Պարույր Սևակ | Ինչպե՞ս թե բախտ չկա...


Առանց հայելու էլ ես ինձ տեսնել գիտեմ
Ծառաբնի՛ վրա, քո ափի՛ մեջ:
Եվ այդ վայրկյաններին ես ինձ դուր եմ գալիս,
Ինչպես դուր է գալիս ինձ իմ տղան:

 Պտտեցնում եմ մատս և... փոխարեն թելի
Մատիս փաթաթվում է երկնի կապույտն ինքը:
Ոտներիս հետ հողն է սիրաբանում,
Եվ խաղողի վազն է ընձյուղ տալիս
Վառվող ծխամորճիս կրակի մեջ...

Ինչպե՞ս թե բախտ չկա, էլ նա ո՞նց է լինում...

Եվ սխալ է, որ մենք վայրկյաններով
Ժամն ենք չափում: ճիշտը հակառակն է գուցե՝
Կարճ ժամերով չափել վայրկյանները երկար...

Ա՜խ այդ վայրկյանները, որ գալիս են ուշուշ,
Ինչպես մարգարեներն ու հերոսներն այն կենտ,
Որ մի ազգ են փրկում բազկով և կամ խոսքով...

Ու ես մտածում եմ, որ հիրավի
Ժամացույցից պիտի շինել շաքար
Ու լուծելով ջրում՝ ըմպել կում-կում,
Իբրև անքնություն փարատող դեղ:

Եվ հայելուց... պիտի կոշի՜կ կարել,
Որ ոտնատակն անգամ հողը արտացոլի...

Իսկ սեփական անձի արտացոլման համար
Ձեզ հայելի պե՞տք է:
Ինձ հայելի պետք չէ:
Ռետինի պես ձգվող վայրկյաններ կան,
Երբ ինձ տեսնում եմ ես առանց հայելու էլ՝
Ծառաբնի՛ վրա,
Քո ափի՛ մեջ,
Նաև ինքնահավան ինքնահոսիս ծայրի՛ն...

30.IX.1961թ.         
Երևան

Տես նաև Պարույր Սևակ Բանաստեղծություններ
Պարույր Սևակ | Ինչպե՞ս թե բախտ չկա... Պարույր Սևակ | Ինչպե՞ս թե բախտ չկա... Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on 22:26:00 Rating: 5
Технологии Blogger.