Ստեփան Զորյան | Անհայտ թելեր


Սկսվել էին տխուր, ձանձրալի եղանակներ։
Թեև օգոստոսը նոր էր, բայց լեռնային այդ գյուղում աշունն արդեն ցույց էր տալիս իր բոլոր գույները. անտառը պարուրող կաթնագույն մշուշը երեկոյից իջնում էր գյուղի վրա և մինչև առավոտ ծածկում նրան իր պաղ, թափանցիկ քողով. հաճախ տեղում էր մանրահատ անձրև, մի այնպիսի անձրև, որ ծակծկում է մարդու երեսի մաշկը, սարսուռ է ազդում մարմնին և թվում է, թե ոչ վերջ է ունենալու, ոչ վախճան։
Տխո՛ւր էր. արևածաղիկները գլխակոր նայում էին գետին, ծառերն այգիներում թրջված հսկաների պես մնացել էին համր ու անշարժ, իսկ հավերն անգործ ընկած սայլերի կամ այլ ծածկույթների տակ հավաքված շարունակ քրքրում էին իրենց փետուրները, որ գյուղացիների համար նշան էր նոր անձրևի։ Գյուղն ամառելու եկած մարդիկ ման էին գալիս վերարկուներով, կրկնակոշիկներով և անձրևանոցով։ Նախկին գրավիչ ամառանոցն այժմ թվում էր անհրապույր, թարմությունը կորցրած։ Ձանձրույթից շատերը պատրաստվում էին հեռանալ տխուր ամառանոցից։
Գյուղացի Երեմի կենվորները նույնպես պատրաստվում էին քաղաք մեկնել։ Դրանք սպիտակահեր, անզավակ ամուսիններ էին, բայց իրար սիրում էին ինչպես նորապսակներ դողում էին մեկը մյուսի առողջության համար, ճաշին միմյանց մեկնում էին յուղոտ պատառներ, իսկ թեյի ժամանակ միշտ մի ավելորդ կտոր շաքար էին գցում միմյանց բաժակ, «թող քաղցր լինի» ասելով։ Նրանք երևանցի էին. իրենց ասելով ունեին սեփական տուն, խանութներ և խաղողի այգի։ Վատ եղանակի պատճառով նրանք էլ շտապում էին շուտով հեռանալ։ Սակայն երկու օր էր արդեն, որ նրանք իրենց իրերը կապկպած, սրտատրոփ սպասում էին, թե Երեմն ու իր կինը ի՛նչ պատասխան պիտի տան իրենց առաջարկին։ Բանը նրանումն էր, որ այդ անզավակ ամուսինները ցանկություն էին հայտնել Երեմին ու իր կնոջըորդեգրել նրանց հինգ աղջիկներից մեկին, ամուսնացնել նրան և իրենց ամբողջ կարողությունը «կտակել նրա գլխին»։ Բայց ահա երկու օր էր գյուղացի ամուսինները չէին կարողանում նրանց պատասխան տալ։Եվ ծեր ամուսինները, անխուսափելի շալերն ուսերին, շարունակ դուրս ու ներս էին անում պատասխան ստանալու հույսով։ Իսկ գյուղացի ամուսինները պատասխան տալ չէին կարողանում, որովհետև դժվարանում էին վճռել իրենց համար այդ անսովոր խնդիրը։ Քաղաքացիների առաջարկն սկզբում նրանց ուրախացրեց, բայց հետո թվաց անբնական, նույնիսկ անգութ, սակայն երկար մտածելով՝ գտան, որ այդ բանը կարող է և բախտավորեցնել իրենց զավակներից մեկին և թեթևացնել իրենց հոգսը. չէ՞ որ իրենք ծայրը ծայրին չեն հասցնում, թեև մարդը, երկրագործական աշխատանքներից դուրս, սայլով միշտ ապրանքի բեռներ է կրում կայարանից գյուղ և գյուղից կայարան, իսկ կինը գրեթե ամեն օր մանած է անում գյուղի ունևորների համար, բայց շատ բան դարձյալ պակաս է մնում։ Չի օգնում և այն, որ ամառները, երբ տավարը դուրսն է կապվում, նրանք, գոմում տեղավորվելով, ունեցած երկու սենյակը տալիս են քրեհով։ Ոչ, այդ քրեհը նույնպես չի օգնում և էլի շատ բան պակաս է մնում... Եվ ծեր ամուսինների առաջարկր ամեն կողմից քննելով, նրանք այն գտնում էին իրենց համար օգտակար... — Վա՞տ կլինի միթե, որ իրենց զավակներից մեկը դառնա այդ ունևոր մարդկանց ժառանգը. իհարկե— ոչ։ Բայց երբ խնդիրը դառնում է աղջիկներից ո՛ր մեկին հանձնելուն, նրանք չէին կարողանում ընտրություն անել։
Այդ երեկո էլ մարդ ու կին գոմում նստած դարձյալ խոսում էին նույն այդ բանի մասին։ Մարդը նստել էր մեջքը սյանը դեմ տված, իսկ կինը թախտի վրա իլիկ էր մանում։ Սյունից կախված լամպը լուսավորում էր նրանց արևառ դեմքերը և գոմի կեսը։ Որովհետև երեխաներն այդտեղ գոմում էին, ամուսինները խոսում էին կամաց, ակնարկներով և դարձյալ դժվարանում էին մի բան որոշել։ Երեմը, ձանձրացած գործի այս ընթացքից, դարձավ, վերջապես, կնոջը.
