Չիպոլինոյի արկածները | Գլուխ տասներեքերորդ


Այն մասին, թե ինչպես սինյոր Սիսեռիկը հակառակ իր ցանկության փրկեց ասպետի կյանքը

Երբ սինյոր Սիսեռիկն ուշքի եկավ, շուրջը անթափանց խավար էր տիրում։ Փաստաբանը մտածեց, թե իրեն երևի արդեն կախել են։
«Ես մեռել եմ, ― մտածեց նա, ― և ի՞նչ խոսք, ընկել եմ դժոխք։ Ինձ միայն մի բան է զարմացնում՝ ինչո՞ւ այստեղ կրակն այսքան քիչ է։ Ճիշտն ասած, իսկի էլ չկա։ Շատ զարմանալի է։ Դժոխք՝ առանց դժոխքի կրակի՞»։
Այդ ժամանակ նա լսեց, թե ինչպես է խցի փականի մեջ բանալին ճռռում։ Սիսեռիկը, քանի որ փախչելու տեղ չուներ, կուչ եկավ անկյունում և սարսափած սկսեց նայել բացվող դռանը։ Նա կարծում էր, թե հիմա կտեսնի Լիմոնուկ֊պահակներին և դահճին։
Լիմոնուկներն իսկապես որ հայտնվեցին, բայց նրանց հետ եկավ․․․ ձեր կարծիքով ո՞վ ինքը՝ ասպետ Պոմիդորը իր սեփական անձով՝ ձեռքերն ու ոտները կապած։
Սինյոր Սիսեռիկն ուզում էր բռունցքներով հարձակվել նրա վրա, բայց հետո իրեն զսպեց։ «Այս ի՞նչ ես անում, չէ՞ որ նա էլ ինձ նման կալանավոր է»։
Եվ թեև Սիսեռիկն իր նախկին տիրոջը բոլորովին չէր խղճում, այնուամենայնիվ հարցրեց
Ուրեմն ձե՞զ էլ են ձերբակալել։
Ձերբակալե՞լ։ Ավելի լավ է ասեք, որ ես մահվան եմ դատապարտված։ Վաղը առավոտյան ինձ կկախեն ձեզանից անմիջապես հետո։ Դուք երևի չգիտեք, որ մենք գտնվում ենք կախաղանի դատապարտվածների խցում։
Փաստաբանը զարմանքից չէր կարողանում ուշքի գալ։ Նա գիտեր, որ իրեն մահապատիժ է սպասում, բայց երբեք չէր հավատա, որ իր հետ կկախեն նաև ասպետին։
Իշխան Լիմոնը շատ էր զայրացել, ― շարունակեց Պոմիդորը, ― որ իրեն չի հաջողվում մեղավորներին բռնել։ Եվ գիտե՞ք, թե վերջ ի վերջո նա ինչ հնարեց։ Կոմսուհիների, հյուրերի ու ծառաների ներկայությամբ ինձ մեղադրեց այն բանի մեջ, թե ես՝ ասպետ Պոմիդորս դավադրության գլխավոր կազմակերպիչն եմ։ Դրա համար էլ հենց նա ինձ կախաղանի դատապարտեց։ Այո՛, այո՛, կախաղանի։
Սինյոր Սիսեռիկը չգիտեր ուրախանա՞, որ ասպետին այդքան ծանր պատիժ է սպասում, թե՞ խղճա նրան։ Վերջապես նա ասաց
Դե եթե այդպես է, արիացեք, ասպետ։ Կմեռնենք միասին։
Այնքան էլ մխիթարական չէ, ― նկատեց սինյոր Պոմիդորը։Ինչևէ, թույլ տվեք ներողություն խնդրել ձեզանից՝ հարցաքննության ժամանակ ձեր նկատմամբ ցուցաբերած անտարբերության համար։ Դուք պիտի հասկանաք, այդ ժամանակ իմ բախտն էլ էր վճռվում։
Դե այդ արդեն անցած֊գնացած բան է․․․ եղածի մասին չխոսենք, ― սիրալիր առարկեց սինյոր Սիսեռիկը, ― մենք դժբախտության ընկերներ ենք։ Աշխատենք իրար օգնել։
Ես էլ եմ այդպես կարծում, ― մի փոքր աշխուժանալով համաձայնեց սինյոր Պոմիդորը։Շատ ուրախ եմ, որ դուք հիշաչար չեք։
Նա գրպանից մի կտոր տորտ հանեց և եղբոր պես կիսվեց փաստաբանի հետ։ Փաստաբանն իր աչքերին չէր հավատում։ Նա ասպետից այդքան բարություն ու առատաձեռնություն չէր սպասում։
Դժբախտաբար նրանք ինձ սրանից ավելի ոչինչ չթողեցին, ― տխրությամբ գլուխն օրորելով, ասաց Պոմիդորը։
Այո, այսպես է մեր մեղավոր աշխարհը։ Դեռ երեկ դուք ամրոցի լիակատար տերն ու տնօրենն էիք, իսկ այսօր գերի եք միայն։
Ասպետ Պոմիդորը ոչինչ չէր պատասխանում և շարունակում էր տորտ ուտել։
