Չիպոլինոյի արկածները | Գլուխ երկրորդ


Ինչպես Չիպոլինոն ստիպեց կավալեր Պոմիդորին լաց լինել առաջին անգամ

Տեսնենք, ― բզով ծոծրակը քորելով ասում էր վարպետ Խաղողը, ― վեց անգամ յոթ՝ քառասուներկու․․․ Իննը հանած․․․ Մի խոսքով, ընդամենը դու տասնյոթ աղյուս ունես։
Իսկ ի՞նչ ես կարծում, հերի՞ք է տան համար։
Իմ կարծիքով՝ ոչ։
Իսկ ի՞նչ անեմ։
Այդ արդեն քո գործն է։ Տան համար հերիք չի անի՝ դու էլ աղյուսից նստարան շինիր։
Ինչի՞ս է պետք։ Այգում ինչքան ասես նստարան կա։ Իսկ երբ նրանք զբաղեցրած լինեն, ես կարող եմ նույնիսկ կանգնել։
Վարպետ խաղողը բզով քորեց նախ աջ ականջի հետևը, հետո՝ ձախ ու սուս ու փուս գնաց իր արհեստանոցը։
Իսկ քավոր Դդումը մտածեց, մտածեց, վերջը որոշեց ավելի շատ աշխատել և քիչ ուտել։ Այդպես էլ արեց։ Արդեն նրան հաջողվում էր տարեկան երեք֊չորս աղյուս գնել։
Նա նիհարեց, դարձավ լուցկու հատ, բայց աղյուսների կույտը քանի գնում ավելանում էր։
Մարդիկ ասում էին
«Մի նայեք քավոր Դդումին, կարելի է կարծել, թե նա աղյուսը սեփական փորից է դուրս քաշում։ Ամեն անգամ, երբ աղյուս է ձեռք բերում, մի կիլոգրամ պակասում է»։
Այսպես անցնում էր տարին տարու հետևից։ Վերջապես հասավ այն օրը, երբ քավոր Դդումը զգաց, որ ծերանում է և այլևս չի կարող աշխատել։ Նա նորից գնաց վարպետ Խաղողի մոտ։
Արի իմ աղյուսները մեկ էլ հաշվիր, ― ասաց նա։
Վարպետ Խաղողը բիզը վերցրեց, դուրս եկավ արհեստանոցից, նայեց աղյուսի կույտին ու ասաց
Վեց անգամ յոթ՝ քառասուներկու․․․ Իննը հանած․․․ մի խոսքով, ընդամենը հարյուր տասնութ աղյուս ունես։
Հերիք կանի՞ տան համար։
Իմ կարծիքով՝ ո՛չ։
Իսկ ի՞նչ անեմ։
Չգիտեմ ի՛նչ ասեմ քեզ․․․ Հավաբուն շինիր։
Ախր ոչ մի հավ չունեմ։
Ուրեմն կատու կապրի այնտեղ։ Գիտե՞ս, կատուն շատ օգտակար գազան է, մկներ է բռնում։
Դե, այդ ճիշտ է, բայց կատու էլ չունեմ։ Ճիշտը որ ասեմ, դեռ մկներ էլ չկան։ Որտեղի՞ց լինեն և ո՞ւմն են պետք։
Իսկ ի՞նչ ես ուզում ինձանից, ― բզով կատաղորեն ծոծրակը քորելով փնչաց վարպետ Խաղողը։ Հարյուր տասնութը՝ դա հարյուր տասնութ է, ոչ ավել, ոչ պակաս, ճի՞շտ է։
Դու ավելի լավ գիտես, թվաբանություն ես սովորել։
Քավոր Դդումը մի երկու անգամ հառաչեց, բայց տեսնելով, որ դրանից աղյուսները չեն ավելանում, որոշեց առանց ավելորդ խոսքի կառուցումն սկսել։
Ես աղյուսից մի փոքրի՜կ֊փոքրի՜կ տուն կշինեմ, ― աշխատելով մտածում էր նա։ Ինձ պալատ պետք չէ, ես այնքան էլ մեծ չեմ։ Իսկ եթե աղյուսը հերիք չանի, թղթով կշարունակեմ։
Քավոր Դդումը դանդաղ և զգուշորեն էր աշխատում, վախենալով, թե իր թանկարժեք աղյուսները շուտ կվերջանան։ Նա այնքան զգուշությամբ էր մի աղյուսը դնում մյուսի վրա, կարծես դրանք ապակուց լինեին։
