ վախճանական մեռնելն իսկ և իսկ
Դեղատոմսային կույտեր է կազմում...
Ուրեմն մեռնելը բարիք է այսօր -
Հագած չարիքի լպրծուն մորթի,
Եվ մահը դաժան ազդակ է հզոր -
Աշխարհ բերելու մի անմահ որդի,
Երկունքի գահին նստեցնելու
Ծեր ժամանակին, որի արգանդում
Մի դեպք է միայն մնում ծնելու -
Աշխարհասասան նոր ուժով անդուլ...

Տես նաև Պարույր Սևակ Բանաստեղծություններ
Պարույր Սևակ | Վակխանալիա Պարույր Սևակ | Վակխանալիա Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on 20:18:00 Rating: 5
Технологии Blogger.