Մարսել Էմե | Քարտը


Դրվագներ Ժյուլ Ֆլեգմոնի օրագրից

10-ը փետրվարի-Թաղամասում անհեթեթ լուրեր են պտտվում նոր խստությունների շուրջ: Սովին դիմագրավելու և բնակչության աշխատավոր տարրերի արդյունավետությունը բարձրացնելու նպատակով իբրև թե որոշում է ընդունվելու մահապատժի ենթարկել անարդյունավետ սպառողներին՝ ծերունիներին, թոշակառուներին, ռանտիեներին, գործազուրկներին և մյուս ավելորդ բերաններին:
Սրտիս խորքում համարում եմ, որ այդ որոշումը բավականին արդարացի կլինի: Քիչ առաջ դռանս դիմաց հանդիպեցի հարևանիս՝ Ռոկատնոնին, յոթանասունամյա այդ ժիր ծերունուն, որն անցյալ տարի ամուսնացել էր քսանչորս տարեկան մի ջահել կնոջ հետ: Նա զայրույթից խեղդվում էր: «Ի՞նչ կապ ունի տարիքը,- բացականչում էր նա,- եթե ես երջանկություն եմ պարգևում իմ հրաշագեղ տիկինին»: Վեհաշունչ խոսքերով խորհուրդ տվեցի խանդավառությամբ ընդունել իր անձի զոհաբերությունը հանուն ընդհանուրի բարօրության:
12-ը փետրվարի-Առանց կրակի ծուխ չի լինում: Այսօր ճաշեցի իմ վաղեմի բարեկամ Մալեֆրուայի՝ կառավարության խորհրդականի հետ: Ընտիր գինին ազատություն տվեց նրա լեզվին, և ես հմտորեն կարողացա կորզել ճշմարտությունը: Բնականաբար, խոսքը չէր գնում պորտաբույծներին ոչնչացնելու մասին: Պարզապես կրճատվելու էր նրանց կյանքի ժամանակը: Մալեֆրուան բացատրեց, որ նրանց իրավունք է տրվելու ամսվա մեջ որոշակի թվով օրեր ապրել՝ ըստ անպիտանության աստիճանի: Ժամանակի քարտերը պետք է որ արդեն տպված լինեն: Ես այն միտքը հայտնեցի, թե այդ գաղափարը որքան սքանչելի, նույնքան էլ պոետիկ է: Եվ կարծեմ այս առթիվ շատ ու շատ ոգեշունչ բաներ ասացի: Մալեֆրուան, որին գինին, ինչ խոսք, հուզականություն էր հաղորդել, ինձ էր նայում գորովալից, մտերմիկ հայացքով:
13-ը փետրվարի- Ինչպիսի˜ խայտառակություն, ինչպիսի˜ անօրինություն, ինչպիսի˜ հրեշավոր սպանդ: Թերթերը զետեղել են հրովարտակը, և պարզվում է, որ «այն սպառողների թվին, որոնց գոյությունը չի արդարացվում որևէ շոշափելի փոխհատուցմամբ», դասվում են նաև արվեստագետներն ու գրողները: Ինչ-որ չափով հասկանալի կլիներ, եթե որոշումը տարածվեր գոնե միայն նկարիչների, քանդակագործների, երաժիշտների վրա: Բայց գրողնե˜րը: Թույլ է տրվել անմիտ, անհեթեթ մի բան, որը կմնա մեր դարաշրջանի ամոթալի խարանը: Որովհետև մի՞թե հարկ կա ապացուցելու, թե որքան օգտակար են գրողները, հատկապես ինձ նման գրողը, և սա ասում եմ առանց մեղանչելու համեստության դեմ: Այսպես ուրեմն, ես իրավունք եմ ստացել ամսվա մեջ գոյություն ունենալ ընդամենը երկու շաբաթ:
16-ը փետրվարի-Քանի որ հրովարտակը ուժի մեջ է մտնում մարտի 1-ից, իսկ հաշվառումն սկսվում է արդեն ամսի 18-ին, իրենց սոցիալական դրությամբ մասնակի գոյության դատապարտված մարդիկ ամեն հնարքի դիմում են գտնելու համար մի գործ, որը նրանց թույլ կտար դասվելու անմողջական գոյություն վայելողների շարքը: Բայց վարչակարգը սատանայական հեռատեսությամբ մինչև փետրվարի 25-ը արգելել է ամեն տեսակի տեղաշարժ:
Մտքովս անցավ զանգահարել իմ բարեկամ Մալեֆրուային, որպեսզի քառասունութ ժամում ինձ համար դռնապանի կամ թանգարանի հսկիչի տեղ ճարի: Չափազանց ուշ էր: Իր ունեցած վերջին տեղը՝ գրասենյակի ցրիչի գործը, արդեն ուրիշին էր տվել:
-Բայց, մարդ աստծո, ինչո՞ւ եք սպասել մինչև այսօր, որ ինձնից գործ խնդրեք:
-Ախր ի՞նչ իմանայի, որ որոշումը ինձ էլ է վերաբերելու: Երբ միասին ճաշում էինք, դուք ասացիք, թե…
-Այդ մեկը կներեք: Ես ավելի քան պարզորոշ ակնարկեցի, որ հրովարտակը վերաբերում է բոլոր պորտաբույծներին:
17-ը փետրվարի-Կասկած չկա, որ բարապանուհին ինձ համարում է կես ողջ, կես մեռած, ուրվական, դժոխքի խորխորատներից դուրս պրծած ստվեր, քանի որ այս առավոտ չբարեհաճեց փոստը բերել: Իջնելիս ինչպես հարկն է թափ տվեցի նրան. «Ձեզ պես անբանների զխկտելու համար է, որ ընտրյալները զոհելու են իրենց կյանքը»: Եվ իրոք որ այդպես է: Ինչքան շատ եմ մտորում, այնքան ավելի այդ հրովարտակը թվում է անարդարացի ու անօրեն մի բան:
Քիչ առաջ հանդիպեցի Ռոկանտոնին ու նրա մանկամարդ տիկնոջը: Թշվառ ծերունին շարժեց իմ գութը: Միով բանիվ, նրան իրավունք է տրվել ամսական վեց օր ապրել, բայց ամենավատն այն է, որ շնորհիվ երիտասարդ տարիքի՝ տիկին Ռոկանտոնը իրավունք է ստացել երկու շաբաթվա: Այս տարբերությունը ծերունազարդ ամուսնուն խենթացնող անձկության է հասցրել: Փոքրիկը ճակատագրի հարվածը, կարծես թե, ավելի փիլիսոփայորեն է ընդունում:
Օրվա ընթացքում հանդիպեցի մի շարք մարդկանց, որոնց հրովարտակը չի դիպել: Նրանց անվրդով տեսքն ու զոհաբերվածների հանդեպ ունեցած ապերախտությունը զզվանք են պատճառում: Այս անիրավ որոշումը սրանք ոչ միայն աշխարհի ամենաբնական բանն են համարում, այլև պարզորոշ երևում է, որ դրանից հաճույք են ստանում: Մարդկային եսասիրությունը նշավակելու համար ամենադաժան խոսքերն անգամ դժգույն են:
18-ը փետրվարի-Ինձ հասանելիք ժամանակի քարտն ստանալու համար տասնութերորդ շրջանի վարչությունում երեք ժամ հերթ կանգնեցի: Երկու շարքի բաժանված շուրջ երկու հազար դժբախտները գլխահակ կանգնել էին՝ պատրաստ հագուրդ տալու աշխատավոր զանգվածների ախորժակին: Եվ դա միայն առաջին խումբն էր: Նկատեցի, որ կանգնածների կեսը ծերունիներ են: Շատ կային տրտմությունից նվաղած դեմքերով ջահել ու սիրուն կանայք, որոնք ասես շշնջում էին. «Ես դեռ չեմ ուզում մեռնել»: Շատ-շատ էին սիրո հարցերում մասնագիտացած կանայք: Հրովարտակը ծանր հարված էր հասցրել սրանց՝ կյանքի ժամանակը կրճատելով ամսական մեկ շաբաթվա: Նրանցից մեկը իմ առաջ էր կանգնած: Գանգատվում էր, որ հավիտյանս դատապարտված է մնալու հասարակաց կին: Նրա ասելով՝ մեկ շաբաթը բավական չէր ինչ-որ մեկի սիրտը գերելու համար: Չէի ասի, թե համամիտ եմ: Հերթի մեջ ոչ առանց հուզմունքի և, մեղքս ինչ թաքցնեմ, ծածուկ մի գոհունակությամբ տեսա Մոնմարտրի իմ ընկերներին՝ գրողների և նկարիչների. Սելինին, Ժեն Պոլին, Դարանյեսին, ֆոշուային, Սուպոյին, Տենտենին, դ'Էսպարբեին և այլոց: Սելինը մռայլվել էր: Ասում էր, թե այս ամենի պատճառը հրեաների մեքենայություններն են: Բայց ինձ թվում է, թե հենց այս կետում չարակամությունը մոլորության մեջ էր գցել նրան, քանի որ հրովարտակը, հաշվի չառնելով տարիքը, սեռը, մասնագիտությունն ու դիրքը, հրեաներին շնորհել է ամսվա մեջ կես օրվա գոյություն: Ամբոխը չնչին բացառությամբ ցասկոտ էր ու ալեկոծված: Կարգուկանոնը պահպանող բազմաթիվ գործակալները մեզ վերաբերվում էին ծայրագույն արհամարհանքով՝ բացեիբաց համարելով, թե մենք մարդկության տականքն ենք: Բազում անգամներ, տեսնելով, որ երկար սպասելուց հոգնում ենք, մեր անհամբերությունը մեղմում էին քամակներիս հասցված աքացիներով: Այս նվաստացումը կուլ տվի համր արժանապատվությամբ, թեև հայացքս գամեցի մի ոստիկանապետի և մտքումս ըմբոստ մի ճիչ աղաղակեցի: Հիմա արդեն այդ մենք ենք, ում կյանքը անիծել է:
Ի վերջո ստացա ժամանակի քարտս: Իրար կպած կտրոնները, որոնցից յուրաքանչյուրը քսանչորս ժամվա արժեք ունի, աչք շոյող կապույտ գույնի էին, կուսածաղկի գույնի և այնքան քնքուշ էին, որ աչքերս արցունքով լցվեցին:
24-ը փետրվարի-Մի շաբաթ առաջ իրավասու մարմիններին գրել էի, որ իմ անձնական հարցը հատուկ քննության առնեն: Հասա ևս քսանչորս ժամվա հավելման: Ուրիշ էլ ի՞նչ սպասեի:
5-ը մարտի- Տասը օր կլինի, ինչ տենդագին կյանքով եմ ապրում և աչքաթող եմ արել օրագիրս: Որպեսզի անչափ կարճ կյանքիցս ոչինչ բաց չթողնեմ, գիշերը գրեթե բոլորովին չեմ քնում: Եվ միայն վերջին չորս օրում երևի թե ավելի շատ թուղթ եմ գրոտել, քան բնականոն կյանքի երեք շաբաթում: Այսուհանդերձ ոճս առաջվա նման շքեղ է, միտքս՝ առաջվա նման խորը: Նույնպիսի մոլեգնությամբ ինքս ինձ նետել եմ հաճույքների գիրկը: Կուզեի, որ բոլոր գեղեցիկ կանայք իմը լինեին, թեև հնարավոր բան չէ: Արագահոս ժամերը վայելելու նույն այդ ցանկությունից մղված կամ գուցե նաև վրեժխնդրության դրդմամբ օրական երկու անգամ սև շուկայից գնված ճոխ ուտեստներ եմ կլանում: Կեսօրին կերա քառասուն ոստրե, երկու հատ խաշած հավկիթ, քառորդ սագ, մի շերտ տավարի միս, բանջարեղեն, աղցան, տեսակ-տեսակ պանիր, այնուհետև շոկոլադ, մի նարինջ և երեք մանդարին: Սուրճ խմելիս, չնայած տխուր բախտիս, միտքն ինձ ամենևին չէր լքել, ինձ համակեց երջանկության զգացում: Գուցե կհաջողվի՞ դառնալ իսկական ստոիկ: Ռեստորանից դուրս գալիս դեմ-դիմաց հանդիպեցի Ռոկանտոն զույգին: Խեղճ մարդը այսօր ապրում է մարտ ամսվա իր վերջին օրը: Կեսգիշերին, հենց որ վեցերորդ կտրոնը կորցնի իր ուժը, նա խորասուզվելու է անէության գիրկը և այնտեղ է մնալու քսանհինգ օր:
7-ը մարտի-Այցելեցի կեսգիշերվանից ժամանակավորապես այրի մնացած երիտասարդ Ռոկանտոնին: Նա ինձ ընդունեց թախծից էլ ավելի հմայիչ դարձած նազանքով: Մենք այս ու այն տեղից խոսեցինք, հիշեցինք նաև ամուսնուն: Պատմեց, թե ինչպես էր ամուսինը ընկղմվել չգոյի մեջ: Երկուսով պառկած են եղել: Կեսգիշերից մեկ րոպե պակաս Ռոկանտոնը բռնել է կնոջ ձեռքը և վերջին խրատները տվել: Հենց որ զարկել է կեսգիշերը, կինն զգացել է, թե կողակցի ձեռքը ինչպես է հալչում իրենի մեջ: Կողքին մնացել են միայն դատարկ մի գիշերանոց ու մեկ էլ բարձի երեսին ընկած կեղծ ատամնաշար: Այս վերջին մանրամասնը մեզ շատ հուզեց: Քանի որ Լյուսետ Ռոկանտոնը մի կաթիլ արցունք թափեց, ես նրան գրկիս մեջ առա:
12-ը մարտի-Երեկ երեկոյան ժամը վեցին գնացի ակադեմիկոս Պերյուկի տուն՝ մի բաժակ օշարակ ըմպելու: Ինչպես հայտնի է, անմահների համարում ունեցող այս խլյակների պատիվն անաղարտ պահելու նպատակով վարչակարգը սրանց շնորհել է ամբողջական կյանքով ապրելու արտոնություն: Պերյուկի ամբարտավանությունը, կեղծավորությունն ու նենգամտությունը գարշանք էին հարուցում: Մոտ տասնհինգ հոգի կլինեինք նրա տանը՝ բոլորս էլ նվիրաբերյալներ էինք, բոլորս էլ ապրում էինք ամսվա վերջին կտրոնների հաշվին: Միայն Պերյուկն էր ամբողջական ապրող: Նա մեզ հետ բարի էր, ինչպես կլիներ խեղված, անզոր արարածների հետ: Աչքերի մեջ չարանենգ փայլ էր խաղում, մինչդեռ խղճում էր մեզ, խոստանում մեր բացակայության միջոցին մեր շահերին պահապան կանգնել: Նա հաճույք էր զգում, որ ինչ-որ տեսակետից ինքն ավելի բան է ներկայացնում, քան մենք: Ստիպված եղա լեզվիս սանձերը ամուր քաշել, որպեսզի նրան չանվանեմ ծեր ավանակ կամ զառամած հրեշ: Ա˜խ, եթե հույս չունենայի օրերից մի օր նրա տեղը նստել:
13-ը մարտի-Կեսօրին ճաշեցի Դյումոնների տանը: Սովորականի պես կռվեցին և նույնիսկ հայհոյեցին իրար: Ձայնի մեջ կասկած չհարուցող անկեղծ երանգ՝ Դյումոնը բղավեց. «Գոնե կարողանայի կյանքիս կտրոնները ամսվա երկրորդ կեսին օգտագործել, որ քեզ հետ միևնույն ժամանակ չապրեի»: Տիկին Դյումոնը լաց եղավ:
16-ը մարտի-Այս գիշեր Լյուսետ Ռոկանտոնը մտավ անէության դարպասից ներս: Քանի որ շատ էր վախենում, հսկեցի նրա վերջին ակնթարթները: Երբ ինն անց կեսին բարձրացա նրա մոտ, արդեն պառկած էր: Վերջին պահի սոսկումից ազատելու համար սնարի սեղանիկին դրված ժամացույցի սլաքը քառորդ ժամով ետ տարա: Ընկղմվելուց հինգ րոպե առաջ լացի նոպա ունեցավ: Հետո, կարծելով, թե ևս քսան րոպեի պաշար ունի, սկսեց կարգի բերել իրեն ծեքծեքուն շարժումներով, որ ինձ հուզիչ թվացին: Աներևութանալու պահին ուշքս լարեցի, որ աչքերս չհեռացնեմ նրանից: Նա ծիծաղում էր իմ մի խոսքի վրա, երբ հանկարծ ծիծաղն ընդհատվեց, ու նա աչքիս առաջ անհետացավ, ինչպես եթե կախարդի փայտիկը դիպած լիներ նրան: Շոշափեցի դեռևս տաք անկողինը, որտեղ մեկնվել էր նրա մարմինը, և զգացի, թե ինչպես եմ համակվում երկյուղած լռությամբ, որ հարկադրում է մահվան ներկայությունը: Ծանր մտքեր էին կրծում սիրտս: Այս առավոտ նույնպես, տողերս շարադրելու պահին, ճնշված եմ զգում ինձ: Արթնանալուց ի վեր հաշվում եմ, թե քանի ժամ է մնացել ապրելու: Այսօր կեսգիշերին իմ հերթն է հասնելու:
Նույն այս օրը կեսգիշերից քառորդ պակաս նորից եմ ձեռքս վերցնում օրագիրս: Քիչ առաջ եմ պառկել և ուզում եմ, որ ժամանակավոր մահը ինձ տանի գրիչը ձեռքիս, նվիրական գործս կատարելիս: Համարում եմ, որ այսպես կեցվածքս ավելի խրոխտ է: Սիրում եմ քաջության մեջ լինել վայելչագեղ ու զուսպ: Ասենք, ինձ դարանած մահը իրո՞ք որ ժամանակավոր է, և արդյո՞ք խոսքը չի գնում պարզապես սովորական մի մահվան մասին: Հարություն առնելու խոստումը ոչ մի արժեք չունի: Հիմա հակված եմ կարծելու, թե այս խորամանկ ձևով ցանկացել են գունազարդել եղերական ճշմարտությունը: Եթե երկու շաբաթից զոհաբերվածներից ոչ մեկը հարություն չառնի, տեսնեմ ո՞վ է բողոքելու նրանց փոխարեն: Ժառանգնե՞րը: Ոչ, իհարկե: Եվ նույնիսկ, եթե բողոքեն, մեզ համար էլ ի՞նչ մխիթարանք: Հանկարծ մտաբերում եմ, որ զոհաբերյալները հարություն են առնելու բոլորը միասին հաջորդ ամսվա առաջին օրը, այսինքն՝ ապրիլի մեկին: Չար կատակ անելու ի˜նչ հրաշալի առիթ: Զգում եմ, թե սարսափազդու խուճապից ինչպես է ներսս տակնուվրա լինում ու ինչպես…