Դե նա լավ գիտեր, թե ամեն մի աղյուսն ինչ գնով է ձեռք բերել։
Ա՛յ, այս մեկը, ― աղյուսներից մեկը վերցնելով և շոյելով, ինչպես կատվիկին են շոյում, ասաց նա, ― հենց այն աղյուսն է, որ ես ձեռք բերեցի տասը տարի առաջ ծնունդի օրին, այն փողերով, որ հավաքել էի՝ տոնին հավ գնելու համար։ Ոչի՛նչ, հավի միս ես կճաշակեմ, երբ շինարարությունն ավարտեմ, իսկ առայժմ առանց դրա էլ յոլա կգնամ։
Ամեն մի աղյուսը դնելիս նա խոր հառաչում էր։ Չնայած դրան, երբ աղյուսները վերջացան, նա դեռ հառաչանքի մեծ պաշար ուներ, իսկ տնակն աղավնատան նման փոքրիկ ստացվեց։
«Եթե աղավնի լինեի, ― մտածում էր խեղճ Դդումը, ― սա շատ հարմար կլիներ ինձ համար»։
Եվ ահա տնակը լիովին պատրաստ է։ Քավոր Դդումը փորձեց ներս մտնել, բայց ծունկը խփեց առաստաղին, և քիչ մնաց ամբողջ շինությունը փուլ գար։
«Ծերացել եմ և անճոռնիացել, հարկավոր է ավելի զգույշ լինել»։
Նա ծունկի իջավ դռան մոտ և փնչալով չորեքթաթ ներս մտավ։ Բայց այստեղ նոր դժվարություններ եղան առանց կտուրը քանդելու հնարավոր չէր ոտքի կանգնել, հատակին չէր կարելի պառկել, քանի որ հատակը շատ կարճ էր, իսկ կողքից կողք դառնալ հնարավոր չէր նեղության պատճառով։ Բայց կարևորն այն էր, թե ինչպես վարվի ոտների հետ։ Եթե տուն ես մտել, պիտի ոտներդ էլ ներս տանես, թե չէ անձրևի տակ հո չե՞ս թողնի։
«Տենսում եմ, ― մտածեց քավոր Դդումը, ― որ ես այս տանը պետք է նստած ապրեմ»։
Այդպես էլ արեց։ Նա զգուշորեն շունչ առնելով նստեց հատակին, պատուհանից երևացող նրա դեմքն ամենամռայլ հուսահատություն էր արտահայտում։
Հը, ինչպե՞ս ես քեզ զգում, հարևան, ― գլուխն իր արհեստանոցի պատուհանից դուրս հանելով, հետաքրքրվեց վարպետ Խաղողը։
Շնորհակալ եմ, վատ չեմ․․․ հառաչելով պատասխանեց քավոր Դդումը։
Իսկ ուսերիդ մոտ նեղվածք չէ՞։
Ո՛չ, ո՛չ։ Ախր էս տունը հենց իմ չափսին եմ շինել։
Վարպետ Խաղողը, ինչպես միշտ ծոծրակը քորեց և ինչ֊որ անհասկանալի բան փնթփնթաց։ Իսկ այդ ժամանակ քավոր Դդումի տունը տեսնելու համար բոլոր կողմերից մարդիկ էին գալիս։ Երեխաների մի ամբողջ բազմություն հավաքվեց։ Տղաներից ամենափոքրը թռավ կտուրը, պարելով սկսեց երգել։
Ծեր Դդումի ձեռքը աջ
Խոհանոցի մեջ է, տե՛ս
Պատշգամբումն է դրված
Նրա ձախ ձեռքը կարծես,
Իսկ մեծ քիթը, տես, ահա,
Սնդուկի մեջ է պահած։
Զգո՜ւյշ, տղա, ― աղերսեց քավոր Դդումը։ Այդպես տունս կքանդես, ախր տունս ջահել է դեռ, բոլորովին նոր է, մի օրական էլ չկա։
Որպեսզի երեխաների սիրտը շահի, նա հանեց մի բուռ կարմիր ու կանաչ մոմպաս, որ ով գիտի երբվանից էին ընկած գրպանում, և բաժանեց երեխաներին։ Նրանք ուրախ ճղճղոցով խլեցին մոնպասները և իրար մեջ բաժանելիս էլ մի լավ կռվեցին։