— Արի, Սանամ, Աշխենի՛ն տանք։
Կինը ցնցվեց միջնակ աղջկա անունը լսելով։
— Գժվե՛լ ես, ի՜նչ է, այ մարդ,— ասաց նա մեղմ hանդիմանանքով,— բա ղազերն ո՞վ արածեցնի։
— Սաթոն։
— Սաթո՜ն... բան մտածեց։ Նա ի՞նչ է որ՝ ինչ ղազեր պահի, դեռ օխտը տարեկան չկա։
— Դե որ էդպես է — Սաթոյին տանք. չէ՞ որ մարդիկ ասում են որին կուզեք։
— Չէ՜ մի, Սաթո՜ն։ Նա դեռ երեխա է ա ՛յ մարդ, իրա շորերը հանել չի կարում։
— էհ։ Բա ո՞նց անենք հիմի,— հարցրեց Երեմը տարակուսած։
Կինն ուսերը վեր քաշեց։ Մեծ աղջկան ու նրանից փոքրին տալ չէր կարելի, որովհետև նրանք մորն օգնում էին տնային գործերում, իսկ ամենից փոքրը դեռ օրորոցի ծծկեր էր. մնում էր ուրեմն ընտրություն անել Աշխենի և Սաթոյի միջև։
— Հը՛, հիմի ի՞նչ ես ասում,— նորից հարցրեց Երեմը կնոջը։— Մարդիկ երկու օր է սպասում են. պետք է կամ «հա՛» ասել, կամ՝ «չէ՛»։ Մտածիր, բախտիդ քացի մի տալ...
Սանամը, մարդուն պատասխանելու փոխարեն, դարձավ այդ միջոցին մյուս թախտի վրա քույրերի հետ խաղացող յոթ տարեկան աղջկան.
— Սաթո՛, կուզե՞ս մայրիկի աղջիկը դառնալ։
«Մայրիկ» կոչում էին իրենց կենվորուհուն։
Փոքրիկ աղջիկը ելավ նստած տեղից, մերկ ոտները բանալով։
— Խի ցեմ ուզիլ,— պատասխանեց նա, աչքերին թափած մազերն ետ տանելով և հիշելով այն կոնֆետներն ու մրգերը, որ «մայրիկը» տալիս էր իրեն, երբ ինքը լսում էր նրան։
— Նրա հետ քաղաք կերթա՞ս,— հարցրեց մայրը նորից։
— Խի ցեմ գնալ...
— Ինձ կթողնես՝ կերթա՜՞ս։
— Հա ՛...
— Բա որ քեզ ծեծե՞ն։
— Խի են ծեծում. շաքար հո ցեմ գողանա, որ ծեծեն։
Ամուսինները ժպտացին և նշանակալից նայեցին իրար։
Նրանց այգ հայացքն ասում էր. «Թեև դժվար է, բայց, ինչ արած, սրան կարելի է»...
