Չիպոլինոյի արկածները | Գլուխ տասներկուերորդ


Որտեղ սոխ Պրասը պարգևատրվում է և պատժվում
Հենց այդ օրը իշխան Լիմոնը քառասուն պալատական Լիմոնների և մի ամբողջ գումարտակ Լիմոնուկների գլուխ անցած, մտավ գյուղ։ Ինչպես արդեն գիտեք, իշխան Լիմոնի պալատում բոլորը գլխարկների վրա զանգակներ էին կրում։ Երբ պալատական զորքերն անցան ճանապարհով, այնպիսի երաժշտություն բարձրացավ, որ կովերը դադարեցին արածելուց, մտածելով, թե նոր նախիր են քշում բերում։
Զնգզնգոցը լսելով, Սոխ Պրասը, որ այդ րոպեին հայելու առաջ կանգնած բեղերն էր սանրում, գործն ընդհատելով գլուխը պատուհանից դուրս հանեց։ Հենց այդտեղ էլ նրան նկատեցին։ Լիմոնուկները խուժեցին տուն, ձերբակալեցին նրան ու բանտ տարան։ Նրա բեղերից մեկը ցցված էր վեր, մյուսը ցած էր կախված։
Թույլ տվեք գոնե ձախ բեղս էլ սանրեմ, ― խնդրում էր Սոխ Պրասը պահակներին։
Լռե՛լ, թե չէ մենք կկտրենք քո բեղերը, առաջ կկտրենք ձախը, հետո՝ աջը և դրանով էլ քեզ կազատենք սանրելու հոգսից։
Սող Պրասը իր միակ հարստությունը կորցնելուց վախենալով, լռեց։
Փաստաբան Սիսեռիկն էլ բանտարկվեց։ Նա երկար ժամանակ ճչում էր, փորձում էր ազատվել, խոսքեր էր թափում սիսեռի պես, բայց իզուր։
Սա թյուրիմացություն է։ Ես այստեղի փաստաբանն եմ և ծառայում եմ ասպետ Պոմիդորի մոտ։ Սա պարզապես թյուրիմացություն է։ Անմիջապես ինձ ազատ արձակեք։
Բայց նրա խոսքերը իզուր էին անցնում ոնց որ պատի վրա սիսեռ ցանես։
Զինվոր Լիմոնուկները տեղավորվեցին այգում։ Միառժամանակ նրանք զբաղվում էին նրանով, որ կարդում էին սինյոր Մաղդանոսի հայտարարությունները, իսկ հետո, որպեսզի չձանձրանան, սկսեցին տրորել կանաչն ու ծաղիկները, որսալ ավազանների ոսկե ձկները, ծաղկանոցների ապակիներին նշան բռնել և նման այլ զվարճություններ հնարել։
Կոմսուհիները մազերը փետելով, մի պետից մյուսի մոտ էին վազում։
Խնդրում ենք ձեզ, սինյորներ, հրամայեցեք ձեր մարդկանց, որ հանգստանան։ Նրանք մեր ամբողջ այգին կոչնչացնեն։
Բայց պետերը լսել անգամ չէր ուզում։
Մեր քաջերին, ― հայտարարում էին նրանք, ― ռազմական սխրագործություններից հետո զվարճություն է հարկավոր։ Դուք պետք է շնորհակալ լինեք, որ նրանք պահպանում են ձեր հանգիստը։
Կոմսուհիներն ուզում էին ասել, թե Սոխ Պրասին և սինյոր Սիսեռիկին ձերբակալելն այնքան մեծ խիզախություն չէ, բայց սպաները սպառնացին։
Շատ լավ։ Այդ դեպքում մենք կկարգադրենք, որ ձեզ էլ ձերբակալեն։ Նրանք հենց ռոճիկ են ստանում, որպեսզի բոլոր դժգոհներին ձերբակալեն։
Կոմսուհիները ստիպված էին հեռանալ և բողոքել իշխան Լիմոնին։
Իշխանն իր քառասուն պալատականների հետ տեղավորվել էր ամրոցում, գրավելով, ինչպես պետք էր սպասել, ամենալավ սենյակները։ Նրանք դուրս էին մղել սինյոր Պոմիդորին, բարոնին, հերցոգին, սինյոր Մաղդանոսին և նույնիսկ կոմսուհիներին։
Բարոն Նարինջը շատ էր մտահոգված։
Ա՛յ, կտեսնեք, ― շշուկով ասում էր նա, ― այդ Լիմոններն ու Լիմոնուկները մեր ուտելեղենի ամբողջ պաշարը կխժռեն, և մենք սովից կմեռնենք։ Քանի դեռ ամրոցում ուտելիքի պաշար կա, նրանք այստեղ կմնան, իսկ հետո, մեզ թողնելով բախտի քմահաճույքին, կգնան։ Ա՜խ, սա մի այնպիսի դժբախտություն է, իսկական կործանում։