Այդ օրվանից քավոր Դդումը երբ մի քանի սոլդո փող էր ճարում, կոնֆետ էր առնում և երեխաների համար դնում լուսամուտի գոգը, ոնց որ ծտերի համար հացի փշրանք են դնում։ Այդպես էլ երեխաները նրա հետ բարեկամացան։
Երբեմն Դդումը տղաներին թույլ էր տալիս հերթով մտնել տնակը, իսկ ինքը դրսից ուշադիր հետևում էր, որ երեխաները մի փորձանք չբերեն։
*  *  *
Ահա՛ հենց այս բոլորի մասին էլ քավոր Դդումը պատմում էր Չիպոլինոյին, երբ գյուղի ծայրին փոշու թանձր ամպ բարձրացավ։ Անմիջապես, կարծես խոսքները մեկ արած, բոլոր պատուհանները, դռներն ու դարբասները սկսեցին ճռռոցով ու շրխկոցով փակվել։ Վարպետ Խաղողի կինն էլ շտապեց իրենց պարտեզի դուռը փակել։
Մարդիկ փակվեցին իրենց տներում, ոնց որ փոթորկից առաջ են անում։ Նույնիսկ հավերը, կատուներն ու շները սկսեցին իրենց համար թաքնվելու տեղ փնտրել։
Չիպոլինոն դեռ գլխի չէր ընկել, թե ի՛նչ է կատարվում, երբ փոշու ամպը ճայթյունով ու դղրդյունով անցավ գյուղի միջով և կանգ առավ հենց քավոր Դդումի տան առաջ։
Փոշու ամպի միջից հայտնվեց մի կառք, որին լծված էին չորս ձի։ Ճիշտն ասած, դրանք այնքան էլ ձիեր չէին, այլ վարունգներ, քանի որ այն երկրում, որտեղ տեղի է ունենում այս ամենը, բոլոր մարդիկ և անասունները ազգակից էին որևէ մրգի կամ բանջարեղենի։
Փքվելով ու փնչալով կառքից դուրս եկավ ամբողջովին կանաչ հագած մի գեր մարդ, թվում էր, թե նրա կարմիր, փափլիկ ուռած այտերը ուր որ է հասած պոմիդորի նման կպայթեն։
Դա հենց ասպետ Պոմիդորն էր, հարուստ կալվածատիրուհիներ, կոմսուհի Բալերի կառավարիչն ու տնտեսը։ Չիպոլինոն իսկույն գլխի ընկավ, որ այդ տիպից ոչ մի լավ բան չի կարելի սպասել, եթե նրան դեռ չտեսած բոլորը փախչում են, և ավելի լավ համարեց մի կողմ քաշվել։
Սկզբում ասպետ Պոմիդորը ոչ ոքի վատ բան չարեց։ Նա միայն նայում էր քավոր Դդումին։ Երկար ու սևեռուն նայում էր նա և չարագուշակ ձևով գլուխը շարժելով լռում։
Իսկ խեղճ քավոր Դդումն այդ րոպեին պատրաստ էր իր տնակի հետ գետնի տակն անցնել։ Քրտինքն առվակի նման հոսում էր նրա ճակատից և լցվում բերանը։
Քավոր Դդումը սիրտ չէր անում նույնիսկ ձեռքը բարձրացնել, որպեսզի դեմքը սրբի, և այդպես էլ հնազանդորեն կուլ էր տալիս քրտինքի աղի ու դառը կաթիլները։
Վերջապես նա աչքերը փակեց և սկսեց մտածել այսպես «ո՛չ մի սինյոր Պոմիդոր էլ այստեղ չկա, ես նստած եմ տնակի մեջ և լողում եմ ինչպես ծովայինը նավով Խաղաղ օվկիանոսումն է լողում։ Շուրջս ջուր է, կապո՜ւյտ֊կապո՜ւյտ, խաղա՜ղ֊խաղա՜ղ․․․ Ինչքան մեղմ է օրորվում իմ նավակը»։