Եվ հարցն այսպիսով լուծվեց, որոշվեց Սաթոյին որդեգիր տալ քաղքցոց։
Երբ երևանցի ծեր ամուսիններն այդ որոշումն իմացան, ուրախությունից արտասվեցին իրենց արված շնորհի համար. — ա՛յն, ինչ զլացել էր աստված, տալիս էին մարդիկ, հասարակ գյուղացի մարդիկ... Հիմա վերջապես իրենք կունենան մի ժառանգ, որ մահից հետո գոնե կհիշի իրենց... Ուրախությունից նրանք չգիտեին ինչպես շնորհակալ լինեն իրենց շնորհատուներից, կանայք՝ արտասվակալած աչքերով, մի քանի անգամ հուզված համբուրվեցին, տղամարդիկ սեղմեցին իրարու ձեռք։ Եվ ապա, իրենց մեկնումը մի օրով հետաձգելով, ծեր ամուսինները երեխայի մոր համար ձմեռվա մի փափուկ շալ առան ընծա, իսկ իրա՝ Սաթոյի համար գնեցին հագուստ ու ոտնամաններ, հագցրին, կապցրին նրան, ձեռքերն ու երեսը լվացին սապոնով, մազերը սանրեցին, ժապավենով կապեցին, զուգեցին դարձրին քաղաքացու աղջիկ, այնպես որ տեսնողի նախանձն էր շարժում։ Նախանձում էին մանավանդ իր ոտաբոբիկ քույրերը, որոնցից ամեն մեկը սրտանց կամենում էր նրա տեղը լինել։ Սանամն այս բոլորին նայում էր աոանձին հպարտությամբ, որ իր երեխայով բախտավորեց անզավակ մարդկանց, իսկ փոքրիկ աղջիկն իր նոր հագուստներում իրեն պահում էր ծանր ու մեծ և շորերր չկեղտոտելու համար պատշգամից չէր իջնում քույրերի մոտ։ Այդ օրը գյուղացի ամուսինները, ծերերի հրավերով, ճաշեցին նրանց մոտ, կերակուրը բրդեցին, ինչպես իրենց բոլոր կերակուրները, միսը կերան մատներով, ձեռք չմեկնելով անգամ առաջները դրված պատառաքաղին ու դանակին։ Իսկ հետևյալ օրն առավոտյան Երեմն իր սայլով նրանց՝ իրերով, Սաթոյի հետ, տարավ երկաթուղու կայարանը։ Ծեր ամուսինները շալն ուսերնին տեղավորվեցին կապոցների մոտ, իսկ Սաթոյին նստացրին իրենց արանքում։ Անձրևի պատճառով Սանամը նրանց ճանապարհ գցեց մինչև գյուղի ծայրը։ Հրաժեշտի ժամանակ նա մի քանի անգամ համբուրեց աղջկա թշերը և գոգնոցը տարավ աչքերին։ Մինչև այդ նրան այնպես էր թվում, թե Սաթոյին տանում են ժամանակավորապես և շուտով պիտի վերադարձնեն, բայց այդ րոպեին նա զգաց, որ գուցե իր երեխային այլևս չտեսնի, և արցունքը զսպելու համար աչքերը ծածկեց գոգնոցով։
Վերադարձի ամբողջ ճանապարհին ամեն ինչ նրան թվում էր ավելի տխուր և ավելի մռայլ, թրջված այգիները, տները թվում էին որբ, անօգնական, մոռացված, բոլորը միասին տխրած արտասվում էին կարծես։
Տան մոտ նա հանդիպեց իր գյումրեցի հարևանուհուն՝ պայտառի կին Մարուշին, որ թեշիկ ոլորելով ու մաստակ ծամելով կտրեց նրա առաջը։
— Քա–աղջի, Սանա՛մ, երեխեն տարա՜ա՞ն,— հարցրեց նա հետաքրքիր աչքերը հառելով իր հարևանուհու դեմքին։
Սանամն անխոս գլխով արավ։
— Շատ էլ լավ էրիք. թեթևնաք կը քիչըմ,— շարունակեց աբլան ցավակցելով և, ապա խոսքը փոխելով, ավելացրեց,— է՛հ, ինչըղ էրիք, փարա–մարա տվի՞ն, թե...
— Մենք երեխա ծախող չենք, աղջի ջան,– վրդոված պատասխանեց Սանամը և, երեսը շուռ տալով, մտավ տուն։ «Էդ էր պակաս, երեխա ծախեինք,— մտածեց նա։— Հիմի կսկսեն բամբասանքը»...