Իշխանն հրամայեց Սոխ Պրասին բերել և հարցաքննել։
Քիթը վանդակավոր թաշկինակով լավ մաքրելուց հետո, սինյոր Մաղդանոսը պատրաստվեց գրի առնելու մեղադրյալի պատասխանները, իսկ ասպետ Պոմիդորը նստեց իշխանի կողքին, որպեսզի նրան թելադրի, թե ինչպես հարցաքննել։
Բանն այն է, որ իշխան Լիմոնը, թեև գլխին ոսկե զանգակ էր կրում, այնքան էլ խելոք մարդ չէր, բացի այդ, աչքի էր ընկնում ցրվածությամբ։
Եվ ահա հիմա էլ դեռ գերուն ներս չէին բերել, երբ նա բացականչեց
Ա՜խ, ի՜նչ հոյակապ բեղեր ունի։ Երդվում եմ, որ ինձ ենթակա երկրներում ես երբեք այդքան գեղեցիկ, երկար ու լավ սանրված բեղեր չեմ տեսել։
Պետք է ասել, որ սոխ Պրասը բանտում անընդհատ հարդարում ու սանրում էր իր բեղերը։
Շնորհակալ եմ, ձերդ մեծություն, ― համեստ ու քաղաքավարի ասաց նա։
Դրա համար էլ, ― շարունակեց իշխան Լիմոնը, ― ես ուզում եմ նրան պարգևատրել Արծաթե Բեղի շքանշանով։ Այստեղ եկեք, իմ Լիմոններ։
Պալատականներն անմիջապես հայտնվեցին։
Այստեղ բերեք Արծաթե Բեղի ասպետի թագը։
Բերեցին թագը, որն իրենից գլխի շուրջը պսակի նման ոլորած բեղ էր ներկայացնում։ Հասկանալի է, որ բեղը շինված էր մաքուր արծաթից։
Սոխ Պրասն իրեն կորցրեց։ Նա կարծում էր, թե իրեն հարցաքննության են բերել, մինչդեռ նման պատվի են արժանացնում։
Նա հարգանքով խոնարհվեց իշխանի առաջ, որն անձամբ թագը դրեց նրա գլխին, գրկեց և համբուրեց բեղերը, նախ աջ, հետո ձախ բեղը։ Ապա իշխանը վեր կացավ և ցրվածության պատճառով մտածելով, թե ինչ որ պետքն է արեց, ուզում էր գնալ։
Այստեղ ասպետ Պոմիդորը կռացավ և նրա ականջին շշնջաց
Ձերդ մեծություն, հարգանքով հիշեցնում եմ ձեզ, որ դուք ասպետական կոչում տվեցիք մի հայտնի հանցագործի։
Այն րոպեից, երբ ես նրան ասպետ դարձրի, ― գոռոզաբար ասաց իշխանը, ― նա այլևս հանցագործ չէ։ Չնայած դրան, եկեք հարցաքննենք։
Եվ վերադառնալով սոխ Պրասի մոտ, իշխանը հարցրեց, թե հայտնի՞ է նրան ուր են փախել ձերբակալվածները։ Սոխ Պրասն ասաց, որ ոչինչ չգիտի։ Հետո նրան հարցրին, թե գիտի՞ որտեղ է թաքցրած Դդումի տունը, Սոխ Պրասը նորից պատասխանեց, որ իրեն ոչինչ հայտնի չէ։
Սինյոր Պոմիդորը կատաղեց
Ձերդ մեծություն, այս մարդը խաբում է։ Ես առաջարկում եմ նրան կալանքի ենթարկել և բաց չթողնել՝ մինչև ճշմարտությունը չասի մեզ։ Ամբողջ ճշմարտությունը, և միա՛յն ու միա՛յն ճշմարտությունը։
Շա՛տ լավ, շա՛տ լավ, ― ձեռքերը շփելով հաստատեց իշխան Լիմոնը։
Նա բոլորովին մոռացել էր, որ մի քանի րոպե առաջ Սոխ Պրասին պարգևատրել էր շքանշանով և ուրախացավ, որ մարդ տանջելու առիթ է լինում։ Նա շատ էր սիրում ներկա լինել ամենադաժան խոշտանգումներին։
Ինչպիսի՞ կտտանքի ենթարկենք հիմա, ― հարցրեց դահիճը, որ իշխանին ներկայացավ իր բոլոր գործիքներով՝ եղանով, կացնով, ունելիով, ինչպես նաև լուցկու տուփով։
Լուցկին խարույկ վառելու համար էր։
Պոկեցե՛ք դրա բեղերը։ Երևի նրա համար աշխարհում ամենաթանկ բանը բեղերն են։
Դահիճն սկսեց Սոխ Պրասի բեղերը քաշել, բայց նրանք այնքան ամուր էին, սպիտակեղենի ծանրությունից այնպես էին կոփվել, որ դահիճն իզուր էր չարչարվում ու քրտինք թափում։ Բեղերը չէին պոկվում, և Սոխ Պրասը ոչ մի ցավ չէր զգում։