Իհարկե, շուրջը ոչ մի ծով էլ չկար, բայց քավոր Դդումի տնակն իսկապես օրորվում էր մեկ աջ, մեկ ծախ։ Այդ նրանից էր որ ասպետ Պոմիդորը մի ձեռքով բռնել էր կտրի մի ծայրից, երկրորդով՝ մյուս ծայրից և ինչքան ուժ ուներ, տնակը թափ էր տալիս կտուրն այնպես երերաց, որ խնամքով դարսված կղմինդրներն սկսեցին այս ու այն կողմ թափվել։
Երբ սինյոր Պոմիդորը այնպես կատաղորեն մռնչաց, որ հարևան տների դռներն ու լուսամուտներն ավելի ամուր փակվեցին, իսկ ովքեր բանալին մի անգամ էին պտտեցրել, շտապեցին երկրորդ անգամ էլ պտտեցնել, քավոր Դդումն աչքերն ակամա բացեց։
Չարագո՛րծ, ― գոռում էր սինյոր Պոմիդորը, ― ավազա՛կ, գո՛ղ, խռովարա՛ր, ապստա՛մբ։ Դու այս պալատը կառուցել ես մի հողի վրա, որ պատկանում է կոմսուհի Բալերին։ Դու քո կյանքի վերջին օրերն անգործությամբ ես ուզում անցկացնել և ուզում ես ոտնահարել երկու խեղճ, զառամյալ այրի սինյորաների, երկու լրիվ որբերի իրավունքները։ Ես հիմա քեզ ցույց կտամ։
Ձերդ ողորմածություն, ― աղերսեց քավոր Դդումը, ― հավատացնում եմ ձեզ, որ ես թույլատվություն ունեի տուն կառուցելու համար։ Ինձ այդ իրավունքը ժամանակին սինյոր կոմս Բալն է տվել։
Կոմս Բալը մեռել է երեսուն տարի առաջ, խաղաղություն նրա ոսկորներին։ Իսկ հիմա հողը պատկանում է միանգամայն կենդանի կոմսուհիներին։ Դրա համար էլ առանց ավելորդ խոսակցության դուրս կորիր այստեղից։ Մնացածը քեզ փաստաբանը կբացատրի։
․․․ Հե՜յ, Սիսեռիկ, որտե՞ղ եք դուք, շուտ արեք։
Սինյոր Կանաչ Սիսեռիկը, գյուղական փաստաբանը, ըստ երևույթին պատրաստ սպասում էր, քանի որ անմիջապես, ինչպես սիսեռը պաճի միջից, չգիտես որտեղից դուրս եկավ։ Ամեն անգամ, երբ Պոմիդորը հայտնվում էր գյուղում, նա կանչում էր այդ ճարտար մարդուն, որպեսզի սա իր կարգադրությունները օրենքի համապատասխան հոդվածներով հաստատեր։
Ես այստեղ եմ, ձերդ ողորմածություն, պատրաստ եմ․․․ Խոնարհվելով և վախից ամբողջովին կանաչած՝ բլբլաց սինյոր Սիսեռիկը։
Բայց նա այնքան փոքրիկ էր և այնքան արագաշարժ, որ նրա բարևը ոչ ոք չնկատեց։ Վախենալով, թե կարող է այնքան էլ քաղաքավարի չերևալ, նա վեր թռավ և ոտքերը օդում թափահարեց։
Էյ, ի՞նչ է ձեր անունը, այս անբան Դդումին ասեք, որ թագավորության օրենքների համաձայն նա պարտավոր է անմիջապես հեռանալ այստեղից։ Եվ բացատրեցեք այստեղի բոլոր բնակիչներին, որ կոմսուհի Բալերը մտադիր են այս շնաբնում տեղավորել իրենց ամենակատաղած շանը։ Այդ շունը կոմսի կալվածքները պետք է պաշտպանի չարաճճի տղաներից, որոնք վերջերս սկսել են իրենց չափազանց վատ պահել։
Այո՛, այո՛, իսկապես որ շատ վատ․․․ այսինքն․․․ վախից ավելի կանաչելով փնթփնթում էր Սիսեռիկը։ Այսինքն՝ ոչ իսկապես վատ։
Այդ ի՞նչ է՝ «իսկապես» կամ «ոչ իսկապես»։ Փաստաբա՞ն եք դուք թե ոչ։
Օ՜, այո, ձերդ ողորմածություն, ես մասնագետ եմ քաղաքացիական, քրեական, ինչպես նաև կանոնական իրավունքների։ Վերջացրել եմ Սալամանկի համալսարանը։ Դիպլոմ և կոչում ունեմ։
