Պարույր Սևակ | Գլխապտույտ


Դու իմ վերջի՜նը` թյուրիմացաբար,
Եվ իմ միա՜կը` ճակատագըրով...
Սիրո բովանդակ կոչականները մանկական են միշտ,
Մինչդեռ ես արդեն ապրել եմ այնքան,
Որ իմ տարիքում
Դեղձին տասն անգամ մեռած կլիներ:
Իսկ ինչպե՞ս ես դու:
Չէ՞ որ չեմ տեսել քեզ այնքա՛ն տարի,
Որքան տեսել եմ:
Եվ աչքերիս մեջ կա անլցելի մի դատարկություն,
Քանի որ չկաս
Դո՛ւ-
Իմ վերջի՜նը` թյուրիմացաբար,
Եվ իմ միա՜կը` ճակատագըրով:

Իմ շրթունքներից
Կախված է հիմա մի ամբո՜ղջ աշխարհ`
Մի գունդուկծի՛կ,
Բառերի մի պա՜րս,
Որ իր բզզոցով գլխապտույտ է հարուցում իմ մեջ:
Եթե երբևէ բառերն այդ պիտի իմ բերնից թռչեն`
Թող թռչեն սիրո՛վ,
Մի՛միայն սիրով
Եվ մի ճախրանքով աստվածաշնչյան,
Որի մեջ կա գոլ անապատային,
Ավազների սողք ու մտապատրանք:
Մի՞թե քո հեռվից`
Քո անտառների խոնավ օդի մեջ,
Անվերջ չես լսում խոսքերս չասված:
Իսկ թե լսում ես խոսքերըս չասված`
Չե՞ս զգում արդյոք մի գլխապտույտ,
Որ, թվում է ինձ, պիտի որ զգան
Սրբորեն հղի դեռահաս կանայք,
Որոնցից մեկին,
Մի՛միայն մեկին
Կարողանայի՜ մտովին ասել.
«Դո՜ւ-
         իմ վերջի՜նը` թյուրիմացաբար,
Եվ իմ միա՜կը` ճակատագրով»:

Քիչ ենք օգտըվել մենք բարությունից:
Եվ դրանից չէ՞, որ հետզհետե
Բարի եմ դառնում,
Եվ այնքա՜ն բարի,
Որ խղճում եմ ես... մենակությունն էլ:
Նա էլ է տանջվել ու հոգնել: Մեղք է:
Եկ ամեն մեկըս բացենք մեր փեղկը,
Որ նա դուրս թռչի իր փակ վանդակից,
Եվ կամ հանդիպենք գեթ այնտեղ... այնտեղ,
Ուր հանդիպում են այգն ու գիշերը:
Իսկ հանդիպո՞ւմ են նրանք երբևէ,-
Ես ի՜նչ իմանամ: Գուցե գիտես դո՞ւ,
Դո՛ւ-
         իմ վերջի՜նը` թյուրիմացաբար,
Եվ իմ միա՜կը` ճակատագըրով:

Ու ձյուն է գալիս,
Ինչ-որ ջե՜րմ մի ձյուն.
Հյուսիսն է հղում հարավին ողջույն:
Եվ ձյան մեջ ինչ-որ բուրմունք կա գարնան,
Հեռավո՜ր մի բան,
Մի հիշողությո՛ւն,
Որի բարությամբ հոգեբուժական
Չեն մեռնում, ճիշտ է, բայց և չեն ապրում,
Ինչպես չի մեռնում, բայց և չի ապրում
Սե՛րըս-
         վերջի՜նըս` թյուրիմացաբար,
Բայց և միա՜կըս` ճակատագըրով:

Արի՛ ինքներըս մեզնից բարձրանանք`
Թույլ տանք արարքներ ինքնաժխտումի,
Փոխադարձաբար իրար նեղացնենք
Ու վիրավորենք փոխադարձաբար,
Որ... կարոտն ինքը հաշտվի իրեն հետ,
Ու տառապանքը ինքն իրեն ների,
Ես էլ հավատամ, որ դու չես եղել
Ո՛չ իմ միակը` ճակատագըրո՜վ,
Ո՛չ իմ վերջինը` թյուրիմացաբա՜ր...

26.I.1962թ.
Երևան

Տես նաև Պարույր Սևակ Բանաստեղծություններ
Պարույր Սևակ | Գլխապտույտ Պարույր Սևակ | Գլխապտույտ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on 21:01:00 Rating: 5
Технологии Blogger.