Պարույր Սևակ | Ճառագայթային ախտ

Ճառագայթային այս ախտը բնավ նո՜ր չէ, բարեկա՛մ.
Նա նորածի՛ն չէ,
Այլ առնվազըն ութ հազար և ութ հարյուր տարեկան:
Այդ ախտով էին տակավին հիվանդ
Հին հելլենացիք, հնդիկները հին:
Եվ Հոմերոսի կուրությունն իրոք այդ ախտից էր հենց:
Եվ այդ նույն ախտով գերեզման իջան
Ձե՛ր Նարեկացին, Շեքըսպիրը մե՛ր,
Ու բոլո՜ր նրանք, ովքեր թոք ունեն՝
Մեր մոլորակի կիսագնդերի մեծության չափով
Կամ այնքա՛ն մեծ սիրտ,
Որ գրավում է տեղն էլ թոքերի...
 
Այս ախտով մարդիկ չե՛ն վարակվում, չէ՜,
Այլ վարակված են ծնվում մայրերից:
Այս ախտը միայն նրա՛նց է բռնում,
Ովքեր յոթ հազար յոթ գույն են տեսնում ծիածանի մեջ,
Ովքեր լսում են
Մոլեկուլների խելահեղ վազքի համանվագը
Ա՛յն մուրճերի մեջ կամ կացինների,
Որոնք մինչևիսկ զնգոց չեն հանում,
Այլ համր են ու լուռ՝ կուռքերի նման...
 
Այս ախտը միայն նրա՛նց է կպչում,
Ովքեր նայում են սևուկ գոմեշին,
Իբրև մի քայլող սև դաշնամուրի,
Որ նվագում է լոկ իրե՛նց համար:
 
Այս ախտը միայն նրա՛նց է կպչում,
Ովքեր ապառաժ անտաշ քարի մեջ
Տեսնում են Ֆորում, տեսնում Զվարթնոց,
Ժայռի զանգվածում տեսնում Աջանտա, Էլլորա, Գեղարդ,
Անգույն կտավին՝ սրբազան ընթրիք ու Մագթաղինե,
Եվ ամեն անցնող երիտասարդի հոգու խորքերում՝
Մի ննջող Համլետ, արթուն Օթելլո...
 
Ճառագայթային այս հիվանդությամբ տանջվում են նրա՛նք,
Լոկ նրա՛նք, 
Ովքեր մենակության մեջ
Միանգամից են ողջ մարդկության հետ նստում զրույցի.
Լոկ նրա՛նք,
Ովքեր այս Երկրագնդի պտույտն զգում են կրունկո՜վ իրենց
Եվ արմըտիքի աճումն զգում են իրենց ափերո՛վ,
Եթե մինչևիսկ իրենց ափերը պահում են օդում.
Լոկ նրա՛նք,
Որոնց չեն կարողանում ո՛չ մի կերպ սիրել
Բոլո՜ր դարերի արքաներն ամեն
Եվ կործանում են սրանց ո՞չ միայն աքսորով, բանտում,
Այլ նաև սրանց պալատ բերելով
Ու... սուտ սիրելով...
 
Ճառագայթային այս ախտը բնավ նո՜ր չէ, բարեկա՛մ...


15.XI.1963թ.

Երևան


Տես նաև Պարույր Սևակ Բանաստեղծություններ


Պարույր Սևակ | Ճառագայթային ախտ Պարույր Սևակ | Ճառագայթային ախտ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on сентября 04, 2019 Rating: 5
Технологии Blogger.