Չիպոլինոյի արկածները | Գլուխ երրորդ


Որտեղ պատմվում է պրոֆեսոր Տանձի, Սոխ Պրասի և Հազարոտնուկի մասին

Այդ օրվանից Չիպոլինոն սկսեց աշխատել վարպետ Խաղողի արհեստանոցում և շուտով կոշկակարության մեջ մեծ հաջողությունների հասավ։ Թել էր մոմում, կրունկներ էր խփում, ներբաններ դնում, պատվիրատուների ոտքերի չափսն էր առնում և այս բոլորի հետ շարունակում էր կատակել։
Վարպետ Խաղողը գոհ էր տղայից, և արհեստանոցի գործերը հիանալի էին գնում ոչ միայն նրա համար, որ երկուսն էլ եռանդով էին աշխատում, այլև այն պատճառով, որ շատերը արհեստանոց էին գալիս տեսնելու այն համարձակ տղային, որ ասպետ Պոմիդորին ստիպել էր լաց լինել։
Կարճ ժամանակում Չիպոլինոն շատ ծանոթներ ձեռք բերեց։
Առաջինը եղավ երաժշտության ուսուցիչ, պրոֆեսոր Տանձը՝ ջութակը թևի տակ։ Նրա հետևից ներս թափանցեց ճանճերի ու բոռերի մի ամբողջ ամպ, որովհետև պրոֆեսոր Տանձի ջութակը սարքված էր հոտավետ, հյութեղ կիսատ տանձից, իսկ ճանճերը, հայտնի բան է, ամեն տեսակ քաղցրեղենի սիրահար են։
Շատ հաճախ, երբ պրոֆեսոր տանձը համերգ էր տալիս, ունկնդիրները դահլիճից բացականչում էին
Պրոֆեսո՛ր, ուշադրություն դարձրեք, ձեր ջութակի վրա մի մեծ ճանճ է նստած, դրա համար էլ եղանակը սխալ է ստացվում։
Այստեղ պրոֆեսորը նվագն ընդհատում էր և այլևս չէր վերականգնում այնքան ժամանակ, քանի նրան չէր հաջողվում կնտնոցով վերջ տալ ճանճին։
Իսկ երբեմն նրա ջութակի մեջ էր սողոսկում որևէ որդ և այնտեղ երկար, ծուռ ու մուռ միջանցքներ էր փորում, գործիքը դրանից փչանում էր, և պրոֆեսորն ստիպված նորն էր ձեռք բերում, որպեսզի նվագելիս եղանակը սխալ դուրս չգա։
Պրոֆեսոր Տանձից անմիջապես հետո գալիս էր պարտիզպան Սոխ Պրասը։ Նա ճակատին թափվող խիտ մազափունջ ուներ և երկար, շատ երկար բեղեր։
Այս բեղերի պատճառով, ― գանգատվում էր Սոխ Պրասը Չիպոլինոյին, ― ես քիչ տհաճությունների մեջ չեմ ընկնում։ Երբ կինս սպիտակեղեն է փռում չորացնելու, ինձ նստեցնում է պատշգամբում, բեղերս կապում մեխերից և նրանց վրա կախում իր սավանները, շապիկներն ու գուլպաները։ Իսկ ես ստիպված նստում եմ արևի տակ այնքան ժամանակ, քանի դեռ սպիտակեղենը չի չորացել։ Այ, տեսնո՞ւմ ես, ինչ հետքեր են մնացել իմ բեղերին։
Իրոք, Սոխ Պրասի բեղերի վրա փայտե բռնիչների հետքեր կային։
Մի անգամ արհեստանոց եկավ Հազարոտնուկի ընտանիքը՝ հայրն ու երկու որդիները։ Որդիները ոչ մի րոպի չէին կարողանում հանգիստ կանգնել տեղում։
Նրանք միշտ այդպես անհանգի՞ստ են, ― հարցրեց Չիպոլինոն։
Ի՞նչ եք ասում, ― հառաչեց Հազարոտնուկ հայրը, հիմա դեռ հրեշտակի նման հանգիստ են, այ, դուք մի տեսնեիք, թե ինչ են անում, երբ կինս լողացնում է նրանց։ Մինչև նա կլվանա սրանց առաջին հարյուր ոտները, նրանք կեղտոտում են հետևի ոտները, լվանում է հետևինները՝ առաջինները նորից սև են ձյութի նման։ Նա անվերջ տանջվում է սրանց ձեռքին և ամեն անգամ մի ամբողջ արկղ օճառ է փչացնում։
Վարպետ Խաղողը ծոծրակը քորեց և հարցրեց
Հ՜ը, ձեր ճուտիկերի չափսն առնե՞մ թե չէ։
Ի՞նչ եք ասում, աստված ձեզ հետ, մի՞թե ես կարող եմ այդքան կոշիկ պատվիրել։ Ես ստիպված պիտի ամբողջ կյանքում աշխատեմ, որպեսզի հազար զույգ կոշիկի գին կարողանամ վճարել։
Ճիշտ է, ― համաձայնեց վարպետ Խաղողը, ― ասենք իմ արհեստանոցում այդքան կաշի չի էլ ճարվի։
Դե դուք նայեք, թե կոշիկներից ո՞րն է ավելի շատ մաշված գոնե մի քանի զույգ կփոխենք։
Քանի դեռ վարպետ Խաղողն ու Չիպոլինոն տղաների ներբբաներն էին ստուգում, Հազարոտնուկն ու Հազարաթաթիկը աշխատում էին մի կերպ հանգիստ կանգնել, բայց այդ նրանց այնքան էլ չէր հաջողվում։
Ահա, ― ասաց կոշկակարը, ― այս պստիկի համար հարկավոր է փոխել առաջին երկու և երեք հարյուրերորդ զույգերը։
Ո՛չ, երեք հարյուրերորդը դեռ կարող է պետք գալ, ― շտապելով հակաճառեց հայր Հազարոտնուկը, ― կրունկները խփեք, հերիք է։
Իսկ մյուս տղան պիտի աջ կողմից տասը կոշիկ իրար հետևից փոխի։
Ինչքան եմ սրանց ասել, որ ոտքերով չփորփրեն գետինը։ Է՜, մի՞թե սրանք գիտեն քայլել։ Վազվզում են, մի ոտքի վրա պարում, թռչկոտում։ Եվ ի՞նչ է ստացվում, վերջ ի վերջո՝ բոլոր աջ կոշիկները ձախերից շուտ մաշվեցին։ Ահա՛, միշտ այսպես նեղություն ենք քաշում մենք՝ հազարոտնուկներս։
Վարպետ Խաղողը միայն ձեռքը թափ տվեց
Է՜խ, բոլոր երեխաներն էլ մեկ են։ Երկու ոտք ունեն թե հազար, փաստորեն միևնույն է։ Նրանք նույնիսկ ընդունակ են մի ոտքի վրա հազար զույգ կոշիկ մաշել։
Վերջապես Հազարոտնուկի ընտանիքը դոփդոփելով հեռացավ։ Հազարոտնուկն ու Հազարաթաթիկը այնպես սլացան, կարծես կառք նստած լինեին։ Հայր Հազարոտնուկը չէր կարող այդքան արագ շարժվել, նա մի քիչ կաղում էր, բոլորովին քիչ, ընդամենը հարյուր տասնութ ոտքով։

Հաջորդ գլուխները կարդա Այստեղ
Չիպոլինոյի արկածները | Գլուխ երրորդ Չիպոլինոյի արկածները | Գլուխ երրորդ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on марта 02, 2019 Rating: 5
Технологии Blogger.