Գիտե՞ք, ― վերջապես ասաց նա, ― ինձ նույնիսկ մի փոքր դուր է գալիս այդ չարաճճի Չիպոլինոյի արարքը։ Ճիշտն ասած, նա շատ ճարպիկ տղա է և ինչ որ անում էր՝ աղքատներին օգնելու համար էր, նրան իր բարի սիրտն էր այդպես թելադրում։
Ես էլ եմ այդպես կարծում, ― համաձայնեց սինյոր Սիսեռիկը։
Ո՞վ գիտե, ― շարունակեց Պոմիդորը, ― ո՞վ գիտե, թե որտեղ են նրանք հիմա, այդ բանտից փախածները։ Հավատացեք, ես հաճույքով նրանց համար որևէ լավ բան կանեի։
Եվ ի՞նչ կարող եք դուք նրանց համար անել այս վիճակում։
Ա՛խ, դուք իրավացի եք, ես հիմա նրանց օգնելու համար շատ անզոր եմ։ Բացի այդ, ո՞վ գիտե, թե որտեղ են նրանք։
Ես էլ չգիտեմ, ― սինյոր Պոմիդորի վարմունքից շոյված անկեղծորեն ասաց սինյոր Սիսեռիկը։Ինձ միայն հայտնի է, թե որտեղ է թաքցրած քավոր Դդումի տնակը։
Այդ լսելով ասպետը լեզուն կծեց։
«Պոմիդոր, ― ասաց նա ինքն իրեն, ― ուշադիր լսիր, թե ինչ կասի այս հիմարը գուցե դեռ փրկության հույս ունենաս»։
Դուք իսկապե՞ս գիտեք, ― հարցրեց նա։
Իհարկե գիտեմ, բայց երբեք ոչ ոքի չեմ ասի։ Ես այլևս այդ աղքատ մարդկանց վնաս տալու միտք չունեմ։
Դա ձեզ պատիվ է բերում, սինյոր փաստաբան։ Ես էլ գաղտնիքը չէի ասի ես չէի ուզենա, որ իմ պատճառով այդ աղքատների գլխին նոր փորձանք գար։
Որ այդպես է, ― ասաց սինյոր Սիսեռիկը, ― ես ուրախությամբ կսեղմեմ ձեր ձեռքը։
Սինյոր Պոմիդորը ձեռքը մեկնեց նրան, և սինյոր Սիսեռիկը պինդ սեղմեց այն։ Վերջ ի վերջո փաստաբանն այնքան հուզվեց, որ ցանկացավ իր դժբախտության ընկերոջ հետ մի քիչ անկեղծորեն զրուցել։
Դուք միայն պատկերացրեք, ― խորհրդավոր շշունջով ասաց նա, ― նրանք տնակը թաքցրել են ամրոցի մոտերքում, իսկ մենք այնքան հիմար էինք, որ իսկի չէինք էլ կասկածում։
Իսկ որտե՞ղ էին նրանք թաքցրել, ― անտարբերությամբ հարցրեց սինյոր Պոմիդորը։
Հիմա արդեն կարող եմ ձեզ ասել, ― դառնորեն ժպտաց սինյոր Սիսեռիկը։Չէ՞ որ վաղը մենք երկուսս էլ կմեռնենք և գաղտնիքը մեզ հետ կտանենք գերեզման։
Դե իհա՛րկե։ Դուք լավ գիտեք, որ վաղը մեզ մահապատժի կենթարկեն և մեր աճյունը քամուն կտան։
Այստեղ փաստաբան Սիսեռիկն ավելի մոտեցավ իր խոսակցին և նրա ականջին կամաց ասաց, որ քավոր Դդումի տնակը գտնվում է անտառում, և նրան պահպանում է քավոր Հավամրգին։
Ասպետն այդ բոլորը լսեց, ջերմորեն գրկեց փաստաբանին և բացականչեց
Իմ թանկագին բարեկամ, ես այնքան շնորհակալ եմ, որ ինձ հայտնեցիք այդ կարևոր լուրը։ Դուք փրկում եք իմ կյանքը։
Ես փրկում եմ ձեր կյա՞նքը։ Կատա՞կ եք անում, ինչ է։
Բոլորովին էլ ոչ, ― տեղից վեր թռչելով ասաց Պոմիդորը։
Նա նետվեց դեպի դուռը և ինչքան ուժ ուներ սկսեց բռունցքներով ծեծել, մինչև բանտապահ Լիմոնուկները բաց արեցին այն։
Այս րոպեիս ինձ տարեք նորին մեծություն իշխան Լիմոնի մոտ, ― հրամայեց սինյոր Պոմիդորը, ― ես նրան շատ կարևոր բան ունեմ հաղորդելու։
Ասպետին անմիջապես ամրոց տարան։ Նա իշխանին պատմեց ամեն ինչ, որ լսել էր սինյոր Սիսեռիկից և ներումն ստացավ։
Իշխան Լիմոնը շատ գոհ մնաց և հրամայեց իր Լիմոնուկներին հաջորդ օրը սինյոր Սիսեռիկի մահապատժից հետո գնալ անտառ և քավոր Դդումի տնակը բերել։

Հաջորդ գլուխները կարդա Այստեղ
Չիպոլինոյի արկածները | Գլուխ տասներեքերորդ Չիպոլինոյի արկածները | Գլուխ տասներեքերորդ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on 20:25:00 Rating: 5
Технологии Blogger.