Տանն ու դռանը ամեն բան հիշեցնում էր Սաթոյին։ Ահա այստեղ էր, որ նստում էր Սաթոն ու երեխին օրորում, այստեղ էր ահա, որ քնում էր նա, ահա էս ավազի վրա էր, որ խաղում ու տնակներ էր շինում... Եվ հանկարծ Սանամը մի այնպիսի դատարկություն զգաց տան մեջ ու իր սրտում,, որ ինքն իրենից սարսափեց... Ո՛վ է տեսել ծնողն իր ձեռքով էրեխան ուրիշի տա, մտածեց նա։Մի փոքրիկ երեխա օտար, հեռո՜ւ քաղաքում, եթե քնած տեղը բաց լինի, ո՞վ պիտի ծածկի նրան, եթե գիշերը ջուր ուզի՝ ո՞վ պիտի ջուր տա.... «է՛ն ես չեմ, որ գիշերը մի քանի անգամ վեր կենամ,— մտածեց նա։— նրանք ծեր, Սաթոն երեխա — ի՛նչ կարող են անել. մինը պիտի նրա՛նց ծառայի... Իսկ եթե հանկարծ հիվանդանա՝ կարմրուկ կամ ծաղիկ հանի, ո՞նց պիտի պահեն նրան...»։ «Դեղով ու դոխտուրով կսպանեն երեխիս» — նորից մտածեց Սանամը, երևակայելով իր Սաթոյին մենակ, անօգնական մի մե՜ծ քաղաքում։
Եվ պատկերացան նրան մե՜ծ-մե՜ծ տներ (այն ձևով, ինչպես տեսել էր թղթերի վրա նկարված), օտար, անծանոթ, սաոը մարդիկ, կանայք և լավ հագնված երեխաներ։Դրանք բոլորը անցնում և հրում են Սաբոյին։Իսկ Սաթոն մոլորված ճանապարհ չի գտնում և լաց է լինում փողոցի մեջ. լաց է լինում ու կանչում, «նանի՜, նանի՜»... Իսկ նանը չկա... Նանը հեռո՛ւ է, շուրջը խորթ, անծանոթ մարդիկ... Եվ Սանամը սարսափած մտածեց, եթե հանկարծ մի բան պատահի Սաթոյին, ի՞նչ կասեն գեղացիք, հարևանները։ «Մի շալի համար երեխա է տվել... երեխան ծախել է մի շալի»... Ահա ինչ կասեն։Իսկ աստված այս բանը կների՞... Իհարկե ոչ. իհարկե չի ների։Տեսնելով տված երեխաներին չի պահում, մյուսներն էլ կխլի իրենից։ Այո, կբարկանա ու կխլի...
Այս միտքն այնպես վախեցրեց խեղճ կնոջը, որ նա կանգնած տեղը դողաց, թե միգուցե աստված հենց հիմա իրագործի իր պատիժը, ու բնազդաբար նայեց օրորոցին... Ոչ, նա իր երեխեն ուրիշի չի տա.... Չորս աղջիկ պահողը՝ հնգին էլ կպահի. չորսի համար հաց գտնողը՝ հնգի համար էլ կգտնի։ Եթե չորսը սոված պիտի մնան՝ թող Սաթոն էլ նրանց հետ սոված մնա։Դա ավելի լավ է... Ու ահեղ պատժից և Սաթոյին կորցնելու մտքից սարսափած, նա չկարողացավ այլևս կանգնել, նստել մի տեղ։ Մի ներքին թաքուն բան շարունակ անհանգստացնում էր նրան։
* * *
Փոքր անց Սանամն արդեն գնում էր դեպի կայարան։Ընծա ստացած շալը կռնատակին նա գրեթե վազում էր ցեխոտ փողոցներով. չնայած ոտնամանները խրվում էին ցեխի մեջ, շրշազգեստը փաթաթվում էր ոտներին, բայց նա ավելի էր արագացնում իր քայլերը, հույս ունենալով դեռ ճանապարհին հասնել սայլին։
Երեք վերստ տարածությունն անցավ մի ժամում։ Եվ ամբողջ ճամփին շարունակ մտածում էր,— իսկ եթե հանկարծ գնացած լինեն, երեխին տարած... Օ՜, եթե տարած լինեն, նա մինչև քաղաք կերթա նրանց ետևից, նա թույլ չի տա. Նաիր երեխին պիտի ետ բերի...
