Անդրե Մորուա | Կտակը


Երբ Շարդոյ դղյակը գնեց մի արդյունաբերող, որին տկարությունն ու ծերությունը հարկադրել էին ապաստանել գյուղական վայրում, ողջ Պերիգորի խոսակցության առարկան դարձավ մեկ դար առաջ Շարդոյ մարկիզների լքած տան վերակառուցման ճոխությունն ու ճաշակը: Ասում էին, որ հատկապես պարտեզները հիասքանչ են: Փարիզից ժամանած մի ճարտարապետ-պեյզաժիստ շրջափակել էր Լու հարթավայրը, որպեսզի այնտեղ արհեստական լիճ ստեղծեր և Շարդոյը վերածեր երկրորդ Վերսալի:

Գեղեցիկ պարտեզները հազվագյուտ երևույթ էին գյուղական այդ աղքատ գավառում, որտեղ դղյակատերերի մեծ մասը, հետևելով Սավինյակների օրինակին, իրենց պարտեզները բանջարանոցի էին վերածել: Շարդոյի ծաղկանոցների համբավը հասել էր մինչև Բրիվ, Պերիգե, նույնիսկ Բորդո և անսահման հետաքրքրություն առաջացրել: Մինչդեռ, մեկ տարի տևած վերանորոգման աշխատանքներից հետո, երբ նոր տերերը եկան այնտեղ բնակվելու, այցելուներ շատ ավելի քիչ եղան, քան կարելի էր սպասել: Պերիգորը նորեկներին ընդունեց կանխամտածված սառնությամբ, և ոչ մեկը չգիտեր, թե ով էր այդ տիկին Բերնենը:
Նա հազիվ երեսունհինգ տարեկան կլիներ, մինչդեռ ամուսինը ամենաքիչը վաթսունհինգ էր: Նա բավականին գեղեցիկ էր և նույնիսկ այդ մենության մեջ օրական երեք անգամ փոխում էր զգեստները: Դա անբնական էր թվում գավառի բնակիչներին, որոնք սկզբում մտածեցին, թե նա ոչ թե պարոն Բերնենի կինն է, այլ՝ սիրուհին: Երբ տիկին դը լա Գիշարդին՝ շրջանի հասարակական կարծիքի տիրուհին, որը պատերազմից հետո էր հաստատվել գավառում և հիանալիորեն տեղյակ էր իր հարազատ Փարիզի անցուդարձին, հաստատեց, որ տիկին Բերնենը հենց տիկին Բերնենն է և սերում է մի համեստ, բայց օրինավոր բուրժուական ընտանիքից, բնակիչներն ընդունեցին այդ տարբերակը, քանի որ ոչ ոք այդ թեմայի մասին խոսելիս չէր համարձակվի հակաճառել նրա պես կորովի ու քաջատեղյակ մի կնոջ: Չնայած  դրան, բազմաթիվ ընտանիքներ շարունակում էին գաղտնի դավանել այն հերետիկ հավատամքին, որ ճիշտ է, տիկին Բերնենին կոչում են տիկին Բերնեն, բայց նա եղել է պարոնի նախկին սիրուհին և ավելի ուշ ամուսնացել է նրա հետ:
Գաստոն ու Վալանտին Ռոմիլիները, լինելով Բերնենների ամենամոտ հարևանները, որովհետև Պրեյսակի բլուրներից պարզ երևում էին Շարդոյի աշտարակները, ենթադրեցին, որ իրենք մյուսներից ավելի քիչ իրավունք ունեն խիստ լինելու, և քանի որ Բերնեններն այցետոմսերն էին ուղարկել Պրեյսակ, իսկ տիկին Գիշարդին էլ նրանց թույլատրել էր քաղաքավարի լինել, որոշեցին այցելել նոր հարևաններին:
Նրանց ընդունեցին սովորականից շատ ավելի ջերմ, քանի որ առաջին այցելուներից էին: Դղյակի նոր բնակիչները ոչ միայն նրանց պահեցին մինչև ընթրիքը, այլև Ռոմիլիներին պատիվ արեցին՝ ցույց տալով տունը, պարտեզները, օժանդակ հարմարությունները: Գաստոն և Վալանտին Ռոմիլիները զգացին, որ այդ երկու էակներն սկսել էին տանջվել իրենց ունեցած այդքան հարստությունը ցուցադրել չկարողանալու մտքից:
Բերնենը, գործարանատիրոջ իր բարձունքից ելնելով, խոսելու բավականին հեղինակավոր տոն էր պահպանել և սովորություն ուներ վճռականորեն պնդելու իր կարծիքը անգամ ոչ այնքան ծանոթ թեմաների շուրջ, թեև լավ մարդ էր երևում: Վալանտինը զգացվել էր, տեսնելով նրա գորովանքը կնոջ հանդեպ, որը կարճահասակ էր, շիկահեր, բավականին գեր, բայց քնքուշ էր ու զվարթ: Երբ տիկին Ռոմիլին հիանում էր՝ դիտելով առաջին հարկը, որը տունը գնելու այդքան կարճ ժամանակամիջոցում ապշեցուցիչ փոփոխության էր ենթարկվել, զմայլվում էր հաստ պատերի մեջ փորված լողասենյակով, աշտարակների մեջ տեղավորված վերելակներով, հանկարծ ցնցվեց տիկին Բերնենի խոսքերից.
-Այո, Ադոլֆը հոգ է տարել, որպեսզի այստեղ ամեն ինչ կատարյալ լինի…Իհարկե, Շարդոյն առայժմ մեզ համար միայն ամառանոց է: Բայց Ադոլֆը գիտե, որ իր մահից հետո, հնարավորին չափ ուշ, անկասկած, ես մտադիր եմ այստեղ ապրել, և ուզում է, որ այստեղ էլ նույնքան հարմարավետ լինի, որքան քաղաքի տներում…Երևի գիտեք, որ նա առաջին ամուսնությունից շատ երեխաներ է ունեցել…Ահա թե ինչու նախազգուշական միջոցներ է ձեռնարկել: Շարդոյն իմ անունով է ձևակերպված և ամբողջովին ինձ է պատկանում:
Մարգագետնին կից հին ագարակի շենքերը վերածվել էին ախոռի: Գաստոնը հիանում էր գեղեցիկ ձիերով, լծասարքերի անթերի տեսքով, անբասիր ձիապաններով:
-Ձիերն իմ ամենամեծ թուլությունն են, - աշխուժորեն ասաց տիկին Բերնենը: -Հայրս, որ հեծելազորում էր ծառայում, դեռ օրորոցից մեզ թամբի վրա էր դնում:
Նա շոյեց ձիերից մեկի փայլուն բաշն ու հառաչեց:
-Անշուշտ, - ասաց նա,- մեծ ծախսեր են անհրաժեշտ այս հեծելազորը պահելու համար…Բայց Ադոլֆն այդ մասին նույնպես մտածել է. կտակի մեջ նախատեսված է, որ մի հատուկ կազմակերպություն Շարդոյի տարածքում զբաղվելու է ձիերի նոր տեսակներ բուծելու գործով…Եվ դա՝ ինձ հասանելիք ժառանգությունից դուրս, այնպես չէ՞, Ադոլֆ: Եվ այդ ձևով, պարզ է, ես կխուսափեմ այդ մի հարկից:
Պարտեզների ձևավորումը դեռ վերջնականապես ավարտված չէր, բայց արդեն կարելի էր պատկերացնել ծաղկանոցների ընդհանուր տեսքը: Գեղեցիկ արձանները մատնանշում էին, թե ճարտարապետը որ կողմն է կամեցել ուղղել դիտողի հայացքը: Երկար, ուղղանկյունաձև ջրավազանի մեջտեղում, արհեստական, երկաթբետոնե կղզու վրա բանվորները գեղեցկատես սյուներ էին կանգնեցնում: Զբոսնողները մտան շագանակենիների երկար ծառուղին: Նրանք կանգ առան իրար նման տնակների մոտ, որոնք կառուցված էին Պերիգորի ագարակների ոճով և ծածկված էին հին կղմինդրներով:
-Ես այս գյուղը չեմ տեսել, - ասաց Վալանտինը:
-Սա գյուղ չէ, - ասաց տիկին Բերնենը ծիծաղելով, - սրանք մեր տնակներն են: Ադոլֆն է ցանկացել այսպես կառուցել՝ անջատ-անջատ տնակներ… Հիմա կտեսնեք, թե դրանք որքան լավ են մտածված, իմ կարծիքով, ապագայի համար. մենք մի քանի զույգ նվիրված ծառաներ ունենք, որոնց ես կուզենայի պահել նույնիսկ այն ժամանակ, երբ մենակ կլինեմ…Եվ տեսեք, Ադոլֆը զույգերից յուրաքանչյուրին կհատկացնի այն տունը, որը նա զբաղեցնում է, բայց պայմանով. եթե նրանք չուզենան ինձ մոտ ծառայել ու լքեն ինձ, պայմանագիրը չեղյալ կհամարվի…Այդ ձևով նրանք ոչ միայն կապված կմնան ինձ, այլև վարձատրված կլինեն՝ առանց ինձնից նույնիսկ մեկ սու ստանալու… Հիանալի պայման է ինձ համար… Եվ դա էլ, բնականաբար, կտակից դուրս…Նրա երեխաները ոչինչ ասել չեն կարող:
-Այդպե՞ս եք կարծում, տիկին: Մի՞թե դա օրինական է, - հարցրեց Գաստոն Ռոմիլին:
-Ահ, պարոն, դուք Ադոլֆին չեք ճանաչում…Նա իր գործերի կառավարչի հետ ժամերով փնտրել, գտել է համապատասխան հոդվածները: Չեք կարող պատկերացնել, թե ինչ ուշադիր է իմ հանդեպ, չնայած արտաքինից ասես արջ լինի: Այնպես չէ՞, Ադոլֆ:
Նա թևանցուկ արեց ծերունուն, որը սիրալիորեն ինչ-որ բան մռթմռթաց: Զբոսանքը երկար տևեց, որովհետև նրանք համբերատար հյուրերին ցույց տվեցին թե՛ գոմը, թե՛ ցեղական կաթնատու կովերին, թե՛ հատուկ ձևով սարքած հավանոցը, ուր ձյունաճերմակ հավերը քուջուջ էին անում: Երբ վերջապես Ռոմիլիները մենակ մնացին իրենց մեքենայում, Վալանտինն սկսեց խոսել:
-Դե, - ասաց նա,- ինչ կասես այդ մարդկանց մասին:
-Բերնենն ինձ դուր եկավ, - ասաց Գաստոնը: -Նա մի քիչ փնթփնթան է, իրենից չափազանց գոհ, բայց, կարծում եմ, անսահմանորեն բարի է…Իսկ տիկինը բավականին տարօրինակ է:
-Տարօրինա՞կ, - ասաց Վալանտինը,- ես կասեի՝ սարսափելի…Կտակի այս կետը…Կտակի այն կետը…«Երբ ես մենակ կլինեմ…Իհարկե, հնարավորին չափ ուշ…»: Այդ խոսակցությունը, որ նա սկսել էր մի դժբախտ մարդու ներկայությամբ, պատմելով, թե ինչ է լինելու նրա մահից հետո… Իսկապես ծանր էր…Չգիտեմ ինչ ասեմ…
Նրանք բավականին երկար լռեցին, մինչդեռ մեքենան հետևում էր թողնում մառախլապատ մարգագետինն ու հարթավայրի բարդիները: Գաստոնը, որ մեքենան էր վարում, ուշադիր դիմացն էր նայում, որովհետև դպրոցից վերադարձող երեխաները կտրում անցնում էին ճանապարհը: Վերջապես նա ասաց.