 1-ը ապրիլի-Ահա և ես՝ ողջ-առողջ: Ապրիլյան կատակ չէր: Ասենք, չեմ էլ նկատել, թե ժամանակը հոսել է: Երբ նորից հայտնվեցի անկողնում, մահվանս նախորդած խուճապի զգացումը դեռ չէր լքել ինձ: Օրագիրս մնացել էր մահճակալիս վրա, և ես ցանկացա ավարտել կիսատ թողնված միտքս, բայց ինքնահոսի թանաքը վերջացել էր: Տեսնելով, որ ժամացույցը կանգ է առել չորս անց տասի վրա, սկսեցի գլխի ընկնել, թե ինձ հետ իրականում ինչ է կատարվել: Մտածեցի զանգ տալ Մալեֆրուային և հարցնել ամսաթիվը: Չկարողացավ թաքցնել դժգոհությունը, որ գիշերվա կեսին անկողնից հանել են, իսկ վերակենդանանալու իմ ուրախությունը նրան շատ քիչ հուզեց: Ինչևէ, կարիք էի զգում, որ հրճվանքս դուրս հորդի:
-Հասկանո՞ւմ եք,- ասացի ես,- տարածքային ժամանակի և ապրված ժամանակի տարբերակումը փիլիսոփայի ցնդաբանություն չէ: Ապացույցը ես եմ: Իրականում բացարձակ ժամանակ գոյություն չունի…
-Միանգամայն հնարավոր է, բայց այնուամենայնիվ կեսգիշերն անց է, և իմ կարծիքով…
-Նկատի ունեցեք, որ դա սփոփիչ հանգամանք է: Այս երկու շաբաթը, որոնց ընթացքում չեմ ապրել, ինձ համար կորած ժամանակ չէ: Հույս ունեմ ավելի ուշ լրացնել այդ բացը:
-Աստված տա: Բարի գիշեր,- խոսքս կտրեց Մալեֆրուան:
Այս առավոտ ժամը իննի կողմերը դուրս եկա տնից և հանկարծակի փոփոխություն զգացի: Ինձ թվաց, թե եղանակը մի մեծ ցատկ է գործել: Եվ իրոք, ծառերն արդեն բողբոջել էին, օդն ավելի թեթև էր, փողոցներն ուրիշ տեսք ունեին: Կանանցից նույնպես գարուն էր բուրում: Այն մտքից, որ աշխարհը կարողացել է ապրել առանց ինձ, սիրտս նեղվեց ու հիմա էլ է նեղվում: Հանդիպեցի այս գիշեր հարություն առած բազմաթիվ մարդկանց: Տպավորություններ փոխանակեցինք: Բորդիե մայրիկը քսան րոպե օձիքիցս պոկ չէր գալիս և պատմում էր, թե իր մարմնից անջատված՝ երկու շաբաթ ըմբոշխնել է դրախտային վսեմ հրճվանքներ: Ամենաարտառոց հանդիպումը ունեցա, անկասկած, Բուշարդոնի հետ, որը տնից նոր էր դուրս եկել: Ժամանակավոր մահը վրա էր հասել քնած ժամանակ՝ մարտի 15-ի գիշերը: Այս առավոտ արթնացել էր լիովին համոզված, որ ճակատագրից խուսափել է: Առիթից օգտվելով՝ ցանկանում էր գնալ հարսանիքի, որն իր կարծիքով այսօր էր նշանակված, թեև իրականում պիտի որ կայացած լիներ երկու շաբաթ առաջ: Ես նրան եղելությունը չասացի:
2-ը ապրիլի-Գնացի Ռոկանտոնների տուն թեյ խմելու: Ծերուկի երջանկությունը սահման չի ճանաչում: Քանի որ իր բացակայության ժամանակի զգացողությունը չունի, այդ ընթացքում կատարված դեպքերը նրա համար շոշափելի իմաստից զուրկ են: Այն միտքը, թե ինն օրվա ընթացքում, ինչ ինքը չի եղել կնոջ կողքին, վերջինս կարող էր դավաճանած լինել իրեն, նրան թվում է մետաֆիզիկայի պես մի բան: Անչափ ուրախ եմ նրա համար: Լյուսետն անընդհատ ինձ էր նայում նվաղկոտ ու տենչող հայացքով: Սոսկում եմ երրորդ անձից ծածուկ արված այդ սիրատոչոր ուղերձներից:
3-ը ապրիլի-Առավոտից ի վեր զայրույթս չի մեղմանում: Քանի դեռ մեռած էի, Պերյուկն այնպես է դասավորել, որ Մերիմեի թանգարանի բացումը տեղի ունենա ապրիլի 18-ին:  Այդ տոնակատարության առթիվ, իսկ ծեր աղվեսը շատ լավ գիտեր, ես հանդես էի գալու շատ կարևոր ճառով, որն իմ առջև բացելու էր Ակադեմիայի դռները: Բայց ապրիլի 18-ին ես դրախտի նախաշեմին եմ լինելու:
7-ը ապրիլի-Ռոկանտոնը նորից մեռավ: Այս անգամ ճակատագրին համակերպվեց գոհունակությամբ: Խնդրել էր, որ իր տանն ընթրեմ, և կեսգիշերին մենք հյուրասենյակում շամպայն էինք ըմպում: Խորասուզվելու պահին Ռոկանտոնը ոտքի վրա էր, ու հանկարծ տեսանք, թե նրա շորերը ինչպես խառնիխուռն ընկան գորգի վրա: Իրոք որ զավեշտալի տեսարան էր: Եվ սակայն Լյուսետին համակած հրճվանքի ալիքը ինձ անպատշաճ թվաց:
12-ը ապրիլի-Այս առավոտ սրտակեղեք մի բան պատահեց: Տունս եկավ քառասունին մոտ, խեղճուկրակ, հյուծված մի մարդ: Հիվանդ բանվոր էր, կնոջ ու երեք երեխաների տեր և ուզում էր ինձ վաճառել կյանքի կտրոնների մի մասը, որ կարողանար ընտանիքը կերակրել: Կինն էլ էր տկար, նա ինքը զրկանքներից այնքան էր մաշվել, որ ընդունակ չէր ուժ պահանջող աշխատանքի, իսկ նպաստը թույլ էր տալիս ընտանիքը պահել ավելի շուտ մահ, քան թե կյանք հիշեցնող գոյավիճակում: Կյանքի կտրոններ գնելու առաջարկը ինձ շփոթության մատնեց: Ինձ այնպես էր թվում, թե հեքիաթի մարդակերներից եմ, հին առասպելների հրեշ, որի հավաքած տուրքը մարդկանց միսն է: Մռթմռթալով հակաճառեցի և, մերժելով այցելուի կտրոնները, անվերադարձ տվեցի որոշակի գումար: Քաջ գիտակցելով իր արարքի վեհությունը՝ նա օրինական հպարտությամբ էր համակվել և ոչինչ չէր ուզում ընդունել առանց իր գոյությունից կտրելու մեկ կամ մի քանի օր: Քանի որ չկարողացա համոզել, ի վերջո վերցրի մի կտրոն: Հենց որ գնաց, գզրոցիս մեջ գցեցի՝ այն հաստատ համոզմամբ, որ չեմ օգտագործելու: Այդ հավելյալ օրը գարշելի կթվար ինձ, որովհետև իր նմանի գոյության հաշվին ապրելը իրոք որ նողկալի է:
14-ը ապրիլի-Մետրոյում հանդիպեցի Մալեֆրուային: Բացատրեց, որ գլխաքանակի կրճատման հրովարտակը արդեն տալիս է առաջին պտուղները: Քանի որ հարուստները շատ-շատ են տուժել, սև շուկան մեծ թվով սպառողների է կորցրել, և գները զգալիորեն իջել են: Վերևներում հույս ունեն, որ այս վերքը շուտով բոլորովին կսպիանա: Ընդհանրապես, երևում է, որ մարդիկ լավ են սնվում, և Մալեֆրուան մասնավորապես ընդգծեց, որ փարիզցիները շատ ավելի առույգ տեսք ունեն, քան առաջ: Այս խոսքերն ինձ պատճառեցին դառնագին մի ուրախություն:
-Եվս մի բան, որ պակաս գնահատելի չէ,- շարունակեց Մալեֆրուան,- քարտավորների բացակայությունը մեր կյանքին հաղորդել է խաղաղ ու հանդարտ ընթացք: Մարդ հիմա է միայն հասկանում, թե հարուստները, գործազուրկները, մտավորականներն ու պոռնիկները ինչ վտանգ էին ներկայացնում մեր հասարակության համար, որտեղ ընդունակ էին սերմանել միմիայն խռովություն, անտեղի ընդվզում, խառնաշփոթ և անհնարինի կարոտ:
15-ը ապրիլի-Կարտըրեներին մերժեցի այս երեկո իրենց այցելելու հրավերը: Խնդրում էին, որ ներկա լինեմ իրենց «հոգեվարքին»: Ցուցամոլ մարդիկ մի նորություն են հնարել՝ ընկերներին հրավիրում են ներկա գտնվելու իրենց ժամանակավոր մահվանը: Չար լեզուներն ասում են, թե այս հավաքույթները վերածվում են սանձարձակ խրախճանքների: Գարշելի է:
16-ը ապրիլի-Այս երեկո մեռնում եմ: Ոչ մի երկյուղ:
1-ը մայիսի-Այս գիշեր, կյանքի դառնալով, անակնկալի եկա: Հարաբերական մահը (մոդայիկ դարձած արտահայտություն) վրա էր հասել, երբ կանգնած էի, և քանի որ զգեստներս խառնիցրիվ թափվել էին գորգին, կյանքի կոչվեցի մորեմերկ վիճակում: Նույն բանը պատահել էր նկարիչ Ռոնդոյի տանը, որը հրավիրել էր երկու սեռին պատկանող տասը-տասներկու մարդու՝ բոլորն էլ հարաբերական մահվան թեկնածու: Երևի թե արտառոց բան է ստացվել: Մայիսը խոստանում է այնքան սքանչելի լինել, որ մեծ դժկամությամբ եմ հրաժեշտ տալու վերջին երկու շաբաթվան:
5-ը մայիսի-Գոյությանս հերթական ժամանակահատվածում ինձ այնպես է թվում, թե ամբողջական կյանքով ապրողների և մնացածի միջև հակակրանքի ալիք է բարձրացել: Այս ալիքը գնալով ահագնանում է, համենայն դեպս, չկա մեկը, որ դրանում կասկածի: Նախ և առաջ նկատելի է փոխադարձ նախանձ: Այս նախանձը հեշտությամբ բացատրվում է այն մարդկանց մեջ, ովքեր ժամանակի քարտով են ապրում: Զարմանալի ոչինչ չկա, որ սրան էլ գումարվում է արտոնյալների հանդեպ ունեցած անհաշտ քինախնդրությունը: Ինչ վերաբերում է այս վերջիններին, շարունակ առիթ եմ ունենում համոզվելու, որ հոգու խորքում սրանք էլ մեզ են նախանձում, քանի որ մեզ համարում են առեղծվածային ու անհայտ աշխարհի հերոսներ: Մանավանդ որ մեր միջև ընկած անէության անջրպետը նրանց համար անհաղթահարելի է, այնինչ մենք դրա գոյությունը չենք էլ նկատում: Հարաբերական մահը նրանք արձակուրդի պես մի բան են համարում, մինչդեռ նրանց թվում է, թե իրենք ընդմիշտ գամված են ամրակուռ մի շղթայի: Ընդհանուր առմամբ, նրանք գնալով ավելի են գլորվում հոռետեսության ու չարանենգության գիրկը: Տհաճ գրկախառնություն: Եվ հակառակը, ժամանակից խույս տալու մշտական զգացումը, ավելի արագընթաց կյանքի վարժվելու անհրաժեշտությունը իմ կարգի մարդկանց աշխուժություն են հաղորդել: Այս ամենը մտքովս անցավ կեսօրին՝ Մալեֆրուայի հետ ճաշելիս: Նա մերթ անբռնազբոս էր ու հեգնոտ, մերթ կռվազան և ջերմեռանդությամբ ցանկանում էր ապացուցել, թե իմ վիճակն անմխիթար է, մինչդեռ իր բախտը շատ է բերել: Այնքան ակներև էր, որ ուզում է ինքն իրեն համոզել: Հետս խոսում էր այնպես, ինչպես կխոսեր թշնամի ազգին պատկանող ընկերոջ հետ:
8-ը մայիսի-Այս առավոտ տունս եկավ մի մարդ և առաջարկեց կյանքի կտրոններ՝ հատը երկու հարյուր ֆրանկով: Մոտը մի հիսուն հատ կլիներ: Առանց այլևայլի վռնդեցի նրան, և միայն հաղթանդամ լինելուն է պարտական, որ քամակին ոտքով չհասցրի:
10-ը մայիսի-Այս երեկո կլրանա չորրորդ օրը, ինչ Ռոկանտոնը արդեն երրորդ անգամ անցել է հարաբերական մահվան գիրկը: Դրանից հետո Լյուսետին չեմ տեսել, բայց լսել եմ, որ խելքը թռցրել է չգիտես որտեղից լույս ընկած մի շիկահեր տղայի պատճառով: Հստակորեն պատկերացնում եմ այդ անասունին, այդ ցուցամոլ կաթնակեր հորթին: Բայց դե, թքած ունենամ: Սիրունիկ թռչնակը ճաշակ ասած բանը չունի: Վաղուց եմ նկատել:
12-ը մայիսի-Կյանքի կտրոնների սև շուկան օրեցօր ավելի մեծ թափ է հավաքում: Միջնորդներն այցելում են աղքատներին և համոզում վաճառել իրենց կյանքից մի քանի օր, որպեսզի ընտանիքն ապահովեն գոյության հավելյալ միջոցներով: Չնչին թոշակ ստացող ծերունիները և բանտարկյալների գործազուրկ կանայք նույնպես հեշտությամբ դառնում են սրանց զոհը: Ներկայումս մի կտրոնի արժեքը տատանվում է երկու հարյուրից երկու հարյուր հիսուն ֆրանկի սահմաններում: Չեմ կարծում, թե ավելի բարձրանա, եթե նկատի առնենք, որ հարուստ կամ պարզապես բարգավաճ գնորդների թիվը, այնուամենայնիվ, ավելի սահմանափակ է, քան աղքատներինը: Եվ հետո, շատ շատերը չեն հաշտվում այն մտքի հետ, որ մարդկային կյանքը կարելի է դիտել առուծախի հանված ապրանք: Ինչ վերաբերում է ինձ, ես խղճիս դեմ մեղք չեմ գործի:
14-ը մայիսի-Տիկին Դյումոնը կորցրել է ժամանակի քարտը: Անչափ տհաճ մի բան, քանի որ մեկ ուրիշը ձեռք բերելու համար հարկավոր է սպասել առնվազն երկու ամիս: Նա մեղադրում է ամուսնուն, ասելով, թե սա քարտը թաքցրել է, որպեսզի իրենից ազատվի: Հազիվ թե այդ մարդու սիրտը այդքան սև լինի: Այս տարվա պես գեղեցիկ գարուն դեռ չեմ տեսել: Ափսոս, որ երկու օրից մեռնելու եմ:
16-ը մայիսի-Երեկ ճաշեցի բարոնուհի Կլիմի առանձնատանը: Հրավիրվածների մեջ ամբողջական կյանքով ապրող միակ մարդը մոնսենյոր Դըլաբոնն էր: Ինչ-որ մեկը խոսք բացեց կյանքի կտրոնների սև շուկայից, և ես անհապաղ իմ վրդովմունքը հայտնեցի, որ մեզանում հնարավոր է նման մի խայտառակություն: Անկեղծ էի՝ ավելի քան երբևէ: Գուցե նաև մտքումս կար լավ տպավորություն թողնել եպիսկոպոսի վրա, որը Ակադեմիայում մեծ թվով ձայներ ունի: Իսկույն ևեթ զգացի, որ ներկաների մեջ սառնության ալիք անցավ: Մոնսենյորը ներողամտորեն ժպտաց ինձ, ինչպես կժպտար երիտասարդ կրոնավորի մոլեռանդ խոստովանությունը լսելիս: Խոսակցության նյութը փոխվեց: Ճաշից հետո հյուրասրահում ինձ մոտեցավ բարոնուհին և սկզբից կիսաձայն՝ խոսքի քաշեց կյանքի կտրոնների սև շուկայի մասին: Նա պարզաբանեց, որ գրողի իմ վիթխարի ու անժխտելի տաղանդը, աշխարհայացքիս խորությունը, այն հսկայական դերը, որ կոչված եմ կատարելու, իմ առջև բարոյական պահանջ ու պարտականություն են դնում երկարաձգել հայրենիքի հոգևոր հարստացմանն ու փառքին նվիրված իմ գոյությունը: Տեսնելով, որ տատանվում եմ, մյուս հյուրերին ևս ներգրավեց խոսակցության մեջ: Սրանք միահամուռ սկսեցին պախարակել խղճիս խայթը, ասելով, թե կեղծ զգացմունքայնության մշուշը իմ առջև փակել է արդարության ճշմարիտ ուղին: Մոնսենյորը, որին թախանձեցին իր կարծիքը հայտնել, չկամեցավ վերջնական եզրակացության գալ, փոխարենը դիմեց շատ խորիմաստ մի այլաբանության. մի ժրաջան գյուղացի հողի պահանջ է զգում, մինչդեռ հարևանը իր հողը անմշակ է թողել: Այս ալարկոտ հարևանից նա գնում է դաշտի մի մասը, վար ու ցանք անում և առատ բերք հավաքում, որը օգուտ է բերում բոլորին:
Ազնվափայլ հավաքույթը ի վերջո համոզեց ինձ, և այս առավոտ բավականաչափ վճռականություն ունեցա, որպեսզի գնեմ կյանքի հինգ կտրոն: Գոյության այս հավելումին արժանի լինելու համար կքաշվեմ գյուղ և քափ ու քրտինք մտած գիրք կգրեմ:
20-ը մայիսի-Չորս օր է, ինչ Նորմանդիայում եմ: Բացառությամբ մի քանի հետիոտն զբոսանքի՝ ժամանակս ամբողջովին նվիրված է գործին: Գյուղացիները չգիտեն, թե ինչ բան է ժամանակի քարտը: Նույնիսկ ծերունիները ամսվա մեջ քսանհինգ օրվա իրավունք ունեն: Քանի որ գլուխը ավարտին հասցնելու համար ինձ անհրաժեշտ էր ևս մեկ օր, մի ծեր գեղջուկի խնդրեցի զիջել մեկ կտրոն: Հարցրեց, թե ինչքանով, ես էլ պատասխանեցի, որ Փարիզում կտրոնը արժե երկու հարյուր ֆրանկ: «Ծիծաղո՞ւմ եք, ինչ է,- բացականչեց ծերուկը,- եղած-չեղածը մի խոզի գին է, չէ˜ մի, երկու հարյուր ֆրանկ»: Այսպիսով գործարքը չկայացավ: Վաղը կեսօրից հետո գնացք եմ նստում, որպեսզի երեկոյան հասնեմ Փարիզ և մեռնեմ տանս մեջ:
3-ը հունիսի-Ինչպիսի˜ ձախորդություն: Գնացքը ուշացումներով էր առաջ շարժվում, և հարաբերական մահն ինձ տարավ Փարիզ՝ հասնելուց մի քանի րոպե առաջ: Կյանքի վերադարձա նույն կուպեում, բայց վագոնը գտնվում էր Նանտում, պահեստային գծի վրա: Եվ բնականաբար, ես մերկ էի: Որքան անախորժություն ու վրդովմունք ապրեցի: Մինչև հիմա հարվածից չեմ շտկվել: Դեռ լավ է, որ ճամփորդում էի ծանոթ մարդու հետ, որն իրերս տուն էր ուղարկել:
4-ը հունիսի-Հանդիպեցի Արգոսի դերասանուհի Մելինա Բադենին, որը մի անհեթեթ բան պատմեց: Մի քանի երկրպագու նրան էին նվիրել իրենց գոյության մի մասը, այնպես որ անցած ամսվա 15-ին տիրացել էր քսանմեկ կտրոնի: Հիմա էլ պնդում էր, թե բոլոր կտրոններն օգտագործել է ու իբր թե ամսվա մեջ երեսունվեց օր է ապրել: Պարտքս համարեցի կատակի տալ:
-Մայիսը, որ հանուն ձեզ հոժարել է հինգ օրով երկարել, իրոք որ կնամեծար ամիս է,- ասացի նրան:
Իմ թերահավատությունը, երևում է, անկեղծորեն զայրացրեց Մելինային: Հակված եմ ենթադրելու, որ միտքը խանգարվել է:
11-ը հունիսի- Ռոկանտոն ընտանիքում մեծ անախորժություն է պատահել: Այդ մասին իմացա միայն այսօր կեսօրին: Մայիսի 15-ին Լյուսետը հյուրընկալել է իր երիտասարդ շիկահեր պճնամոլին, իսկ կեսգիշերին երկուսով միասին սուզվել են չգոյի խորքերը: Հարություն առնելիս նորից են հայտնվել մահճակալում, որտեղ պառկած էին եղել, բայց արդեն մենակ չէին, որովհետև նրանց արանքում վերակենդանացել էր Ռոկանտոնը: Լյուսետն ու շիկահերը ձևացրել են, թե իրար չեն ճանաչում, թեև Ռոկանտոնը այնքան էլ չի հավատում դրան:
12-ը հունիսի-Կյանքի կտրոնների գինը առասպելական չափերի է հասել, և հիմա հինգ հարյուր ֆրանկից պակաս չես ճարի: Պետք է ենթադրել, որ աղքատները ավելի ժլատ են իրենց գոյության հանդեպ, իսկ հարուստները՝ ավելի ագահ: Ամսվա սկզբում տասը կտրոն առա՝ հատը երկու հարյուր ֆրանկով, իսկ մյուս օրը Օռլեանում բնակվող իմ քեռի Անտուանից նամակ ստացա, որով ևս ինը կտրոն էր ուղարկում: Խեղճ մարդն այնքան է տանջվում ռևմատիզմի ձեռքից, որ վճռել է անէության մեջ սպասել, մինչև վիճակը լավանա: Այսպիսով տասնինը կտրոնի տեր եմ: Քանի որ հունիսը երեսուն օր ունի, հինգ կտրոն ավելանում է: Վաճառելը խնդիր չէ:
15-ը հունիսի-Երեկ երեկոյան ինձ այցելեց Մալեֆրուան: Տրամադրությունը սքանչելի էր: Այն փաստը, որ որոշ մարդիկ իր նման լրիվ ամիս ապրելու համար խոշոր գումարներ են քսակից հանում, նրան վերադարձրել է լավատեսությունը: Էլ ինչպե՞ս համոզվեր, թե ամբողջական կյանքով ապրողների վիճակը նախանձելի է:
20-ը հունիսի-Ինքնամոռաց աշխատում եմ: Եթե որոշ լուրերի հավատալու լինենք, Մելինա Բադենը այնքան էլ խենթ չէ, որքան թվում է: Եվ իրոք, բավականին թվով մարդիկ պարծենում են, թե մայիս ամսվա մեջ ապրել են երեսունմեկ օրից ավելի: Անձամբ ես այդ բանը լսել եմ մի քանի մարդուց: Ինչ խոսք, որ այս հեքիաթներին հավատացող միամիտներ էլ կգտնվեն:
22-ը հունիսի-Լյուսետից վրեժ լուծելու նպատակով Ռոկանտոնը սև շուկայում տասներկու հազար ֆրանկի կտրոն է գնել ու ոչ մեկը կնոջը բաժին չի հանել: Վերջինս արդեն տասը օր է, ինչ անէության մեջ է: Ինձ թվում է, թե ծերուկը զղջում է, որ այդքան դաժան է գտնվել: Մենությունը ծանր է նստել նրա վրա: Շատ է փոխվել, դարձել է գրեթե անճանաչելի:
27-ը հունիսի-Հեքիաթը, ըստ որի մայիս ամիսը իբրև թե մի բուռ արտոնյալների համար երկարաձգվել է, գնալով ավելի լայն տարածում է ստանում: Լավերդոնը, որը սակայն վստահելի անձնավորություն է, փորձեց հավաստիացնել, թե մայիսի մեջ ապրել է երեսունհինգ օր: Վախենամ, թե ժամանակի այս բոլոր սահմանափակումները շատ ու շատ ուղեղներ մթագնած լինեն:
28-ը հունիսի-Երեկ առավոտ Ռոկանտոնը մահացավ՝ հավանաբար վշտից: Խոսքը ոչ թե հարաբերական մահվան, այլ պարզապես մահվան մասին է: Վաղը թաղումն է: Հուլիսի մեկին, կյանքի դառնալով, Լյուսետը կիմանա, որ այրիացել է:
32-ը հունիսի-Հարկ է անկեղծորեն խոստովանել, որ ժամանակը անհատակ խորություններ ունի: Ինչպիսի˜ գլուխկոտրուկ: Երեկ առավոտյան գնացի կրպակ՝ թերթ առնելու: Թերթի վրա հունիսի 31-ի ամսաթիվն էր:
-Հապա մի տե˜ս, - բացականչեցի, -մի՞թե հունիսը երեսունմեկ օր ունի:
Վաճառողուհին, որին տարիներ ի վեր ճանաչում եմ, ինձ նայեց տարօրինակ հայացքով: Աչքի անցկացրի թերթի վերնագրերը և կարդացի.
«Պարոն Չերչիլը հունիսի 39-ից 45-ը այցելելու է Նյու Յորք»:
Փողոցում ականջիս հասավ այսպիսի խոսակցություն.