Դե եթե դիպլոմ և կոչում ունեք, ուրեմն դուք կհաստատեք, որ ես իրավացի եմ։ Իսկ հետո արդեն կարող եք գնալ ձեր գործին։
Այո, այո, սինյոր ասպետ, ինչպես որ դուք ցանկանում եք․․․ Եվ սինյոր փաստաբանն այլևս չսպասեց, որ իրեն երկրորդ անգամ խնդրեն, մկան պոչի նման արագ և աննկատելի մի կողմ քաշվեց։
Հը, լսեցի՞ր ի՞նչ ասաց փաստաբանը, ― քավոր Դդումին դիմելով՝ հարցրեց Պոմիդորը։
Բայց նա ոչինչ էլ չասաց, ― լսվեց ինչ֊որ մեկի ձայնը։
Ինչպե՞ս, դու համարձակվում ես դեռ ինձ հետ վիճե՞լ, թշվառական։
Ձերդ ողորմածություն, ես իսկի բերանս էլ չեմ բացել․․․ թոթովեց քավոր Դդումը։
Բա ո՞վ էր, որ դու չէիր։ Եվ ասպետ Պոմիդորը սպառնագին շուրջը նայեց։
Խաբեբա՛, խարդա՛խ, ― նորից լսվեց նույն ձայնը։
Այդ ո՞վ է խոսում, ո՞վ։ Երևի քավթառ վարպետ Խաղողն է այդ, ― որոշեց ասպետ Պոմիդորն ու, մոտենալով կոշկակարի արհեստանոցին, մահակով խփեց դռանն ու մռնչաց Վարպետ Խաղող, ես շատ լավ գիտեմ, որ ձեր արհեստանոցում իմ և կոմսուհի Բալերի դեմ հաճախ հանդուգն ու խռովարարական խոսքեր են ասվում։ Դուք ոչ մի հարգանք չեք տածում դեպի այդ զառամյալ, մեծատոհմ սինյորա այրիները, որոնք բոլորովին որբ են։ Բայց սպասեք, ձեր հերթն էլ կգա, կտեսնեք, թե ո՛վ է վերջում ծիծաղելու։
Քո հերթն ավելի շուտ կգա, սինյոր Պոմիդոր։ Օ՜խ, շուտով դու կտրաքես, անպայմա՜ն կտրաքես։
Այդ խոսքերն արտասանողը ուրիշ մեկը չէր, այլ Չիպոլինոն։ Ձեռքերը գրպանները դրած, նա այնքան հանգիստ ու վստահ էր մոտենում ահեղ ասպետ Պոմիդորին, որ սրա մտքովն էլ չանցավ, թե ճշմարտությունն իր աչքերի մեջ համարձակվում է ասել այդ խղճուկ տղան, այդ փոքրիկ թափառաշրջիկը։
Իսկ դո՞ւ որտեղից հայտնվեցիր, ինչո՞ւ աշխատանքի չես։
Ես դեռ չեմ աշխատում, ես միայն սովորում եմ, ― պատասխանեց Չիպոլինոն։
Իսկ ի՞նչ ես ուսումնասիրում, որտե՞ղ են գրքերդ։
Ես ուսումնասիրում եմ սրիկաներին, ձերդ ողորմածություն։ Հենց հիմա նրանցից մեկը կանգնած է իմ դեմ, և ես երբեք հարմար առիթը բաց չեմ թողնի, որպեսզի ինչպես հարկն է ուսումնասիրեմ նրան։
Ա՜խ, դու ուսումնասիրում ես սրիկաների՞ն։ Այդ շատ հետաքրքրիր է։ Ասենք, գյուղում բոլորն էլ սրիկաներ են։ Եթե դու նոր սրիկա ես գտել, ցույց տուր ինձ։
Հաճույքով, ձերդ ողորմածություն, ― խորամանկորեն աչքը ճտելով պատասխանեց Չիպոլինոն։
Այստեղ նա ձեռքը տարավ ձախ գրպանն ու հանեց մի փոքրիկ հայելի, որով նա սովորաբար խաղում էր արևի ճառագայթների հետ։ Բոլորովին մոտենալով սինյոր Պոմիդորին, Չիպոլինոն հայելին բռնեց նրա քթի մոտ ու ասաց
Ահա նա, այդ սրիկան, ձերդ ողորմածություն։ Եթե ցանկանում եք, ուշադիր նայեք սրան։ Ճանաչո՞ւմ եք։