Վերջ ի վերջո դահիճն այնպես հոգնեց, որ ուշաթափ ընկավ։ Սոխ Պրասին մի գաղտնի խուց տարան և նրա գոյության մասին մոռացան։ Նա ստիպված կերակրվում էր հում մկներով, և նրա բեղերն այնքան երկարեցին, որ երեք անգամ պտտվում էին գլխի շուրջը։
Սոխ Պրասից հետո հարցաքննության կանչեցին սինյոր Սիսեռիկին։
Փաստաբանը ընկավ իշխանի առաջ և սկսեց համբուրել նրա ոտներն ու աղաչել
Ներեցեք ինձ, ձերդ մեծություն, ես մեղավոր չեմ։
Վա՛տ է, շա՛տ վատ է, սինյոր փաստաբան, եթե դուք մեղավոր լինեիք, ես ձեզ անմիջապես կազատեի։ Բայց եթե դուք ոչնչով մեղավոր չեք, ապա ձեր գործը շատ վատ ընթացք կստանա։ Սպասե՛ք, սպասե՛ք․․․ Իսկ դուք կարո՞ղ եք մեզ ասել, թե որտեղ են փախել գերիները։
Ո՛չ, ձերդ մեծություն, ― ամբողջովին դողալով պատասխանեց սինյոր Սիսեռիկը։ Նա իրոք չգիտեր։
Ա՛յ, տեսնո՞ւմ եք, ― բացականչեց իշխան Լիմոնը, ― էլ ինչպե՞ս ձեզ ազատենք, երբ ոչինչ չգիտեք։
Սինյոր Սիսեռիկը մի աղաչական հայացք գցեց Պոմիդորի վրա, բայց ասպետը ձևացավ, թե շատ տարված է իր մտքերով և աչքերն ուղղեց առաստաղին։
Սինյոր Սիսեռիկը հասկացավ, որ ամեն ինչ կորած է։ Բայց նրա հուսահատությունն իսկական կատաղության փոխվեց, երբ տեսավ, որ իր տերն ու խնամատարը, որին նա ջերմեռանդությամբ ծառայում էր, իրեն այդքան նենգորեն լքեց։
Իսկ դուք գոնե կարո՞ղ եք ասել, թե որտեղ է պահված չարագործ Դդումի տնակը։
Փաստաբանն այդ գիտեր, որովհետև ժամանակին նա ականջ էր դրել Չիպոլինոյի և իր համագյուղացիների խոսակցությանը։
«Եթե ես գաղտնիքը բացեմ, ― մտածեց նա, ― ինձ բաց կթողնեն։ Բայց ի՞նչ օգուտ։ Ես հիմա տեսնում եմ, թե իմ նախկին բարեկամներն ու հովանավորներն ովքեր են։ Երբ պետք էր իմ գիտելիքներն ու ընդունակություններն օգտագործել ուրիշներին խաբելու համար, նրանք ինձ ճաշի ու ընթրիքի էին հրավիրում, իսկ հիմա, դժբախտության մեջ, լքեցին։ Ո՛չ, այլևս չեմ ուզում սրանց օգնել։ Ինչ ուզում է լինի, սրանք ինձանից ոչինչ չեն իմանա»։
Եվ նա բարձրաձայն հայտարարեց
Ո՛չ, իշխան, ոչինչ չգիտեմ։
Խաբում ես, ― աղաղակեց Պոմիդորը, ― դու լավ գիտես, բայց չես ուզում ասել։
Այստեղ սինյոր Սիսեռիկն ազատություն տվեց իր զայրույթին։ Նա, որպեսզի ավելի բոյով երևա, բարձրացավ թաթերի վրա, մի արհամարհական հայացք նետեց Պոմիդորին և ճչաց
Այո՛, գիտեմ, հիանալի գիտեմ, թե որտեղ է տնակը պահված, բայց ձեզ երբեք չեմ ասի։
Իշխան Լիմոնը մռայլվեց։
Լավ մտածեք, ― ասաց նա, ― եթե գաղտնիքը չասեք, ես ձեզ ստիպված կախել կտամ։
Սինյոր Սիսեռիկի ծնկները սարսափից սկսեցին դողալ։ Նա երկու ձեռքով բռնեց իր պարանոցը, կարծես թե ուզում էր օղակից ազատվել, բայց նրա վճիռն անդրդվելի էր։
Կախեցե՛ք ինձ, ― ասաց նա հպարտ, ― անմիջապես կախեցե՛ք։
Այս խոսքերն ասելով, կանաչ Սիսեռիկն ամբողջովին սպիտակեց և հնձած խոտի պես ընկավ գետնին։
Սինյոր Մաղդանոսն արձանագրության մեջ գրեց
«Մեղադրյալը ամոթից և խղճի խայթից գիտակցությունը կորցրեց»։
Հետո իր վանդակավոր թաշկինակով մաքրեց քիթը և մատյանը փակեց։ Հարցաքննությունն ավարտված էր։

Հաջորդ գլուխները կարդա Այստեղ
Չիպոլինոյի արկածները | Գլուխ տասներկուերորդ Չիպոլինոյի արկածները | Գլուխ տասներկուերորդ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on апреля 02, 2019 Rating: 5
Технологии Blogger.