-Ամսի 37-ին անպայման Օռլեանում պիտի լինեմ:
Քիչ հետո պատահեցի Բոնրիվաժին, որը մտացրիվ տեսքով զբոսնում էր: Խոստովանեց, որ ապշած է: Փորձեցի հանգստացնել նրան: Մնում է միայն երևույթներն ընդունել, ինչպես որ կան: Արդեն իրիկնանում էր, երբ հետևյալ եզրահանգումն արեցի. ամբողջական կյանքով ապրողները գաղափար անգամ չունեն ժամանակի շեղումների մասին: Իմ կարգի մարդիկ են միայն, որ հունիսի մեջ ակամայից ապրլեով հավելյալ օրեր՝ շփոթության մեջ են ընկել: Մալեֆրուան, որին հայտնեցի զարմանքս, ոչինչ չհասկացավ և մտածեց, թե խելքս թռցրել եմ: Բայց ինչ փույթ, թե ամիսը երկարել է, քանի որ երեկ երեկոյան խենթի պես սիրահարվել եմ: Հենց Մալեֆրուայի տանն եմ նրան հանդիպել: Ծանոթացանք թե չէ, իսկույն ևեթ սիրահարվեցինք: Պաշտելի Էլիզա:
34-ը հունիսի-Երեկ և այսօր նորից տեսա Էլիզային: Վերջապես հանդիպեցի կյանքիս ընկերուհուն: Մենք նշանվել ենք: Վաղը երեք շաբաթով մեկնելու է չօկուպացված գոտի: Հենց որ վերադառնա, ամուսնանալու ենք: Չափազանց երջանիկ եմ, որպեսզի նկարագրեմ իմ բերկրանքը նույնիսկ այս օրագրում:
35-ը հունիսի-Էլիզային ճամփու դրի մինչև կայարան: Գնացք նստելուց առաջ ասաց.
-Ամեն ինչ կանեմ, որ վերադառնամ մինչև հունիսի 60-ը:
Եթե խորը մտածեմ, այս խոստումը անհանգստացնում է ինձ: Որովհետև, ի վերջո, այսօր սպառվում է կյանքի իմ վերջին կտրոնը: Վաղը մյուս օր ո՞ր ամսաթվի մեջ եմ հայտնվելու:
1-ը հուլիսի-Այն մարդիկ, որոնց պատմում եմ, թե հունիսը երեսունհինգ օր է տևել, խոսքերիցս ոչինչ չեն հասկանում: Նրանց հիշողությունում այդ հինգ օրվանից ոչ մի հետք չի մնացել: Բարեբախտաբար հանդիպեցի մարդկանց, որոնք ինձ պես ակամա ապրել էին այդ օրերը և կարողացա հետները լեզու գտնել: Թեև խոսակցությունը տարօրինակ հունով էր ընթանում: Իմ կարծիքով, երեկ հունիսի 35-ն էր: Մյուսների կարծիքով՝ 32-ը կամ 43-ը: Ռեստորանում պատահեցի մեկին, որ ապրել էր մինչև հունիսի 66-ը, ինչը ներկայացնում է կտրոնների հսկայական պաշար:
2-ը հուլիսի-Կարծելով, թե Էլիզան ճամփորդում է, հարկ չէի համարում նրան զանգահարել: Բայց սիրտս կասկած ընկավ, ու զանգ տվեցի: Էլիզան հայտարարեց, որ ինձ չի ճանաչում ու երբեք չի տեսել: Որքան կարողացա, բացատրեցի, որ հետս անցկացրել է, անկասկած, հրճվալից օրեր: Այս խոսքերը, թեև ամենևին չհամոզեցին նրան, գրգռեցին հետաքրքրասիրությունը, և նա համաձայնվեց հինգշաբթի օրը ինձ հետ տեսնվել: Սիրտս տակնուվրա է լինում:
4-ը հուլիսի-Թերթերը լեփ-լեցուն են «Կտրոնների գործին» նվիրված մեկնաբանություններով: Ժամանակի քարտերի առևտուրը այս տարվա ամենամեծ սկանդալն է լինելու: Նկատի ունենալով, որ հարուստները ձեռք են գցում կյանքի բազմաթիվ կտրոններ, սննդամթերքի խնայողությունը գրեթե զրոյի է հավասարվել: Սրան գումարած՝ որոշ մասնավոր դեպքեր մեծ հուզումների առիթ են տալիս: Այսպես, օրինակ, շատ են խոսում մեծահարուստ Վադեի մասին, որն իբրև թե հունիսի 30-ի և հուլիսի 1-ի արանքում ապրել է հազար ինը հարյուր վաթսունյոթ օր՝ միով բանիվ, հինգ տարի և չորս ամիս: Ցերեկը հանդիպեցի հռչակավոր փիլիսոփա Իվ Միրոնոյին: Պարզաբանեց, որ յուրաքանչյուր անհատ ապրում է միլիարդավոր տարիներ, բայց մեր գիտակցությունը այս անհունությունն ընկալում է որպես կարճ ու կցկտուր հատվածներ, որոնց հարադրությունից էլ հենց բաղկացած է մեր փութանցիկ գոյությունը: Էլի ուրիշ խորիմաստ մտքեր հայտնեց, բայց ասածներից մի մեծ բան չհասկացա: Թեև, ճիշտն ասած, ուշք ու միտքս ուրիշ տեղ էր: Վաղը տեսնելու եմ Էլիզային:
5-հուլիսի-Տեսա Էլիզային: Ավաղ: Ամեն ինչ կորած է, և ոչ մի հույս չի մնացել: Ճիշտ է, նա չէր կասկածում իմ խոսքերի անկեղծությանը: Իմ արած պատմությունը գուցեև հուզեց նրան, բայց այդպես էլ նրա մեջ չարթնացրեց ոչ քնքշանք, ոչ էլ նույնիսկ համակրանք: Ինչքան որ հասկացա, Մալեֆրուային է սիրում: Ամեն դեպքում, պերճախոսությունս բանի տեղ չանցավ: Հունիսի 31-ի երեկոյան մեր միջև բռնկված հուրը պատահականություն էր միայն՝ թելադրված ակնթարթի թովչանքով: Այսքանից հետո մեկն ու մեկը թող փորձի համոզել, թե հարազատ հոգիներ կյանքում էլ են հանդիպում: Տառապում եմ, ինչպես դժոխքի կրակում: Հույս ունեմ, թե տառապանքիս արգասիքը հետևյալ գիրքս է լինելու, որը երևի տեղն ու տեղը սպառվի:
6-ը հուլիսի-Այսօր արձակված հրովարտակը ժամանակի քարտը չեղյալ է համարել: Ի՞նձ ինչ:

Թարգմանությունը՝ Վահրամ Աբաջյան

Տես նաև Մարսել էմե Շունը, Պոլդևյան առասպել
Մարսել Էմե | Քարտը Մարսել Էմե | Քարտը Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on июля 27, 2019 Rating: 5
Технологии Blogger.