Նրա սիրտը հանդարտեց այն ժամանակ միայն, երբ հեռվից նկատեց իրենց սայլը կայարանի շենքի մոտ։ Լծարձակ եզները՝ թոկով իրար կապված, որոճում էին հանգիստ։ Ուրեմն դեռ չեն գնացել։
Նա քայլերն արագացրեց։
Հասնելով կայարան՝ նա գլխապատառ մտավ նրա միակ դահլիճը և, առանց որևէ խոսք ասելու, խելագարի պես սկսեց համբուրել երեխային, որ կանգնած էր ծեր ամուսինների և Երեմի մոտ։
— Ես քեզ ուրիշի չեմ տա, չէ՛։ Չեմ տա, չեմ տա,—ասում էր նա երեխային ու համբուրում։
Ծեր ամուսինները, որ շալերն ուսներին նստած էին իրար կողքի, զարմացած նայում էին Սանամին և կարծես հարցնում էին իրար, «ի՞նչ է պատահել սրան»։ Պակաս զարմացած չէր և Երեմը. նա մորթե փափախի տակից ամոթահար նայում էրմերթ կնոջը, մերթ կենվորներին և չգիտեր ի՛նչ աներ։
Աղջկան երկար համբուրելուց հետո, վերջապես, Սանամը դարձավ պառավին.
— է՛ս ձեր շալր, մայրիկ ջան,— ասաց նա ընծան պառավի ծնկանը դնելով։— Առեք։ Ես իմ երեխին կարալ չեմ...կարալ չեմ։ Ներողութին կանեք, կարալ չեմ...
Ներողության էլի մի քանի խոսքեր քրթմնջալով, նա երեխային ամուր գրկած շտապ—շտապ դուրս եկավ կայարանի շենքից, այնպես, կարծես մեկը հետապնդում էր նրան երեխան խլելու։
Թե ծեր ամուսինները, թե Երեմը և թե կայարանում հավաքված մարդիկ տարակուսած, զարմացած էին Սանամի վարմունքից։
Պառավ «մայրիկն» այդ տեսնելով, երկար չկարողացավ համբերել և լաց եղավ։
— Երեխին տարա՛վ, Գոքոր,— ասաց նա մարդուն, թաշկինակն աչքերին սեղմելով։
Ծեր ամուսինն սկսեց մխիթարել նրան։
— Ոչի՛նչ, ոչի՜նչ, երևի աստված էդպես է կամեցել. մեր ճակատին երևի երեխա չի գրված...
Շուտով գնացքը եկավ։ Ծերունիները դողդոջուն քայլերով, սգավորի նման դուրս եկան դահլիճից։ Երեմը, նրանց վագոն նստեցնելուց հետո, նույնպես տխուր և միևնույն ժամանակ ամոթահար, ասես հանցանքի մեջ բռնված, սայլը լծեց ու շտապեց տուն։
Կինը ճանապարհին սպասում էր նրան։
— Չէ, Երեմ, չէ, ինձ բան չասես. բարկանաս ոչ. ես իմ երեխին կարալ չեմ ուրիշի տալ,— ասաց նա սայլ նստելով։— Կարալ չեմ... Հասկացիր ու բան մի խոսալ, թե արևդ կսիրես։
Մարդն ամոթից բան չէր գտնում ասելու։
— Աստված դրա համար չի ինձ երեխա տվել, որ ես բաժանեմ։ Չէ, Երեմ, վրես բարկանաս ոչ... Երեխա տվողը՝ ապրուստ էլ կտա. ես գիշերներն էլ կաշխատեմ՝ իմ երեխին ուրիշին չեմ տա...
Եվ նա կրկին ու կրկին համբուրեց աղջկա ճակատը, այտերը, մազերը։ Համբուրում, ժպտում էր ինքն իրեն, և ամեն բան այժմ պայծառ, ուրախ էր թվում նրան. թրջված այգիները կարծես լիացած, գոհությամբ նայում էին երկինք, ծառերը շողշողում էին ցողակալած տերևներով, իսկ արևածաղիկները ժպտում էին իրենց դեղին աչքերով և գլխով անում...

Տես նաև Ստեփան Զորյան Պատմվածքներ
Ստեփան Զորյան | Անհայտ թելեր Ստեփան Զորյան | Անհայտ թելեր Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on 5:41:00 Rating: 5
Технологии Blogger.