-Այնուամենայնիվ…Բավականին խելամիտ են ձեռնարկած նախազգուշական այդ միջոցները, որպեսզի իր մահից հետո կինը միանգամայն հանգիստ լինի…Նրան լսելիս ես մեր մասին էի մտածում…Սխալվել եմ, որ մինչև հիմա կտակ չեմ կազմել, հիմա դրանով կզբաղվեմ:
-Այդ ի՞նչ ես մտածում, սիրելիս…Այդ միտքն ինձ սարսափեցնում է…Նախ և առաջ, առաջինը ես եմ մեռնելու:
-Ինչո՞ւ: Դու դեռ ոչինչ չգիտես: Դու ավելի երիտասարդ ես, քան ես: Դու ոչ մի հիվանդություն չունես…Իսկ ես, ընդհակառակը…
-Մի խոսիր…Դու երևակայական հիվանդ ես…Քեզ հիանալի ես զգում, և հետո, եթե դու մեռնես, ես չեմ ցանկանա քեզնից հետո ապրել…Ի՞նչ կլինի իմ կյանքն առանց քեզ: Ես ինքնասպան կլինեմ:
-Ինչո՞ւ ես նման հիմարություններ դուրս տալիս, Վալանտին: Դա անհեթեթություն է: Դու շատ լավ գիտես, որ մարդիկ վշտից չեն մեռնում, որքան էլ այն ծանր լինի…Եվ հետո, ի՞նչ է, աշխարհում միայն ե՞ս եմ քեզ համար. կա Կոլետը, նրա ամուսինը…Կան քո թոռնիկները:
-Կոլետն իր կյանքը լավ է դասավորել…Նա այլևս մեր կարիքը չունի…
-Իսկապես…Դա էլ մի պատճառ է, որ ես նախազգուշական միջոցներ ձեռնարկեմ քո օգտին:      
Նրանք նորից լռեցին, որովհետև մեքենան անցնում էր ավելի թանձր մառախուղի միջով, հետո Վալանտինը վերսկսեց խոսակցությունը, այս անգամ արդեն շատ ցածրաձայն:
-Ճիշտ է, որ եթե դժբախտություն պատահի, և ես քեզնից հետո էլի մի քանի ամիս ամպրեմ, ավելի հանգիստ կլինեմ, եթե իմանամ… Օհ, ոչ թե կտակ… Դա ինձ վատ նախանշան է թվում…Ոչ…Պարզապես մի թուղթ լինի, որը հաստատի, որ Պրեյսակն ու հարակից հողերը, ամեն դեպքում, կմնան իմ տրամադրության տակ մինչև իմ մահը…Մեր փեսան շատ բարի է, բայց նա Սավինյակներից է…Հորն է քաշել…Սիրում է հողը…Նա, անշուշտ, ցանկություն կունենա ընդարձակել իր հողերը մերի հաշվին և ինձ ուղարկել ապրելու մի փոքրիկ տնակում, կարևոր չէ՝ ուր…Դա ինձ ցավ կպատճառեր…
-Չպետք է թողնել, որ այդպիսի բան պատահի, - ասաց Գաստոնը մռայլ տոնով…-Ես պատրաստ եմ ստորագրել այն բոլոր թղթերը, որ դու կցանկանաս, և նույնիսկ քեզ թողնել Պրեյսակը՝ կտակով…Միայն թե դա օրինակա՞ն կլինի: Ուզում եմ ասել՝ Պրեյսակն ավելի մեծ չէ՞, քան այն, ինչ քեզ է հասնում:
-Մի քիչ, բայց կարգավորելը հեշտ է…եթե ցանկանաս, - ասաց Վալանտինը:
-Ի՞նչ, - հարցրեց ամուսինը, - դու այդ մասին արդեն խոսե՞լ ես փաստաբան Պասագայի հետ:
-Դեհ, չէ˜, պատահաբար, - պատասխանեց Վալանտինը:

Թարգմանությունը՝ Սուսան Գաբրիելյան

Տես նաև Անդրե Մորուա Նովելներ
Անդրե Մորուա | Կտակը Անդրե Մորուա | Կտակը Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on 22:09:00 Rating: 5
Технологии Blogger.