Ասպետ Պոմիդորը չկարողացավ իրեն զսպել և մի աչքով նայեց հայելու մեջ։
Հայտնի չէ, թե այնտեղ ինչ տեսնելու հույս ուներ, բայց իհարկե, տեսավ իր կրակի նման կարմիր, փոքրիկ ու չար աչքերով, դրամարկղի բացվածքի նման լայն բերանով կերպարանքը։
Այստեղ էլ սինյոր Պոմիդորը հասկացավ, որ Չիպոլինոն ուղղակի ձեռ է առնում իրեն։ Այ թե կատաղեց։ Ամբողջովին շառագունած, երկու ձեռքով բռնեց Չիպոլինոյի մազերից։
Օ՛յ֊օ՛յ֊օ՛յ, ― չկորցնելով իրեն հատուկ կենսուրախությունը, ճչաց Չիպոլինոն, ― ա՛խ, ինչքան ուժեղ է այդ սրիկան, որին դուք տեսաք իմ հայելու մեջ։ Հավատացնում եմ ձեզ, նա մեն֊մենակ մի ամբողջ ավազակախումբ արժի։
Ես քեզ ցույց կտամ, խաբեբա՛․․․ գոռաց ասպետ Պոմիդորն ու այնպես ուժգին ձիգ տվեց Չիպոլինոյի մազերից, որ մի ամբողջ փունջ պոկվեց ու մնաց նրա ձեռքում։
Բայց այստեղ տեղի ունեցավ այն, ինչ պիտի լիներ։ Պոկելով Չիպոլինոյի սոխե մազերը, ահեղ ասպետ Պոմիդորն հանկարծ աչքերում և քթի մեջ սուր ծակծկոց զգաց։ Մեկ֊երկու անգամ նա փռշտաց, իսկ հետո արցունքը նրա աչքերից դուրս ցայտեց շատրվանի նման։ Արցունքի շիթերը, առվակներն ու գետերը այնքան առատ էին հոսում նրա այտերով, որ ամբողջ փողոցը թրջեցին, կարծես դռնապանն էր ռետինե խողովակով ջրել։
«Այսպիսի բան ինձ հետ դեռևս չէր եղել», ― մտածում էր վախեցած սինյոր Պոմիդորը։
Եվ իսկապես, նա այնքան անսիրտ և դաժան մարդ էր (եթե միայն Պոմիդորին կարելի է մարդ համարել), որ երբեք լաց չէր լինում, և քանի որ նա միաժամանակ հարուստ մարդ էր, երբեք չէր պատահել, որ սոխ մաքրած լիներ։ Այնինչ տեղի ունեցածը այնքան վախեցրեց ասպետին, որ նա թռավ կառքի մեջ, մտրակեց ձիերն ու սլացավ։ Քիչ հետո ետ դարձավ ու գոռաց
Է՜յ, Դդում, նայիր, հա՜, ես քեզ զգուշացրի․․․ Իսկ դու, ստոր լակոտ, քրջոտի մեկը, դու ինձ թանկ կվճարես այս արցունքների համար։
Չիպոլինոն ծիծաղից թուլացավ, իսկ քավոր Դդումը միայն ճակատի քրտինքը սրբեց։
Բացի սինյոր Սիսեռիկի տանից, մնացած բոլոր տների դռներն ու պատուհանները սկսեցին կամաց֊կամաց բացվել, վարպետ Խաղողը լայն բաց արեց իր պարտեզի վանդակադուռը և, բզով կատաղորեն քորելով ծոծրակը, դուրս թռավ փողոց։
Երդվում եմ աշխարհի բոլոր մոմած թելերով, ― բացականչեց նա, ― վերջապես գտնվեց մի տղա, որ ստիպեց ասպետ Պոմիդորին լաց լինել․․․ Որտեղի՞ց հայտնվեցիր, տղա՛։
Եվ Չիպոլինոն վարպետ Խաղողին ու նրա հարևաններին պատմեց իր ամբողջ պատմությունը, որ դուք արդեն գիտեք։

Հաջորդ գլուխները կարդա Այստեղ
Չիպոլինոյի արկածները | Գլուխ երկրորդ Չիպոլինոյի արկածները | Գլուխ երկրորդ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on февраля 27, 2019 Rating: 5
Технологии Blogger.